Արխիվ Մայիսի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով հարցին՝ ոչ վաղ անցյալում հնչած տեսակետների համաձայն, արդյո՞ք հնարավոր է Հասմիկ Պապյանին տեսել Մշակույթի նախարարի պաշտոնում, աշխարհահռչակ օպերային երգչուհին ասաց. «Նման հավակնություններ չունեմ: Իմ բոլոր հնարավոր հավակնություններն ու փառասիրությունը բազմաթիվ անգամներ իրեն լիարժեք կերպով հագուրդ տալու հնարավորություն է ունեցել աշխարհի ամենատարբեր ու հեղինակավոր օպերային բեմերում: Թե ինչպիսին կլինի իմ դերակատարությունը նոր պետականաշինության գործում, ամենայն անկեղծությամբ հավաստիացնում եմ՝ պատրաստ եմ ցանկացած ձևով նպաստել մեր մշակույթի զարթոնքին՝ կլինի անհատական դասերի կամ խորհուրդների ձևով, կամ Օպերային թատրոնի ներկայացումների ներգրավվածությամբ, կարևոր չէ: Ես պատրաստ եմ իմ փորձառությունը որևէ կերպով փոխանցել մեր երիտասարդներին»:

 Հասմիկ Պապյանի գնահատմամբ՝ այն, ինչ կատարվեց մեր երկրում վերջին ամսվա ընթացքում, նաև մշակութային հեղափոխություն էր. «Հետևաբար, ինչպիսին էլ որ լինի այս ճշմարիտ և արդար ճանապարհի ընթացքը, որ ընտրել են մեր երկրի երիտասարդները՝ իրենց արժանապատվությունը վերադարձնելու ճանապարհին, այս շարժվող գնացքն արդեն կանգնեցնել հնարավոր չէ: Իհարկե, շատ կարևոր է, թե ինչպիսին կլինի նոր վարչապետի թիմն ու իր շրջապատը, որովհետև դրանից շատ բան է կախված: Ալիքը եկավ ու սրբեց-տարավ հինը, հիմա պետք է զտվի իր շուրջն ու շրջապատը»:
 
Աղբյուրը՝ 168.am
Բաժին՝ Կանայք

Նոր կառավարությունը պետք է արմատախիլ անի երկրում եղած սոցիալ-տնտեսական անարդարությունը։ Այսպիսի կարծիք է հայտնել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զորւյցում։

Նրա խոսքով՝ արդեն ժամանակավոր կառավարությունը պետք է սկսի վերանայել արատավոր տնտեսական քաղաքականությունը, որի շրջանակներում մարդկանց մի խմբին էր բաժին հասնում հանրապետության սեփականության առյուծի բաժինը, իսկ մեծաքանակ զանգվածներ մնացել են գործազուրկ։ «Սոցիալական արդարությունը ենթադրում է աշխատանքի իրավունքի իրականացում, որը պետք է ամրագրվի սահմանադրությունում։ Ներկա սահմանադրությունն ընդամենը նախատեսում է աշխատանքի ազատ ընտրության իրավունք, կարծես ունենք աշխատանքի ընտրության լայն հնարավորություն։ Փաստացի այսօր անհնար է սահմանադրորեն ամրագրել մարդու աշխատանքի իրավունքը, բայց սոցիալական արդարության վերականգնման համար պետք է դրան ձգտել»,-նշել է Վազգեն Սաֆարյանը։

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է արդյունաբերական քաղաքականության մասին օրենք ընդունել, որը կենթադրի տնտեսության իրական հատվածի զարգացում, որն իր ժամանակին լավ աշխատել է ԱՄՆ-ում Ֆրանկլինի Ռուզվելտի նախագահության օրոք, որի շնորհիվ էլ այդ երկիրը հզոր տնտեսություն ունի․ «Սովետական շրջանում արդյունաբերությունը գերակշիռ տեղ ուներ ՀՆԱ-ի մասնաբաժնում՝ 67,5 տոկոս, հիմա դրա մասնաբաժինը կազմում է 18 տոկոս, եւ որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն, պետք է նոր ձեռնարկությունների ստեղծել եւ վերականգնել հները՝ հիմնվելով գիտաարդյունաբերական քաղաքականության վրա»,-նկատել է ՀԿ ղեկավարը։

Փորձագետը հիշեցրել է, որ նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի լիբերալները եկել են եզրահանգման, որ հետխորհրդային երկրներին առաջարկված տնտեսական մոդելը չի արդարացրել իրեն։ Այժմ նրանք առաջարկում են հմուտ կառավարման վրա հիմնված տնտեսական մոդել։ «Մենք դեռ չենք հասել դրան, չնայած կառավարությունը ընդունել է պետության եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցության հայեցակարգ։ Այդ հայեցակարգը չունի լայն ընդգրկում, բայց այդ գործիքով կարելի է հասնել նրան, որ պետությունը խրախուսի արդյունաբերությունը՝ սուբսիդավորելով ձեռնարկությունները, ունենալով այնտեղ գործնական մասնակցություն, նպաստելով նրանց արտադրանքի սպառումը նոր շուկաներում»,-շեշտել է Սաֆարյանը։

Հարցին, թե ունի արդյոք ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը համապատասխան մասնագետներն ու ռեսուրսները, որ տնտեսությունում իրականացնի այսպիսի արմատական բարեփոխումներ, Վազգեն Սաֆարյանը պատասխանել է․ «Դժվար է պատասխանել, թե ինչպիսին է Նիկոլ Փաշինյանի մասնագետների բանկը։ Բայց ժամանակավոր կառավարության ձեւավորմամբ անհրաժեշտ է գտնել մարդկանց, որոնք ունեն տնտեսության առանձին ոլորտներում աշխատանքի փորձ։ Մարդկանց ուրեւէ պաշտոնում նշանակելիս պետք է հաշվի առնել, որ կադրերը լուծում են ամեն ինչ»։

Բաժին՝ Հայաստանում

Գարնանային Հայաստանը իր պետականության 100-ամյակը տոնելու նախօրեին սքանչելի նվեր մատուցեց աշխարհին ապացուցելով, որ հետխորհրդային տարածքի սինդրոմը իր համար չի, մնում է ինքն ապացուցի, որ ունակ է հեղափոխություն անելու ու իր երկիրը չմխրճելով քաոսի և ավերածությունների հորձանոտը: Միաժամանակ ապացուցել արևմուտքին, որ խորապես ուսումնասիրել է ամերիկայի հասարակական քաղաքական աշխարհաճանաչ գործիչ՝ Օքսֆորդի և Հարվարդի համալսարանների դոկտոր Ջին Շարփի “Բռնապետությունից ժողովրդավարություն” գիրք ձեռնարկում շարադրված՝ աշխարհում գունավոր հեղափոխությունների կազմակերպման և անցկացման ձեռնարկ-ուղեցույցը: Ընդամենը մի քանի օրվա նորընտիր վարչապետը հրաժարական տվեց, ընդունեք թե չընդունեք, դա բարձր նոտայի վրա զուսպ ու արժանավել կեցվածք է, պատասխանատվությունը որևէ մեկի կամ ուժի վրա չբարդելով: Ի տարբերություն առաջին նախագահի, որը հրաժարական տալիս ասաց, որ “խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությունից”: Սերժ Սարգսյանը հեռացավ, չնայած ուներ մնալու տարբերակներ: Միանշանակ ամուր կանգնած էր փողոցը, արևմտյան հովանու ներքո, այսօր հրատապ լուծելու օրվա պահանջ է՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելը: Եթե ՌԴ մեր ռազմավարական գործընկերոջ հետ գտնենք, իրավիճակի լուծման ճիշտ տարբերակը կլինի երկիրը քաոսից փորկելը: Արևմուտքը այս խաղում գործի է դրել իր քաղտեխնոլոգները, որ շատ երկրներում բարեհաջող ընթացք է ունեցել: "Քեռի Սեմը" Հայաստան պարբերականում փափուկ հեղաշրջման տեխնոլոգիայում ընդգրկվել են պատանի երիտասարդներ, խաղալով նրանց նուրբ զգացմունքային լարերի հետ, որին անվանում ենք հայրենասիրություն:  Եթե այս շարժման հիմքում ընկած է ազգային ազտագրական շարժման գաղափարներից մեկը, ապա այն կդառնա դասական օրինակ աշխարհի շատ ժողովուրդների համար, դա ողջունելի է, իսկ եթե դրա հիմքում Արևմտյան ծրագիր է՝ Հայաստանում գունավոր հեղափոխություն անելու, կնշանակի դա մի շարժում է, որին պետք է որակել Սատանա-հուդայական գործընթաց Հայաստան պետությունը քայքայելու համար:
Համաժողովրդական շարժման այս համայնապատկերում հանրապետության նորընտիր նախագահ՝ Արմեն Սարգսյանը, որը մեծ վիրումով և ակնկալիքներով հայրենիք վերադարձավ և որտեղ հայտնվեց: Մնում է նրան խրվել հայկական անհասկանալի քաղաքականության մեջ, Հայաստանի համար բացել նոր Հայաստան տանող դարպասը, պահանջելով, որ նույն կերպ վարվեն բոլոր քաղաքական ուժերը և համերաշխորեն հաղթահարել այս ճգնաժամը՝ դառնալով մեր օրերի “մարգարեական խոսքը” մեծ մտահոգություն է: Պետության հետ խաղալը ճակատագրական է և ոչ ոք իրավունք չունի վտանգել այն, իշխանության համար պայքարի գործունեությունը հեղափոխության, հեղաշրջման ճանապարհով նույնպես անհնարին է: Սահմանադրությունը ներառում է իմաստային մեխանիզմներ՝ ընդեմ հեղաշրջումների: Ռուսաստանի հետ մեր բարեկամությունը եկել է դարերի խորքից և երկընտրանք չունեցավ, մի գաղափար է, որը մեր հոգեկերտվածքի անբաժանելի մասն է, պարզապես յուրաքանչյուր սերունդ այդ բազմաթիվ փորձություններին դիմակայող գաղափարը պարտավոր է ճիշտ ընկալել և փոխանցել հաջորդ սերունդներին:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Ազգերի դեմոկրատիկ կուսակցության հիմնական երկու ղեկավարներից Սալահ Էլդին Դեմիրթաշը, որը պաշտպանում է քրդերի ու հայերի հարցը և Կարո Փայլանը նաև համարվում է այդ կուսակցության ղեկավարներից մեկը, առաջադրվեց որպես Թուրքիայի նախագահական ընտրությունների թեկնածու, որը տեղի կունենա հունիսին: Նա առայժմ ձերբակալված է ու գտնվում է բանտում: Նախկին ընտրություններում նա ստացել էր  4 միլիոն քվե, որը զայրացրել էր Էրդողանին: Նախագահ ընտրվելու համար Էրդողանին քվեների 50 տոկոսն է անհրաժեշտ: Քրդերը Թուրքիայի բնակչության 1/5 –րդ են կազմում և որոշիչ դեր կարող են ունենալ ընտրություններում:

Բաժին՝ Աշխարհում

Ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում յուրաքանչյուր հասարակություն բաժանվում է հարուստների և աղքատների, որտեղ հարուստները կազմում են հասարակության շատ քիչ տոկոսը, իսկ մեծամասնությունը լինում են հասարակ ժողովուրդը՝ աշխատավորները, մտավորականները և այլն: Լինում է գործազրկություն և ոչ ոք իրեն պատասխանատու չի զգում դրա համար: Հայաստանի վերջին տասնամյակում հենց նման իրավիճակ է եղել: Այդ իսկ պատճառով Հայաստանի հարստությունը և մեծ հնարավորությունները կենտրոնացած են փոքրաթիվ ընտանիքների ձեռքում և նրանց է նպաստում ազատ շուկայական հարաբերությունները, իսկ ժողովրդի մեծամասնությունը սոցիալապես մնում է անապահով:
Ազատություն և արդարություն պահանջող ցուցարարները դժգոհ են նման իրավիճակից, սակայն դժբախտաբար լիդերների մեծ մասի մոտ, անկախ իրենց մարդկային ցանկություններից, տիրում է շահադիտական ու մարդու շահագործման տնտեսական համակարգի համոզմունքը: Եթե ուզում ենք արդար տնտեսական համակարգ լինի ու ժողովուրդը տնտեսապես ինչ որ չափով բարվոք ապրի, պետք է մեծացնել պետության դիրքը և միջամտությունը, պետք է սահմանափակել մեծ կապիտալիստների գործունեությունը և մեծ տեղ տալ սոցիալական ծառայության ու ապահովության ծրագրերին: Չպետք է ենթարկվել Եվրոպական նեոլիբերալիստական տնտեսական քաղաքականություն թելադրող երկրների հրահանգներին: Պետք է պետությունը միջամտի և ստեղծի արդյունաբերական ձեռնարկություններ ու աշխատատեղեր: Չպետք է լինել միայն սպառողական  երկիր այլ արդյունաբերական: Ինչպես շարժման ղեկավարներն են պնդում, պետք է վերջ տրվի բարեկամական ու խնամիական հարաբերություններին, պետք է բոլոր կապիտալիստները անկախ իրենց հարաբերություններից, իշխանության հետ միասին վճարեն օրինական հարկերը, պետք է խրախուսվի հայրենական արտադրությունը, պետք է վերջ տրվի բանկերի շահագործման քաղաքականությանը և իշխանությունը պետք է իր միջամտությունը կատարի: Նախկին ղեկավարների ունեցվածքը և դրանց ձեռք բերման եղանակները պետք է թափանցիկ ձևով պարզ լինի ժողովրդի համար, որպեսզի ապագա ղեկավարները չհամարձակվեն շահագործել իրենց դիրքերը:
Հայաստանը մեծ պարտքեր վերցնելով՝ աստիճանաբար կախվածության մեջ է մտնում տարբեր երկրներից ու համաշխարհային բանկից, պետք է վերջ տրվի այդ քաղաքականությանը, որպեսզի Հայաստանը լինի ազատ ու արդար: Ազատ ու արդար լինելը միայն լոզունգներ են ու դրանց իրականացման համար շարժման լիդերները ոչ լիբերալական տնտեսական համակարգի քաղաքականություն պետք է որդեգրեն: Հակառակ դեպքում եթե այս անգամ էլ կիրառվեն ոչ ժողովրդական քաղաքականություն ու լիբերալական ու ազատ շուկայական տնտեսական հարաբերություններ, մեծ հավանականությամբ չի փոխվելու ժողովրդի կենսամակարդակը և ժողովուրդը կապրի մեծ հիասթափություն, որը կունենա իր բացասական ազդեցությունը Հայաստանի ապագայի ճակատագրի վրա:


Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 05/05/2018

Հինգշաբթի, 03 Մայիսի 2018 20:24

Ժողովուրդը պահանջում է արդարություն

Ցույցի դուրս եկած ժողովուրդը և նրանց ղեկավարները զզվել են վերջին տասնամյակներում Հայաստանում տիրող անարդարությունից: Անարդարությունը բոլոր բնագավառներում, հատկապես տնտեսական ու երկրի հարստության անարդար բաժանումից: Ժողովրդի հիմնական հարցը կյանքի ցածր մակարդակն է, աղքատությունն ու անգործունեությունը: Հուսով ենք՝ շուտով շարժման ղեկավար պրն. Նիկոլ Փաշինյանը կընտրվի որպես երկրի վարչապետ ու կներկայացնի իր թիմն ու ծրագրերը: Այդ ժամանակ կսկսվի ամենադժվար աշխատանքը, որտեղ դատական մարմինը պետք է լինի անկախ, պետք է բացահայտվեն այն մարդիկ, որոնք անօրինական ձևով գողացել են երկրի հարստությունը, մերկացվեն մենաշնորհները և ամենակարևորը ժողովրդին ապահովել աշխատանքով ու մինիմում տնտեսական կյանքի մակարդակին հասցնել: Հասկանալի է, որ այս հարցերը աստիճանաբար են տեղի ունենալու, սակայն մեծ նշանակություն ունի տնտեսական կիրառվող այն համակարգը, որը կորդեգրի նոր իշխանությունը:
Ցուցարարների լոզունգների մեծ մասը ձախակողմյա բնույթ ունեն և պահանջներն էլ մեծ մասամբ ձախակողմյա են՝ աղքատության վերացում, աշխատանքի ապահովում, մեծահարուստների անօրինական հարստանալու սահմանափակում ու մենաշնորհների վերացում, աշխատավոր դասակարգի օգտին տնտեսական քաղաքականության կիրառում և այլն: Եթե շարժման ղեկավարությունը նպատակ ունի չկորցնելու իր ժողովրդավարությունը, ստիպված կլինի գործի դնել աշխատավոր ու ոչ մեծահարուստներին նպաստող տնտեսական ու քաղաքական համակարգ, սա հեշտ գործ չէ ու նախկին իշխանավորները և տնտեսական լծակներ ունեցողները հեշտ չեն հրաժարվի իրենց առավելություններից ու տնտեսական շահերից: Շարժման ղեկավարները պետք է կողմնորոշվեն՝ կամ պայքարելու են աշխատավոր ժողովրդի օգտին կամ էլ իրենց իշխանությունը պահպանելու նպատակով պահպանողական դիրք են բռնելու և իրենց համոզմունքներին հակառակ քաղաքականություն են վարելու, որի արդյունքում ժողովրդի տնտեսական վիճակը այնքան չի լավանալու ու կրկին ժողովուրդը կհուսահատվի ու կպասիվանա:
Վստահ ենք, որ շարժման լիդերները լավ են գիտակցում այս իրողությունը և հավատարիմ կմնան իրենց ծրագրերին, որ ներկայացնում են ժողովրդին ու մինչև վերջ կպայքարեն հանուն ազատ և արդար Հայաստանի:


Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 04/05/2018

Չսպասված հեղափոխությունը թակեց ոչ միայն հանրության ակտիվ ու անտարբեր մարդկանց դռները, այլեւ տարբեր մեծ ու փոքր կուսակցությունների, որոնք իրենց առաքելությունը ԱԺ ընտրությունների միջոցով իշխանության գալուն են ապավինել։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը ժողովրդական շարժման բռնկման պատճառ է համարում Հայաստանում տարիներ շարունակ առկա սոցիալական լարվածությունը, գործազրկությունը,  արտագաղթը։ Մյուս պատճառը, ըստ նրա, այն է, որ 10 տարի երկրի նախագահ եղած Սերժ Սարգսյանը առաջադրվեց երկրի վարչապետի պաշտոնում։ Իսկ արդյունքում կուտակված ժողովրդի դժգոհությունն օգտագործեց Նիկոլ Փաշինյանը։

Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ սոցիալական խնդիրներ ունեցող բողոքական զանգվածը հույս է կապում, որ այդ համաժողովրդական շարժման արդյունքում կարող են լուծվել  հանրության առջև ծառացած սոցիալ-տնտեսական  խնդիրները։ «Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժումը, որը 215 կմ Գյումրիից մինչեւ Երեւան արշավ էր, ինձ հիշեցնում է ռուս իրականության մեջ Ալեքսանդր Ռադիշչեւին, որը ճանապարհորդություն էր կատարել Սանկտ-Պետերբուգից Մոսկվա եւ նկարագրել էր այն գյուղերի ու  քաղաքների վիճակը, որում նրանք ապրում էին։ Ռուսական իշխանությունները պատժեցին Ռադիշչեւին՝ դատապարտելով կախաղանի, հետո այն փոխեցին տաժանակիր աշխատանքի։ Երբ ժողովրդին հուզող հարցերը դանդաղ են լուծվում կամ լուծվել են ոչ արդարացի եւ ոչ արդյունավետ, կարող են հանգեցնել նման իրավիճակի»,- մեզ հետ զրույցում նշեց Վազգեն Սաֆարյանը։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը ապրիլի 30-ին հրավիրել է նախագահության նիստ՝ 25 հոգու մասնակցությամբ եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։

Իսկ քննարկման ընթացքում էլ առաջադեմ կոմունիստները որոշել են նոր, կազմվելիք ժամանակավոր կառավարությանը ներկայացնել գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության, ավիացիայի ոլորտներին վերաբերող ծրագրեր։ Վազգեն Սաֆարյանը նշում է․ «Մենք ունենք այդ ոլորտների մասնագետներ, եւ հանձնարարել ենք նրանց ներկայացնելու համապատասխան ծրագրեր, և գտնում ենք, որ դրանք կարող են ներառվել կառավարության ծրագրում: Առանց Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերի՝ արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման,  ներքին կոոպերացիոն կապերի վերականգնման ու նորերի ստեղծման, տնտեսության զարգացման մասին խոսակցությունները կմնան որպես ձայն բարբառո հանապատի։ Չէ՞ որ ընդվզող  ժողովուրդի զանգվածը ինչ արագությամբ ոգեւորվել է, նույն արագությամբ էլ կարող է հիասթափվել, եթե նրա կյանքում չլինեն էական փոփոխություններ»։

 ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները, լրագրողները ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցախեղդ են անում՝ փորձելով իմանալ նրա դիրքորոշումը ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության, հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Բավարարո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի պատասխանները Վազգեն Սաֆարյանին։

  Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ այդ պատասխանների արդյունքները պետք է տեսնել իրականության մեջ։

«Քաղաքական գործիչները պետական գործիչներից տարբերվում են նրանով, որ առաջիններն իրենց խոսքերի համար չեն կրում պատասխանատվություն։ Բայց պետական գործիչների խոսքերը կամ ամեն մի սխալ քայլը կարող է հանգեցնել այնպիսի հետեւանքների, որոնք ծանր են անդրադառնում երկրի ընթացքի վրա»,- ասաց մեր զրուցակիցը։ Եվ հիմա Հայաստանի առաջադիմական միացյալ կուսակցության նախագահն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը  հետեւողական լինի տարբեր երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու մասին իր կողմից արված հայտարարությունները կյանքի կոչելիս։ Վազգեն Սաֆարյանը հատկապես կարեւորում է ՌԴ-ի, Չինաստանի և այլ պետությունների հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու Ն. Փաշինյանի մտադրությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ում անդամակցելը:  Մենք տարիների ընթացքում լավ կապեր ենք հաստատել մեկ ու կես տասնյակ երկրների ապրտանքարտադրողների միությունների հետ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության մեքենաշինարարների միության հետ և պատրաստ ենք մեր կապերը ի սպաս դնել էլ ավելի արդյունավետ համագործակցության համար։ Մեր զրուցակիցը կարծում է, որ կառավարության  դրական տրամադրվածության դեպքում կարող ենք աջակցել ներդրումային քաղաքականության զարգացմանը, մասնավորապես “Նաիրիտ գործարան” ՓԲԸ-ի և մի շարք այլ գործարանների վերակագործարկման հարցում։ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից Վազգեն Սաֆարյանն այն տպավորությունն է ստացել, որ զանգվածային հուզումները  ցնցումների չեն տանիւ եւ զերծ կմնան  ծայրահեղություններից։

Հարցին, թե ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է լինեն նոր վարչապետի ընտրությունից հետո, թե մեկ տարի անց, Վազգեն Սաֆարյանն արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ պետք է ձեռնամուխ լինել նոր «Ընտրական օրենսգրքի» ընդունմանը։ Այդ ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով, խայտառակ ռեյտինգային ընտրական համակարգը, որը քաղաքական դարվինզիմ է, պետք է վերացվի։ Իսկ նոր ընտրությունները, կարծում եմ, պետք է լինեն աշնանը։ Նիկոլ Փաշինյանը, որքան հասկացա, ասում էր, որ պետք է լինի քաղաքացիական համերաշխության ժամանակավոր կառավարություն։ Կարծում եմ, որ այդ ժամանակավոր կառավարության մեջ պետք է ընդգրկվեն գործունյա, կյանքի և աշխատանքի փորձ ունեցող մարդիկ, որպեսզի նրանք կարողանան այս կամ այն ոլորտի խնդիրները վեր հանել եւ նոր տնտեսական քաղաքականության համատեքստում էական զարգացում և առաջընթաց ապահովել»։

Թագուհի Հակոբյան

Աղբյուրը “hraparak”.am

 

ՀՀ խորհրդարանում երեկ տեղի ունեցած վարչապետի ընտրություններում «Ելք» խմբակցությունից առաջադրված միակ թեկնածուն` Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ, իսկ ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ` կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ` 56: Հայաստանյան իրավիճակի նման շրջադարձի մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ:

«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՈՐԵՎԷ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ»

–Պարոն Զատուլին, Նիկոլ Փաշինյանն ինչքան էլ փորձում է վստահեցնել, որ կարեւորում է հայ-ռուսական հարաբերությունները, այլեւս հաշտվել է այն իրողության հետ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ է, բայց այս օրերին ակնհայտ էր պրոամերիկյան ոգեւորությունն ու աջակցությունը նրան, ինչն այլ բան է վկայում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ նրա ընտրվելու դեպքում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային փոփոխություն տեղի կունենար:

– Մինչ այս պահը միշտ, երբ մենք ծանոթանում էինք ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների դիրքորոշումներին, համարում էինք, որ «Ելքի» արտահայտած մտքերը հիմնականում ավելի մոտ էին Արեւմուտքին: Ըստ էության, ասում էին, որ պետք է ձգտել դեպի Եվրամիությանը, իսկ այն, ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքին, ԵԱՏՄ-ին, Հայաստանի համար առաջնահերթություն չէ: Մինչդեռ առաջնահերթ է Եվրոպան, ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունները: Մենք, իհարկե, հիմա էլ ենք նրանց այդպես ընկալում: Սակայն վստահ եմ, որ ՀՀ քաղաքացների ճնշող մեծամասնությունը, այդ թվում նաեւ նրանք, ովքեր մասնակցում էին ցույցերին` ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու, եւ նրանք, ովքեր չէին մասնակցում այդ ցույցերին, բոլորն էլ ունեն մեկ համոզմունք, որ հայ-ռուսական համագործակցությանը որեւէ այլընտրանք չկա: Կարելի է պահանջել եւ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, որի ականտեսը եղանք, բայց պետք է նաեւ անկեղծորեն ընդունել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ավելին է, քան իշխանության դեմքերի փոփոխությունը: Նույնը կարող եմ ասել նաեւ Ռուսաստանի պարագայում` ով էլ լինի ՌԴ նախագահը, վարչապետը, ռազմավարական մոտեցումը պետք է անփոփոխ լինի, եւ ընդունենք, որ Ռուսաստանը եւ Հայաստանը փոխլարացնում են իրար: Իհարկե, պետությունների հնարավորությունները տարբեր են, բայց նրանց համագործակցությունը միանգամայն բնական է, իսկ դրա բացակայությունը` անբնական: Այս առումով` կարծում եմ` մեր հարաբերությունները կշարունակվեն ու կզարգանան:

«ՄԵԶ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԱՇԽԱՏԵԼ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԻՐԱՐ ՀԵՏ»

– Եթե վստահ եք, որ հայ-ռուսական հարաբերություններն անկախ ամեն ինչից կշարունակվեն ու կզարգանան, այդ դեպքում` ի՞նչ մտահոգություն ունեիք, որ այս օրերին Երեւանում էր ՌԴ-ից բավականին պատկառելի պատվիրակություն:

– Մեզ մտահոգում է Հայաստանի հնարավոր երկար քաղաքական ապակայունությունը: Մենք լրջորեն հիմքեր ունենք մտահոգվելու, որ իրավիճակը կարող է դուրս գալ օրինական սահմաններից: Մտահոգվում ենք, որ սա օրինակ կլինի ոչ միայն հայ հասարակության համար, որ փողոցի, ճնշման ճանապարհով կարելի է պարտադրել ներքին քաղաքականության մեջ որոշումներ: Մտահոգվում ենք, որ նախադեպ կլինի` փողոցային հայտարարություններով իշխանություններից քվեներ կորզելու եւ իշխանության գալու: Ես այս ամենն ասում եմ` առանց թաքցնելու: Պատկերացնո՞ւմ եք, որ վաղն էլ կարող է ինչ-որ մեկը գոհ չլինել ընտրության արդյունքներից, ու, օրինակ, ասի` ես բռնի ուժով պետք է իմ թեկնածությունը պարտադրեմ եւ թքած ունեմ Սահմանադրության վրա էլ, խորհրդարանի վրա էլ, ինչ կուզեմ կանեմ: Պետք է հասկանան, որ սա ամենալուրջ ձեւով կազդի մեր հարաբերությունների վրա: Ուղղակի մեզ դժվար կլինի աշխատել եւ համագործակցել իրար հետ: Անօրինական պետությունը ինչպե՞ս պետք է դիմի օրինական պետությանը համագործակցության համար: Այս առումով` մեր հարաբերությունները դե յուրեից, կարող են փոխարինվել դե ֆակտոյի:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ ՎԵՐՋ ՊԵՏՔ Է ՏՐՎԻ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ»

– Ի դեպ, այս մասին Դուք բարձրաձայնեցիք նաեւ Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որն ընկալվեց որպես սպառնալիք...

– Սա սպառնալիք չէ, այլ բացատարություն: Ես նկատի չունեմ դիվանագիտական հարաբերությունների տապալում, դրա առիթը չկա, եւ հուսով եմ` չի էլ լինի: Սա ուղղակի նշանակում է, որ կա օրինական պետություն, որտեղ եկել են իշխանության սահմանադրական ճանապարհով, եւ կարող է այն վերածվել պետության, որի իշխանությունները ոչ օրինական են, ինչը լուրջ փորձություն կարող է լինել բոլոր հարաբերություններում եւ մակարդակներում: Եվ սա ոչ մի լավ բանի չի բերի, ընդ որում` ասածս չի վերաբերում միայն հայ-ռուսական հարաբերություններին, այն բարդություններ կստեղծի ընդհանրապես ամբողջ աշխարհի հետ: Իհարկե, ինչ-որ մեկը ուրախ կլինի դրա համար եւ աչք կփակի, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում` արեւմտյան երկրների կողմից, որոնք շատ արագ պարտավորություններ վերցրին իրենց վրա: Բայց սա մինչեւ այժմ մեր կողմից հանդիմանանքի է արժանանում մեր եվրոպացի գործընկերներին: Իսկ Հայաստանի դեպքում այս ամենը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը գտնվում է երկու կողմից շրջափակման մեջ: Հասկանում եմ, գուցե Հայաստանում խիստ վրդովված են, որ Երեւանում այս տարիներին ինչ-որ բիզնեսներ ղարաբաղցիների ձեռքից ձեռք է անցնում,  բայց վստահ եմ, որ հայաստանյան ազգային, հայրենասեր մտածողություն ունեցող մարդիկ պատրաստ չեն դավաճանել Արցախը եւ հրաժարվել ԼՂ ինքնորոշումից ու այլեւս չաջակցել: Իսկ սա այն օղակն է, որի միջոցով կարելի է ազդել Հայաստանի վրա: 2016 թվականից հետո` բոլորս էլ տեսանք, որ այլեւս միանշանակ չէ հրադադարի ռեժիմի պահպանումն արցախա-ադրբեջանական սահմանում: Չի բացառվում, որ ներքաղաքական մոտիվներով կամ արտաքին քաղաքական դրդապատճառներով Ադրբեջանը կարող է պարտադրել կամ դրդել մի նոր ավանտյուրայի: Այնպես որ, երկրի ապակայունացման երկար շրջանը կարող է գայթակղիչ լինել նրանց համար, ովքեր թշնամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ եւ որոշեն  ռազմական ճանապարհով լուծել իրենց հարցերը` առաջին հերթին` Արցախում: Սա պետք է լինի սթափ քաղաքական գործչի առաջին մտահոգությունը, որը ծրագրում է իր քայլերն ու նպատակները: Եվ հենց սա հաշվի առնելով` Հայաստանում քաղաքական ճգնաժամին պետք է վերջ տրվի հնարավորիս շուտ:

«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ՝ ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԱՊԱԳԱՅԻՑ»

– Վերադառնալով ԵԱՏՄ-ին` հստակեցնենք. ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո, կարծես թե, Լ. Կալաշնիկովը բավարարված էր Ն. Փաշինյանի պատասխանից, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջ` Ն. Փաշինյանը վարչապետ դառնալու դեպքում, չի ներկայացնելու: Այս հարցում Ձեր մտահոգությունները փարատվե՞լ են:

– Նախ ասեմ, որ պարոն Կալաշնիկովի հայտարարությունները պետք է ընդունել ոչ թե Ռուսաստանի դիրքորոշում, այլ որպես ընդդիմադիր Կոմունիստական կուսակցության ղեկավարի տեսակետ: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, մինչ այդ հանդիպումն էլ, երբ մենք զրուցեցինք ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ, եւ նա, ապա Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ չեն պատրաստվում վտանգել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին: Ավելին` Փաշինյանն ասել էր, որ գնահատում է, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի առաքելությունը: Այս ամենը մենք ընդունել ենք ի գիտություն եւ, ըստ էության, բավարաված ենք ասածով: Այլ հարց է, որ մենք` քաղաքական գործիչներս, պետք է ուշադիր լինենք հայտարարություններին, բայց հավատալ դրանց, թե` ոչ, կամ ինչքան հավատալ, սա արդեն լուրջ հարց է: Մենք գիտենք «Ելքի» այն դիրքորոշումը, որը նախորդ տարի բերեց նրան, որ նրանք օրինագիծ ներկայացրին խորհրդարան` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Հետեւաբար, անխոս, պետք է հետեւենք ոչ թե նրանց խոսքերին, այլ գործերին, թե հետագայում ինչպես այդ դիրքորոշումը կփոխվի կամ չի փոխվի: Մի հին ասացվածք կա` իկոբինների նախարարները իկոբիններ չեն, այսինքն` երբ նրանք գնում են իշխանության, այլ բան են հայտարարում, քանի որ դառնում են պատասխանատու երկրի ճակատագրի համար եւ պետք է մոտ լինեն իրականությանը: Մենք, իհարկե, դրա վրա հույս ենք դնում, բայց մտահոգություններ կան, եւ մեր այցը Երեւան մեծ հաշվով հենց սրա հետ էր կապված: Մենք ուզում ենք հասկանալ` ինչ սպասել ապագայից:

«ԵԹԵ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՆ  ՌՈՒՍՆԵՐԸ  «ԴԵՍԱՆՏ ԵՆ ԻՋԵՑՆԵԼՈՒ» ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է»

– Եթե չեմ սխալվում, ՀԱՊԿ-ի շրջանակում, այնուամենայնիվ, Ռուսաստանը կարող էր միջամտել Հայաստանում ստեղծված իրավիճակին: Ինչո՞ւ որեւէ քայլ չարվեց:

– Միջին Ասիայում, Ղրղզստանում տեղի ունեցած դեպքերը հաշվի առնելով, իսկապես, պայմանագրերում ինչ-որ ուղումներ էր մտցվել, որ երկրի մասշտաբային ապակայունացման, սուվերենության վտանգի դեպքում, օրինական պետությունն իրավունք ունի դիմելու իր ՀԱՊԿ գործընկերներին օգնության համար: Ընդ որում՝ այդ օգնությունը կարող է լինել տարբեր, ոչ միայն ռազմնական: Սակայն, այստեղ չկար երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ եւ հիմա էլ չկա: Իհարկե, կան ռիսկեր, բայց ընդունեք, որ սա այն դեպքը չէ, ինչպես Ղրղզստանում էր, երբ պետությունը կանգնած էր կործանման եզրին: Դրա համար էլ հենց սկզբից, երբ քննարկումներ էին ընթանում, թե Ռուսաստանը կխառնվի՞, միանգամից հերքեցի: Եվ ոչ միայն նրա համար, որ ֆորմալ առիթ չկար, այլ այն կարող էր բացասական մեծ հետեւանքներ ունենալ: Միեւնույն ժամանակ, վստահ եմ, որ Հայաստանում մարդիկ ինչքան էլ բաժանված լինեն իրենց քաղաքական համակրանքներով եւ հակակրանքներով, բայց բոլորը միասին դեմ կլինեն, որ իրենց փոխարեն որոշեն, թե ով լինի կամ ով չլինի ՀՀ վարչապետը: Այո, կային երկրի բնականոն կյանքը խաթարող անհարմարություններ, անօրինականություններ, կային կասկածներ, որ ամեն ինչ ճիշտ է արվում, բայց դրանք ընդամենը անհարմարություն էր, ոչ թե ողբերգություն: Ուստի՝ եթե կարծում էին ռուսները Հայաստանում «դեսանտ էին իջեցնելու» հիմարություն է:

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՆՏԻՑ ԱԶԱՏԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ ՆՊԱՍՏԵՑ, ՈՐ «ԵԼՔԸ» ՀԱՅՏՆՎԻ ԱԺ-ՈՒՄ»

– Ի վերջո, որտե՞ղ սխալվեց ՀՀ երրորդ նախագահ, պաշտոնաթող վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որ հայաստանյան ներքաղաքական կյանքն այսպիսի շրջադարձ ունեցավ:

– Սերժ Սարգսյանը փորձառու քաղաքական գործիչ է, որը մի փոքր գերագնահատեց իր ուժերը եւ թերագնահատեց այն փաստը, որ չհաշված ունեցած տնտեսական հաջողությունները, ամեն դեպքում, երկրի բնակչությունն ապրում է բավականին աղքատ: Իրականում խոցված էր մարդկանց մոտ արդարության զգացումը: Եվ կարծում եմ՝ նա նախաձեռնելով քաղաքական ռեֆորմ, ունենալով հիանալի հնարավորություններ՝ ինքն էլ չնկատեց, թե ինչպես ինչ-որ պահի դրանից օգտվեց Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, ժամանակին հենց Սերժ Սարգսյանը ազատեց բանտից Փաշինյանին, եւ էլ ով, եթե ոչ նա նպաստեց, որ «Ելքը» հայտնվի Ազգային ժողովում:  Իհարկե, գիտեմ, թե հիմա Նիկոլ Փաշինյանի եւ իր համախոհների կողմից ինչքան մեղադրանքներ են հնչում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին: Բայց նաեւ հիանալի գիտեմ, որ ընտրությունների ժամանակ էական աջակցություն է ցուցաբերվել Նիկոլ Փաշինյանին եւ իր կողմնակիցներին, ինչի շնորհիվ էլ հայտնվեցին խորհրդարանում: Ըստ իս, Սերժ Սարգսյանը ինչ-որ բան թերագնահատեց եւ ժամանակին չարեց եզրակացություններ: Միեւնույն ժամանակ, ուզում եմ հիշեցնել, որ 2017 թվականի հայաստանյան ընտրությունները դիմադրութուն չառաջացրին եւ ամեն դեպքում, ամեն ինչ լավ էր ընթանում: Բայց, ինձ թվում է, երբ Սերժ Սարգսյանը տեսավ, որ փողոցում Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը գնալով ավելի է մեծանում, սա շատ խոր ազդեցություն ունեցավ իր վրա եւ մեկ գիշերվա մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշում կայացրեց: Մինչեւ հիմա ինձ համար անհասկանալի է՝ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, որ իր հրաժարականի հայտարարության մեջ նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր: Ի՞նչն էր ճիշտ, սա պետք է բացատրել, իսկ նա մինչեւ վերջ այդպես էլ չբացատրեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ: Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը կկայանա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է հայտարարության մեջ:

Վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 1-ին: Առաջադրված միակ թեկնածուն Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր: Վարչապետի պաշտոնում նրա թեկնածության օգտին կողմ քվեարկեց 45, դեմ` 56 պատգամավոր: Առաջին փուլում վարչապետի ընտրությունը չկայացավ:

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին փուլում վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները (35 պատգամավոր): Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (53 ձայն) վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ստացվում է, որ երկրորդ փուլում կրկին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար «Ելք» խմբակցությունը կունենա «Ծառուկյան» խմբակցության աջակցության կարիքը, քանի որ «Ելք»-ի 9 մանդատները բավարար չեն երկրորդ փուլում վարչապետի թեկնածու առաջադրելու համար: «Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում ունի 31 մանդատ: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններին կարող է միանալ նաև ՀՅԴ-ն, որն առաջին փուլում կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Բաժին՝ Հայաստանում
Էջ 3, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: