Ալենուշ Տերյան

27 Նոյեմբերի 2015

Իրանում պետական մակարդակով տոնում են Իրանի ժամանակակից «աստղագիտության մայր» համարվող Ալենուշ Տերյանի ծննդյան 95-ամյակը:

2011 թ․-ին 90 տարեկանում կյանքից հեռացած հայ գիտնականը հիմնադրել է Իրանի պատմության մեջ առաջին արեգակնային աստղադիտարանը: Ալենուշ Տերյանը համարվում է Իրանի ֆիզիկայի առաջին կին պրոֆեսորը, նրա անվան հետ են կապվում Իրանի ժամանակակից աստղագիտության այլ նվաճումներ։ Նա է Իրանում հիմնել առաջին հեռադիտարանը, առաջինն է Իրանում  դասավանդել է աստղաֆիզիկա, եղել է  Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը։ 

Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականին թեհրանահայ ընտանիքում։ Մայրը ուսանել էր Շվեյցարիայում և ֆրանսերենի ուսուցչուհի էր, իսկ հայրը Իրանի Ջուղայի  հայերից էր, գրող, Ֆիրդուսու բանաստեղծությունների հայերեն թարգմանությունների հեղինակ, որոնք հրատարկվել են նրա «Արիզադի պոեզիայի հավաքածու» գրքում։  Կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն։ Ծնողները տիրապետել են հայերենին, պարսկերենին և ֆրանսերենին։

1947 թվականի մայիսին Ալենուշը ավարտում է ուսումը Թեհրանի համալսարանի գիտության ֆակուլտետում և նույն տարվա սեպտեմբերից աշխատանքի անցնում նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում է լաբորատորիայի գործառությունների պետ։

Տերյանը փորձում է համոզել իր դասախոս Մահմուդ Հեսաբիին, որ օգնի իրեն կրթաթոշակ ստանալ՝ Ֆրանսիայում ուսումը շարունակելու համար, սակայն կին լինելու պատճառով մերժվում է։ Այնուամենայնիվ, հոր ֆինանսական օգնությամբ մեկնում է Փարիզ և Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում շարունակում ուսումը։ 1956 թվականին ստանում է ասպիրանտի աստիճան և Սորբոնում նրան դասախոսության պաշտոն են առաջարկում։ Սակայն Իրանին ծառայելու համար որոշում է վերադառնալ և որպես դասախոս սկսում է թերմոդինամիկա դասավանդել Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։

1959 թ․-ին Արևմտյան Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը թոշակ է տրամադրում Թեհրանի համալսարանին՝ արևային ֆիզիկայի աստղադիտարանում 4 ամիս սովորելու համար և Տերյանն է ընտրվում որպես թոշակի շահառու։ 1961թ․-ի մարտին չորս ամսով մեկնում է Գերմանիա, ապա վերադառնում Իրան, իսկ 1964 թվականի մայիսի 30-ին արժանանում է պրոֆեորի կոչման և դառնում Իրանի առաջին կին պրոֆեսորը։

1966 թվականի նոյեմբերի 20-ին ընտրվում է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի հետո նշանակվում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ։  Աշխատանքի է անցնում արևային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման մեջ  նա մեծ դեր էր կատարել։

Տերյանն Իրանում աստղաֆիզիկա դասավանդող առաջին անձն էր։ 1979 թվականին պաշտոնաթողման դիմում է ներկայացրել և պաշտոնաթող եղել։ Նա կտակում բնակարանը նվիրել է Ջուղայի հայերին և այն ուսանողներին, ովքեր հարմար բնակատեղի չունեն։

Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի Թոհիդ ծերանոցում։ Ծերանոցում, անկողնում գամված պրոֆեսորին արժանացրել են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի։

 

Պատրաստեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: