ԵԱՀԿ Մինսկի խումբ․ արդյոք արդարացի լուծում գտնելու ընդունակ է

09 Ապրիլի 2016

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այսօր Երևանում հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման նոր փաստաթուղթ չկա: «Այսպես կոչված՝ Լավրովի փաստաթուղթ չկա»,- ասաց նա:

Ըստ համանախագահի՝ իրենց խոսակցությունների ու հանդիպումների ընդհանուր եզրակացությունն այն է, որ կողմերը մտադիր են պահպանել հրադադարի ռեժիմը, որի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում: Սկզբունքորեն կողմերի միջև կա ընկալում, որ պետք է նստել բանակցային սեղանի շուրջ:

Պոպովի խոսքով՝ չկա նոր առաջարկություն, կան համանախագահների առաջարկներ: Դրանք քննարկվել են վերջին տարիների ընթացքում, կան մի քանի տարբերակներ, որոնք հիմնված են երեք սկզբունքի և վեց բաղադրիչների վրա: Երեք սկզբունքներն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Ըստ նրա՝ սրա մասին է խոսք եղել, երբ խոսել են, այսպես կոչված, Լավրովի փաստաթղթի մասին: Իսկ բաղադրիչներից նա կարևորեց երկուսը՝ տարածքների վերադարձ և Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում:

Ինչ վերաբերում է խաղաղապահներին՝ նա ասաց, որ խաղաղապահ գործունեության հարցը դիտարկվում է կարգավորման եզրափակիչ փուլում:

Իգոր Պոպովը լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

«Մենք ելնում ենք այն բանից, որ խաղաղ պայմանագրին նախորդող շրջանակային պայմանավորվածության հարցում սա առանցքային կետ կարող է դառնալ»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք համանախագահները չեն գիտակցում, որ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Պոպովը պատասխանեց. «Այդ թեման բանակցությունների առարկա է»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդիոն էլ ասաց, որ իրենց մանդատը չէ՝ հետաքննել և պարզել՝ Հայաստանն է սկսել լայնածավալ ռազմական գործողությունները, թե Ադրբեջանը:

«Մեր մանդատը չէ դիտարկել, թե ով է սկսել առաջինը: Մենք չենք զբաղվել դրանով: Մեզ համար կարևոր է, որպեսզի քաղաքական բանակցությունները շարունակվեն, և հրադադարի ռեժիմը պահպանվի»,- ասաց նա: Այս միտքը հաստատեց նաև Իգոր Պոպովը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համար կարևորագույն հարց է այն, որ Մոսկվայում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը պահպանվի, և որ սկսվեն քաղաքական բանակցությունները: Այս մասին նշեց ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիուն:

«Ինչ վերաբերվում է հետաքննության մեխանիզմներին, ապա մենք մի քանի տարի է դրա մասին խոսում ենք, և դա կլինի մեր աշխատանքի շարունակությունը»,- ասաց ֆրանսիացի համանախագահը:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: