Աստղագետ Սուքիասյան Մարի (Փարիս Փիշմիշ)

07 Մարտի 2016

Սփյուռքահայ անվանի գիտնական, Մեքսիկայի ազգային աստղադիտարանի պատվավոր աստղագետ, Սեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փարիս Փիշմիշին (Մարի Սուքիասյան) առաջին կին աստղագետներից էր, ով ոչ մի­այն հասավ գիտական մեծ հա­ջողությունների, այլև խթանեց կին գիտնականների հետագա ակտիվությունը և մեծ դեր խաղաց ամբողջ մեքսիկական աստղագիտության զարգացման գործում։

Ծնվել է 1911 թ. հուն­վարի 31-ին Կ. Պոլսում (Ստամբուլ, Թուրքիա)։ Սովորել է տեղի Սեմերճյան ճեմարանում և ամե­րիկյան վարժարանում։ 1933 թ. ավարտել է Ստամբուլի համալ­սարանը, աշխատակցել այդ հա­մալսարանի աստղադիտարա­նում։ 1935-36 թթ. դասավանդել է Ստամբուլի Կեդրոնական Սանասարյան վարժարանում, ապա տեղափոխվել ԱՄՆ, որտեղ ավարտել է Հարվարդի համալ­սարանը և 1937 թ. ստացել մա­թեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։ 1939-42 թթ. աշխատել է Հարվարդի քոլեջի աստղադիտարանում, 1942 թ. ամուսնացել է մեքսիկացի աստղագետ Ֆելիքս Ոեսիլասի հետ, տեղափոխվել Մեքսիկա և աշխա­տանքի անցել Պուեբլայի Տոնանցինտլայի աստղադիտարանում․ աշխատել է մինչև 1946 թ.։ 1948-ից մինչև կյանքի վերջ (50 տարուց ավելի) աշխատել է Մեխիկոյի Տակուբայայի ազգային աստղադիտարանում, որը պատկանում է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանին։ Գիտական աշխատությունները վերաբերում են Գալակտիկայի կինեմատիկային, միգամածու­թյունների լուսաչափությանը և տեսագծային արագությունների որոշմանը։ Կատարել է երիտա­սարդ աստղակույտերի լուսա­չափական առաջին ուսումնասիրություններն ու հայտնաբերել 3 գնդաձև և 20 բաց աստղակույտ։ Ուսումնասիրել է միջաստ­ղային կլանման ազդեցությունն աստղասփյուռներում դիտվող աստղերի բաշխման վրա։ Հրապարակել է ավելի քան 135 գիտական աշխատանք։ Մեծ դեր է խաղացել աստղագիտական սարքերի ներմուծման և կիրառ­ման գործում. առաքման միգա­մածությունների արագություննե­րի դաշտի ուսումնասիրության նպատակով 1972 թ. Մեքսիկայում առաջին անգամ ներմու­ծել է Ֆաբրի-Պերո ինտերֆերոմետրիան։ Նրա ամենակարևոր ներդրումներից էր մեքսիկական աստղագիտական ամսագրերի հրատարակության խթանումը (Տոնանցինտլայի և Տակուբայայի աստղադիտարանների տե­ղեկագիր, Աստղագիտության և աստղաֆիզիկայի մեքսիկական հանդես և այլն)։

Մեծ էր Փիշմիշի մանկավարժական գոր­ծունեությունը և նրա դերը մեք­սիկական աստղագիտության զարգացման մեջ։ Ղեկավարել է մի շարք ուսանողների, ովքեր հետագայում դարձել են ճանաչված աստղա­գետներ (ըստ էության, մեքսիկացի աստղա­գետների զգալի մասը)։ Փիշմիշը Միջազգային աստղագիտական միու­թյան, Ամերիկյան աստ­ղագիտական ընկերու­թյան, Մեծ Բրիտանիայի Թագավորական աստ­ղագիտական ընկերու­թյան, Մեքսիկայի գիտու­թյունների ակադեմիայի և Մեքսիկական ֆիզի­կական ընկերության անդամ էր։

Վախճանվել է 1999 թ. օգոստոսի 1-ին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: