Ռուս-թուրքական նոր ու վտանգավոր հարաբերություններ

28 Նոյեմբերի 2015

Ռուսական «SU 24» կործանիչի ոչնչացումը շրջադարձային լինելուց բացի, երկար ժամանակով ռուս-թուրքական հարաբերությունները ծայր աստիճան լարվածության կարող է հասցնել։ Անվստահությունը և Բաշար Ասադի ճակատագրի վերաբերյալ տարակարծությունները վատ հանգրվանի են հասել։ Անցնող մեկ շաբաթվա ընթացքում անդադար խոսվում էր Սիրիայի թուրքերի դեմ իրականացված ռազմական գործողությունների մասին։ Այս առումով կարևոր է այն, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանագծին գտնվող Ժաբալ թրքան շրջանը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար։ Նախ՝ այդ շրջանը համարվում է Թուրքիայի և Սիրիայի թուրքերի միջև կապող մի կետ, երկրորդ՝ Թուրքիան անհանգստացած է Սիրիայի բանակի վերջին հաջողություններից։ Չի բացառվում նաև, որ ռուսական զինուժի օգնությամբ սիրիական բանակի առաջխաղացումը պատճառ դառնա, որ թուրք-սիրիական սահմանի թուրք բնակչությամբ գավառները դառնան թիրախ՝ սիրիական բանակի համար։ Իսկ ամենակարևորն այն է, որ եթե սիրիական ուժերը գրավեն այդ շրջանը, կարևոր խաղաքարտ կունենան բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։ Այդ շրջանում է գտնվում նաև Կարմիր լեռը, որը ռազմավարական կարևոր կետ է։

Դե, քանի որ Սիրիայի ամենակարևոր զինակիցը Ռուսաստանն է, հետևաբար այս ամենից հետևում է, որ ռուս-թուրքական սուր հակամարտության շեմին ենք, թեև հասկանալի է, որ այն պատերազմի չի վերածվի, պարզապես վերջին ամիսներին այդ երկու երկրների միջև անընդհատ զարգացող սիրաբանությունն ավարտվեց։

Մոսկվան երբեք չի ների իր ինքնաթիռի կործանումը, և շատերը դեռ պատասխան հարվածի են սպասում։ Արդեն շատերը խոսում են նոր սկիզբ առնող պատերազմի մասին, սակայն հստակորեն հասկանում են բոլորը, որ Անկարայի կամ Մոսկվայի սանձազերծած յուրաքանչյուր գործողություն ճակատագրական է լինելու, առաջին հերթին, Սիրիայի համար։ Միևնույն ժամանակ բոլորը լավ գիտեն, որ Թուրքերի դեմ ամենաազդեցիկ միջոցը քրդական գործոնն է։ Արդյոք Մոսկվան քայլեր կձեռնարկի քրդերին օգնելու համար։

Վերջերս ռուսական քաղաքական օղակները, մասնավորապես, ոչ այնքան լրջմիտ Ժիրինովսկին, շատ են խոսում Հայկական հարցի վեր հանման մասին, ինչը ժամանակին հենց ռուսների պարտադրանքով կանխվել էր, իսկ այսօր պատեհ առիթ է ստեղծվել այն օգտագործելու՝ Թուրքիային պատժելու համար։

Հայ քաղաքական գործիչները, և ոչ միայն նրանք, տարաբնույթ մեկնաբանություններ են կատարում․ ոմանք վիրավորական են համարում Հայկական հարցը ըստ պատեհապաշտության օգտագործելը, ոմանք համարում են, որ պատմական պահն ստեղծվել է՝ մեր սպասումներն իրականություն դարձնելու համար։

Սակայն անցնենք Թուրքիայի գործողությունների դիտարկմանը։ Թուրքիան միշտ տեղյակ է եղել դեպի Սիրիա ռուսական օդուժի տեղաշարժման և թռիչքների մասին։ Ռուսական ինքնաթիռները Սիրիա ուղևորվելիս, նույնիսկ եթե հատեին թուրքական սահմանի ինչ-որ հատված, ապա թուրքական կողմը վստահորեն գիտեր, որ իր բնակչությանն ու տարածքին որևէ վտանգ չի սպառնում։ Սակայն դա չխանգարեց, որ թուրքերը ռազմավարական դաշնակցի հետ բախումնային իրավիճակ ստեղծեն։

Բաշար Ասադը միշտ հայտարարում էր, որ Թուրքիան ակտիվ դեր է կատարում տարածաշրջանում, մասնավորապես, Սիրիայում պատերազմ հրահրելու համար։ Արդյոք դրանով թուրքերը չէին ուզում իրականացնել պանթուրքիզմի, նոր օսմանական իրենց ցանկությունները, արդյոք դա չէ՞ր պատճառը, որ Թուրքիան հայտարարելով ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստակամության մասին, միևնույն ժամանակ օգնում էր Ասադի հակառակորդներին։

Չնայած գործադրած մեծ ջանքերին, ամեն ինչ Թուրքիայի ծրագրերի հակառակ էր լինում։ ԻՊ-ի դեմ ռուսական ռազմական գործողությունների հետևանքով Թուրքիան կորցրեց իր հույսերը տարածաշրջանի հետ կապված, միևնույն ժամանակ զրկվեց ԻՊ լիդերների հետ նավթի առուվաճառքից ստացած շահույթից։ Ավելի հաճախ էին տեղեկություններ սպրդվում ահաբեկիչների հետ Անկարայի կապի մասին։ Դրանք այնքան բացահայտ էին, որ Անթալիայում տեղի ունեցած քսան պետությունների գագաթաժողովի ժամանակ Պուտինը փաստեր բերելով հայտարարել էր ահաբեկիչներին ցուցաբերվող Անկարայի և Սաուդյան Արաբիայի օժանդակության մասին։ Էրդողանն այդ ակնհայտ բացահայտումների դեմ ոչինչ չի ասել, բայց խփեց ռուսական ինքնաթիռը։

Թուրքիան վստահ լինելով, որ կստանա ՆԱՏՕ-ի պաշտպանությունը, վտանգավոր խաղ է սկսել՝ ցանկանալով տարածաշրջանում գերիշխանության հասնել։ Առայժմ, կարծես թե, ՆԱՏՕ-ն ընդունել է Թուրքիայի փաստարկներն՝ իր օդային տարածքը պաշտպանելու հիմնավորմամբ ռուսական ինքնաթիռը կործանելու մասին։ Սակայն անկանխատեսելի են Մոսկվայի քայլերը։

Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբն արդեն հայտարարել է, որ այսուհետև ռուսական ռմբակոծիչներն իրենց խնդիրը լուծելու են կործանիչների պաշտպանության ներքո, իսկ «Մոսկվա» հածանավի հակաօդային պաշտպանության համակարգերը Լաթակիայի ափերի մոտ հետևելու են թուրքերի գործողություններին։ Ռուսաստանն ավելի է ուժեղացնելու պայքարը ԻՊ դեմ և շուտով վերահսկելու է թուրք-սիրիական սահմանը։ Իսկ Թուրքիան, որն արդեն իր գործողություններով վտանգի տակ է դնում ողջ աշխարհը, շատ շուտով, ամենայն հավանականությամբ, կզրկվի նաև ՆԱՏՕ-ի պաշտպանությունից, սակայն հազիվ թե զերծ մնա նոր սադրանքներ իրագործելուց։ Հիմա Էրդողանի համար իր հեղինակությունը բարձրացնելու նոր շրջան է սկսվում, որի համար նրա պես անզուսպ մարդն ընդունակ է ամեն սադրանքի։

Իսկ որն է լինելու մեր գործողությունների ծրագիրը։ Առաջին կարևոր պայմանն, իհարկե բռունցքվելն է։ Մեր պատմական ու դարավոր երազանքի իրականացման պահը գուցե թե մոտ է, եթե մենք էլ համարձակ քայլեր կատարենք ու դեն նետենք փոքր ու տկար լինելու սուտ հորինվածքը։ Նախադրյալները նաև մեզ համար են կարևորվում և հաջողության հասնելու պայմաններ ստեղծում։ Մեր թշնամին հյուծված ու ախտավոր է, իսկ մեր դաշնակիցն ավելի է ուժեղանում նաև մեր աջակցության վրա հույս դնելով, որից կարող ենք օգտվել, վերագտնել մեր հայրենիքի բզկտված հատվածը, հզորանանք և կարողների շարքում մեր տեղը գրավենք: Ամեն ինչ մեզնից է կախված, այլ ոչ օտարի ցանկությունից և ուժից:

 

Ռուբինա Ռաֆայելյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: