Հայ ազգային կուսակցությունների մասին և ոչ միայն․․․

23 Օգոստոսի 2015

Մեծ կարևորություն տալով հոդվածում արտահայտված մտքերին, կարծում ենք, այն օգտակար և անհրաժեշտ է մեր հասարակության բոլոր շերտերի համար։ Թեև հոդվածագիրը մտահոգություն է արտահայտում կուսակցությունների հանդեպ վերաբերմունքի մասին, սակայն այն ավելի ընդհանրական է մեր ազգի համար։ Այդ է պատճառը, որ նպատակահարմար գտանք ամբողջությամբ վերատպել հոդվածը։

Ազգային-ավանդական կուսակցությունների թեման շատ հաճախ որպես թիրախ է ներկայանում Հայաստանի մի շարք լրագրողների համար։ Հայաստանի անկախության ամրապնդումից ի վեր, մինչ այդ սփյուռքում գործունեություն ծավալող այդ կուսակցությունները տարբեր առիթներով դարձան ոչ միայն հետաքրքրության առանցք, այլև վատ լրագրության, շատախոսության և պարսավանքի առարկա։ Տեղին չէ քննարկել այս երևույթի տարբեր շերտերը և հանգամանքները, սակայն տեղին է արագ նշումներ անել, որովհետև հարցը չի սահմանափակվում հերթական լրագրության սահմաններում։

Ի՞նչ են ուզում այս կուսակցություններից և ինչո՞ւ է հեգնական մոտեցում ցուցաբերվում նրանց հանդեպ։ Տակավին ինչո՞ւ է այս երկդեմ մոտեցումը, երբ հարցը դիտվում է (կամ շատերը որոշ ճիգ են գործադրում այդպես ներկայացնելու) սփյուռք-Հայաստան գոյություն չունեցող երկփեղկման ակնոցով։

Պարոնայք, ի՞նչ երկփեղկման մասին է խոսքը, երբ սփյուռքի ծանր պայմաններում ապրած և մաքառած այդ կուսակցություններն ամեն գնով փորձեցին ու դեռ փորձելու են զորավիգ լինել Հայաստանին։ Երկփեղկո՞ւմ է, երբ այդ կուսակցություններն ամեն առաջնահերթություն մի կողմ դրած, իրենց քաղաքական-տնտեսական բոլոր սլաքներն ուղղում են դեպի Մայր հայրենիք։

Այո, Մայր հայրենիք։ Այդ կուսակցությունների համար Հայաստանն, ի հեճուկս իր բոլոր խարխափումների և անկումների՝ շարունակում է մնալ Մայր հայրենիք։ Եվ այդ որակումը սոսկ կեղծ ու շահադիտական որակում չէ։ Այս ընդհանուր իրավիճակից ելնելով, կարիք չկա հիշեցնելու, որ ազգային-ավանդական կուսակցությունների Հայաստանի հանդեպ անցյալի, ներկայի և վաղվա առկա պաշտամունքը գոյութենական իմաստ ունի։ Այդ պաշտամունքը մտային մարզանքների, լրագրողական աճպարարությունների, կուսակցական ներքին վեճերի մասին լուր սարքելու և ընթերցողներ գրավելու միտման նման չի։ 

Սփյուռքի սերունդների համար կուսակցական պատկանելիությունը ոչ միայ ազգային ըմբռնում է, այլ կյանքի ոճ։ Այդ մասին են վկայում Միջին Արևելքի գաղութներում մոտ անցյալի դեպքերը։ Այդ մասին են պատմում բազում զոհողություններով, իսկ հաճախ արյունով պահած ու պահպանած հայկական թաղամասերը (Բեյրութ և Հալեպ), հայերի անվտանգությունը պաշտպանելու անհետաձգելի գործի տարբեր հանգրվանները։

Այս ամենը, պարոնայք, հոդվածներով չեն իրականացվել։ Այս բոլորը շահերի, աթոռների, պաշտոնների կամ մեդալների մակարդակով չեն իրականացվել։ Այս բոլորը կյանքով, արյունով և զոհողությամբ է իրականացվել։ Եվ, ամենակարևորը, սփյուռքի մոտ անցյալի և այսօրվա ղեկավարությունը Հայաստանին դաս տալու միտումներ երբեք չի ունեցել և չունի։

Տարբեր պայմանների բերումով դարձյալ իրենց նվիրումով տոգորված այդ կուսակցությունները ծանր հարվածներ ստացան Հայաստանում։ Նրանք պառակտման եզրին հասան։ Տարբեր հաշիվներով, տարբեր զուգադիպություններով և տարբեր քաղաքական հանգամանքներում այդ կուսակցությունների վարկը փորձության նժարին դրվեց։ Սակայն հաղթողը եղավ ոգին։ Ու այսօր եթե Հայաստանում կուսակցությունների հանդեպ համընդհանուր անվստահության և անհավատության իրավիճակ է տիրում, ապա նույնը չէ սփյուռքում։

Այնտեղ խնդիրն այլ է։ Այնտեղ մարդիկ կան (և լավ է, որ դեռ կան), որոնք հավատում են իրենց գաղափարներին։ Այնտեղ մարդիկ կան, որոնք իրենց կյանքը շաղախել են իրենց դավանած կուսակցություններին։ Եվ մարդիկ կան, որոնք գիտեն ժամանակավորը զատորոշել անցողիկից։ Տակավին չեմ խոսում երիտասարդ սերունդների մասին, որոնց հոգեմտավոր ամենամեծ արժեքը Հայաստանն է։

Մեկ առիթով Վահե Օշականը խոսելով Հայաստանի անկախության առաջին տարիներին սերտաճող վատ իրավիճակի, հատկապես նահանջների մասին, գրում էր սփյուռքի՝ ավանդներին կառչած մնալու մասին։ Մտավորականը հավատում էր, որ միայն սփյուռքում ստեղծված նվիրվելու կամքով է, որ Հայաստանը պիտի կարողանա թոթափել բոլոր հոռի բարքերը։ Խոսքը երկվության մասին չէր, այլ նվիրվածության, պատրաստակամության և զոհաբերության մասին էր։ Օշականը լավ գիտեր, որ առանց այդ ոգեղեն արժեքների անկարելի էր հաղթել Արցախում և անկարելի էր պահել սովետական պրագմատիզմից և շահակցական ընկալումներից նոր աչքերը բացող մեր երկիրը։  

Այսօր էլ նույնն է։ Սփյուռքի հայ ժողովուրդը չի ընտրել իր ճակատագիրը։ Շատերը մոռանում են, որ սփյուռքը հետևանք է և ոչ նպատակ։ Հայ ազգային կուսակցությունների համար ևս սփյուռքը հանգրվան է։

Հիմնական ուղին ու վախճանի ամրոցն այսօրվա Հայաստանն է։ Հայ դատի բոլոր երակները Հայաստանով են անցնում։ Երբեմն ուղին կորսվում է, երբեմն այդ հանդիպումն ուշանում է, երբեմն ուղեցույցը խարխափում է, բայց միևնույն է, ուղին մեկն է  և հստակ, ուղին Հայաստանն է։  

Եվ դրա համար է նաև, որ նախքան ստեղնաշարին կամ թղթին մոտենալը՝ այդ կուսակցությունների մասին «սևացրեք»-ի քաղաքականություն որդեգրելուց զգույշ պետք է լինել։ Հեշտ է սպիտակ թուղթը լցնել ընթերցող հավաքելու համար։ Հեշտ է արժեքների համակարգին հարվածելը։ Հեշտ է խելք բաժանելն ու մեծ-մեծ բառերով հայրենասիրություն սովորեցնելը։ Դժվարը դրական տեղաշարժի մասին խոսելն է։ Դժվարը սփյուռքի մեր հայրենակիցների ծով նվիրվածությունը և սերը գնահատելն է։ Եվ դժվարը ազգն ու հայրենիքը պառակտող բոլոր սև բծերը քննադատելն է։ Դրա համար է նաև, որ այսօր ավելի քան երբևէ, պետք է նշմարենք, որ ազգային կուսակցությունների դիմագրաված տագնապները և վայրիվերումները վնաս են  ոչ միայն սփյուռքի ափերով մեկ տարածված հայերի, այլև Հայաստանի համար։

Սփյուռքի հայությունն ավելի քան հարյուր տարի այդ կուսակցությունների հանդեպ իր ունեցած հավատքով ապրեց։ Եվ հակառակ բոլոր բացթողումներին, այդ կառույցների ճիգերն արժանի են գնահատանքի և հարգանքի։ Սրանից դուրս բոլոր մանրամասներն անկարևոր և անցողիկ են։

Սփյուռքի կուսակցություններն ապրելու համար են ստեղծվել։ Նրանք կոչված են տարբեր երանգներ ունեցող սփյուռքի հայությանը դեպի ապահով ափ հասցնելու։ Այդ ճանապարհը դժվարին է։ Այդ ճանապարհը լեցուն է վտանգներով։ Եվ այդ պատճառով է նաև, որ պետք է ամեն գնով կարևորենք այդ կուսակցություններն ու նրանց դերը, զգույշ լինենք մեր խոսքերն արտասանելիս։

Անսակարկ նվիրումով ամրագրված հաղթական հայությունն այսօր ևս կարևոր դեր ունի կատարելու։ Զգույշ պետք է լինենք մեր վերագրումներում։ Հանգիստ թողնենք ազգային-ավանդական կուսակցություններին։

Աղբյուրը՝ «Արևելք» թերթ

Արևելահայերենի վերածեց Փ․ Շահբազյանը

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: