Ազգայնականությունը բազմագործառութային երևույթ է

26 Մայիսի 2016

Հայ ժամանակակից փիլիսոփա  Համլետ Գևորգյանն իր «Ազգ, ազգային պետություն, ազգային մշակույթ» գրքում գրում է, որ եվրոպական ժամանակակից հասարակագիտական-քաղաքագիտական միտքը հաճախ, թեպետ և ոչ միշտ, գերագնահատել է պետության դերը ազգը բնորոշող հատկանիշների ձևավորման գործում: Անդրադառնալով պատմական ազգերի գոյության փաստին՝ գիտնականը որպես ապացույց հղում է անում հայ ժողովրդի պատմությանը` նշելով, որ «հայ ժողովրդի պարագայում մենք կարիք չունենք վիճարկելու արևմուտքի տեսաբանների գերակշիռ մասի այն դրույթը, որ պետությունը վճռական դեր է կատարում (միջավայր և պայմաններ է ստեղծում) ազգի կազմավորման համար: Այս դեպքում ևս արևմուտքի տեսաբանների պնդումը հայերի մասին չի դիմանում պատմական-փաստական քննադատության: Հայ ժողովրդի կազմավորման ավարտը և հայկական պետության առաջացումը պատմաբանները վերագրում են մ.թ.ա. 6-րդ դարին, Արարատյան թագավորության ժամանակաշրջանին»։

Նախորդ դարի 80-ական թթ. ձևավորված և այնուհետև լայն տարածում ստացած «մոդեռնիստական-կոնստրուկտիվիստական» տեսության հիմքում դրված խնդիրն, ըստ էության, արհեստածին է: Միայն հին քաղաքակրթությունների և մշակույթների գոյության փաստը բավարար պետք է լիներ, որպեսզի ազգերի հնադարյան ծագումը կասկածի ենթարկող հարց ընդհանրապես չառաջանար: Բանն այն է, որ այն առանձնահատկությունը, որը Գելները վերագրում է, այսպես կոչված, «նոր ազգերին»՝ նույն սոցիոմշակույթին պատկանելը կամ ընդհանրական մշակույթի առկայությունը (մայրենի լեզու, ընդհանուր հայրենիքի գաղափար և այլն ), բնորոշ են նաև հնադարյան ազգերին:

Ազգի և ազգայնականության փոխհարաբերության հիմնախնդրի և երկընտրանքի առնչությամբ պետք է նշել, որ «ազգերն ազգայնականությունից առաջ, թե` հակառակը», ի սկզբանե անպատասխան հարցադրում է: Ըստ էության, հոգին և մարմինը, կամ նյութը և գաղափարը, իսկ տվյալ դեպքում` ազգը և ազգայնականությունը միմյանցով պայմանավորված և միմյանց փոխակերպվող երևույթներ են: Գործառական փոխազդեցությունների մեջ են նաև հայրենասիրությունն ու ազգայնականությունը: Ազգային ինքնությունը պահպանելու և ազգի շարունակականությունն ապահովելու համար ազգ-պետությունը պետք է կարողանա դաստիարակել ազնիվ ու հայրենասեր սերունդ: Այդ գործում կարևոր դերակատարում ունի պետության կրթական և դաստիարակչական գործառույթը: Որքան էլ ազգայնականությունը պարուրված լինի քաղաքական և տնտեսական տարբեր շահերով և շահարկումներով, միևնույն է, նրա առանցքը մնում է ազգակցության և հայրենիքի հանդեպ սիրո զգացումը, առանց որի այն գոյություն ունենալ չի կարող: Հակիրճ սահմանմամբ` ազգայնականությունն ազգային շահի գերակայությունն է անձնական շահի նկատմամբ: Սակայն դա ոչ թե նշանակում է, որ ազգայնականը պետք է մերժի անձնական շահի գաղափարը և մարդու իրավունքները, այլ նշանակում է, որ նա ազգային շահը համարում է գերակա արժեք և այն դիտարկում է որպես անձնական շահի երաշխավոր (գարանտ): Դա նաև չի նշանակում, որ ազգայնականը պետք է ատի մյուս ազգերին: Պարզապես, այն ազգին, որին նա պատկանում է, սիրում է ավելի, քան մյուսներին:

Ազգայնականությունը բազմագործառութային երևույթ է, որում կարելի է առանձնացնել միմյանց փոխշաղկապված երեք հիմնական գործառույթներ. ազգայնականությունն առաջին հերթին զգացմունք է (ազգասիրություն, հայրենասիրություն), հասարակական գիտակցության բաղադրիչ, երկրորդ` գաղափարախոսություն և քաղաքական ծրագիր է, երրորդ` ազգային շարժում է:

Այս գործառույթները փոխկապակցված են միմյանց, քանի որ, օրինակ, հայրենասիրությունը, որն առկա է ազգային գիտակցության մեջ, դրսևորվում է նաև գաղափարախոսության մեջ և անհրաժեշտ նախապայման է ազգային շարժումների առաջացման և հաջողության համար: Առանց հայրենասիրության ազգայնականությունը դառնում է ձև առանց բովանդակության: Եթե ազգը չլինի, ազգայնականությունը չի ունենա գործառույթ և կկորցնի իր իմաստը, քանի որ ազգայնականության գործառույթն ազգի վերարտադրության ապահովումն ու նրա մշակութային ինքնության և քաղաքական ինքնավարության պահպանությունն է: Երբ ազգ-պետության մեջ ազգայնականությունը, որպես պետական գաղափարախոսության բաղադրիչ, մերժվում է, խախտվում է ժողովրդավարության և ազատականության միջև հավասարակշռությունը: Առաջանում է անձնական և ազգային շահերի միջև բախում, ինչն, իր հերթին, խոչընդոտում է ազգ-պետության և նրանում ձևավորված քաղաքական ազգի արդյունավետ գործառությունն ու բնականոն զարգացումը՝ խախտելով նաև մշակութային, քաղաքական և քաղաքացիական ոլորտների ներդաշնակությունը: Այդ առումով հայ ժամանակակից հասարակությունը կարելի է բնութագրել որպես ազգային ինքնորոշման սկզբունքի հիման վրա նոր կազմավորված, սակայն չամրապնդված քաղաքական ազգ, դեռևս դանդաղ ձևավորման ընթացքում գտնվող քաղաքացիական ազգ և պատմական հիշողությամբ գոյատևող մշակութային ազգ:

Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հետխորհրդային տարածքի մյուս ազգային պետությունների և քաղաքական ազգերի ձևավորման ընթացքում առաջացած հակասությունները, թերևս, հնարավոր է հասկանալ և մեկնաբանել ժամանակակից համաշխարհայնացման գործընթացների և տեղի ունեցող հասարակական արագընթաց փոփոխությունների ու փոխակերպումների համատեքստում:

Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հետխորհրդային մյուս պետությունների սահմանադրությունները ստեղծվել են արևմտյան ազատական գաղափարախոսության սկզբունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետության, որպես նոր կազմավորված ազգ-պետության, որդեգրած քաղաքականությունը, հիմնված լինելով ծայրահեղ ազատականության գաղափարի վրա, ազգի սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում աստիճանաբար նվազեցնում է պետության դերակատարումը: Եվ քանի որ պետությունը և մշակույթը (ազգը) պայմանավորված են միմյանցով` այդ գործընթացն իր բացասական անդրադարձն է ունենում նաև ազգային ինքնության պահպանության և վերարտադրության վրա: Միևնույն ժամանակ, ընտանիք հաստատությունը, որն ազգի վերարտադրության մյուս գլխավոր գործոնն է, նույնպես ենթարկվում է էական փոփոխությունների և կորցնում է իր նախկին իմաստը: Սոցիալական այս փոփոխություններով է հնարավոր բացատրել այն հանգամանքը, որ ազգերի կազմավորման մոդեռնիստական տեսությունն այսօր արդեն քննադատում են ոչ միայն ազգերի պատմականության կողմնակիցները, այլև, հակառակ տեսանկունից, համաշխարհայնացման գաղափարախոսները, ովքեր, անցնելով «մոդեռնիստներից» մեկ քայլ առաջ, մերժում են ոչ միայն պատմական ազգերի, այլև ընդհանրապես ազգերի, ներառյալ՝ քաղաքական ազգերի գոյությունը:

Կ.Հակոբյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: