Հերունու դիտակը, «Big Bang»-ի տեսությունը եւ Իէն Գիլանի միակ հարցը

15 Հունիսի 2019

Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համարՀայաստան ժամանած համաշխարհային ռոքի լեգենդ, Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանը հունիսի 7-ին այցելեց Արագածի լանջին՝ Օրգով եւ Տեղեր գյուղերի մոտակայքում կառուցված Ռադիոօպտիկական աստղադիտակ: Իէն Գիլանը մինչ այցը ծանոթացել էր ակադեմիկոս Պարիս Հերունու գիտական աշխատություններին եւ ցանկություն հայտնել տեսնել նրա ջանքերով կառուցված եզակի աստղադիտակը:

Ճանապարհ դեպի «զարմանահրաշը>

Արագածի գիտական կենտրոն տանող նեղ ճանապարհն անցնում է սարերի արանքով: Մեքենան դանդաղ ընթանում է ճիշտ ժայռի եզրով: Ռոքի լեգենդը ողջ ճանապարհին ուշադիր ինչ-որ բան է կարդում է՝ երբեմն, ընդհատելով եւ զրուցելով մեքենայում նստած մարդկանց հետ:

Ընթերցանությունից նրան, երբեմն էլ, «կտրում են» բնության տեսարանները, եւ ամեն անգամ պատուհանից դուրս նայելիս նա շշնջում է՝ «զարմանահրաշ»:

Իէն Գիլանի ձեռքի թղթին Պարիս Հերունու եւ նրա կառուցած աստղադիտակի մասին է գրված: Թեեւ դեռ ամիսներ առաջ գիտնական ընկերոջ միջոցով այդ պատմությանը  ծանոթացած եւ Հերունու ուսումնասիրություններում «խորասուզված» ռոք լեգենդը հրաշալի գիտի ամեն մանրամասնություն, բայց մինչ տեղ հասնելը եւս մեկ անգամ է կարդում դրանց մասին։

Հանդիպում գիտական հսկայի հետ

Հսկայական դիտակը տեսնելուց հետո՝ «մոգական» բառն ամենից հաճախն է հնչում Իէն Գիլանի շուրթերից: «Հերունու ազգային տիեզերական կենտրոնի» ձևավորման ծրագրի ղեկավար, տ.գ.թ., ՀԱՊՀ պրոֆեսոր Արեւիկ Սարգսյանը ռոքի լեգենդին պատմում է Ռադիոօպտիկական դիտակ ՌՕԴ-54/2.6-ի նախագծման ու շինարարության աշխատանքների մասին՝ նշելով, որ շուրջ 17 տարի տեւած պայքարի արդյունքում կառուցված դիտակը եզակի է ամբողջ աշխարհում:

Նա նշում է, որ աշխարհում առաջին անգամ այս ռադիոդիտակի անտենան համատեղվել է համառանցք մեծ աստղադիտակի հետ. ՌՕԴ-ի ռադիոհայելին ունի 70/100 μ մակերեսի ճշտություն եւ ի վիճակի է աշխատել 200-ից 1 մմ երկարություն ունեցող ալիքների տիրույթում։ Անտենայի զգայունությունը չափազանց բարձր է, ուժեղացման գործակիցը հսկայական թիվ է կազմում, ճառագայթը շատ նեղ է։

«Դա նորմա՞լ է, թե բացառիկ»,- հարցնում է Գիլանը եւ լսում պատասխանը. «Բացառիկ է»:

 «Ռադիոդիտակի անշարժ սֆերիկ ռադիոհայելին, որն ունի ամեն ուղղությամբ 32մ գործարկվող բացվածքով 54մ տրամագիծ, բարձր ճշգրտությամբ հավաքվել է 3800-ից ավելի ալյումինե սալիկներից: Սալիկների ձուլումը Հերունին պատվիրել էր մետաղագործական գործարանին, Սովետական Միության խոշոր  գործարանները հրաժարվել էին այդ պատվերից, քանի որ համոզված չէին, որ կարող են  դա անել՝ նշելով, որ դա շատ բարդ է: Բանն այն է, որ սալիկները պետք է շատ ամուր լինեին ոչ մի այլ նյութի, օրինակ՝ օդի փչակներ չունենային:

Հերունին գտել էր վարպետ Գրիգորին, ով Երեւանի ալյումինի գործարանի նախկին աշխատակից էր: Վարպետը խոստացել էր, որ կարող է ձուլել անտենայի հայելու մակերեսի թիթեղները ձեռքով՝ օգտագործելով հնագույն տեխնոլոգիաները: Նա խնդրել էր Հարավային Ռուսաստանից բերել հատուկ կարմիր կավ, որից պատրաստած կաղապարներում՝ հենց տեղում կառուցած հատուկ ձուլարանում, հետագայում ձուլել է անտենայի թիթեղներից յուրաքանչյուրը»,- պատմում է Արեւիկ Սարգսյանը::

 «Զարմանալի է, այս ամենը մոգական է»,- արձագանքում է Իէն Գիլանը:

 Անտենայի կառավարման վահանակների շենքում արդեն, որտեղից ժամանակին իրականացվել է ռադիոդիտակի աշխատանքի կառավարումը, Արեւիկ Սարգսյանը ռոք աստղին պատմում է Պարիս Հերունու հետազոտությունների եւ առաջին փորձարկումների ընթացքում գրանցված աստղի ռադիոպայթյունի, ինչպես նաեւ ռադիոդիտակին երկրորդ կյանք տալու իրենց ջանքերի մասին: 

Կառավարման վահանակների շենքի  մուտքի մոտ Իէն Գիլանի համար փոքրիկ «ակուստիկ» համերգ են տալիս, իսկ հետո Արեւիկ Սարգսյանը ներկայացնում է Հերունու նախագծմամբ կառուցված Գիտցող ստվերաչափ արեւային ժամացույցը։ 

 Ապա` հյուրերն ուղեւորվում են ռադիոդիտակի անտենայի տակ կառուցված թունելը տեսնելու։

Գիտական աշխարհի լռությունն ու Գիլանի ձայնը

Համաշխարհային ռոք լեգենդին հատկապես հետաքրքրում է Պարիս Հերունու արած հետազոտությունը, որով գիտնականը առաջ է քաշել թեզ՝ հերքելով տեսությունը, թե Տիեզերքն առաջացել է «Մեծ պայթյունի» հետեւանքով։

 «Մեծ պայթյունի» տեսության համաձայն՝ Տիեզերքում այժմ պետք է գոյություն ունենա մնացորդային ճառագայթում, իսկ  ՌՕԴ դիտակով Հերունու կատարած չափումները ցույց են տվել, որ այդ մնացորդային ճառագայթումը չկա, ինչն իր հերթին, ըստ գիտնականի, ապացուցել է, որ «ոչ մի Մեծ Պայթյուն չի եղել»:

Աղբյուր՝ mediamax.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: