Արխիվ Հուլիսի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018 12:57

«Օտար ուժերին» ծառայելու մասին

«Կաթողիկոսների հետ հանդիպումներիս հուշերը հանրայնացնելու նպատակն այն է, որ գոնե մեր գալիք կաթողիկոսները չլինեն այնպիսին, ինչպիսին ունենք և ունեցել ենք: Ես թաքուն հույս եմ փայփայում, որ այս պատմությունները լսելով, թե´ Գարեգին Բ-ն, թե´ Արամ Ա-ն մի քիչ կկարևորեն համեստությունը, կմտածեն, որ ճիշտ չէ այնքան կտրված լինել սեփական հոտից, որքան որ կան: Ես ուզում եմ, որ մենք ունենանք ժողովրդական, ազգային կաթողիկոսներ, որոնց համար սեփական հոտի հոգսը գերագույն խնդիր կլինի, որոնց կյանքը, ամեն ապրած օրը սեփական ազգի համար կլինի, ոչ թե անձնական կյանքի, կամ այն կառույցի, որոնց պետն են իրենք»: Այս մասին իր տեսաբլոգում հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով նաև «օտար ուժերին» ծառայելու մասին որոշ հոգևորականների կողմից հնչող զրպարտանքներին՝ նշելով, որ Հայ առաքելական եկեղեցին է իր պատմության մի տևական շրջան ծառայել օտար ուժերին՝ բերելով մի շարք օրինակներ և բացառիկ լուսանկարներ: «Ով-ով, բայց Հայ առաքելական եկեղեցին այն կառույցը չէ, որ կարող է ոչ միայն ինձ, այլև որևէ հայ մարդու այդպիսի մեղադրանքներ ներկայացնել»,- ասել է Կարապետյանը՝ համեմատելով այդպիսի գործելաոճը ադրբեջանցիների գործելաոճի հետ:

Երբ գրանցվեց «թավշյա հեղափոխություն» անվանումը կրող գործընթացի հաղթանակը, և տեղի ունեցավ իշխանափոխություն, հայաստանյան հասարակության մեջ բավականին լուրջ արտաքին քաղաքական ակնկալիքներ ձևավորվեցին։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ ակնկալիքները ձևավորվել էին նաև իշխանության մեջ, և դրանք հիմնականում, ըստ նրանց, պայմանավորված էին նրանով, որ Եվրամիությունը, Արևմուտքը, գնահատելով հեղափոխության խաղաղ, ժողովրդավարական եղանակը, բոլորովին այլ աչքով կսկսեն նայել Հայաստանին։

Եվ անցած շաբաթ Բրյուսել մեկնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրոք լուրջ սպասելիքներ ուներ, որ բրյուսելյան հանդիպումների արդյունքում կունենա կոնկրետ առաջարկներ, խոստումներ, գուցե նաև ինչ-որ կոնկրետ արդյունքներ։ Սակայն, ինչպես երևում է, ամեն ինչ սպասվածի պես չանցավ: Եվ հենց Բրյուսելի օդանավակայանում Նիկոլ Փաշինյանը բավականին ուշագրավ հայտարարություններ արեց լրագրողների մոտ։ Լուրջ հավակնություններ ունենալով Եվրամիությունից՝ վարչապետը նշեց, որ ԵՄ-ն ձևական առումով շատ ջերմորեն ողջունում է հեղափոխական գործընթացները, սակայն կոնկրետ գործի դա չի վերածվում։ Նույնիսկ առաջարկում է ԵՄ պաշտոնյաներին, եթե աջակցություն չի լինելու, և տարբերություն չեն տեսնելու իր և Սերժ Սարգսյանի իշխանությունների միջև, ապա պետք է տոնայնությունը համապատասխանեցնեն փաստացի գործ չանելու մակարդակին։ Սա, իհարկե, սկանդալային գնահատական էր, որը առաջին հայացքից թվում է, թե օգնում է նույնիսկ էմոցիոնալ տիրույթում:

Բայց այժմ փորձենք հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում պրագմատիկ դաշտում։ 
Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների միակ ակնկալիքը Եվրամիությունից, եթե ուշադրություն չդարձնենք թե՛ նախկինների ու թե՛ նորերի հռետորաբանությանը, այնուամենայնիվ հասկանալի է, որ նախ և առաջ ֆինանսական աջակցությունն է։ Եվ որպեսզի հնարավոր լինի բարձրացնել համագործակցության ձևաչափը ԵՄ-ի հետ, պետք է դիտարկել եվրոպական այս կոնգլոմերատի հայկական հետաքրքրությունները։ Իսկ ԵՄ-ին, ինչպես և աշխարհաքաղաքական ցանկացած ազդեցիկ կենտրոնի, իհարկե հետաքրքրում են Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, վարքագիծը, ԵՄ անդամ երկրների տնտեսական շահերը Հայաստանում, և վերջապես՝ ՀՀ գործուն դերակատարումը տարածաշրջանում՝ նախ և առաջ անվտանգության համատեքստում։

Թավշյա հեղափոխության ընթացքում, առավել ևս իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է, որ արտաքին քաղաքականության մեջ որևէ լուրջ ռեվերսներ չեն լինելու։ Այսինքն՝ Հայաստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը շարունակում է մնալ ՀՀ ռազմավարական գործընկերը, Եվրամիության հետ գործելու է համապարփակ և ընդլայնված համաձայնագրի շրջանակներում և այլն։ Այսինքն՝ արտաքին քաղաքականության ոլորտում պահպանվում է այն, ինչ կար մինչ հեղափոխական շրջանը։ Ավելին, իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը երկու այց է ունեցել Ռուսաստան, կայացել է երկու հանդիպում նախագահ Պուտինի հետ, որոնց ընթացքում Փաշինյանը շատ թափանցիկ հայտնում է իր նվիրվածությունը նախկին ռազմաքաղաքական և տնտեսական դաշնակցային պայմանավորվածություններին, աշխարհաքաղաքական նախասիրություններին միջազգային կազմակերպություններում կոորդինացված գործելու պրակտիկային և այլն։ Այս տեսակետից Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, ԵՄ-ի համար որևէ նոր որակական փոփոխություն չի բերել։

Տնտեսական առումով նույնպես հասկանալի է, որ Հայաստանը՝ որպես շուկա, ԵՄ անդամ երկրներին և եվրաչինովնիկ-բիզնեսմեններին առանձնապես չի հետաքրքրել նախկինում, չի հետաքրքրում նաև այսօր։ Պատճառները տարբեր են, շատ դեպքերում օբյեկտիվ՝ ՀՀ փոքր շուկա, պատերազմական երկիր լինելու հանգամանքը, այժմ նաև անորոշությունը՝ կապված իրականացվող տնտեսական քաղաքականության հետ և այլն։ Գուցե արձանագրվի, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կբերի տնտեսության ազատականացման կամ դեմոնոպոլիզացիայի, սակայն դա հեռանկարային այն գործոնը չէ, որ ԵՄ հետաքրքրությունն արդեն իսկ մեծանա մեր երկրի նկատմամբ։

Անվտանգության գործոնի առումով պետք է ասել, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որն իսկապես կարող է հետաքրքրել Արևմուտքին ու Եվրամիությանը։ Սակայն Հայաստանի՝ արտաքին քաղաքական, ռազմաքաղաքական ռևերսներ չանելու մասին հայտարարություններից պարզ է նաև, որ ՀՀ-ն, տարածքային առումով լինելով իրոք լուրջ գործոն, այնուամենայնիվ, ռուսական ազդեցության գոտի է։ ԵՄ-ն Հայաստանը որպես իր համար պիտանի և հնարավոր անվտանգության գործոն որևէ կերպ չի դիտարկում, քանի որ այստեղ գլխավոր խաղացողը Ռուսաստանն է։ Նույնիսկ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը դարձյալ լիակատար ինքնուրույն գործոն չի դիտարկվում։ Այսպիսով տարածաշրջանային անվտանգության ոլորտում նույնպես Հայաստանը ԵՄ-ին առաջարկելու ոչինչ չունի կամ չի ցանկանում՝ սովորականի պես «ջայլամի քաղաքականություն» վարելով։ 
Բայց այս պարագայում ի՞նչ է առաջարկում Հայաստանը ԵՄ-ին, որի դիմաց լրջորեն ակնկալում է վերջինիս աջակցության ծավալների մեծացում` փորձելով այդ ակնկալիքները տեղավորել «ավելին ավելիի դիմաց» ձևաչափի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը որպես առավելություն առաջարկում է ժողովրդավարությունը։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանը ՆԱՏՕ-ում նշում էր, թե Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի և Արցախի նկատմամբ ոչ միայն մեր դեմ են, այլև առհասարակ ժողովրդավարության։ Փաստորեն, որպես խրախուսման համար ԵՄ-ին առաջարկվող լրացուցիչ «ապրանք» առաջարկվում է ներկայիս Հայաստանի ժողովրդավարությունը։ Պրագմատիկ քաղաքականության մեջ պարզ է, սակայն, որ ժողովրդավարությունը պահանջարկ վայելող ապրանք չէ, այն ընդամենը մեծ քաղաքականությունում մարկետինգային մի գործիք է, որը ցանկության դեպքում օգտագործում են, իսկ եթե ցանկություն չկա, ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում դրա վրա։ Եվ նույն Եվրոպայում շատ են երկրները, որոնք ժողովրդավարությամբ առանձնապես աչքի չեն ընկնում, սակայն գտնվում են հարցեր որոշողների առաջին շարքերում։

Այսպիսով՝ վերոնշյալ երեք ամենակարևոր գործոնները հաշվի առնելով՝ պետք է ասել, որ Հայաստանը որևէ նոր բան չի առաջարկում Եվրամիությանը։ Առաջարկում է չորրորդը՝ ժողովրդավարությունը, ինչը ԵՄ-ում որևէ մեկին չի հետաքրքրում։ Առավել ևս, որ Եվրամիությունն այժմ բավականին ծանր վիճակում է, ունի հսկայական տարաձայնություններ և՛ ԱՄՆ-ի հետ, և՛ քրոնիկ խնդիրներ Ռուսաստանի հետ։ Նկատենք, որ Եվրամիությունն այժմ խնայողական ռեժիմի վրա է և ավելորդ գումարներ չի ծախսում։ Պատահական չէ, որ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին միանգամից արձագանքեց Նիկոլ Փաշինյանին, որ շարժվում են այն ուղեցույցով, ինչ գրված է համապարփակ և ընդլայնված համաձայնագրում։ Համաձայնագրի ընդունումից հետո որևէ բան չի փոխվել, որևէ նոր որակ չի ստեղծվել, սակայն ԵՄ-ն բաց է, և եթե կան առաջարկներ, ապա կարող են արվել։ 
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի առջև նաև հարց է բարձրացնում, որ կա՛մ պետք է առարկայորեն լինեք Հայաստանի հետ, կա՛մ ՀՀ-ն առանց ԵՄ-ի էլ կարող է իր ծրագրերը լուծելու փորձեր անել։ Այս հայտարարությունը նախազգուշացում է, որ սուրբ տեղը դատարկ չի մնալու, և ԵՄ-ն թող չզարմանա, եթե հետագայում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ այլ գործընկերներ էլ ի հայտ գան, ի հայտ գան այն դաշտում, որը Հայաստանը նախատեսում էր Եվրամիության համար։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կա՛մ տոնայնությունն իջեցրեք, կա՛մ աջակցությունը մեծացրեք, խոսում է այն մասին, որ ԵՄ-ն, աղմուկ բարձրացնելով ՀՀ հետ հարաբերությունների համատեքստում, ուղերձներ է հղում նաև առ Ռուսաստան։ ՌԴ-ին թվում է, թե Հայաստանն իր թիկունքում ինչ-ինչ խաղեր է խաղում։ Արդյունքում ԵՄ-ից ոչինչ չստանալով՝ ռուսների հետ մնում է հարաբերությունների փչացման վտանգը։ Ինչևէ, այս ամենը նաև շատ նման է ՀՀ նոր իշխանությունների կողմից քաղաքական սակարկություններ սկսելուն:

Եվ ինչպես երևում է` Եվրամիությունն ընդունել է Նիկոլ Փաշինյանի նետած ձեռնոցը, և սկսել է իր սակարկությունը։ Նկատենք, որ ԵՄ-ն բավականին արագ է փորձում հարցերը լուծել, և նույնիսկ առաջիկայում պատվիրակություն է ժամանելու Հայաստան՝ նշված խնդրի շուրջ բանակցությունները սկսելու համար։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն էլ հայտարարել է, որ ներկայացվելու են ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր։ ՈՒշագրավ է, որ որպես կանոն, նման կետերով աջակցություն ստանում են անկախության առաջին տարիներին։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, դատելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի՝ օրերս արած հայտարարություններից, «հայկական նոր ժողովրդավարությունը» չի տպավորել նաև ԱՄՆ իշխանություններին: Ամենայն հավանականությամբ, այնտեղ նույնպես ավելի շոշափելի և բովանդակային առաջարկներ են ակնկալում ՀՀ նոր իշխանություններից: Մյուս կողմից` գուցե այն, ինչ չի հաջողվում ստանալ Արևմուտքից, փոխհատուցվի Ռուսաստանից, ուր, ի դեպ, մոտ օրերս հերթական այցն է կատարելու վարչապետ Փաշինյանը:

Աղբյուրը՝ Իրատես.am

 
Բաժին՝ Հայաստանում

Վահրամ Սողոմոնյանը` կարևոր և ոչ հաճախ քննարկվող հարցերի մասին: Ի՞նչ տեսական մոտեցումներ կան հեգեմոնիայի վերաբերյալ և որո՞նք են դրա կոնկրետ դրսևորումները: Ինչպե՞ս են կապվում կապիտալիզմի ճգնաժամը, նեոլիբերալ մոդելը և զանգվածային շարժումներն աշխարհում: Ինչպե՞ս կարելի է դիտարկել Հայաստանը այս հարցերի համատեքստում:

«Փաստ» օրաթերթը գրում է.

1988–ից ի վեր Հայաստանում տարվող տնտեսական քաղաքականությունն ի վերուստ սխալ է եղել: Ազատ շուկայական հարաբերությունների քաղաքականությունը, այն էլ՝ շոկային թերապիայի տարբերակով, երբեք չէր կիրառվել մի համակարգում, որը կայացած էր և ուներ իր զարգացման հիմնական ուղղություններն ու միջազգային տնտե ս ա կան կա պ ե րը: Այս մա ս ի ն «Փաստ»–ի հետ զրույցում ասաց «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

 «Ամեն ինչ ապամոնտաժվեց, խզվեցին տնտեսական կապերը, որոնք իրականացվում էին հարյուրավոր գործարանների միջոցով: Եվ պարզ է, որ արդյունքը պետք է այսպիսին լիներ: Ե՛վ սեփականաշնորհման գործընթացը, որն ըստ էության որևէ դրական արդյունքի չբերեց, և՛ հողի սեփականաշնորհումը հանգեցրեցին նրան, որ այսօր մենք ունենք 339 հազար գյուղացիական (այն է թե՝ ֆերմերային) տնտեսություն, մինչդեռ տանն ընդամենը տարեցներն են մնացել: Բացի այդ, 446 հազար հեկտար հողի, որն ունենք, այսօր 30 տոկոսից ավելին պարզապես չի մշակվում: Սրանք խնդիրներ են, որոնք լուծման կարիք ունեն»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Ապակառուցողական քայլերը ապամոնտաժեցին նաև արդյունաբերությունը

Երբ խզվեցին տնտեսական կապերը, մեզ մոտ արդյունաբերությունը սկսեց չաշխատել, ասում է կազմակերպության ղեկավարը: Իսկ այսօր, նախկին համակարգաստեղծ ձեռնարկությունները կամ չեն աշխատում, կամ լավագույն դեպքում աշխատում են նախկին հզորության 5–ից 7 տոկոսի սահմաններում: Այս պայմաններում տոկոսների մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է դառնում, ընդգծում է Վ. Սաֆարյանը, քանի որ խորհրդային տարիներին, օրինակ՝ 88 թվականի ազգային եկամուտը 14 միլիարդ ռուբլի է կազմել, որն այսօր 30 միլիարդ դոլարին համարժեք գումար է: 

«Այդ գումարի 66,7 տոկոսը արդյունաբերության մասնաբաժինն էր, որի մեջ մեքենաշինությանը բաժին էր ընկնում 26, 5 տոկոս, թեթև արդյունաբերությանը՝ 23,5 տոկոս, սննդի արդյունաբերությանը՝ 19,4 տոկոս, իսկ քիմիական արդյունաբերությանը 7, 9 տոկոս: Եվ երբ այս ամենը փլուզվել է, ի հայտ են եկել սոցիալական տարբեր խնդիրներ: Այս պայմաններում, բնական է, որ ժողովրդի մոտ պետք է դժգոհություններ հասունանային, իսկ 88–ից հետո այդ դժգոհությունները խորացան և իրենց հանգուցալուծումը ստացան գործազրկության, արտագաղթի, հուսալքության տեսքով»,– ասաց Վ. Սաֆարյանը: 

Ժողովուրդը պետությունից ունի սպասելիքներ, որոնք հիմնականում վերաբերում են աշխատանքի ապահովվածությանը, ընդգծում է Սաֆարյանը: Չնայած դրան, երեք Սահմանադրություն է ընդունվել, բայց երեքն էլ չեն ամրագրել մարդուն աշխատանքով ապահովելու իրավունքը, ինչն էլ, ըստ նրա, հանգեցրել է սոցիալական անարդարության: «Այսօր իշխանությունները պայքարում են կոռուպցիայի դեմ, փորձում են դրանով ժողովրդի սպասելիքներն ինչ–որ չափով արդարացնել, այսինքն՝ արդարություն վերականգնել, բայց երկրի տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ առայժմ էական քայլեր չեն նկատվում: Այս առումով պետք է լուրջ քայլեր անել արդյունաբերական ներքին և արտաքին կոոպերացիոն կապերի վերականգնման և նորերի ստեղծման, մոբիլիզացիոն արդյունաբերական քաղաքականության վարման առումներով: Ինչպես նաև անհրաժեշտ է ձևավորել արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն, որը ոչ թե ֆունկցիոնալ բնույթ կունենա, այլ լինի նաև ֆունկցիոնալ ճյուղային, այսինքն՝ տվյալ ճյուղը կառավարող և կարգավորող»,– համոզված է կազմակերպության նախագահը:

 

Այս ամենի արդյունքը պետք է ժողովուրդը շուտ տեսնի, քանի որ կգա մի պահ, երբ ներկայի ոգևորությունը և էյֆորիան կմարի: Ու եթե մինչ այդ ներկա իշխանություններն իրենց ծրագրային գործառույթներում կոնկրետ քայլեր չանեն, ոչինչ էլ չի փոխվի, համոզված է Սաֆարյանը:

Տնտեսական աճն ու ժողովրդի սպասումները

Խոսելով տնտեսական աճի ցուցանիշների մասին՝ Վ. Սաֆարյանն ասաց, որ 7 տոկոսանոց տնտեսական աճը ժողովուրդն իր վրա չի կարող զգալ, քանի որ մեր տնտեսական բազան բավականին փոքր է: Եվ, եթե օրինակ, Միացյալ Նահանգներում 1,3 տոկոս, իսկ եվրոպական զարգացած մի շարք երկրներում 1,5 տոկոս աճն էապես նկատելի է, քանի որ տնտեսական բազան մեծ է, ապա Հայաստանում այդ բազայի փոքր լինելու պատճառով 7 տոկոսանոց աճը չի կարող սոցիալ–տնտեսական լուրջ խնդիրներ լուծել: «Հիմնական տնտեսական աճ ապահովող ոլորտն, այդուհանդերձ, այսօր էլ մնում է արդյունաբերությունը, որտեղ արտահանման մեջ կարևոր դերակատարությունը մնում է հանքահումքային արտադրանքին: Արդեն մոտ 40 միլիոն տոննա հանքանյութ ենք տարեկան արդյունահանում, որից կորզվում է 420 հազար տոննա պղնձի խտանյութ: Եվ որպեսզի կարողանանք պղնձի խտանյութից էլ պղինձ ստանալ, որը խտանյութի մեջ կազմում է 26–28 տոկոս, անհրաժեշտ էր պղնձաձուլարան կառուցել: Եվ դա վաղուց էր պետք կառուցել: Դա թույլ կտար, որպեսզի 3,7 անգամ ավելի շատ պղնձի խտանյութ չարտահանենք, որպեսզի 1 տոննա մաքուր պղնձին համարժեք գումար ստանանք»,– ասաց Վ. Սաֆարյանը: 

Խոսելով նախկին արտադրական ձեռնարկությունները՝ էլեկտրատեխնիկան, մեքենաշինական, զարգացնելու մասին, նա նշեց, որ վաղուց պետք էր նաև ներքին կոոպերացիան զարգացնել: Այս մասին կազմակերպության ներկայացուցիչները բազմիցս մատնացույց են արել: Ներկայացրել են նաև այն ոլորտները, որոնք կարևոր են, նույնիսկ ծրագրեր են գրել ու նշել, թե օրինակ՝ ո՞ր տեխնոլոգիայով պետք է պղնձաձուլարանը կառուցել, որպեսզի ծծմբական թթվի փոխարեն ծծմբային օքսիդ ստացվեր: 

«Ամեն ինչ էլ գրել ենք, ասել ենք, բայց նախորդ կառավարությունների օրոք մնացել է ձայն բարբառո հանապատի: Գուցե հիմա, այս կառավարությունը նախորդի սխալները չկրկնելու համար բոլոր իրատեսական և արդյունավետ առաջարկությունները հաշվառի, փորձի դրանք կիրառել և արդյունք ստանալ: Բոլորին է հայտնի, որ մարդկանց սպասումները հիմնականում նրանց սոցիալական վիճակի բարելավմամբ են պայմանավորված: Ուստի այդ ամենը նախ աշխատատեղեր կստեղծի, կկանխի արտագաղթը և հնարավոր կլինի անգամ ներգաղթ կազմակերպել: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի ժողովուրդը և՛ հեղափոխությունից, և՛ նոր կառավարությունից իրեն սոցիալապես բավարարված զգա»,– ասաց Վ. Սաֆարյանը: 

Ներդրումներ

«Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահին հայտնի չէ, թե իշխանությունները ներդրումների մասով ինչպիսի պայմանավորվածություններ են ունեցել և ունենում: Պարզ չէ նաև, թե ներդրումների ինչպիսի ծավալներ արդեն կան, բայց ինչպես ասում են, մախաթը երկար պարկում մնալ չի կարող: Որոշ ժամանակ անց, երբ կոնկրետ տեսանելի լինեն ներդրումները, բոլորն էլ կհասկանան դրանց թե՛ արդյունավետության և թե՛ ասվածն իրականությանը համապատասխանել–չհամապատասխանելու մասին:

Ընդերքն էլ ու՝ վերջ

ՀՀ օրենքով ընդերքը համարվում է պետության սեփականությունը և այն միայն վարձակալության իրավունքով է տրվում այս կամ այն ընկերությանը: Բայց պարզվում է, որ օրենքով վարձակալությամբ վերցված հանք շահագործողը հանքանյութն արդյունահանելուց և պատրաստի կամ կիսապատրաստի հումքը ստանալուց հետո կրկին պետք է պետության հետ պայմանագիր կնքի արդյունահանվածը իրացնելու համար: 

«Հիմա պարզվում է, որ դա էլ չի արվում: Եվ պետք է այս կառավարությունն այս նրբությունների մեջ էլ խորանա և այստեղ նույնպես կարգ ու կանոն հաստատի: Դրա արդյունքում կարող են պետական բյուջե լրացուցիչ եկամուտներ գալ»,– ասաց Վ. Սաֆարյանը: 

Ի դեպ, ըստ կազմակերպության ղեկավարի, Հայաստանում տարեկան մոտ 3,5 տոննա ոսկու և արծաթի համաձուլվածք (դորե) է արդյունահանվում և արտահանվում: Ճիշտ այդքան ոսկի էլ դրսից ենք ներկրում: Ուստի, հարց է ծագում, թե ինչու ենք մի կողմից ոսկու խտանյութն արտահանում, հետո պատրաստին ներմուծում, երբ կարող ենք այն տեղում զտել ու օգտագործել տեղական շուկայում: 

«Եվ կա այդ հնարավորությունը: Պարզապես պետք է, որ բոլոր այն ոլորտներում, որտեղ հնարավոր է պատրաստի արտադրանք ստանալ, կառավարությունն իր ներգրավվածությունն առավելագույնս մեծացնի: Եվ այս մոտեցումը պետք է կառավարության համար դառնա թիվ մեկ խնդիր, որը և՛ աշխատատեղեր կավելացնի, և՛ մեր վարկանիշը կբարձրացնի: Այն վերջապես կօգնի, որ Հայաստանը ոչ թե շարունակի հումքային կցորդ լինել, այլ՝ պատրաստի արտադրանք արտադրող երկիր, ինչը բոլոր առումներով շատ կարևոր է մեզ համար»,– ասաց Վ. Սաֆարյանը: 

Բաժին՝ Հայաստանում
Էջ 1, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: