«ԼՂՀ-ի հետ պայմանագրի շուրջ աշխատանքները կատարվում են»․ Էդ․ Նալբանդյան

27 Ապրիլի 2016

Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ-ում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարցրեց, թե ինչ փուլում է Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը, որի հետ կապված Սերժ Սարգսյանը ապրիլի սկզբին հանձնարարական էր տվել ԱԳՆ-ին:

Ի պատասխան Նալբանդյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է, ընթացքի մեջ է: 

«Դուք պետք է լավ պատկերացնեք, որ դա այնքան էլ պարզ գործընթաց չէ, այլ բավական փորձագիտական և այլ աշխատանքի կարիք ունի: Աշխատանքները ԼՂՀ-ի հետ պայմանագրի շուրջ կատարվում են, երբ պատրաստ լինի, աշխատանքներն ավարտվեն, պետք լինի այդպիսի պայմանագիր կնքելու, կներկայացնենք»,- նկատեց նախարարը:

Քոքոբելյանի մյուս հարցը վերաբերում էր ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի հայտարարությանը, որ շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին: Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե հայտարարության հետ կապված ի՞նչ քայլեր են արվել:

Նալբանդյանն ասաց, որ դիվանագիտության բնույթից և աշխատաոճից ելնելով, ամեն ինչի մասին չէ, որ հրապարակվում կամ հայտարարվում է: Նախարարը տեղեկացրեց, որ այդ կապակցությամբ զրույցներ եղել են ՌԴ ղեկավարության հետ:

«Կան հանդիպումներ, զրույցներ, որոնց մասին ինչ-ինչ պատճառներով նախընտրելի է լինում չհրապարակել: Այդ կապակցությամբ, ինչի մասին դուք ասացիք, այդպիսի զրույցներ եղել են, հանդիպումներ եղել են եւ կարծիքներ եղել են»,- հավելեց նախարարը:

Արձագանքելով Նալբանդյանին՝ Քոքոբելյանն ասաց, որ լավ է, որ զրուց է եղել, բայց լավ կլիներ, որ դա հրապարակային լիներ:

Նալբանդյանն էլ նկատեց, որ իր իմանալով Ռոգոզինը իր ֆեյսբուքյան էջից հանել է զենքի վաճառքի մասին գրառումը:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆամանյանը այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի շարունակման որևէ հեռանկար, որով հակառակորդին կարող ենք ստիպել չկրակել:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ բանակցային գործընթացի հեռանկարները կապված են այն բանի հետ, որ առաջին հերթին վերացվեն այն հետևանքները, որոնք ստեղծվեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում:

«Այսօր միջազգային հանրության և առաջին հերթին եռանախագահող երկրների, Հայաստանի հետ ջանքերն ուղղված են հենց այդ հետևանքների վերացմանը, որպեսզի հնարավորինս բացառեն կրկնությունն այն բանի, ինչը տեղի ունեցավ ապրիլի սկզբին: Եվ հենց դրա մասին է ասել ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովն իր այցելության ընթացքում: Միայն ասեկոսեներ էին, որ ինչ-որ փաթեթ է բերել, ինչ-որ բանակցություններ են ընթանում: Որևէ բանակցություն այս պայմաններում դժվար է վարել»,- ասաց նա:

Նախարարը սին որակեց Ադրբեջանի այն հայտարարությունները, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից:

«Ադրբեջանի կողմից երևի իրենց ցանկությունն է ներկայացվել, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից: Դա սուտ է, Հայաստանը միշտ կողմ է եղել միայն բանակցությունների, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը: Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից, եթե բարձր մակարդակով ինչ-որ հանդիպումներ չեն կայացել կամ հետաձգվել են, դա եղել է Ադրբեջանի պատճառով»,- ասաց Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ, օրինակ՝ վերջերս Վաշինգտոնում ադրբեջանցիները հրաժարվեցին հանդիպել անգամ եռանախագահների հետ:

Էդվարդ Նալբանդյանը նաև նշեց, որ Ադրբեջանը անգամ 1994թ. կնքված եռակողմ զինադադարի ուժի մեջ լինելն է փորձել կասկածի տակ դնել: «Նման փորձեր են կատարվել դիվանագիտական կուլիսներում՝ Վիեննայում, Նյու Յորքում: Եվ եռանախագահները համապատասխան արձագանքեցին: Նրանք ասացին այն, ինչ մենք ենք ասում, որ եռակողմ անժամկետ զինադադարի հաստատման եւ ամրապնդման համաձայնագրերը, որոնք կնքվել են 1994-1995 թթ. ուժի մեջ են և պետք է անխտիր իրականացվեն: Սա միջազգային հանրության, եռանախագահների կարծիքն է: Ադրբեջանն իր քայլով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հակադրվում է միջազգային հանրությանը: Նրանց դիվանագիտության կողմից սխալ հաշվարկներ էին»,- ասաց նախարարը:

Ֆարմանյանը նկատեց, թե միջազգային հանրությունից՝ ի դեմս ԵԱՀԿ նախագահող երկրների, կարելի է ակնկալել, որ կարիք կա ավելի հասցեական, անվանական պիտակավորումների, հակառակ պարագայում` Բաքվում ստեղծվում է տպավորություն, որ միջազգային հանրության կողմից ոչ անվանական, ոչ հասցեական գնահատականները խոշոր հաշվով իրենց մեջ պարունակում են քարտ բլանշ՝ ձեռնարկելու գործողություններ, որոնք մի կողմից կարող են ապակայունացնել տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, երկրորդ հերթին` կասկածի տակ դնել խաղաղ բանակցային գործընթացը:

Ի պատասխան Նալբանդյանը նշեց, որ միջազգային ատյաններում հարցադրումների ժամանակ Ադրբեջանը ձևացնում է, որ տեղյակ չեն, թե ինչպես եղավ, որ Արցախի դեմ ապրիլի 2-ին լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել, տեղյակ չեն, թե ինչքան զոհ են տվել դրա արդյունքում, տեղյակ չեն, թե ինչ է նշանակում այն առաջարկը, որը վերաբերում է հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, տեղյակ չեն ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռանախագահների 5 հայտարարություններից:

«Ես կարծում եմ, որ այդ անտեղյակների  համար կարող ենք հիշեցնել, որ տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից: Եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը կարգի հրավիրի Ադրբեջանին եւ վերադարձնի կառուցվածքային դաշտ: Այն ժամանակ հնարավորություն կլինի նաև բանակցային գործընթացը շարունակել: Իսկ այսօր մեր հանդիպումները ուղղված ենայն բանին, որպեսզի հաղթահարվեն այն հետևանքները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում»,- իր խոսքն ավարտեց Էդվարդ Նալբանդյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: