Արխիվ Դեկտեմբերի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Երեքշաբթի, 31 Դեկտեմբերի 2019 02:25

Եվրոպայի Ձախ Կուսակցության 6-րդ Համագումարը

2019 թվականի դեկտեմբերի 13,14 և 15-ին, Իսպանիայի Մալագա շրջանի «Բենալ Մադնա» փոքր քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Ձախ Կուսակցության 6-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին 400 ներկայացուցիչներ և մոտ 20 դիտորդ և հյուրեր: Այս համագումարը կազմվեց ընդհանուր 40 Եվրոպական ու միջազգային ձախ կուսակցությունների մասնակցությամբ: 
Համագումարի կարգախոսն էր՝ «Եվրոպայի փրկությունը միայն ձախի հզորացման մեջ է»: Համագումարը կենտրոնացել էր Եվրոպայի աջ պոպուլիզմի դեմ պայքարի հարցի շուրջ: Համագումարը իր մտահոգությունը հայտնեց Եվրոպայում պոպուլիստական կուսակցությունների աճի կապակցությամբ: Նրանք կարևորեցին նաև Եվրոպական 27 ձախ կուսակցությունների ընդհանուր պայքարը աջերի և նեոլիբերալիզմի դեմ և ձախ կուսակցությունների իսկական տեղը գտնելու Եվրոպայում: 
Նրանք խորհրդակցեցին թե ինչպես հնարավոր է յուրաքանչյուրը ըստ իր երկրի պայմանների ազդել Եվրոխորհրդի քաղաքականության վրա: Հարկ է նշել, որ Եվրոպայի ձախ կուսակցությունը իր մեջ ընդգրկում է տարբեր ձախակողմյա կուսակցությունների՝ Բանվորական ու Կոմունիստական կուսակցություններից վերցրած մինչև Եվրոկոմունիզմ և ժամանակակից ձախ կուսակցություններ: Մի շարք բանախոսներ կարևորում էին Իմպերիալիզմի և կապիտալիզմի բացասական դերակատարությունը, իսկ մյուսները շեշտը դնում էին նեոլիբերալիզմի դեմ պայքարի վրա: Նրանք գտնում էին, որ պետք է տեսնել ինչ համընդհանուր կետեր գոյություն ունեն Եվրոխորհրդի նոր նախագահ Տիկ. «Ֆոնդերլայն»-ի ծրագրային փաթեթի և ձախակողմյա կուսակցությունների ծրագրերի միջև և ընդառաջվել երկխոսությամբ:
Եվրոպայի ձախ կուսակցության նոր նախագահ ընտրվեց Գերմանիայի ձախ կուսակցության միջազգային կամիցիայի պատասխանատու «Հայնս Բիրբամ»-ը, ձայների 71 տոկոսով: Նա իր ընտրությունից հետո իր ելույթում շեշտեց միջազգային և Եվրոպայի ձախերի շարունակական պայքարի վրա ընդեմ նեոլիբերալիզմի ու ամեն տեսակ գործոնների, որոնք որպես արգելք են հանդես գալիս սոցիալիստական արժեքների դիմաց: Նա անդրադարձավ նաև ձախի տարածվածությանը՝ Մարքսիստների, կանաչների, առաջադիմական կուսակցությունների և ձախ սոցիալ դեմոկրատների վրա, դա համարելով ձախի կարողություններից մեկը: Նա շեշտեց նաև Եվրոպայի ձախերի ու միջազգային ձախերի համերաշխության ու համագործակցության հարցի կարևորության վրա, հատկապես Լատինական Ամերիկայում և Միջին Արևելքում: 
Եվրոպայի Ձախ Կուսակցության կենտրոնական խորհրդի համար յուրաքանչյուր կուսակցությունից ընտրվեցին երկու հոգի: Համագումարը պատրաստեց քաղաքական հռչակագիր Ֆրանսիայի կոմկուսի պատասխանատու «Վենսենտ Բութի» միջոցով և ընդունվեց 86 տոկոս ձայներով: 
Եվրոպայի ձախ կուսակցության մարտահրավերն է՝ պայքար կապիտալիզմի դեմ, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական Եվրոպա, պահպանելով երկրագունդը և երաշխավորելով խաղաղությունը: 
Համագումարին հրավիրված էին աշխարհի տարբեր ծայրամասերից կոմունիստական ու սոցիալիստական կուսակցություններ: Օրինակ Կուբայից, Վենեզուելայից, Բոլիվիայից, Արգենտինայից, Չիլիից, Մեկզիկայից, Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայից, Աֆրիկյան երկրներից, Թունեսից, Սենեգալից, Փոլիսարիոից, Միջին Արևելքից՝ Լիբանանից, Իրաքից, Պաղեստինից, Թուրքիայից և Իրանից: 
Համագումարին ակնառու էր կանանց մասնակցությունը, հատկապես Իսպանիայից՝ Իսպանիայի Ձախ Միացյալ ճակատի և Կոմունիստական Կուսակցության ներկայացուցիչներ: Համագումարի ղեկավար կազմում անընդհատ 4 կին և 2 տղամարդ կային, որոշ մասերում 5 կին և մեկ տղամարդ:

 

 

Բաժին՝ Աշխարհում

Հայ Ձախ Ֆորումը բարեմաղթանքներ հաղորդելով Հայաստանի իշխանությանը և ժողովրդին՝ իր աջակցությունն է հայտնում նրա բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են լայն զանգվածների ու հատկապես աշխատավորների շահերի ուղղությամբ:

Ամփոփելով 2019 Թվականը, Հայաստանում ու միջազգային մասշտաբով ականատես եղանք դրական ու բացասական երևույթների:
Հայաստանում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լիբերալ ազգային քաղաքականությունը, շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարը, որի ընթացքը ողջունելի է, և որը հուսով ենք շարունակական բնույթ կկրի: Իշխանությունները իրականացրին մի շարք բարեփոխումներ՝ ինչ որ չափով աշխատատեղերի ստեղծում, կենսաթոշակների որոշ տոկոսի բարձրացում, մի շարք բնագավառների աշխատավարձերի բարձրացում և նման երևույթներ, որոնք անհրաժեշտ են երկրի զարգացման համար: Հույս ունենք, որ կշարունակվի նման դրական բարեփոխումները: Միևնույն ժամանակ պետք է արձանագրել նաև, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը դեռ շարունակվում են մնալ արտաքին ֆինանսատնտեսական կենտրոններից ինչպիսին են, Համաշխարհային Բանկը, Միջազգային Արժույթի Հիմնադրամն և այլ կառույցներ: Դեռևս մի շարք միջազգային նման հաստատություններ շարունակում են իրենց քաղաքականությունը թելադրել կամ ուղղորդել Հայաստանին:
Միջազգային բնագավառում Տնտեսական ճգնաժամի բերումով ականատես ենք լինում նեոլիբերալիզմի հակաժողովրդական ու աշխատավորների շահերին դեմ գործողությունների: Նրանք աշխատում են իրենց անվտանգությունը ապահովելու նպատակով՝ բոլոր երկրներին պարտադրել կոշտ տնտեսական խնայողություններ, որի դեմ դիմադրում է ժողովուրդը, բանվոր դասակարգն ու բոլոր աշխատողները: Շատ երկրներում մարդիկ բողոքում են իրենց օր ըստ օրե տնտեսական վիճակի վատացման դեմ: Երկիրներ, որոնց նեոլիբերալիստական կառավարությունները չեն ցանկանում և անկարող են ի օգուտ ժողովրդի հարցերը լուծել:
Ականատես ենք նաև քաղաքական ճգնաժամի դրսևորման երևույթին, ամենուրեք աջ ու ֆաշիստական ուժերի առաջ խաղացմանը:
Եվրոպան ինքը մխրճված է շատ հարցերի մեջ, աջ ու ֆաշիստական ուժերի հզորացումը Եվրոպայում մտահոգիչ է: Իսկ հայաստանյան շատ ուժեր և ժողովուրդի մի մասը թյուր տեղեկության բերումով՝ Եվրոպայի միայն գունավոր կողմերով են հետաքրքրված և ծանոթ չենք նրանց բացասական կողմերին: Բարեփոխումները պետք է չհակասեն մեր ազգային լավ ավանդություններին:
2019 թվականի դեկտեմբերի 13,14 և 15-ին, Իսպանիայում տեղի ունեցավ Եվրոպայի Ձախ Կուսակցության 6-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին 400 ներկայացուցիչներ և մոտ 20 դիտորդ և հյուրեր: Այս համագումարը կազմակերպվեց ընդհանուր 40 Եվրոպական ու միջազգային ձախ կուսակցությունների մասնակցությամբ: Համագումարի կարգախոսն էր՝ «Եվրոպայի փրկությունը միայն ձախի հզորացման մեջ է»: Եվրոպայի ձախ կուսակցության մարտահրավերն է՝ պայքար կապիտալիզմի դեմ, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական Եվրոպա, պահպանելով երկրագունդը և երաշխավորելով խաղաղությունը:
Հայաստանում պետք է ուժեղանան դեմոկրատական ու աշխատավորների շահերը պաշտպանող ձախ ուժերը: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եթե ցանկանում է միշտ ժողովրդի կողքին լինել և ունենալ ժողովրդի ու հատկապես լայն զանգվածների, աշխատավորների ու աշխատավարձ ստացողների հովանավորությունը, պետք է և ստիպված է կիրառել այնպիսի քաղաքականություն, հատկապես տնտեսական բնագավառում, որոնք կապահովեն ժողովրդի շահերը: Ներկայիս իշխանությունը թեկուզ հանուն իրենց գոյության պահպանման, պետք է աստիճանաբար հասկանան նեոլիբերալիզմի վտանգը և այն թելադրանքները, որ իմպերիալիստական պետությունները աշխատում են թելադրել Հայաստանին: Հայաստանի իշխանությունը ստիպված է պահպանել իր ինքնաիշխանությունը և լինել անկախ:
Շնորհավորում ենք համայն հայության Ամանորը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Մաղթում ենք առողջություն և հաջողություններ: Ցանկանում ենք հայ մասնագետներն ու աշխատողները գտնեն իրենց արժանի տեղը Հայաստանում և աստիճանաբար կազմակերպվեն, համախմբվեն ու հզորանան նրանց ներկայացնող դեմոկրատ և ձախ ուժերը, որոնց բացակայությունը ակնառու է հայաստանյան քաղաքական ու հասարակական կյանքում:

Հայ Ձախ Ֆորում, Դեկտմեբեր 28, 2019 թ.

Բաժին՝ Անցուդարձ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1994-98թթ. Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը:

– Հրապարակվել են մի քանի տվյալներ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ. եկեք առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մի քանի թվերի, որպեսզի հասկանանք՝ իսկապե՞ս բարեհաջող տնտեսական տարվա հետ գործ ունենք:

– Ցուցանիշների մասով, միանշանակ, տարին կարելի է դրական գնահատել: Մենք ունեինք որոշակի ծրագրեր ու սպասումներ, և արդյունքն արդեն տեսանելի է՝ 7 տոկոսից բարձր տնտեսական աճ ենք ունենալու, ծրագրված էր 5 տոկոս, հավելյալ աճ մենք կունենանք այս տարվա ընթացքում: Առանձին ոլորտներում էլ կան դրական տեղաշարժեր: Իհարկե, կան նաև խնդիրներ, որոնք անհանգստացնող են: Դրական տեղաշարժերից կարող ենք առանձնացնել արդյունաբերության տեմպերի առաջանցիկ աճը, որը 11 ամիսների ընթացքում կազմել է 9,3 տոկոս: Մտահոգվելու տեղիք է տալիս այն, որ կրկին սկսեց բարձր տեմպերով աճել հանքարդյունաբերությունը: Մտահոգվելու տեղիք են տալիս նաև շինարարության աճի ցածր տեմպերը:

– Նշվում է, որ վարպետ շինարարների պակաս կա:

– Միանշանակ, որակյալ կադրերի պակաս կա… Բավականին աշխուժացել է ճանապարհաշինարարությունը, բայց դեռ ծավալների մասին չենք կարող խոսել: Մենք ունենք նաև հիփոթեքային վարկերի աճի բարձր տեմպ: 2019թ. վարկային շուկայում ամենաարագ աճի տեմպերը հիփոթեքային վարկերն են եղել, սրանք այն միջոցներն են, որոնք գնում են դեպի շինարարություն, այսինքն՝ շինարարության ֆինանսավորումը դեռևս բավարար չէ: Կապիտալ ներդրումների տեմպն այդ ոլորտում բավարար չէ, ցածր տոկոս է կազմում, պետք է սպասենք հավելյալ աճի:

 

– Գրանցվել է 25,7 տոկոս արտահանման աճ:

– Խոսքը նոյեմբեր ամսվան է վերաբերում՝ համեմատած նախորդ տարվա նոյեմբերի հետ, իսկ տարվա կտրվածքով արտահանման աճը, կարծում եմ, կկազմի 10 տոկոս: Արտառոց որևէ բան չկա:

– Գինու և կոնյակի արտահանումը երևի որոշիչ դեր է խաղում:

– Տարվա կտրվածքով՝ այո, տպավորիչ աճ է գրանցվել…

– Ցածր գնաճը հետևա՞նք է, թե՞ արդյունք:

– Տվյալ դեպքում շատ պետք չէ հիանալ: Մեզ պետք է ծրագրային գնաճ: Գնաճը որոշակի դերակատարություն ունի տնտեսական աճի համար, իսկ մենք արդեն երկրորդ տարին է՝ ունենք ծրագրվածից ցածր գնաճ, սա անհանգստանալու տեղիք պետք է տա… Ակնհայտ է, որ գտնվում ենք ցածր գնաճային միջավայրում… Այս տարի որոշակի աճի տեմպեր ենք կորցրել: Ես ոգևորված չեմ, որ դրամը արժևորվեց, թեև մեկ տոկոս, բայց դա էլ է ցուցանիշ…

– Անդրադառնանք Հրանտ Բագրատյանի այս նկարագրությանը. «Եթե դրամի փոխարժեքը չբարձրանա, Հայաստանը կդառնա տնտեսական գերեզման»:

– Ես սովորություն չունեմ դժոխային բնութագրեր տալու. Հայաստանը կա, ունի մեծ պատմություն, 3 հազար տարի առաջ էլ, 500 տարի առաջ էլ ունեցել է խնդիրներ, բայց գերեզման չի դարձել: Իհարկե, անհրաժեշտ է խելամիտ քաղաքականություն վարել:

– Մենք միշտ ասել ենք՝ բա՛ց թողեք փոխարժեքը, երևի Բագրատյանը դա նկատի ունի:

– Տվյալ դեպքում հակառակ երևույթի հետ գործ ունենք… ԿԲ-ն պետք է խրախուսի գնաճը, ավելին՝ եթե ԿԲ-ն միջամտություններ չաներ, փոխարժեքը կլիներ, ասենք, 420 դրամ 1 դոլարի դիմաց, ինչը կործանարար կլիներ մեր տնտեսության համար: Արժևորված դրամը մեզ պետք չէ… դոլարիզացիայի դեմ պայքարում ԿԲ-ն օգտագործում է իր սուղ հնարավորությունները… Միջազգային պահուստների առումով ունենք լավ ցուցանիշ, կարող էինք ավելի լավ ցուցանիշ ունենալ, եթե ԿԲ կաշկանդվածությունը չլիներ. վախը, որ գնաճային ճնշումներ կառաջանան, նկատելի է: Ամեն դեպքում ԿԲ-ն պահպանում է իր պրոֆեսիոնալիզմը և իր խնդիրը կատարում է:

Եթե ընդհանուր առմամբ տարին ամփոփենք, կարելի է համարել հաջողված: Անդրադառնամ նախորդ տարիներին արված իմ դիտարկումներին և համեմատենք. ես առանձնացրել էի 8 խնդիր, որոնք առաջնային էին Հայաստանի համար. աճող կոռուպցիա, ստվերայնության բարձր և աճող աստիճան, մենաշնորհների գերիշխանություն և դիրքի ամրապնդում, բիզնեսի և իշխանության սերտաճում, աղքատության բարձր և աճող մակարդակ, սոցիալական բևեռացում, տնտեսական աճի ցածր տեմպեր, արտագաղթ. արդեն այս ութ գործոններից զգալի մասը  գոյություն չունի: Իհարկե, կոռուպցիան չվերացավ, բայց այսօր հասարակությանն այն աստիճանի չի անհանգստացնում, որքան, ասենք, 2-3 տարի առաջ: Դրական տեղաշարժեր կան, տեսանելի է սոցիալական բարքերի փոփոխությունը, իհարկե մենք դեռ լավ չենք ապրում, բայց կա տեղաշարժ… Մենք կունենանք ՀՀ քաղաքացիների վերադարձ, սա միգրացիա չէ, բայց կարևոր միտում է. սա այն է, ինչի վրա պետք է կառուցենք մեր ապագան, պետք է վերլուծենք, գնահատենք, թե որոնք էին այն պատճառները, որ այս երևույթին են բերել: Սա նախևառաջ հայտ է իշխանություններին. տղերք ջան, շա՛տ լուրջ մտածեք, այս միտումը պետք է խորացնել, Հայաստանը կարող է զարգանալ, վկա են այս թվերը, բայց դրա համար բոլորը պետք է իրենց ջանքեր դնեն: Ընդհանրապես, երբ խոսում ենք տնտեսական զարգացման մասին, այս ամենը հենց մեր քաղաքացիների ամագն է՝ ներդրումն է, իհարկե իշխանությունները քայլեր ձեռնարկել են, բայց քաղաքացիներն ավելին են արել և ավելի մեծ պահանջ ունեն զարգացման իմաստով, սա էլ պետք է իշխանությունները գիտակցեն…

– Տնտեսական ցուցանիշները պոզիտիվ են, բայց դժվար թե մեր տնտեսությունն այսօր խոցելի տեղեր չունենա:

– Այո, այս տարի ունեցել ենք դրական արդյունքներ, բայց դեռ չունենք երաշխիքներ: Շինարարությունը պետք է լինի առաջնային ոլորտ… Ունենք գլոբալ խնդիրներ, եթե ուզում ենք ունենալ զարգացման բարձր տեմպ, առաջնային պետք է դարձնենք կրթության խնդիրը, այն, ինչ ունենք, բնավ բավարար չէ, խոսքս գյուղական վայրերում դպրոցների վիճակի մասին է: Հայաստանը լավ օրինակ ունի՝ Թումո կենտրոնները, պետք է ձգտենք առաջիկայում մարզերում որքան հնարավոր է շատ այդպիսի ուսումնամշակութային կենտրոններ բացել: Այդ պարագայում արդեն կարող ենք ակնկալել, որ ամբողջ Հայաստանով մեկ կունենանք կրթված կադրեր և արդեն երաշխավորված ապագա ու տնտեսական աճ: Հենց այս ոլորտում պետք է իշխանությունները ջանքեր գործադրեն. մշակեք այսպիսի մի ծրագիր, այդ հնարավորությունը կա:

 Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում:

Աղբյուր՝ «Առաջին լրատվական»

Բաժին՝ Հայաստանում

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ալավերդու նորաբաց «Կոտտոնի» կարի արտադրամասում բողոքի ալիք է բարձրացել: Արտադրամասի շուրջ 150 աշխատակիցները ընկերության համասեփականատեր Կարեն Դասոյանից իրենց նոյեմբեր ամսվա աշխատավարձն են պահանջում: Նշենք, որ Դասոյանը խոստացել էր ուշացած աշխատավարձը վճարել մինչև դեկտեմբերի 27-ը: Կարող բանվորուհիները սպասել են մինչև նշված ժամկետը:

Ալավերդու «Կոտտոնի» կարի արտադրամասն առաջին արտադրանքը  տվել է նոյեմբերի 11-ին:

 Աղբյուր՝ a1plus.am

Բաժին՝ Հայաստանում

Թե նախագահ,թե գեներալ

Արածներից չեն ամաչում,

Խառնվել են գայլ ու ոչխար,

Հայրենիքից Հայն է փախչում:

(Ն. Պետրոսյան)

      “Իրավունքի” դեկտեմբերի 18-ի N 139 համարում զետեղված էր Ռ. Քոչարյանի եղբոր դստեր՝ տիկին Իրինա Քոչարյանի հարցազրույցը՝ “Ժամանակն է եկել՝ հավաքվելու Ռ. Քոչարյանի առաջարկած Կոնցեսիա-1 գաղափարի շուրջը” հոդվածը, որտեղ նվում է, որ տիկին Քոչարյանը իր ամուսնու հետ մասնակցել է Անյուտա Հակոբյանի կողմից կազմակերպած երկարատև ակցիային, մի քանի գիշեր անցկացրել են փողոցում, Ռ. Քոչարյանի աջակիցների հետ միասին և միաժամանակ նշելով, որ իր երախտիքի խոսքն  է ասում, նրանց անկեղծ մղումի համար: Բայց աջակիցները իրո՞ք անկեղծ են, թե շահադիտական ենթատեքստ կա նրանց այդօրինակ մղումի մեջ, որ աջակցում են Ձեր հորեղբորը:  Տիկին Քոչարյան,  ցանկալի է հստակեցնել, Ձեր ամուսինը և անկեղծ մղումով գնացող այդ աջակիցները չեն վիրավորվել, երբ Հայաստանի երկրորդ նախագահ՝ Ռ. Քոչարյանն իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս ասել  է, թե “Հայաստանում տղամարդ չկա”, ինչպես են կուլ տվել այդ ստորացուցիչ բնութագրումը: Ես հայ կոմունիստս, Ձեր հարցազրույցին արձագանքում եմ, ոչ թե նրա համար, որ Ձեր հորեղբայրը յուրօրինակ թալանչի է, մեծամիտ, ինքնասիրահարված իր գավառական կերպարին, այլ նրա համար, հուդայական առեղծվածը ստորացրել է Հայաստանում ապրող տղամարդկանց, սակայն ով է այդ ծակ շալվարը Լաչինում թողած մարդը, որ վիրավորել և ստորացրել է Հայաստանի տղամարդկանց: Իմ աշխատանքային գործունեության տարիներին, երբ Ղարաբաղի նախկին կոմկուսի քարտուղար Հ. Պողոսյանի հետ շփումներ կային, Ռոբերտների և Սերժերի գոյությունը չեմ նկատել: Ամեն մի մոլի չարագործն է փորձում համոզել, որ իր կատարած հանցագործությունը առանձնապես էական չէ և պայմանավորված է անհրաժեշտությամբ: Բնությունը յուրաքանչյուր մահկանացուին շնորհել է  տրամաբանություն, ճիշտ ընկալելու համար վերհիշենք փիլիսոփա Արիստոտելին, երբ նա բացահայտեց տրամաբանությունը որպես փիլիսոփայության կատեգորիա, ուրախությունից 40 ոչխար մորթեց, և այդ օրվանից ոչխարների մոտ չկա տրամաբանություն, երևի թե այդ նույնից օգտվում են են երկրորդ նախագահի աջակցողները:

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ  

 

Բավ է մենք մեզ կոչենք արի,

Մենք մեր ոտքը զարկենք քարի,

Մենք մեզ պիտի մարտի տանենք,

Մենք մեզ պիտի փոսից հանենք,

Թևեր առնենք համայնական

Փրկենք Լեռը  մեր բիբլիական,

Կերտենք նորից հայոց հողին՝

Մի նոր երկիր Խորհրդային:

Բաժին՝ Մշակույթ

Վերջին օրերին Ֆրանսիայի մոտ 110 քաղաքներում, հարյուր հազարավոր ֆրանսիացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել իշխանության դեմ: Նրանք պահանջում էին, որ Էմանուել Մակրոնի իշխանությունը ետ վերցնի թոշակառուների կենսաթոշակների սահմանափակ ու վերանայված օրինագիծը: Այս ցույցը կազմակերպվել էր Աշխատանքի ֆրանսիական ժողովրդավարական կոնֆեդերացիայի և Ֆրանսիայի բոլոր արհմիությունների կողմից: Ցույցերին մասնակցում էին ավելի քան 350000 աշխատավորներ միայն Փարիզում, իսկ ցուցարարների թիվն ամբողջ Ֆրանսիայում մոտ 1 միլիոն 800 հազար է կազմել: Ըստ «Ռոյթեր» լրատվամիջոցի բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Կոնֆեդերացիան հանձն է առել Ֆրանսիայի մեծ մասի հոսանքի անջատման բողոքի ակցիան:
Այս ցույցերին, որոնք սկսել են դեկտեմբերի 5-ից, մասնակցում են բանվորական արհմիությունները, իշխանության ընդիմադիր կուսակցությունները, դեղին բաջկոնավորներն ու ուսանողները: Նրանց նպատակն է Մակրոնին ստիպել, որպեսզի հետ վերցնի իր՝ կենսաթոշակների բարեփոխումների օրենքի նախագիծը: Ցույցերի 12 օրվա ընթացքում Ֆրանսիայի ողջ տարածքում տրանսպորտային փոխադրությունները կաթվածահար են եղել և Ֆրանսիայի համալսարանների մեծ մասը փակվել են: Այդուհանդերձ Մակրոնը պնդում է, որ Ֆրանսիան անլուծելի ճգնաժամից խուսափելու համար ստիպված է այդ նոր օրենքը, որ թոշակառուների շահերի դեմ է՝ կիրառել: Մակրոնի իշխանությունը թոշակառուների բյուջեի բացը լրացնելու նպատակով մտադիր է բարձրացրնել կենսաթոշակի անցնելու տարիքը և նվազեցնել պետական աշխատողների աշխատավարձը: Ըստ RTL Franse ռադիոհաղորդման՝ Ֆրանսիայի բնակչության 62 տոկոսը հովանավորում և պաշտպանում է այս ցույցերը: Ցուցարարները հայտնել են, որ շարունակելու են իրենց ցույցերը մինչև իրենց պահանջների ձեռք բերումը:

Բաժին՝ Աշխարհում

Դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Սենատն առաջին անգամ ճանաչեց ու դատապարտեց 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված Հայոց Ցեղասպանությունը։ Բոլոր ցեղասպանությունների ճանաչումը զարգացած աշխարհի կողմից ողջունելի են ու դրանց կանխարգելումը բոլորի պարտականությունն է:
Մենք հույս ունենք, որ մի օր Թուրքիայի ամբողջ ժողովուրդը՝ դիմելով իրենց խղճին, կճանաչեն իրենց պատմության դառը էջերից մեկը՝ Հայոց Ցեղասպանությունը և կաշխատեն իրենց պարկեշտ վերաբերմունքով հարգել Թուրքիայի ու աշխարհով մեկ ցրված հայության իրավունքները: Այդ պրոցեսն արդեն սկսված է Թուրքիայում՝ մի շարք առաջադիմական կուսակցությունների, շրջանակների ու մտավորականության կողմից: Զուգահեռ ջանքեր պետք է գործադրվեն երկու երկրների հասարակության կողմից, որ Թուրքիան էլ ճանաչի ցեղասպանությունը:
Պետք է շեշտել, որ ճանաչման փուլն ավարտված կարելի է համարել և փոխհատուցման նոր փուլ է սկսվում, որտեղ պահանջվում է համահայկական ու միասնական ջանքեր:
Հայ Ձախ Ֆորումը ողջունում ու շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ի երկու պալատների ներկայացուցիչներին, և ցանկանում ենք հույս ունենալ, որ քաղաքական բոլոր պայմաններում Ամերիկայի առաջադեմ ժողովուրդը կանգնած կլինի հայ ժողովրդի կողքին ու իրենց չափով կնպաստեն Հայաստանի զարգացմանը:

Հայ Ձախ Ֆորում, Երևան 16 Դեկտեմբերի:

Ինչպես արդեն բոլորի համար պարզ դարձավ դաշնակցության այսպես կոչված երիտասարդական թեւի արշավը նոր Հայաստանի իշխանությունների դեմ ունեցավ անփառունակ վախճան:
Այս ընթացքում ջրի երես դուրս եկավ նոր իշխանությունների դեմ Դաշնակցության վարած քաղաքականության բուն նպատակը եւ դրդապատճառները:

ՀՅԴ երիտասարդների նստացույցերը եւ դրանց հետեւած գործողությունները իրականում ոչ մի աղերս չունեն հայոց լեզվի եւ պատմության դասերի վերաբերյալ բուհերում կատարվելիք բարեփոխումների հետ, այլ ազգային լոզունգների ներքո ՀՅԴ–ի կոպիտ եւ անհեռանկար քայլերը եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը փոքրիկ շղթան էր այն հակապետական, արկածախնդրական ծրագրերի, որի առանցքը կազմում էր Հրանտ Մարգարյանի հորդորներով ՀՅԴ Բյուրոյի եւ գերագույն մարմնի կողմից ծրագրված պարտիզանական գործողությունները: Ի պատիվ ՀՅԴ երիտասարդական որոշակի կառույցների եւ անհատների դիմադրողականության՝ ջրի երես դուրս եկավ այս հակապետական ծրագիրը, որը սակայն ցավոք դաշնակցության հին ու նոր պատմության մեջ նորություն չէ: Հիշենք նորանկախ Հայաստանի դեմ նրանց քայքայիչ գործունեությունը՝ «Դրոյի գործի» եւ «31-ի գործի» պարագայում, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարած հակազգային, հակաժողովրդավարական քաղաքականության հետ մեղսակից կոալիցիաները եւ հատկապես կրթության եւ գիտության բնագավառում նախարարական պորտֆելներով երկար տարիների նրանց կոռուպցիայի մեջ շաղախված լինելու հանգամանքները: Հրանտ Մարգարյանի անունը շրջանառության մեջ է ընկել, ոչ միայն հոկտեմբերի 27–ի առնչությամբ, այլ դեռեւս դրանից է'լ առաջ Իրանի Նոր Ջուղայում տեղի ունեցած ահաբեկչության եւ այլ սպառնալիքների հետ կապված:

Թավշյա հեղափոխությունից հետո, երբ արդեն ճանապարհ է հարթվում դեպի իրական ինքնիշխան պետականություն, երբ տեղի են ունենում ազատ եւ արդար ընտրություններ, երբ վերանում են կոռուպցիան, հովանավորչությունը եւ նման արատավոր երեւույթներ, երբ վերացել է վախի մթնոլորտը, երբ երկրում հակաիշխանական եւ կուսակցական ԶԼՄ–ները բազմապատիկ անգամ ավելի շատ են ու ավելի սանձարձակ, քան անկողմնակալ ԶԼՄ–ները, խոսել «պարտիզանական» հարվածներից, եւ Ռոբերտ Քոչարյանին համարել քաղաքական բանտարկյալ , ուղղակի անհեթեթություն է եւ տեղավորվում է լոկ կուսակցական եւ հատկապես խմբակային նեղ շահերի մեջ, եւ ոչ մի առնչություն չունի Հայաստանի ներկա իրականության հետ:

Խոսելով դաշնակցության մասին, ցավալի է նշել, որ այս կուսակցության ղեկավարությունը թե' Սփյուռքում եւ թե' Հայաստանում գրեթե միշտ էլ անկախ նրա երիտասարդ շարքային անդամների ազնիվ ու հայրենասիրական ցանկությունների, վարել է մենաշնորհյալ, արկածախնդրական քաղաքականություն՝ վնասելով տասնյակ տարիների այդքան բաղձալի ազգային միասնությանը: Նույն քաղաքականության հետեւանքով կուսակցական շարքերը ինքնակամ լքել են հազարավոր երիտասարդներ, իսկ շատերն էլ հեռացվել են այլ եւ այլ պիտակավորումներով:

Կուսակցությունը ազգայինի եւ ազգային արժեքների պահպանման գաղափարախոսության ներքո գործում է առավել աղանդավորական կրոնական սկզբունքներով առաջնորդվող շարժումների մեթոդաբանությամբ, որի համար հայ լինելուց առաջ կարեւոր է անհատի կուսակցական, այս պարագայում դաշնակցական լինելը: Հույսով ՀՅԴ երիտասարդ սերունդը հիմք ունենալով դարաշրջանի ազատ շունչը եւ ոգին, կմնան կուսակցության շարքերում եւ կպայքարեն կուսակցության ինքնամաքրման եւ ազատականացման համար՝ ի խնդիր իրենց որդեգրած ազգային նպատակների: Ինքնաքննադատությունը յուրաքանչյուր կազմակերպության հզորացման եւ նպատակներից չշեղվելու միակ միջոցն է: Այդ պարագայում միայն ՀՅԴ–ն ձեռք կբերի հասարակության որոշակի խավերի աջակցությունը եւ համակրանքը: Չմոռանանք նշելու նաեւ, որ Դաշնակցության վերնախավը մեկ է, եւ չկա տարբերություն Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ:
 
Այժմ երբ յուրաքանչյուր անհատի եւ կազմակերպության համար հայրենիքին ծառայելու համար բաց է ասպարեզը եւ չկան խոչընդոտություններ եւ արգելքներ, հարկավոր է օրինական բոլոր թույլատրելի միջոցներով եւ խելամիտ առաջարկություններով աջակցել նոր իշխանություններին՝ տեղին նաեւ, որպես ընդդիմադիրներ կառուցողական քննադատություններով եւ ծրագրերով աշխատել շտկել թերություններն ու բացթողումները:
Սփյուռքում գործել եւ գործում են հազարավոր այլազան կառույցներ եւ կազմակերպություններ, որոնք չեն պատկանում որեւէ կուսակցության եւ որոնք կազմում են Սփյուռքի կառույցների առանցքը: Դաշնակցությունը եւ այլ կուսակցություններ ունեն իրենց ուրույն դերը, բայց այդ դերը չի կարելի եւ սխալ է գերագնահատել: Հայաստանի անվտանգությանը եւ ազգային շահերին սպառնացող ամեն մի քայլ հանդիպելու է Սփյուռքի բացարձակ մեծամասնության հուժկու պատասխանին:

Իսկ այժմ, ամեն ժամանակներից առավել, կարիք ունենք Սփյուռքում համատեղ գործակցության եւ միասնական ջանքերի՝ հանուն Սփյուռքի ներուժի կազմակերպման եւ հանուն հայրենիքի անվտանգության եւ զարգացման:

Եվրոպայի հայերի համագումար
9 դեկտեմբեր 2019
Շվեդիա
Բաժին՝ Աշխարհում
Էջ 1, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: