Վարդուհի Վարդերեսյան․ «Հեքիաթը պետք է փնտրել մեր մեջ»

24 Նոյեմբերի 2015

Վ․ Վարդերեսյանը 1948-ին ավարտել է Լենինականի Ա. Մռավյանի անվան (այժմ՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան) թատրոնի դրամատիկական ստուդիան և ընդգրկվել թատրոնի դերասանախմբում: Շուրջ տասը տարի աշխատելով հանրապետության ամենանշանավոր թատրոններից մեկում՝ Վարդուհի Վարդերեսյանը խաղացել է երկու տասնյակից ավելի դեր, որոնցից ակնառու են դարձել Մարգարիտը («Պատվի համար»), Էստրելիան («Սևիլիայի աստղը»), Դեզդեմոնան («Օթելլո»), Միրանդոլինան («Հյուրանոցի տիրուհին»), Լարիսան («Անօժիտը»), Պոլինան («Եկամտավոր պաշտոն»), Թերեզը («Ժայռ»), Վազգանուշը («Երկիր հայրենի») և այլն:

1958 թվականին ՀՍՍՀ վաստակավոր արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Այս թատրոնում դերասանուհին ստեղծեց մի քանի տասնյակ բեմատիպարներ, որոնք առանձնացան գեղարվեստական թեմայի յուրատիպությամբ, մարդու և մարդկայինի հաստատման վեհ նպատակադրումներով, կնոջ տառապանքի պատկերման մղումներով: Վարդուհի  Վարդերեսյանը խաղացել է Ջոնի («Իմ սիրտը լեռներում է»), Նաստասիա Ֆիլիպովնա («Ապուշը»), Հուդիթ («Ուրիել Ակոստա»), Էլիզաբեթ («Սալեմի վհուկները»), Անույշ  («Պաղտասար աղբար»), Մարգրիտ («Խաթաբալա»), Կեկել («Պեպո»), Եղիսաբեթ («Ջոն արքա»), Կոնչիտա («Ծննդյան տոները սինյոր Կուպյելոյի տանը»), Կլարա Ցախանասյան («Ծեր տիկնոջ այցը»), Ռանևսկայա («Բալի այգին»), Իշխանուհի («Հին աստվածներ»), Շնորհիկ («Ախացելը»), Աննա («Խաչմերուկ»), Օգյուստինա («Ութ սիրագորով կանայք»), Յոթծովիմերան («Հացավան») և այլն: Դերասանուհին տարբեր թատերախմբերի հետ խաղացել է Սևիջ («Տարօրինակ միսիս Սևիջը»), Տատիկ («Ծառերը կանգնած են մահանում»), իբրև մենաներկայացում՝ խաղացել Հայ մայր («Պճեղ մը անուշ սիրտ»): Հատուկ նրա համար Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվել է Սիմոնա դը Բովուարի «Մենախոսություն» մենադրաման: Վարդուհի Վարդերեսյանը ազգային կինոյի խոշորագույն վարպետներից է, նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Կարինե», «Հայրիկ», «Ճանապարհ դեպի կրկես», «Մսյո Ժակ և ուրիշներ» և այլ ֆիլմերում՝ կատարելով գլխավոր դերեր: Ականավոր դերասանուհին հեռուստաթատրոնում խաղացել է հինգ տասնյակից ավելի դեր, որոնցից առավել ակնառու են դարձել Սաթենը («Թաղականին կնիկը»), Մայրը՝ Կ. Չապեկի համանուն պիեսի բեմադրության մեջ և այլն:  1988 թվականին Վարդուհի Վարդերեսյանին շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի բարձրագույն կոչում: Դերասանուհին արժանացել է ՀԽՍՀ պետական, «Արտավազդ», Վարդան Աճեմյանի անվան մրցանակների: Գրել է «Իմ կյանքի հեքիաթը» գիրքը: Ձայնագրել է արևմտահայ բանաստեղծների ստեղծագործությունների խտասկավառակ:
Ականավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը մի առիթով ասել է. «Մեր թատրոնը 2 000 տարվա պատմություն ունի, զարգացում է ապրել  Արտավազդ Բ-ի օրոք (համենայնդեպս մենք այդպես գիտենք): Նրա անվան մրցանակը, որ ես ստացել եմ` փայփայում եմ: Շատ մեծ խորհուրդ է` երբ երկրի թագավորը թատրոն է սիրում: Մեր ղեկավարներից Կենտկոմի առաջին քարտուղար Կ. Դեմիրճյանն էր շատ թատրոն սիրում, նրանից առաջ Ա. Հարությունյանը, ով ոչ միայն ներկայացումներին, այլև ավարտական փորձերին էր ներկա լինում: Կարող եմ նաև վրացիներին օրինակ բերել` Շևարդնաձեն թատրոնում հատուկ տեղ ուներ 7-րդ կարգում և կարող էր շատ անսպասելի հայտնվել ու ներկայացում դիտել: Բնական է, որ այդ մարդիկ պետք է ծաղկեցնեին թատրոնը: Մեր օրերում ես այդ մոտեցումը չեմ տեսնում: Այսօրվա երիտասարդ դերասանները բավականին լրջորեն են մոտենում իրենց գործին: Եթե ոլորտում թերություններ էլ կան, ապա նրանք որևէ մեղք չունեն, քանի որ մեզանում իսկական թատերական մթնոլորտ չկա, փայլուն տաղանդները չեն երևում: Թերևս շնորհալի, գուցեև տաղանդավոր երիտասարդներ կան, բայց նրանք արտահայտվելու միջավայր չունեն: Թատերասեր ժողովուրդը մասամբ կտրվել է թատրոնից, և դա իր պատճառներն ունի: Բնական է, որ այսօր տեղեկատվությունը շատ ավելին է, քան մեր ժամանակներում, սակայն թատրոնը, որպես կենդանի խոսք` մրցակից   չունի: Շնորհավորելով մայրերին և աղջիկներին իրենց գեղեցիկ տոնի առիթով, ուզում եմ նշել, որ այդպես էլ չհասկացա այդ գաղտնիքը, թե պատերազմի ժամանակ, այն ցուրտ ու մութ տարիներին բնությունն այդ ինչ գեղեցիկ խաղ խաղաց: Այն թվերին ծնված աղջիկները բոլորը գեղեցիկ են, երկարոտն, հաճելի, և ինչու չէ, հետևում են դրսի նորաձևությանը, ինչը, իհարկե, երբեմն չափազանց է լինում: Կուզենայի, որ նրանք իրենց ներազգային առանձնահատկությունն, այնուամենայնիվ, պահպանեին` համադրելով ավանդականը ժամանակակցի հետ, ինչից, հավատացեք, շատ գեղեցիկ բան է ստացվում: Ինչո՞ւ պիտի մենք ինքնուրույն չլինենք, մեր ուրույն ճաշակը չունենանք ու անպայման Եվրոպային հետևենք: Իսկ ինչ վերաբերում է մայրերին` հայ մայրերը նույն պատերազմի տարիներին սատարելով իրենց զավակներին` փրկեցին մեր երկիրը: Փառք ու պատիվ նրանց, ես խոնարհվում եմ նրանց առաջ:  

Իմ բեմական կյանքի արշալույսին և միջօրեին բախտ եմ ունեցել մեծ դերասանների կողքին կանգնելու, նրանց խաղընկերության բերկրանքը վայելելու»:

Այս մտքերի մեջ է ապրել միշտ մեր բեմի ամենանշանավոր դերասանուհիներից մեկը, հռչակավոր արվեստագետը, ով, չնայած առաջացած տարիքին, երբևէ չի հեռացել հանրային ու մշակութային կյանքի հորձանուտից: Դերասանուհին գրել և հրատարակել է «Իմ կյանքի հեքիաթը» գիրքը: Այսօր նա ասում է, որ հեքիաթը պետք է փնտրել ամենքիս մեջ… Այս տարին նշանավոր դերասանուհու համար հոբելյանական է, սակայն  նրա ուշադրությունն առավելապես կենտրոնացած է այլ խնդիրների, մասնավորաբար նա կարևորում է իր խոսակցություններում կնոջը, կանանց տոնը:  «Կարևորը կանանց տոնն է: Առաջին հերթին՝ հայ կնոջ, ով շատ վաղուց խորհրդանիշ է դարձել: Տոկունության, կամքի, ուժի, խոնարհության ու հեզության խորհրդանիշ: Կարծես իրար հակասող մակդիրներ շարեցի կողք կողքի, բայց հայ կինն այդ զարմանալի և ինքնատիպ հակասությունների մեջ է: Մեծն Եղիշեի ժամանակներից սկսած՝ հայ կինը համարվել է երկիրը պահող, երկրի համար իր կյանքը զոհաբերող… «Փափկասուն տիկնայք հայոց աշխարհի»՝ այսպես է մեծարել Եղիշեն՝ միաժամանակ ցույց տալով, որ այդ փափկասուն տիկնայք տղամարդկանց կողքին կանգնեցին և կռվի դաշտ գնացին: Չեմ ուզում շա՜տ երկար խոսել մեր պատմության մեջ հայ կնոջ ունեցած ներկայության մասին. շատ բան գրվել է, շատ բան ներկայացվել է: Ինձ հետաքրքրում է այսօրվա հայ կինը՝ դարձյալ հոգսերի բեռան տակ, դարձյալ մեծ դժվարություններով ապրող, բայց իր հպարտությունը երբեք չկորցնող հայ կինը: Զարմանալի ստեղծագործություն է կինը՝ կարծես ստեղծված ինչպես տառապանքի, այնպես էլ երջանկության համար…

Իմ երկար ստեղծագործական կյանքի ընթացքում բազմաթիվ դերեր եմ խաղացել, ինչպես ընդունված է ասել՝ հայ, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններում: Իմ հերոսուհիներից շատերը եղել են «ճակատագրական կանայք», մարդիկ, ովքեր ապրել են տառապանքի ու մաքառման մեջ, ովքեր մեծ կռիվ են տվել՝ այդ կռիվը միջոց դարձնելով  ինքնահաստատվելու, կնոջ երջանկությունը կռելու համար: Ամեն մի նման դեր խաղալիս՝ ես փորձել եմ ճանաչել կնոջը, հասկանալ նրա էությունը, նրա կռիվը, տեսնել, թե որտեղ է կինը դժբախտ: Իմ պատկերացմամբ, կինը միշտ պետք է երջանիկ լինի, նա նվաճել է երջանիկ լինելու իրավունքը, որովհետև կին է, մայր, որովհետև աշխարհի բարությունն ու համբերությունը կնոջ մեջ են: Իմ հերոսուհիները միշտ կռիվ են տվել իրենց երջանկության համար՝ միևնույն ժամանակ պարտադրելով հարգել կնոջ տառապանքը: Իհարկե, որպես դերասանուհի, ես ավելի շահեկան վիճակում կլինեի, եթե պատկերեի ուրախ-զվարթ, հոգսերից ու մտահոգություններից ձերբազատված կանանց, խաղայի միայն այնպիսի կանանց դերեր, ովքեր ապրում են վայելքների մեջ՝ ոչնչի մասին չմտածելով: Սակայն նման կանայք խորթ կլինեին իմ հոգուն, որովհետև ես նաև իմ մեջ միշտ կրում եմ հայ կնոջ տառապանքի արտացոլումը: Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ տարբեր տեղերից եկած, իրենց մշտական հանգրվանը կորցրած հայեր էին՝ ճակատագրի քմահաճույքին հանձնված, երկիր ու հայրենիք կորցրած, հարազատներին ու մտերիմներին կորցրած: Նրանք մշտապես ապրում էին տառապանքի ու ցավի մեջ ծրարված, նրանց դեմքերին մշտական տխրություն կար: Ես կողքիս ունեցել եմ մորս, որը նույնպես տառապանքի ու ցավի մարմնացում էր: Ուստի իմ բեմական հերոսուհիների մեջ նաև մորս ցավն ու տառապանքն եմ դրել և կռիվ մղել այն բանի համար, որ կինը երջանիկ լինի, տառապանք չունենա: Ավելին, ես միշտ ցանկացել եմ, որպեսզի հարգեն այդ տառապանքը, գնահատեն կնոջ ճակատագիրն ու կենսագրությունը»: 
Վաթսուն տարուց ավելի դերասանուհին թատրոնում է, նրա  օրերի մեծ մասը լցված է եղել թատրոնով, կինոնկարահանումներով, հեռուստատեսային և ռադիո բեմադրություններով: Սակայն այս ընթացքում հասցրել է մեծացնել երկու որդի, լինել ընտանիքի կին ու մայր: Հրաշալի մա՜յր… Շատ դերասանուհիներ մշտապես բողոքում են, թե ընտանիքը երբեմն խոչընդոտում է, արգելք հանդիսանում, մինչդեռ Վարդուհի Վարդերեսյանը երբեք չի խոսել այս մասին՝ ներդաշնորեն համադրելով ստեղծագործական աշխատանքն ընտանիքին, այդ ընտանիքում ունեցած իր պարտականություններին: Այս մասին դերասանուհին ասում է. «Եթե ընտրում ես արվեստագետի ճանապարհը՝ միաժամանակ պարտավորվելով լինել կին ու մայր, ուրեմն դու արդեն կայացրել ես կարևորագույն որոշումներն ու ընդունել մարտահրավերները: Արվեստից առավել բարձրը կնոջ ու մոր պարտականությունների դաշտն է, արվեստը երբեմն կարող է ստորադասվել մոր ու կնոջ պարտականություններին: Սակայն ես միշտ աշխատել եմ ստեղծել հավասարակշռություն այդ ամենի մեջ, այնպես անել, որ և՛ թատրոնում, և՛ տանը որևէ բան կիսատ չլինի:

Շատ հաճախ ինձ օգնել է ամուսինս՝ արդեն հանգուցյալ Գևորգ Աբաջյանը, ում հետ մենք ներդաշնակ ընտանիք ստեղծեցինք, ստիպված եղանք նաև անցնել մեծագույն դժվարությունների միջով…  Իսկ մենք Գևորգի հետ ստիպված ենք եղել շատ մեծ դժվարությունների միջով անցնել, հաճախ կռիվ տալ ու պարտվել: Գևորգին երիտասարդ հասակում ամբաստանել էին, զրպարտել: Նա ստիպված էր իր կյանքի մի հրաշալի հատվածը զոհել ստալինյան ճամբարներին: Հետո ընտանիք կազմեցինք ու հայտնվեցինք դժվարությունների առջև: Նա աշխատում էր Գյումրու մանկավարժական ինստիտուտում, սակայն օրերից մի օր նրա առջև փակվեցին ինստիտուտի դռները, որովհետև «ժողովրդի թշնամու» խարանը կար նրա ճակատին… Երևան տեղափոխվեցինք, ապրում էինք վարձով, նա աշխատանք չուներ, ինձ դեռ չէին վերցրել Սունդուկյանի անվան թատրոն: Մենք իրար ուժ տվեցինք, կարողացանք դիմակայել բոլոր դժվարությունները: Շատ հաճախ անզորությունից լաց էի լինում, նեղսրտում, բայց պետք էր ապրել, պետք էր մեծացնել մեր երեխաներին: Նրանք մեղավոր չէին, որ կյանքը մեզ նման դաժան փորձության էր տանում․ կյանքը, իրականությունը… 

 Երբ դու բեմ ես բարձրանում, խաղում այս կամ այն դերը՝ հանդիսատեսը նայում է միայն քո ստեղծած կերպարին, նա չի խորանում քո կենսագրության մեջ, քո ապրած ողբերգությունների մեջ: Ու թվում է, թե բեմում հանդես եկողն անհոգ ու երջանիկ մարդ է, որ կարողանում է մտնել ուրիշի «մաշկի» մեջ, հրճվել, ուրախանալ, լաց լինել… Ես շատ երկար ժամանակ բեմ եմ բարձրացել՝ ձգտելով մոռացության տալ այն բոլոր դժվարությունները, որոնք ապրել եմ, որոնք կրել ենք Գևորգի հետ միասին: Թող այն տպավորությունը լինի, թե իմ ճանապարհը հեշտ ու խաղաղ է եղել… Ես արդեն վաստակավոր արտիստուհի էի, նկարահանվել էի մի քանի ֆիլմերում, բայց ինձ Սունդուկյանի անվան թատրոն չէին վերցնում: Ժամանակներն այլ էին, այլ ձևով էին մեկնաբանում գյումրեցի դերասանների մուտքը երկրի գլխավոր թատրոն, հաճախ նեղում էին Վարդան Աճեմյանին: Միայն երջանիկ պատահականությունն օգնեց, որ ինձ հրավիրեն Մայր թատրոն: Հանդիսատեսները չգիտեին, թե ես ինչպես եմ հայտնվել բեմում, թե քանի ամիս եմ ամեն օր եկել ու կանգնել Սունդուկյանի անվան թատրոնի շենքի մոտ, ապա տխուր հեռացել…  Ու թող հիմա մտածեն, որ ամեն ինչ շատ լավ է եղել»:

Վարդուհի Վարդերեսյանն այն համոզումն ունի, որ դերասանը երկու տուն ունի՝ թատրոնը և իր բնակարանը: Նրա կյանքը կիսված է ահա այս երկու տան միջև: Նա անգամ չգիտի, թե որտեղ է շատ եղել՝ տանը, թե թատրոնում: Ուրեմն,  այնքան էլ կարևորություն չի տալիս բնակարանային պայմաններին, ճոխությանը: Ճոխ ու հարուստ պիտի լինի այն մթնոլորտը, որում ապրում է մարդը, որը ներդաշնակվում  է նրա հոգու հետ: Իր ամբողջ կյանքում երբեք կարևորություն չի տվել բնակարանային ճոխությանը, առարկաների հարստությանը: Իրերը չպետք է ճնշեն մարդու վրա, իրերը չպետք է թելադրեն իրենց հոգեբանությունը: Բնակարանում մարդը պետք է լինի ազատ, այստեղ պիտի հարմարավետություն լինի: Ու  այդ հարմարավետությունը ստեղծել է ինքը: Այո՛, այսօր ապրում է մեկ սենյականոց բնակարանում, առանց Գևորգի: Նա իրեն շրջապատել է լուսանկարներով, անցյալի հուշերով ու ներկայի իրողություններով:

Հիշողությունները շատ լավ բան են, սակայն մարդը երբեք չպետք է կտրվի իրականությունից և ապրի լոկ հուշերով: Հուշերը դեպի հետ են տանում, բայց ոչ դեպի առաջ: Իսկ արվեստագետը չի կարող միայն հետ նայել: Իր բնակարանն իրեն միշտ օգնում է նայել առաջ, լինել օրերի մեջ: «Չգիտեմ,- ասում է դերասանուհին,-  եթե ունենայի տասը սենյականոց բնակարան, եթե ամենուրեք գերթանկարժեք կահույք լիներ, արդյո՞ք ես կկարողանայի ստեղծագործել, ազատ մտածել: Արդյո՞ք ես ինքս էլ վերածված չէի լինի նրանց գերու կարգավիճակին: Անգլիացիները մի լավ արտահայտություն ունեն՝ իմ տունն իմ ամրոցն է: Ամրոց ասելով՝ չպետք է հասկանալ ճոխություն, բարձր պատեր... Դա մարդու հոգու հանգրվանն է, այն տաքուկ ու ջերմ անկյունը, ուր նա ազատ է, ուր նա կարողանում է ապրել: Ես ապրում եմ իմ տանը: Իմ կողքի բնակարանում ապրում է որդիս՝ Վահրամ Աբաջյանը, ով դիվանագետ է, ինձ մոտ են գալիս թոռներս, բնակարանը լցվում է նրանց ներկայությամբ: Այսինքն, երբեք մենակ չեմ, սակայն մենակ պահերին էլ մենակությունը լոկ ֆիզիկական է, որովհետև ես միշտ աշխատում եմ, միշտ ստեղծագործում: Մարդկային երջանկությունն առաջին հերթին հոգեկան բավարարվածության և արյունակցական մտերմության մեջ է: Ես իմ հոգեկան բավարարվածությունը ստանում եմ ստեղծագործական աշխատանքից, արյունակցականը՝ իմ զավակներից, հարազատներից:

Ասացիք, թե ընտրել եմ դերասանուհու մասնագիտությունը՝ նրան չստորադասելով ընտանիքս: Այո՛, հատկապես հիմա եմ ավելի լավ հասկանում, որ ես կյանքում կատարել եմ իմ ամենաճիշտ քայլերից մեկը: Արվեստագետը երբեք չպետք է հեռու մնա ընտանեկան երջանկությունից, կինը երբեք չպետք է իրեն զրկի մայրանալու հաճույքից: Երբ մայր ես, քո խաղացած դերերը տարբերվում են, քո մայրական սկիզբը փոխանցվում է քո դերերին, այն կանանց նկարագրերին, որոնց դու ստեղծում ես բեմում... Ես միշտ մեր երիտասարդ դերասանուհիներին հորդորում եմ ամուսնանալ, երեխաներ ունենալ, որովհետև երեխաները մարդու կյանքում ամեն ինչ փոխում են, փոխում են նաև արվեստագետի կյանքում: Երեխաների բացակայությունը մարդու տանում է դեպի յուրատեսակ էգոիզմը, ինչն էլ արտահայտվում է նրա ստեղծագործության մեջ ևս»: 
Իր հարուստ բեմական կյանքի ընթացքում Վարդուհի Վարդերեսյանը բազմաթիվ կանանց է պատկերել, տարբեր ազգությունների ներկայացուցիչների: Մեր թատերական քննադատությունը բարձր է գնահատել դերասանուհու կատարումները, առանձնացրել նրան բոլորից, շեշտել կատարումների յուրատիպություններն ու առանձնահատկությունները: Խաղացած դերերը ներկայացրել են տարբեր ազգությունների կանանց: Դերասանուհին այս մասին ասում է. «Ազգային պատկանելիությամբ՝ այո: Ազգային պատկանելիությունը ծնում է նաև բնավորության որոշակի առանձնահատկություններ: Սակայն նրանք բոլորը կանայք են՝ իրար նման իրենց տառապանքներով, ուրախություններով, իրենց սիրով: Տարբեր ազգությունների կանանց խաղալով՝ ես երբեք չեմ ձգտել ծայրահեղորեն շեշտելու նրանց ազգային պատկանելիությունը:  Իհարկե, իտալացին իր շարժմունքով, իր արտահայտչականությամբ միանգամայն ուրիշ է, ուրիշ է հայ կինը, բայց նրանց բոլորին միավորում է կին լինելու հանգամանքը: Ուստի ինչ ազգի կին էլ որ խաղացել եմ, ես միշտ փորձել եմ ճանաչել կնոջը, հասկանալ նրան: Խաղացել եմ իտալուհի Կոնչիտա, ամերիկուհի Պրոկտոր, բրիտանուհի Դեզդեմոնա, ռուս Պոլինա, Նաստասիա Ֆիլիպովնա... Շատ են տարբեր ազգությունների ներկայացուցիչները, բայց նրանք հայ դերասանուհու պատկերացմամբ ստեղծված կերպարներ են: Ինձ համար միշտ հայ կնոջ ֆենոմենը մնացել է անբացատրելի, առեղծվածային: Ուրիշ է հայ կինը՝ իր միջավայրի դրոշմով, ազգային բնավորության վառ արտահայտությամբ: Տարբերություն կա պոլսեցի, թիֆլիսեցի, երևանցի հայ կնոջ մեջ խոսվածքով, որոշակի սովորություններով: Բայց արյան բաղադրությունը նույնն է: Այս կանայք արտահայտում են իրենց միջավայրի փիլիսոփայությունը, կրում են բարքերի ազդեցությունները, բայց, միևնույն է, եթե նրանց բոլորին խոսեցնես միևնույն բարբառով, տարբերությունը կվերանա, որովհետև ստեղծված են հայ կնոջ տեսակի վրա: Այսպես է նաև մյուս ազգությունների կանանց դեպքում: Նրանք բոլորը ապրում են միևնույն խնդիրներով, հոգեկան և հոգեբանական միևնույն խնդիրների մեջ»:
Վարդուհի Վարդերեսյանը հիմա անցնող օրերի մեջ մեկիկ-մեկիկ իր հուշերի կծիկներն է քանդում, սակայն հուշերը նրա համար տաքուկ ներկայություն լինելով՝ պարտադրում են առաջ նայել: Նայել երկրին, որի քաղաքացին է ինքը, նայել մարդկանց, ում կենցաղը, սոցիալական վիճակը մտահոգում ու անհանգստացնում է մեծ դերասանուհուն: Բայց ապրում է հավատով, որ պայքարի ու տառապանքների միջով անցած ժողովուրդը արժանի է երջանիկ ապագայի…


Լևոն Մութաֆյան

2013 թ․

Աղբյուրը՝ http://old1.hayernaysor.am/1363683850

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: