Ծանր և բարդ իրավիճակում սահմանադրություն չեն փոխում

26 Օգոստոսի 2015

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 24.0%-ով: Ոչ թե 2.4 կամ գոնե 3 տոկոսով, այլ 24 տոկոսով: Ներմուծումն էլ կրճատվել է 30.7%-ով: Արտահանումը, որն առանց այն էլ խայտառակ վիճակում է, կրճատվել է 4.4 անգամ:

Բնականաբար, կառավարության ներկայացուցիչները, իշխանության սպասարկուները կսկսեն մեզ համոզել, բացատրել, որ այս անկումն իրականում աճ է, առաջընթաց, և որ շուտով ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ նոր վերահաշվարկ կլինի, և բոլորովին այլ պատկեր կլինի:
Իսկ որ Հայաստանի տնտեսության համար չափազանց բացասական ազդանշաններ են գալիս Ռուսաստանից և Ղազախստանից, իշխանությունները թքած ունեն: 
Ռուբլին լողալով անկում է ապրում, ղազախական թենգեն կրկին գլորվեց անդունդը: Մեկ օրվա ընթացքում թենգեն արժեզրկվեց 33 տոկոսով։ Այս լուրերը իշխանությանը վերահսկվող լրատվամիջոցներով այնպես է մատուցվում, ինչպես մի աննշան, ոչ կարևոր իրադարձություն: Իսկ իրականում այս լուրերը մեզ հուշում են, որ առաջիկայում Հայաստանին նոր տնտեսական ցնցումներ են սպասվում: Եվ եթե մի օր արթնանանք ու  հայտնաբերենք, որ Հայաստանում դոլարի պակաս կա՝ չզարմանաք: Վերջին հաշվով այս նեղ վիճակում ռուսաստանցիները Հայաստանում ունեցած իրենց ընկերությունների միջոցով կարող են հսկայական գումարներ դուրս բերել:
Ի դեպ, իրավիճակը, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ Չինաստանում: Տնտեսությունը սպասվածի նման չի աճում, յուանն արժեզրկվում է, և դժվար է հավատալ, որ այս վիճակում չինացիները մեզ կարող են ֆինանսապես աջակցել:
Եվ փոխանակ կենտրոնանանք այն խնդրի վրա, թե ստեղծված իրավիճակում ինչ պետք է անենք, ինչ քայլեր պետք է ձեռնարկենք սպասվող հարվածները մեղմելու կամ շրջանցելու համար, իշխանությունները պատրաստվում են մի նոր արկածախնդրության՝ սահմանադրական հանրաքվեի:
Ցինիզմով աչքի ընկնող Գալուստ Սահակյանն էլ վերցրել և հայտարարել է, թե պատրաստվում ենք հանրաքվեն նշանակել սեպտեմբերի վերջին: Ընդգծենք, որ այս իրավիճակում մեզ ոչ մի սահմանադրական փոփոխություններ էլ պետք չեն, բացի այդ, եթե նույնիսկ պետք լինեին, սա այն հարցն է, որ նման շտապողականություն չի կարելի թույլ տալ:
Հիմա պետք է ընդամենը սթափվել և սառը ուղեղով հայտարարել, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրների պայմաններում սահմանադրական փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է: Իսկ ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանին, ապա եթե նա սիրում է ցինիզմը, ապա թող ցինիկ կատակներ և հումորներ անի իր ընտանիքի ներսում:
Եվ ամենակարևորը: Չի կարելի այսքան անտարբեր լինել մեր ընդհանուր տան՝ Հայաստանի ճակատագրի հանդեպ: Չի կարելի անձնականն այդքան վեր դասել պետական շահից: Ի վերջո չի կարելի հանուն նեղ անձնական շահերի վտանգել պետության անվտանգությունը: Եկեք կանգ առնենք և զբաղվենք ավելի կարևոր և լուրջ խնդիրներով:

Վարդան Մխիթարյան 

Աղբյուրը՝ http://top-news.am/7/1/news/50581.html

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: