«Լրագրողների միավորում» ՀԿ-ի կոչը՝ Հ. Աբրահամյանին, Վ. Գասպարյանին, Գ. Կոստանյանին և Ա. Հովսեփյանին

07 Դեկտեմբերի 2015

2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն ընթանում է մի շարք խախտումներով:
Ինչպես ահազանգում են լրատվամիջոցները՝ հանձնաժողովի անդամները, «Այո»-ի ճակատի կողմնակիցները, իշխանության վստահորդները խոչընդոտում են ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչների և հատկապես լրագրողների մասնագիտական գործունեության իրականացումը:

Մասնավորապես թիվ 9/11 տեղամասից հանձնաժողովի նախագահը ստիպել է դուրս հանել մի քանի լրագրողի:

36/39 տեղամասի (Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք) հանձնաժողովի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվել է «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին գրանցելուց:

26/16 տեղամասում (Չարենցավան) ժամը 12.02-ի դրությամբ ՏԸՀ անդամները սպառնացել են տեղամասից հեռացնել «Ասպարեզ» կայքի լրագրող Սոնա Թադևոսյանին:

ՀՀԿ վստահված անձը բռնություն է գործադրել «iLur.am» լրատվական կայքի լրագրողի նկատմամբ, կոտրել է տեսախցիկն ու վնասել լրագրողի վկայականը:

Կոմիտասի շուկայի մոտ տեղակայված «Այո»-ի շտաբերից մեկի մոտ ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տևական ժամանակ կոպտորեն խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի աշխատանքը, հրել, քաշքշել և թքել լրագրողի վրա՝ նրան թույլ չտալով մոտենալ շտաբին:

Վերը նշվածները վկայում են, որ իշխանությունները կողմնակից են քաղաքացիների ընտրության իրավունքի ոտնահարմանը, իսկ այն, որ ոմն հանձնաժողովի նախագահ կարող է թույլ չտալ լրագրողներին աշխատել ընտրատեղամասում, խոսում է Հայաստանում գործող խոսքի անազատության կողմնակից իշխանության մասին, որին ձեռնտու է իրավախախտումներով լի հանրաքվեի անցկացումը:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում իշխանությանը՝ իրենց հրահանգներով կանխել լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը:
«Լրագրողների միավորում» ՀԿ-ն, որպես «ԱՅՈ»-ի շտաբի պետի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կոչ է անում իրավիճակը փոխել անձնական վերահսկողությամբ և հրաժարվել «արջի ծառայությունից»՝ հրապարակավ հայտարարությամբ, կանխել լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում ոստիկանությանը, Քննչական կոմիտեին ու Դատախազությանը՝ իրականացնել անաչառ քննություն և համապատասխան պատասխանատվության ենթարկել մեղավորներին ու անմիջական հրահանգողներին:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տեղեկացում է, որ հետամուտ է լինելու լրագրողների նկատմամբ իրականացված ապօրինի գործողություններին, իսկ օրենքի սահմաններից դուրս գործողների համար համապատասխան պատիժ չսահմանելու դեպքում՝ խոսքի ազատության խոչընդոտման, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի խախտման դեպքերի մասին կտեղեկացվեն միջազգային կազմակերպություններն ու համապատասխան մարմինները՝ վերջ դնելու համար Հայաստանում լրագրողների նկատմամբ ճնշումների սովորույթին:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: