Ելիզավետա Շահխաթունի

15 Փետրվարի 2016

Ելիզավետա Շահխաթունին առաջին կին ավիակոնստրուկտորն էր ԽՍՀՄ-ում, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լենինյան մրցանակի դափնեկիր, հայտնի ավիակոնստրուկտոր Օլեգ Անտոնովի կինը և հավատարիմ զինակիցը։

Ելիզավետա Շահխաթունին ծնվել է 1911 թ․ դեկտեմբերի 22-ին, Երևանում։ Հայրը հայտնի քաղաքական գործիչ Ավետիս Տիգրանի Շահխաթունյանն էր։ Հոր մահից հետո փոքրիկ Ելիզավետան քրոջ և մոր հետ ապրում էին հազիվ ծայրը ծայրին հասցնելով։ Նրանց դժվարին հոգսերը թեթևացնելու համար օգնում էր հորեղբայրը Մոսկվայից, ով աշխատում էր Տուպոլևի կոնստրուկտորական բյուրոյում։ Փոքրիկ Լիզան շփվելով կոնստրուկտորների հետ, որոշում է ապագայում ինժեներ դառնալ։ «Հորեղբորիցս ես իմացա, որ առաստաղի չորսուները հաշվարկում են ինժեներները։ Դա այնքան հետաքրքիր էր, որ ես տարվեցի ճշգրիտ գիտություններով», պատմել է Շահխաթունին։

Երազանքն իրականացնելու համար Ելիզավետան ընդունվում է Երևանի համալսարանի ինժեներական ֆակուլտետը։ Որոշ ժամանակ սովորելուց հետո 1930 թ․ տեղափոխվում է Մոսկվա և դիմում է ավիացիոն ինստիտուտ, որը միակն էր երկրում։ Նրա գիտելիքներն ու ընդունակությունները տեսնելով, քննական հանձնաժողովը Շահխաթունուն ընդունում է միանգամից երկրորդ կուրս։

1935 թ․ ավարտում է ուսումը՝ ստանալով ինքնաթիռաշինության ինժեների որակավորում և անմիջապես ընդգրկվում է մեծ թափով զարգացող ավիաարդյունաբերության մեջ, ստանձնում է սպառազինության և սարքավորումների մասնագետի պաշտոնը։ 1937 թ․ տեղափոխվում է Տուշինո քաղաքի մոլորակային փոքրիկ գործարան, որտեղ ծանոթանում է կոնստրուկտորական բյուրոյի ղեկավարի՝ ավիակոնստրուկտոր Օլեգ Անտոնովի հետ, ով հետագայում դառնում է նրա ամուսինը։

Պատերազմի նախօրեին կոնստրուկտորական բյուրոն տեղափոխվում է Մոսկվա։ Այնտեղ Անտոնովն ստեղծում է դեսանտային և բուքսիրային սավառնակներ, որոնք անվանվում են տանկի թևեր։ Դրանք նախատեսված էին զրահապատ մեքենաներն օդային ճանապարհով տեղափոխելու համար։ Ելիզավետայի հաշվարկների համաձայն, հրասայլը ինքնաթիռին ճոպանով կապվում էր այնպես, որպեսզի վայրէջք կատարելիս թրթուրները և թևերի ամրությունը չմասնատվեն։

«Պատկերացրեք, ինքնաթիռը թռչում է, իսկ նրա հետևից՝ 100 մետրանոց ճոպանով հրասայլը՝ թևերով։ Մենք այնպես էինք արել, որպեսզի տանկը ինքնաթիռից անջատվի և գետնին նստի ինքնուրույն», ներկայացրել է հարցազրույցներից մեկի ժամանակ Շահխաթունին։

Թռչող հրասայլը (տանկ) փորձարկելու համար Ժուկովսկի օդանավակայան են հրավիրում հայտնի օդաչու Սերգեյ Անոխինին։ Հայտնի է, որ այդ նոր ինքնաթիռի փորձարկումը հաջողությամբ է կատարվել, սակայն ավելի ուշ պարզել են, որ դրա կարիքը բանակը չունի։

Հետպատերազմյան տարիներին Անտոնովն ու Շահխաթունին զբաղվել են կրկնաթև ինքնաթիռների նոր մշակումներով։ Շուտով Անտոնովին նշանակում են Նովոսիբիրսկի շրջանային կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր, իսկ ամուսնու հետ մեկնած Ելիզավետան նշանակվում է նույն բյուրոյում բաժնի ղեկավար։

Այդ ժամանակ խորհրդային ղեկավարությունը նրանց հանձնարարում է գյուղատնտեսական կարիքների համար ինքնաթիռ ստեղծել։ Շատ շուտով՝ 1947 թ․ հայտնվում է ԱՆ-2-ը, որին ժողովուրդն ի սկզբանե անվանում է «կուկուրուզնիկ»։

«Մենք շատ էինք անհանգստանում։ Փորձարկող օդաչուն՝ Վոլոդինն ընդամենը երկու շրջապտույտ կատարեց և վայր իջավ։ Բոլորս վազեցինք դեպի նա, համոզված լինելով, որ քննադատելու է։ Սակայն Վոլոդինը կատակով ասաց՝ պետք է նստարանները բարձրացնել։ Իսկ երբ ինքնաթիռն արդեն վերամշակվել և պատրաստ էր, այն ծառայեց ոչ միայն գյուղատնտեսական կարիքների համար, այլև դարձավ մարդատար, բեռնատար, սանիտարական և բևեռային մեքենա։ ԱՆ-2-ը սիրելի էր բոլորի համար, մենք ծիծաղում էինք, երբ լսեցինք, որ ինքնաթիռը ժողովուրդն անվանել էր կուկուրուզնիկ», պատմել է Շահխաթունին։

Ելիզավետա Շահխաթունին լինելով տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, երկար տարիներ պատասխանատվություն էր կրում նոր ստեղծվող ինքնաթիռների ամրության և անվտանգության համար։ 1955 թ․ «պողպատե հայուհու» ղեկավարած բաժինը թողարկում է ԱՆ-8, ավելի ուշ՝ ԱՆ-10 և ԱՆ-1 ինքնաթիռները։ Սակայն նրա ամենամեծ հաջողությունը ԱՆ-22՝ «Անտեյ» անվամբ ինքնաթիռն էր, որը կշռում էր 250 տոննայից ավելի և օդ էր բարձրացնում ավելի քան 80 տոննա բեռ։

Այդ ինքնաթիռով համաշխարհային 41 ռեկորդ է սահմանվել, ներառյալ առավելագույն բեռնամբարձությունը։ Այդպիսի նվաճման համար Շահխաթունին արժանացել է Լենինյան մրցանակի՝ այն տարիների բարձրագույն մրցանակին։

Հետագայում այդ ինքնաթիռին հետևել են այնպիսի հսկաների ստեղծումը, ինչպիսիք են՝ ԱՆ-124-ը, որն անվանվել է «Ռուսլան», ԱՆ-225-ը, ինչպես նաև ԱՆ-14, ԱՆ-24, ԱՆ-26, ԱՆ-30, ԱՆ-32։

Տիրապետելով ավիակոնստրուկտորի՝ կնոջը ոչ հատուկ մասնագիտությանը, Ելիզավետա Շահխաթունին դարձավ ԽՍՀՄ առաջին կին կոնստրուկտորը։ Նա ստեղծել է ինքնաթիռների ամրության ամենամեծ լաբորատորիան Եվրոպայում: Ունի բազմաթիվ գիտական աշխատանքներ, հեղինակել է ինքնաթիռների կոնստրուկցիայի եռակցման-սոսնձման գյուտը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով, մեդալներով: Օ. Կ. Անտոնովի անվան մրցանակի դափնեկիր է:

Կյանքի վերջին տարիներին նա ապրել է Կիևում, դասավանդել է Կիևի քաղավիացիայի ինժեներների ինստիտուտում։ Նա ապրել է մոտ 100 տարի և մահացել է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին։ Թաղված է հայրենիքից հեռու Կիևի «Բերկովցի» գերեզմանոցում, սակայն նրա ցանկությամբ, Հայաստանից մի բուռ հող է տարվել և ցանվել նրա շիրիմի վրա։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: