«Սա ոչ թե խնդրի լուծման աբսուրդ տարբերակ է, այլ այլասերված տրամադրության տարածում»

05 Նոյեմբերի 2019

«Բռնության ձայն» հեշթեգը սոցցանցերում ակտիվորեն տարածող, Հանրայինի եթերում եւ սոցցանցերում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման քարոզով զբաղվող եւ կանանց նկատմամբ բռնությունների մասին ամենատարբեր պատմություններ պատմելով հայտնի դարձած Լյուսի Քոչարյանն ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել, թե կուսության թեմայից վերջնականապես «պրծնելու» համար առաջարկում է` «18-ը լրանալուն պես անխտիր բոլոր աղջիկների կուսաթաղանթը բժշկական միջամտությամբ հեռացվի»: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց բժիշկ-սեքսոպաթոլոգ ՆԱՐԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

«ԿՈՒՅՍԻ ՄՏՔՈՎ ԵՐԲԵՎԷ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՑՆԵԼ»

– Տիկին Ներսիսյան, որպես սեքսոպաթոլոգ, ինչպե՞ս կգնահատեք վերոնշյալ առաջարկի թե՛ ֆիզիոլոգիական, թե՛ բարոյահոգեբանական հետեւանքները:

– Կուսության հետ կապված մեր հասարակությունն այսօր, իրոք, խնդիր ունի: Բավական է նշել, որ մինչ օրս կան հարսնացուներ, ովքեր ամուսնությունից առաջ դիմում են բժիշկներին` կուսաթաղանթը վերականգնելու պահանջով, ու կան բժիշկներ, ովքեր այդ գործով «տուն են պահում»: Կան կուսությունը կորցրած աղջիկներ, ովքեր այլեւս իրենց անարժան են համարում ունենալու արժանապատիվ ընտանիք, քանի որ համոզված են, որ իրենց ոչ մի «նորմալ» տղա այլեւս չի ուզի, այդպիսի աղջիկները հուսահատությունից ու մեղավորությունից բռնում են ինքնապատժման ուղին` ամուսնանալով չսիրած տղայի հետ կամ ոչ ամուսնական սեռական կապերի տրվելով: Կան տղաներ, ովքեր իմանում են իրենց նախընտրած աղջկա կուսազրկման մասին ու երբեմն անգամ առանց որեւէ խոսք ասելու, հեռանում ու անհետ կորչում են այդ աղջկա կյանքից` կոտրելով վերջինիս սիրահարված սիրտը: 

Սակայն, խնդիրն այստեղ շատ ավելի խորն է, քան պատկերացնում ենք: Այս մասին բազմիցս խոսել եմ ու սուր քննադատության արժանացել հենց նույն Լյուսի Քոչարյանի կողմից, բայց եկեք ընդունենք, որ «կուսաթաղանթը» զուտ բժշկական հասկացություն է, իսկ կուսությունը` ինչ-որ տեղ նաեւ էթիկական, ուստի` այս մասին լավ կլիներ խոսեին բժիշկներն ու էթիկայի մասնագետները, այլ ոչ` տնտեսագետ-լրագրողները: Եվ ուրեմն, նախ եւ առաջ` էթիկապես անընդունելի է կուսության վերացման մասին խոսելը, առավել եւս մարմնի ֆիզիկական խեղաթյուրման միջոցով: Ու եկեք չմոռանանք, որ կուսությունը վերանում է միայն այն պահին, երբ հակառակ սեռերը հանդիպում եւ ճանաչում են միմյանց, ուստի` եթե կուսաթաղանթը վնասվել է, բայց միջսեռային հանդիպում չի եղել, կուսության կորուստ, ըստ էության, տեղի չի ունեցել: Սեռերի հանդիպում ասելով` այստեղ նկատի չունեմ իրար հետ ծանոթանալը, մարմնական արտաքին շփումը, այլ միմյանց սեռերի խորքային էություններին հաղորդակցվելը, որովհետեւ հնարավոր է ամուսնական զույգն ապրի միասին երկար տարիներ, բայց այդպես էլ միջսեռային հաղորդություն չլինի: Լավագույն դեպքում այսպիսի զույգերն ապրում են կողք կողքի` իբրեւ նույն հարկի տակ բնակվող լավ բարեկամներ, անգիտակցաբար կիսում են անկողինը, ինչ-որ ինտիմ զգացողություններ ունենում, բայց այդպես էլ սեռային արթնության չեն հասնում եւ չեն զգում հակառակ սեռային բեւեռի ամբողջացնող ուժը: Այսպիսի դեպքերում մենք գործ ունենք «կուսական ամուսնության» հետ, թեեւ կուսազրկում կոչված երեւույթը փաստացի տեղի է ունեցել: 

Երբ Լ. Քոչարյանը կարծիք է հայտնում, որ կուսաթաղանթի վերացմամբ կարելի կլիներ վերացնել կուսության հետ կապված խնդիրները, ապա դա ոչ թե խնդրի լուծման աբսուրդ տարբերակ է, այլ այլասերված տրամադրության տարածում: Կույսի մտքով երբեւէ նման բան չի կարող անցնել, իսկ ոչ կույսի կողմից նմանատիպ կարծիքի բարձրաձայնումը կուսազրկում է ինքնին: Ոչ, կույսը նմանատիպ փորձ է ձեռնարկում էթիկական ինքնաքննադատումից շեղվելու համար, քանի որ չի ուզում ընդունել, որ հենց ինքն է կուսազրկել բազմաթիվ աղջիկների: Չէ՞ որ կուսություն կորցնել նշանակում է սկսել տեսնել, հասկանալ, ճանաչել, այլ ոչ թե ինչ-որ բան կորցնել: Կորստի փոխարեն նոր բացահայտումներ են տեղի ունենում, տեսանելի են դառնում բաներ, որոնք նախկինում չէին գիտակցվում, այսինքն` սեռային ինքնագիտակցությունը թռիչքաձեւ անցում է կատարում դեպի նոր` ավելի հասուն մի փուլ: Կուսաթաղանթի վերացումը չի փոխում կուսության էությունը, եթե չկա այդ հասունությունը եւ գիտակցումը: Շատ ավելի լուրջ խնդիր է ոչ թե կուսաթաղանթի պատճառով սրտերի կոտրումը, այլ կուսության հավասարեցումը ու նույնականացումը կուսաթաղանթի հետ, ինչը սեռերի փոխհարաբերման մասին ստեղծում է մակերեսային ու տափակ պատկերացումներ:   

- Ի դեպ, սա կարծես թե, այն նույն տրամաբանության մեջ է, ինչ իր ասուլիսի ժամանակ ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ՝ «իմպոտենցիայի մեծ մասն արդյունք է դառնում առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասից»: Նա նաեւ հավելել էր, թե կա նման վիճակագրություն: Որքանո՞վ է սա իրական եւ, իսկապես, իմպոտենցիայի պատճա՞ռ է:

- Վարչապետի խոսքը սեռական գրագիտության պակասի մասին վերաբերում է հենց այն խորքային գիտելիքի պակասին, որի ճանաչմանը զույգերը գալիս են, երբ  հանդիպում են իրար, այսինքն՝ վարչապետը նկատի ունի, որ իմպոտենցիայի պատճառը հենց այդ կուրությունն է, երբ սեռերի փոխհարաբերման մեջ այդպես էլ կուսազրկում տեղի չի ունենում։ Խոսքն այստեղ չի գնում փաստացի կուսաթաղանթի վնասման, այլ սեռային կուրության մասին է։

«ՄԵԶ ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄԻ ԲԱՆ` ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼ ՄԵՐ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ»

– Վերջերս մամուլում տարածվեցին լուրեր, որ Կուբայից Հայաստան են ժամանել 19 ԼԳԲՏ-ական, եւ նրանք ՁԻԱՀ վարակակիրներ են: Միգրացիոն ծառայությունը հաստատեց կուբացիների Հայաստան ժամանելու մասին տեղեկությունը, իսկ վարակակիր լինել-չլինելու մասին միայն ասացին, որ այն գաղտնի տեղեկություն է: Նրանց «ծառայություններից» օգտվելու վտանգներից զատ, որպես բժիշկ, Ձեր գնահատմամբ` հանրության վրա այլ վտանգավոր հետեւանքներ կարո՞ղ է ունենալ նման մարդկանց հայտնվելը երեւանյան փողոցներում:

– Նախ նշեմ, որ ՁԻԱՀ-ը եւ ՄԻԱՎ-ը վարակակրությունը խարան չէ: ՄԻԱՎ վարակակիր կարող են լինել բոլորովին այլ սեռական մշակույթի կրողներ, քանի որ վիրուսի փոխանցման ուղիները տարբեր են: Բացի սեռականից, վիրուսը կարող է փոխանցվել վարակակիր արյան հետ անմիջական շփումից, օրինակ` ստոմատոլոգի կամ մատնահարդարի ոչ պատշաճորեն ախտահանված գործիքներից, վիրուսի փոխանցում հնարավոր է նաեւ մորից պտղին, ներարգանդային զարգացման ժամանակ: Այնուհետեւ պետք է արձանագրել, որ ԼԳԲՏ անձինք կան նաեւ Հայաստանում, ու նրանք բնակչության շատ փոքր թվաքանակ են կազմում, մոտավորապես` 5%: Այդ թիվը դարեր ի վեր չի փոխվում, մենք այսօր չգիտենք, թե որն է հոմոսեքսուալության, տրանսգենդերության առաջացման բժշկական պատճառը, գիտության կողմից այս երեւույթները դեռեւս լիովին բացահայտված չեն, կան իրարամերժ կարծիքներ, բազմաթիվ վարկածներ, բայց վերջնական պատասխան չկա: Վերջերս, օրինակ, մի ականավոր բժիշկ-սեքսոլոգի հոդվածներից էի կարդում, որտեղ մանրակրկիտ նկարագրված էին հոմոսեքսուալությունից դժգոհ պացիենտների սեռային կողմնորոշման փոխակերպման հաջողությունները, մինչդեռ շատ հոդվածներ կարելի է գտնել, որտեղ նշվում է, թե դա միանգամայն անհնարին է: Փաստորեն` հնարավոր է: Գոյապահպանության բնազդը` ի հակընդդեմ գիտության նման զարգացումների, փոքրամասնություններին ստիպում է առավել ագրեսիվ դառնալ, որով կարող ենք բացատրել վերջերս ՀՀ-ում տեղ գտած ԼԳԲՏ կատաղի ակտիվությունները: Սա խոսում է միայն մի բանի մասին` Հայաստանն այն քիչ տեղերից է աշխարհում, որտեղ պահպանվել է իրական առողջացման գալու հնարավորությունը` ամբողջանալու, ողջանալու ուղիով: Իզուր չէ, որ հայերս ասում ենք` ողջ եւ առողջ, քանի որ մեր հիշողության մեջ պահպանվել է լրիվության-ամբողջության գալու հիրավի տրանսֆորմատիվ բուժական փորձառությունը: Կուբացիների ժամանումը Հայաստան կարող է դառնալ տրանսգենդերների սեռային առողջ-ողջացման նախադեպը: Հայաստանն իր քրիստոնեական արժեհամակարգով ու ամուր ընտանեկան ավանդույթներով միշտ կարող է դիմազերծել կեղծ երեւույթներն ու բովանդակային դատարկությունները: Երկսեռ ամբողջացման չեն գալիս մարմնական խեղաթյուրումներով, այլ ներքին տրանսֆորմատիվ համալրմամբ: 

Աշխարհն այսօր բաց է, ու մեր երեխաները հաճախ են ճամփորդում արտերկրներ, այսօր շատ ավելի ժամանակ ենք անցկացնում վիրտուալ տիրույթում, մենք չենք կարող լիովին վերահսկել ինտերնետի այն բովանդակությունը, որը կարող է հանկարծակի հայտնվել մեր երեխաների ուշադրության դաշտում: Սակայն աշխարհը բաց է նաեւ հակառակ կողմի համար, բազմաթիվ արտերկրացի երեխաներ տեսնում են մեզ` մեր ընտանիքները, մեր ավանդույթներն ու արժեքները, աշխարհն այսօր թախանձում է ունենալ այն հարստությունը, որ ունի մեր տարածաշրջանը ու մենք` այս հողից սնվող հայերս: Ուստի` մեզ մնում է միայն մի բան` ամուր պահել մեր ընտանեկան ավանդական արժեհամակարգը, հավատարիմ մնալ ինքներս մեզ ու սիրով պարուրել մեր երեխաներին ու սիրեցյալ մերձավորին: Միայն այս դեպքում ոչ մի ժամանած ԼԳԲՏ չի կարողանա վտանգ ներկայացնել:   

- «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ են ուզում անել, որով ընտանիքում բռնություն համարվելու է նաև բռնությունը զուգընկերների միջև։ Զուգընկեր հասկացությունը սահմանված է որպես միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ։ Նախագծում չի նշվում զուգընկերների սեռը, հետևաբար դրանք կարող են լինել նաև նույն սեռի անձիք։ Այսինքն` միասեռական զույգերին տրվում է ընտանիքի կարգավիճակ։ Եթե նույնիսկ հեռանանք մեր ավանդական պատկերացումներից ընտանիքի մասին, հետաքրքիր է՝ Ձեր դիտարկումները, որպես սեքսոլոգ:

- Աճառյանի Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան-ում զուգընկերը սահմանված է իբրև զույգ կազմող ընկերներից յուրաքանչյուրը, ընկերակից։ Իմ դիտարկմամբ այս բառը բոլորովին չի համապատասխանում մտերիմ հարաբերությունների մեջ (այդ թվում՝ ինտիմ), գտնվող անձնանց։ Ամուսինները պարզապես զույգ չեն, այլ համագործակցող զույգ են։ Իսկ համագործակցությունը ոչ թե նոր կրքեր հարուցող, այլ մարդուն իր անձնային կրքերից ազատագրող նպատակ ունի, առանց որի հնարավոր չէ գործի հաջողություն։ Ամուսնական համագործակցությունն առաջին հերթին հնարավոր է սեռական կրքից ազատագրման միջոցով։ Ամունսինները սեռական կյանք են ունենում ոչ թե կրքից , այլ սիրուց դրդված, իսկ գործը, որին նրանք կցված են՝ սիրել սովորելն է, ներել ու վստահել կարողանալն է։  Նույն սեռի անձնավորություններին կապող օղակը ոչ թե անձնական կրքերից մաքրազերծող սերն է, այլ տրփանքը՝ կրքերից գերագույնը։ Ուստի՝ չի կարող ամուսնական կարգավիճակ ստանալ մի զույգ, ովքեր համագործակիցներ չեն այն իմաստով, որով շարադրեցի, գուցե նրանք կլինեն ընտանիքի անդամներ, այսինքն՝  ընդհանուր տանիքի տակ բնակվողներ, բայց չեն լինի ամուսիններ, ում գերագույն նպատակը բարձրագույն Սիրո գաղափարին գալն է։

– Մասնագիտության բերումով գուցե Դուք առավել քաջատեղյակ եք, իրականում հայկական ընտանիքներում կա՞ն կանանց նկատմամբ, օրինակ, սեքսուալ բռնությունների այնպիսի մասշտաբներ, որ այսօր այդ միտումների դեմ պայքարելու անվան տակ ժողովրդի վզին են փորձում փաթաթել Ստամբուլյան կոնվենցիան:

– Այո, մասնագիտության բերումով ամեն օր շփվում եմ ինտիմ կյանքի մանրամասներն ինձ պատմող անձանց հետ ու վստահաբար կարող եմ ասել, որ բռնությունը փոխադարձ է, կանայք ու տղամարդիկ հավասարապես բռնանում են իրար: Ես նկատի ունեմ ոչ միայն սեքսուալ, այլ նաեւ հոգեբանական, էմոցիոնալ, ֆիզիկական բռնությունը: Կան դեպքեր, որոնք քրեորեն պատժելի են, եւ այդ դեպքերի համար մեր օրենսգրքում կան համապատասխան հոդվածներ: ՀՀ-ում ծավալած իմ 20-ամյա աշխատանքային փորձից ելնելով` կարող եմ ասել, որ մեր երկրում կանայք ու աղջիկները պաշտպանված են սեքսուալ բռնություններից օրենքի համապատասխան հոդվածներով, խնդիրը միայն այն է, որ ամոթը եւ այդ օրենքների մասին անտեղյակությունը թույլ չեն տալիս դիմելու համապատասխան կառույցներ` բռնարարներին պատժելու համար:   

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աղբյուր՝ iravunk.com

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: