Մետաքսյան Կիրակոս-Շչոլկին Կիրիլ՝ եռակի հերոսը

27 Մայիսի 2016

Քչերը գիտեն, որ միջուկային ռումբի գլխավոր կոնստրուկտորը Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս, բազմակի շքանշանների ասպետ ու մրցանակների դափնեկիր Կիրիլ Իվանովիչ Շչոլկինն է: Ավելի քչերը գիտեն, որ նրա իսկական անունը Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան է: երկար տարիներ թաքցնում էին նրա հայկական ծագումը, իսկ օտարահունչ անուն-ազգանունը պարզապես համարժեք թարգմանությունն էր հայերենից: Մետաքսյան ազգանունը ժառանգել է մետաքսի առևտրով զբաղվող գողթնեցի պապից, որ Թբիլիսիից գաղթել է Կարասուբազար և շարունակել պապերի գործը: Թբիլիսիում էլ 1911 թ. հողաչափ Հովհաննես Եփրեմի Մետաքսյանի ընտանիքում ծնվել է ապագա կոնստրուկտորը:

Սպառազինությունների բնագավառի մարդկանց մասին կարելի է ասել, որ նրանք ոչ սովորական ճակատագրի տեր մարդիկ են: Այդպիսին էր Կիրիլ Շչոլկինը՝ գերգաղտնի հայը:

1928 թ. Շչոլկինն ընդունվել է Ղրիմի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-տեխնիկական բաժանմունքը: Երիտասարդ գիտնականը Լենինգրադի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից հավաքագրվածների մեջ էր: Կարճ ժամանակ անց նրա աշխատանքով հետաքրքրվող Կուրչատովը Կիրիլին հրավիրել է իր մոտ: Հանդիպումը ճակատագրական էր, Շչոլկինն ընդգրկվում է ատոմային նախագծում: 1938 թ. նա արդեն ֆիզմաթ գիտությունների թեկնածու էր: Հայրենական մեծ պատերազմն սկսվելուն պես, Շչոլկինը կամավոր մեկնել է բանակ: Անցել էր ծառայության կես տարին, երբ նա պաշտպանության կոմիսարի հեռագրով հետ կանչվեց և ուղարկվեց Կազանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտ: Նա զբաղվում էր այրման և պայթյունի ֆիզիկայով: Նրա փորձերը վճռական դեր են խաղացել միջուկային զենքի ստեղծման ժամանակ: 1943 թ. ինստիտուտը տեղափոխվում է Մոսկվա: 1946 թ. Շչոլկինը պաշտպանում է դոկտորական թեզ, Կուրչատովի պատվերով զբաղվում է ատոմային ռումբի պատրաստման խնդիրներով: 1947 թ. այդ գործին կոչված օբյեկտը համարվում է խիստ ռեժիմի գոտի: Հետագայում այն անվանվեց «Ռուսական միջուկային կենտրոն»: Այստեղ գլխավոր ուժերը քիմիական ինստիտուտից եկածներն էին: Հետագայում նրանց միացավ նաև մեկ ուրիշ հայ՝ Սամվել Քոչարյանցը:

1949 թ. օգոստոսի 29-ին կատարվեց ատոմային ռումբի փորձարկումը, և Կուրչատովն ասաց. «Արդեն կա, կնքահայրը Շչոլկինն է»: Ի դեպ, ատոմային լիցքը կոչվել է РДС-1, այսինքն՝ «Россия делает сама»: 28 գիտնական ստացան մրցանակներ: Կուրչատովը, Խարիտոնը, Շչոլկինը արժանացան Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման:

 Շչոլկինն այդ կոչմանը երկրորդ անգամ արժանացել է 1951 թ., երրորդ անգամ՝ 1954 թ. «Արզամաս 16»-ում 4 տարվա տքնաջան աշխատանքի համար: 1953 թ. Շչոլկինն ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: 1955 թ. «Արզամաս 16» է այցելել երկրի ղեկավար Խրուշչովը: Համոզված, որ ԱՄՆ-ում մի քանի միջուկային կենտրոններ կան, Խրուշչովը հրահանգել է կազմակերպել «Արզամաս 16»-ի կրկնօրինակը՝ «Չելյաբինսկ 70»-ը:

«Չելյաբինսկ 70»-ի ղեկավար և գլխավոր կոնստրուկտոր է նշանակվել Կիրիլ Շչոլկինը, իսկ «Արզամաս 16»-ի գլխավոր կոնստրուկտորը և գիտական ղեկավարը Սամվել Քոչարյանցն էր:

Երկար տարիների գերլարված աշխատանքն անհետևանք չի մնում: 1960 թ. Շչոլկինը ծանր հիվանդությունից հետո վերադառնում է Մոսկվա՝ նախկին ծառայության վայրը՝ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ: 49 տարեկանում նրան նշանակվել էր միութենական անհատական թոշակ: Նույն տարվա փետրվարին նրա վիճակը ծանրանում է, նրան այցելում է Կուրչատովը: Փետրվարի 9-ին ստացվում է Կուրչատովի մահվան բոթը: Շչոլկինն ի վիճակի չէր մասնակցելու նրա թաղմանը: Բայց հետագայում ուժ գտավ և շարունակեց աշխատել, գրել, դասախոսություններ կարդալ:

1968 թ. նոյեմբերի 12-ին «Պրավդան» տպագրեց Շչոլկինի մասին խիստ լակոնիկ մահախոսական: Այսպիսին էր այդ գերգաղտնի հայի վախճանը: Քչերը գիտեին, թե իրականում ինչի հետ էին կապված նրա կրծքին շողշողացող երեք աստղերը:

Ավելացնեմ, որ այս թեմայի շուրջ տարբեր թերթերի էջերում հրապարակումներ է արել Գրիգոր Մարտիրոսյանը՝ ՀԽՍՀ կառավարությանն առընթեր մամուլում պետական գաղտնիքների պահպանության վարչության պետը, իսկ 2007 թ. հրատարակվեց նրա «Կիրիլ Իվանովիչ Շչոլկին- Մետաքսյան Կիրակոս Հովհաննեսի» ռուսերեն գիրքը: 1998 թ. Ս. Գ. Քոչարյանցը և Ն. Ն. Գուրինը հեղինակել են «Արզամաս 16. Միջուկային կենտրոնի պատմության էջեր» գիրքը, որտեղ, ըստ հեղինակների, իրենք առաջին անգամ են հանդես գալիս իրենց ազգանուններով: Այդպիսին էին ժամանակները: Բայց ժամանակը նաև ամենաարդար դատավորն է և պարտավորեցնում է հիշել արժանավորներին:

Ի դեպ, քչերը գիտեն նաև, որ Հովհաննես Մետաքսյանը մի անգամ գաղտնի ժամանել է Թբիլիսի, մի անգամ էլ եղել է Քոչարյանցի ծննդավայր Գավառում:

Անշուշտ, մենք չենք կարող ապավինել Մետաքսյան-Շչոլկինի ստեղծած ատոմային ռումբի հզորությանը, բայց համոզված եմ, որ դա ամենևին չի նվազեցնում նրա անվան հետ կապված մեր ազգային հպարտությունը:

Կիրակոս Մետաքսյանի գործը պատշաճ չի արժևորվել, մինչդեռ այն վաղուց արդեն գաղտնազերծված է:

 

Վաղարշակ  Ղորխմազյան

Աղբյուրը՝ ankakh.com

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: