Բնապահպանության նախարարությունն անցել է ընդհատակ և չի շփվում բնապահպանների հետ. Սիլվա Ադամյան

21 Հունիսի 2018
Բնապահպան Սիլվա Ադամյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահ­մանված բնապահպանական հարկի գծով բեռի նվազեցմանը, նշեց, որ ընդհանուր առմամբ հարկերի նվազեցմանը թեև կողմ է, սակայն կոնկրետ այս որոշումը ոչ հեռատես քայլ է համարում:

«Հայաստան մտնում են հիմնականում հին մեքենաներ՝ բնապահպանական տարբեր խնդիրներով, և որքան հին է մեքենան, այնքան արտանետումներն ավելի շատ են: Ես հասկանում եմ, որ Կառավարությունը սա միտումնավոր չի անում, պարզապես խնդիրը խորապես չեն ընկալում: Ինչ-որ պոզիտիվ միջավայր ստեղծելու համար արվում են որոշումներ, որոնք կարող են ավելի վատ հետևանքներ ունենալ»,- ասաց նա:

Սիլվա Ադամյանը նշեց, թե համաձայն է, որ նոր մեքենաներն ավելի քիչ բնապահպանական հարկ վճարեն քան հները, և նկատեց, որ հատկապես մարզերում 25 տարվա վաղեմության մեքենաներ կան:

Ըստ բնապահպանի` այս հարցը որոշելուց առաջ պետք է քննարկում լիներ  բնապահպանների հետ, սակայն նրանց հետ չեն խոսել:

«Ես ներկայիս կառավարության հետ որևէ շփում, եզրագիծ դեռ չեմ տեսել՝ չնայած մայիսի 22-ին մի քանի տասնյակ բնապահպաններով նամակով դիմել ենք վարչապետին՝ խնդրելով հանդիպում բնապահպանական խնդիրները քննարկելու համար, բայց այդ նամակին նույնիսկ պատասխան չկար: Ես չգիտեմ՝ պատճառն ինչ է, գուցե զբաղվածությունն է, բայց ես չեմ կարծում, որ կշիռ ունեցող փորձագետների նամակը կարելի է այդպես անտեսել»,- ասաց նա և նշեց, որ դեռ սպասում են նամակի պատասխանին:

Ինչ վերաբերում է մասնավորապես հենց նախարարության հետ աշխատանքին, ապա Սիլվա Ադամյանը նշեց. «Նախարարությունն ընդհանրապես անցել է ընդհատակ և չի շփվում բնապահպանների հետ: Պոզիտիվ միջավայր կոնկրետ բնապահպանության ոլորտում մենք չենք տեսնում, չկա այդ միջավայրը, և չկան համագործակցության քայլեր, բնապահպանության նախարարությունը մի կողմի վրա է, հասարակական կազմակերպությունները՝ մի կողմի վրա՝ իրենց խնդիրներով»,- ասաց նա:

Բնապահպանը նկատեց, որ թեև մշտապես «կռիվների» մեջ էին նախորդ վարչապետի կառավարության հետ, բայց կապը կար: «Չնայած կոնֆլիկտային իրավիճակ էր նախարարության հետ, բայց բնապահպանները ներկա էին լինում քննարկումներին»,- ասաց Սիլվա Ադամյանը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: