Իրան-ԱՄՆ կռվում հաղթողը Պուտինն է

10 Հունվարի 2020

Գեներալ Սոլեյմանիի սպանության, դրան հաջորդած` ամերիկյան ռազմաբազաներին Իրանի հարված, կարճ ասած` Իրան-ԱՄՆ ծայրոհեղ վտանգավոր ճգնաժանի ամենաէական դրվագները, ինչ խոսք, թվարկված բուն փաստերն էին: Սոլեյմանին, անկախ կշռից եւ դիրքից, Իրանի սուվերեն պետության պաշտոնյա էր, որին մեկ այլ պետություն սպանեց, այն էլ երրորդ պետության մայրաքաղաքում: Եվ Թրամփը, տալով սպանության հարմանը, պարզապես փորձեց ցույց տալ, թե կարող է թքել ամեն մի միջազգային նորմի վրա եւ հարցերը լուծել «չոր» ուժի միջոցով: Իսկ դա նշանակում է` համաշխարհային խաղի հին կանոնները չեղարկված են, չեն գործում:

Եվ մյուս կողմից Իրանը, հարվածելով ամերիկյան բազաներին, ցույց տվեց, որ կարելի է աշխարհում թիվ 1 ռազմական ուժի համարում ունեցող ամերիկյան բանակին թիրախավորել: Սա եւս նշանակում է, որ գլոբալ խաղի կանոնները հիմքից փոխված են:

Աչքաթող չանենք նաեւ այս փաստը. աշխարհը տեսավ նաեւ, որ այդքան փառաբանված ամերիկյան գերտեխնոլոգիական բանակը չկարողացավ անգամ ամենեւին էլ համաշխարհային հրթիռաշինության լավագույն նմուշներ չհանդիսացող իրանական գոնե մեկ հրթիռ չեզոքացնել: Ճիշտ է, ԱՄՆ-ն սկսեց արդարանալ, թե այդ բազայում ՀՕՊ համակարգ չուներ, քանի որ դրա կարիքը չկա, սակայն դա ավսուրդ է: Նախ, կան այդ բազայի լուսանկարները, որպես պարզ երեւում են «Պետրիոտ» համակարգերը: Երկրորդը, բազայում տեղակայված է կործանիչ ավիացիա, որն ինքնին  ՀՕՊ համակարգի բաղկաղուղիչ է: Այսինքն, անգամ մեկ հրթիռ չչեզոքացնելու փաստը ամերիկյան ՀՕՊ պաշտպանության խոցելիության արձանագրումն է: Դրանից հետո, իհարկե, իրեն հարգող ամեն մի պետության հատուկ ծառայություններում լուրջ ուշադրություն կդարձնեն մեկ պարզ հարցադրման վրա. իսկ ի՞նչ պատկեր կլինի, եթե ամերիկյան բանակը գրոհի ենթարկվի ոչ թե իրանական միջին մակարդակի չկառավարվող, այլ, ասենք, չինական, էլ չասած` ռուսական գերժամանակակից հրթիռներով: Մինչդեռ ԱՄՆ-ն վերջին տարիներին իր զորության գրավականներից է համարում Ռուսաստանը ՀՕՊ համակարգերով շրջապատելը: Սակայն Իրանի օրինակը ցույց տվեց, որ այդ համակարգը խոցելի է անգամ սպառազինությունից կամաց-կամաց հանվող ռուսական բալիստիկ հրթիռների համար, իսկ ահա նորագույն հիպերձայնային հրթիռների համար նման պաշտպանական համակարգի լինել-չլինելը որեւէ նշանակություն չունի: Արդյունքում, ամերիկյան ռազմաբազայի վրա իրանական գրոհը աշխարհի աչքին վերածվում է գլոբալ ստրատեգիական բալանսը ոչ ի օգուտ ԱՄՆ-ի փոխող գործոն: Կարճ ասած, տեղի ունեցածը Վաշինգտոնի համար ռազմական, այստեղից էլ` քաղաքական հեղինակության հսկայական կորուստ էր, րը ԱՄՆ-ի համար այս ողջ պատմության ամենամռայլ դրվագն է: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ իրանական հարվածից հետո անգամ ԱՄՆ-ի դաշնակիցները բավարարվեցին միայն «կեսբերան» հայտարարություններով Վաշինգտոնին աջակցելով, սակայն սկսեցին զորքերը հանել Իրաքից` «մեծ եղբորը» մենակ թողնելով: Ու ինչպե՞ս կվարվեն, եթե հանկարծ ԱՄՆ-ը որոշի ուղղակի ռազմական բախման մեջ մտնել ռուսների հետ:

Անշուշտ Թրամփը շատ կցանկանար, իր ասածով, դաժան պատժի ենթարկել Իրանին: Սակայն նա իրթիռային հարվածներից հետո սկսեց բանակցություններից խոսել, ինչը խոստովանություն է, որ չկարողացավ Իրանի հարցը լուծել: Իսկ այդ փաստը Թրամփի եւ ԱՄՆ-ի միջազգային վարկանիշից զատ, նաեւ ծանր հարված հասցրեց Թրամփի ներամերիկյան վարկանիշին, եւ այդ հանգամանքից նրա իմպիչմենտին ձգտող դեմոկրատները, իհարկե, կփորձեն մինչեւ վերջ օգտվել:

Ավելի ճիշտ, այս ողջ իրավիճակը Թրամփի համար երկկողմ թակարդի վերածվեց: Գնալ խիստ անորոշ ելքով պատերազմի, դա Թրամփի համար երաշխավորված ինքնաոչնչացում էր: Չգնալ պատերազմի ուղղությամբ. սակայն այս դեպքում էլ նա արդեն իսկ ընկալվում է որպես մի նախագահ, որի քայլերի պատճառով ամենազորեղ երկրների ցանկում չգտնվող Իրանն անգամ կարող է հրթիռային հարված հասցնել ամերիկյան բազային եւ հեղինակությանն ու անպատիժ մնալ, ավելին` դրանով օրինակ ծառայել ուրիշներին: Այս բեռով նախագահական ընտրությունների գնալը նորից Թրամփի համար ինքնաոչնչացման պես մի բան էր:

Այս իրավիճակում Թրամփին մնում էր մեկ ելք` «պաուզա» վերցնել, ինչը եւ արեց նախօրեին` իր հայտարարությամբ: Այսինքն, պահելով սպառնալիքների տոնը, նա այնուամենայնիվ, փորձեց նաեւ խաղաղարար ներկայանալ, թե ավելի լավ է բանակցել` մեծ պատերազմ թույլ չտալու համար: Սակայն սա ժամանակավոր միջոց է: Այսինքն, պետք է կարճ ժամանակից սկսել բանակցել ու դրանով բացատրել, թե ինչու է «կուլ տվել» ամերիկյան բազայի վրա հարձակումը: Բայց եթե չստացվի բանակցային սեղան ձեւավորել, ապա կմնա կա´մ անցնել ուժի տարբերակին` դրանից բխող թվարկված հետեւանքներով հանդերձ: Կա´մ ետ քաշվել, որը արտաքին եւ ներամերիկյան հարթակում կընկալվի, որպես ԱՄՆ-ի փախուստ` իր հերթին բազում հետեւանքներ առաջացնելով:

Մի խոսքով հասկանալի է, թե Թրամփն ինչու սկսեց բանակցություններ սկսելու փորձեր ձեռնարկել: Սակայն այստեղ կա մեկ խնդիր. Ո՞ւմ միջնորդությամբ: Այն, որ Իրանն ամերիկյան բազային հարվածելու համարձակություն ունեցավ` թիկունքին զգալով Մոսկվայի շունչը, կասկածից դուրս է: Միանշանակ է նաեւ, որ միայն Մոսկվան է, որ ի զորու է նման բանակցային գործընթացում ռեալ միջնորդ հանդիսանալ: Ավելին, համաշխարհային հեղինակություն համարվող մի շարք գործիչներ միայն Պուտինին են տեսնում, որպես նման գործընթաց առաջ տանելու կարող անհատականություն:

Այս թեժ իրավիճակում Սիրիա, ապա` Թուրքիա այցելելով, Պուտինը ցույց տվեց, որ «խաղի մեջ» է: Ավելին, համաշխարհային հեղինակություն համարվող, տնտեսաքաղաքական գործիչ Փոլ Ռոբերտսի գնահատմամբ. «Պուտինը կարող է ոչ միայն միջնորդություն առաջարկել, այլեւ` պնդել: Դա Պուտինի դերն է, որովհետեւ չկա մեկը, ով ունի իշխանություն, ազդեցություն եւ օբյեկտիվություն նման միջնորդության համար»: Եվ նման միջնորդության հիմնական իմաստը, Ռոբերտսի կարծիքով. «Ոչ այնքան Իրանին փրկելն է, որքան Թրամփին պարտված պատերազմից դուրս բերելը, որը կոչնչացնի Թրամփին»: Իսկ թե ինչի դիմաց, ապա Ռոբերտսը կարծում է. «Իրականում Պուտինը կարող է պահանջել այն ամենը, ինչ կցանկանա»:

Իրավիճակը, որը նկարագրում է Ռոբերտսը, ինչ խոսք, միանգամայն տրամաբանական է: Կրկնենք. ամերիկյան ռազմական հեղինակության նման անկումը ստրատեգիական բալանսը նկատելիորեն փոխում է ՌԴ-ի ուղղությամբ: Դրա քաղաքական հետեւանքներն ավելի վաղ էին տեսանելի, երբ Թուրքիան, չնայելով վաշինգտոնյան որեւէ ճնշման, մասնավորապես` ռուսական C-400-ների հարցով իրենը մինչեւ վերջ պնդեց, որը հանգեցրեց նախօրեին կայացած «Թուրքական հոսք» գազատարի գործարկմանը, որի շրջնակներում Անկարան դեպի Եվրոպայի հիմնական գազամատակարարներից մեկը դառնալու լուրջ շանսեր է ստանում: Վաղը նախատեսված է Մերկելի այցը ՌԴ, եւ որ ներկա իրողությունները նկատելիորեն կազդեն նաեւ Եվրոպայի առաջատար Գերմանիայի եւ ՌԴ-ի հարաբերություների վրա, դժվար չէ կանխատեսել: Եվրոպական մյուս առաջատար Ֆրանսիան արդեն իսկ Մոսկվայի հետ այդ կարգի հարաբերությունների մեջ է: Եթե այսքանի հետ մեկտեղ, նաեւ Թրամփն իրեն դրեց Մոսկվայից փրկության ելքի սպասողի դերում, ապա դա մեկ բան է նշանակում` ՌԴ-ին գործնականում հաջողվեց վերականգնել ԽՍՀՄ-ի փլուզմամբ կորցրած իր աշխարհաքաղաքական դիրքերը եւ մի բան էլ ավել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Աղբյուր՝ iravunk.com

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: