Հայկանուշ Մառք

14 Փետրվարի 2016

Հայկանուշ Մառքը (Թոփուզյան Հայկանուշ Մարգարի)՝ Հայ մտքի և գրականության հիշարժան դեմքերից մեկը՝ ծնվել է 1883թ. փետրվարի 14-ին, Կոստանդնուպոլսի Այազփաշա թաղամասում: Մարգար և Եպրաքսե Թոփուզյանների դուստրն է: Մառք գրական անունը ստացել է հոր անվան առաջին վանկից: 

1898թ. ավարտել է ծննդավայրի Եսայան վարժարանը, որից հետո ուսումը շարունակել է գրաբարագետ Հակոբ Գուրգենի մոտ մասնավոր դասերով, միաժամանակ դասավանդել Ազգային վարժարանի գիշերօթիկ որբանոցում: Այնուհետև ութ տարի դասավանդել է Նշանթաղի Նիկողոսյան աղջկանց բարձրագույն վարժարանում: 

1903թ. Հայկանուշ Մառքն արժանացել է «Մասիս» գրական թերթի երկրորդ մրցանակին: Նույն թվականին տպագրել է «Աղջկան մը հոգին» վիպակը: 

1905-07թթ. ամուսնու` «Մանզումեի էֆքյար» թերթի խմբագիր Վահաբ Թոշիկյանի հետ հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը կանանց համար: 

1907թ. մեկնել է Իզմիր, քանի որ ամուսինը հրավիրված էր խմբագրելու «Արշալույս» և «Արձագանք» թերթերը: Այստեղ ևս Մառքը շարունակել է իր գործը` վարելով կանանց բաժինը: 

1909թ. ամուսինները վերադարձել են Կոստանդնուպոլիս, որտեղ Հայկանուշ Մառքը հայտնվել է հասարակական գործունեության էպիկենտրոնում: Սիպիլը Մառքին հրավիրել է Ազգանվեր հայուհյաց ընկերություն, որտեղ վերջինս վարել է ատենադպիրի պաշտոնը: Հետագայում նույն պաշտոնը վարել է նաև Հայ կանանց, Հայ տիկնանց ընկերություններում, Ազգային հիվանդանոցի օժանդակ հանձնախմբում և այլուր: 

1919-1932թթ. հրատարակել է «Հայ կինը» հանդեսը: 

1921թ. հրատարակել է «Ծուլության պահեր» բանաստեղծությունների ժողովածուն: 

1936թ. աշխատակցել է ամուսնու հրատարակած «Նոր լուր» թերթին, վարել կանանց բաժինը: 

Թղթակցել է «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «Երիտասարդ հայուհի» պարբերականներին: 

Պոլսահայ հոգեմտավոր մեծ ժառանգության մեջ իր կարևոր ներդրումն ունեցավ բանաստեղծ ու արձակագիր, հանդուգն հրապարակագիր Հայկանուշ Մառքը, ով արժանի տեղ է գրավում Սրբուհի Տյուսաբի, Զապել Ասատուրի, Զապել Եսայանի օրինակով մեծանուն հայ կին գրողներու փաղանգում։

Բանաստեղծական խոր զգացողության և մտավորական լայն մտահորիզոնի տեր գրող էր Մառքը, ով ոչ միայն հայ կնոջ հուզաշխարհը շնչավորող գրականություն կտակեց մեր ժողովրդին, այլև՝ անխոնջ դրոշակակիրը դարձավ հայ կանանց շարժման՝ հայ կնոջ իրավունքների պաշտպանությանը նվիրաբերելով իր գրիչն ու իմացական ուժերը։

Իր «Ամէնուն Տարեգիրքը» շարքի վերջին՝ 1967-68 թթ․ միացյալ համարում, Կարո Գևորգյանը սեղմ ու կուռ արժևորել է Հայկանուշ Մառքի վաստակը։ Կնոջ աշխարհի, հայ կնոջ ընկերային հարցերի, հատկապես կանանց իրավունքների ու դատի պաշտպանությանը նվիրված իր հրապարակախոսական հարուստ ժառանգությամբ Հայկանուշ Մառքն, իրավամբ, դարձավ քսաներորդ դարի առաջին հիսնամյակի ամենից ավելի լայն ժողովրդականություն վայելող գրողներից մեկը։

Հայկանուշ Մառքի նշանակալի գործը «Հայ Կին» հանդեսի հրատարակումն էր, որն Առաջին Աշխարհամարտի ավարտից հետո և Հայոց ցեղասպանությունից ստացած խորը վերքը դարմանելու առաջադրանքով սկիզբ առավ 1919թ․-ին և շարունակվեց մինչև 1932 թ․։ «Հայ Կին»-ը կամուրջ դարձավ ոչ միայն մեր ազգային արժեքների հետ նորահաս սերունդների հոգեմտավոր կապը ստեղծելու և ամրապնդելու առումով, այլև՝ արևմտահայ և արևելահայ, խորհրդահայ ու սփյուռքահայ հաղորդակցությունը պահպանելու և խորացնելու իմաստով։

Հայկանուշ Մառքի գրական ստեղծագործությունները՝ արձակ բանաստեղծություններ ու պատմվածքներ, լույս են տեսել «Ծուլութեան պահերէս» խորագրով, իսկ կենսագրական հուշագրությունները հրատարակել է «Ծփանքներ կեանքէս» խորագրով հատորում։

1954 թ․-ին Կ․ Պոլսում մեծ շուքով տոնվում է Հ. Մառքի գրական գործունեության հիսնամյակը։ Այդ առիթով հրատարակվում է նրա բանաստեղծական և հրապարակագրական գործերը՝ «Հայկանուշ Մառք. կեանքն ու գործը» խորագրով։

Հայ գրականության և հրապարակախոսության կնոջ ձայնը շնչավորող և հայ կանանց շարժումը ժողովրդականացնող նվիրյալը ապրեց մինչեւ խոր ծերություն։ Վերջին տարիներին առողջական վիճակը վատթարանում է և Մառքը տեղափոխվում է Պոլսի ազգային հիվանդանոց, ուր և վախճանվում է 1966 թ․ մարտի 7-ին։

Մառքն իր հարուստ գրադարանն ու բոլոր իրերը կտակում է Սուրբ Խաչի Դպրեվանքին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: