Լավրովն ընդամենը մեկն ասաց, հիշողության այլ թարմացումներ կլինեն. թող նախկինները չափը չանցնեն` խայտառակ բաներ կբացվեն

19 Նոյեմբերի 2019

«Առաջին լրատվական»-ը հարցազրույց է անցկացրել Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ։

-Պարոն Կարախանյան, անդրադառնանք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլին։ Վերջին շրջանում ուշագրավ այցեր ու հայտարարություններ հնչեցին Մոսկվայի կողմից. նախ՝ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն այցելեց ու հայտարարեց ռուսական ռազմաբազայի արդիականացման մասին, ապա Երևանում ՌԴ արտգործնախարար Լավրովը հայ-ռուսական հարաբերություններում նոր իշխանությունների քաղաքականությունը դրական համարեց։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ փոխվեց ռուսական քաղաքականությունը Երևանի նկատմամբ, համենայնդեպս, հեղափոխությանը հաջորդող ամիսներին նման սիրալիր վերաբերմունք մենք չէինք տեսնում։

Ես հարցն այդպես չէի դիտարկի։ Ե՛վ այն ժամանակ, և՛ նաև հիմա Ռուսաստանը Հայաստանի հանդեպ դրական վերաբերմունք է ունեցել, և խոսքն ամենևին այն մասին չէ, որ հենց հիմա է փոխվել այդ վերաբերմունքի բնույթը։ Իրականում, Ռուսաստանը միշտ շատ պրագմատիկ, կառուցողական և, իհարկե, իր շահերից բխող քաղաքականություն է վարում Հայաստանի, Հայաստանի իշխանությունների հետ։

Մենք դեռ մեկ տարի առաջ ասում էինք՝ Հայաստանում «սանձազերծված» հակառուսական քարոզչությունն այնքան էր ուժեղացել, որ տպավորություն էր ստեղծվում ԶԼՄ-ներում, տարբեր հարթակներում, թե Ռուսաստանը շատ վատ է վերաբերվում Հայաստանի իշխանություններին ու նոր Հայաստանին։ Ես միշտ եմ ասել, որ Ռուսաստանը շատ լավ է վերաբերվում Հայաստանին, հայաստանամետ, հայաստանակենտրոն, Հայաստանին հզորացնելու քաղաքականություն է վարում։ Պարզապես այդ ձայնը չի լսվում, արհամարհվում է քարոզչական միջոցների, տարբեր շրջանակների քաղաքական հաշվենկատության արդյունքում։ Ես կարծում եմ՝ ոնց եղել է, այդպես էլ շարունակվում է։ Քայլ առ քայլ Ռուսաստանը ցույց է տալու իր դրական մոտեցումները, ցույց է տալու, որ ցանկանում է տեսնել հզոր պետականություն ունեցող դաշնակից այս տարածաշրջանում։

Ես ասել եմ՝ մեկ-երկու տարի հետո այդ դրական միտումներն ավելի առարկայական կլինեն, ու հիմա հենց դա է տեղի ունենում։ Որոշված իրողություն էր, որ պետք է լինի ռազմական օգնություն, եղավ, քաղաքական իրողության հետ կապված, արցախյան հիմնահարցի հետ կապված հստակ հայտարարություն եղավ, ու փաստորեն հիմա դրսևորվում է հայամետ քաղաքականություն այդ հարցով։

 

Նախկին իշխանությունները կամ, ինչպես ընդունված է ասել՝ ռևանշիստները քաղաքական պայքար են տանում ու միշտ ուզում են ցույց տալ, որ այս իշխանությունները աշխատում են Ռուսաստանի դեմ։

-Եվ դա է վկայում նախկին նախագահ Քոչարյանի վերջին հոդվածը։

Այո՛, քարոզչական տիրույթում հենց այդպիսի քաղաքականություն է տարվում,ասում են՝ նորերը հակառուսական են, մենք գանք, պրոռուսական կլինենք։ Բայց Ռուսաստանում դրան նորմալ են վերաբերում, մեծ ուշադրություն չեն դարձնում։ Նախկին իշխանության ուժերը իրենց լոբբիզմով, ֆինանսական հնարավորություններով, ծիծաղելի քարոզչական պղպջակներով ուզում են ցույց տալ, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ վատ տրամադրվածություն ունի։ Բայց սա Ռուսաստանում ընդամենը հակակրանք է առաջացնում։ Կարծես թե իրենք դաշնակից են փնտրում, բայց այդ ծիծաղելի քարոզչությունը Ռուսաստանում նույնիսկ իշխանական շրջանակներում մեծ հակակրանք է առաջացնում։ Կարող է շատ չափն անցնեն, ու Ռուսաստանի արտգործնախարարը ոչ թե ասի, որ Հայաստանի նախկին նախագահի ինչ-որ սխալների պատճառով Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, այլ շատ ավելի մեծ բացահայտումներ լինեն։ Ուղղակի այսօրվա դրությամբ չենք ուզում ամեն ինչ ասել, դատական պրոցեսներ են ընթանում, ու շատ բան չի ասվի այս փուլում։ Բայց կրկնում եմ՝ եթե շատ չափն անցնեն, Ռուսաստանի կողմից հիշողության այլ թարմացումներ կլինեն։ Կասեն՝ գտեք ձեր իշխանության օրոք եղած ֆինանսական մասնավոր խորհրդականներին ու թող ասեն, թե ինչ սխեմաներով եք հանրապետությունից միլիարդներ դուրս բերել օֆշորային ճանապարհներով։ Իրենց քրեաօլիգարխիկ համակարգը, որ հետո վերածեցին ուժային կառույցի ու խառնել էին իրար՝ մարդը պետական գործիչ է, օլիգարխ, թե քրեական հեղինակություն.․․ քիչ թե շատ, խոշոր ձեռնարկությունները բաշխված էին երկու կամ երեք մարդկանց միջև։ Թող չափը չանցնեն, խայտառակ բաներ կբացվեն, եթե այդքան մթագնած է իրենց հիշողությունը՝ Արևմուտքում գտնվող իրենց ֆինանսական կառավարիչներն ամեն ինչ կասեն։

Պետք չէ համացանցը ու մամուլը լցնել անհեթեթություններով, արդյունքը եղավ Լավրովի հայտարարությունը, ու դեռ շատ հայտարարություններ կլինեն, եթե այդպես շարունակվի։ Մարդիկ զրոյից դարձան միլիարդատեր ու անբարոյական ձևով փորձում են դա կապել Ռուսաստանի հետ։ Կարող է առանձին մարդիկ իրենց հետ համագործակցել են, բայց աշխարհաքաղաքական հարց դրանից սարքել պետք չէր։ Օբյեկտիվ իրավիճակը փակված է քարոզչական հիստերիայով։ Մի կողմից այդ հիստերիան սկսվում է նախկինների արդեն շիզոֆրենիայի հասնող շարժումներով, ու մյուս կողմից կա օբյեկտիվ իրականություն։ Ռուսաստանն էլ անում է բնական քայլեր, որից իրենք տարակուսում են, ասում են՝ Լավրովը ցնդե՞լ է, փոխանակ գար մատ թափ տար, ասեր՝ վայ-վույ, ազատեք մարդկանց, նման բաներ է խոսում։ Չեմ ուզում անուններ տալ, բայց դա էլ եմ սխալ համարում։ Եթե թալանի մասին են խոսում, թող գնան ֆինանսական կառավարիչներին գտնեն, որոնք հստակ փոխանցումներ են արել, դուրս են բերել այդ գումարները երկրից։ 10-20 տարի է անցել, բայց դա իրականություն է, զրոյից մարդիկ չէին կարող դառնալ միլիարդատեր, ու պետք էր հենց դրա հետևից գնալ։

Հիմա, որ Լավրովը եկել օբյեկտիվ իրականությունն է ասել, սկսում եք այդ քարոզչությունը տանել Ռուսաստանի դեմ ու նեղանալ, ավելի ուժեղացնել հիստերիան։ Տեղից վեր կացած թալանչիները, նույնիսկ արյան մեջ շաղախվածները ամեն ինչը փորձում են բերել կապել Ռուսաստանի հետ, դրանից հետո նեղանում՝ Ռուսաստանը սենց արեց, նենց արեց։

-Խոսքը գնում էր նաև Պուտինի ու Քոչարյանի անձնական կապերի, անձնական մտերմության մասին։

-Դուք կարծում եք՝ Ռուսաստանն այն երկիրն է, որ կարող էր անձնավորված քաղաքականությո՞ւն վարել՝ այն էլ այս տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ։ Թող չփորձեն մթագնել իրականությունը։ Որտեղ լավ լինի, Ռուսաստանն ասելու է՝ լավ է, որը վատ լինի, կասեն՝ վատ է։ Սա միշտ եղել է, կա, ես մեկ տարի առաջ էլ եմ ասել, որ համագործակցությունը նորմալ շարունակվելու է, ու թող խնդիր չսարքեն։ Հիստերիայի աստիճանը թող չփորձեն բարձրացնել, հասել է նրան, որ ասում են՝ սևը սպիտակ է, սպիտակը՝ սև, դեղինը՝ կանաչ։ Իրենց վիճակն էլ է շատ ծանր, նրանց էլ պետք է հասկանալ, չենք ուզում քննադատենք՝ մարդիկ գումար են ստանում, պետք է ամեն օր քարոզչական շեդևր հորինեն, որ մարդկանց ուղեղները լցնեն։ Բայց դա արդեն սկսում է հակազդեցություն, հակակրանք առաջացնել նույն Ռուսաստանի վերին իշխանությունների մոտ։ Հազար ասացին՝ հանգստացեք, նստեք տեղներդ, թող ամեն ինչ գնա օրինականության շրջանակներում։ Կանեն՝ կգովենք, չեն անի՝ կքննադատենք։ Կարախանյան Սմբատը վեր կկենա ու կասի՝ ՀՀ իշխանություններ ջան, դժվա՞ր է գտնել նախկինների ֆինանսական մասնավոր կառավարիչներին, խորհրդատուներին՝ Հունաստանից, Կիպրոսից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից՝ այնտեղ են, հայտնի է նաև բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների անունները։ Դժվա՞ր է գտնել այն փոխանցումները, որ դուրս են եկել երկրից։ Հիմա դա չեն անում, ՀՀ իշխանությունները զբաղված են քրեական գործերով՝ հարց չկա, դա էլ է կարևոր։ Լուռ նստած սպասում ենք, տեսնենք, թե քննություններն այս ուղղությամբ երբ կգնան։ Թող նախկինները ջրի վրա չփչեն ու իրենց իրավիճակն էլ ավելի չբարդացնեն։

-Լավրովը խոսեց Հայաստանի նախկին ղեկավարներից մեկի մասին, որի օրոք Արցախը դուրս մնաց բանակցությունների սեղանից։ Քանի որ անուն չհնչեցրեց, քոչարյանական շրջանակները նշում են, որ դա Տեր-Պետրոսյանի օրոք է եղել։ Ո՞ւմ նկատի ուներ Լավրովը։

-Լավ է, որ չենք մահացել, կենդանի ենք՝ ամեն ինչ շատ լավ հիշում ենք ու կարող ենք ասել։ Քայլ առ քայլ այդ ամեն ինչն անցել ենք ու տեսել եք։ Ընթացքում եղել ենք և՛ կողմ, և՛ դեմ, և՛ ընդդիմադիր այն ժամանակվա իշխանություններին, տարբեր հարցեր ենք քննարկել ու ինչ-որ բան չի եղել, որի միջով անցած չլինենք։ Հիշում ենք նաև, թե Քի Վեսթում ինչ եղավ, երեք նախագահներից երկրորդն էր այդ որոշում կայացնողը։ Իշխանական թևը, որը եկավ Տեր-Պետրոսյանից հետո, նման հռետորաբանություն ուներ։ Ինքը համարում էր, որ եղել է Ղարաբաղի նախագահը ու հիմա էլ Հայաստանի նախագահն է, ուստի իմաստ չունի, որ ինչ-որ մեկը գա ու իր կողքը նստի։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ նման բան չի եղել, հակառակն է եղել։ Սիրենք թե չսիրենք Լևոն Տեր-Պետրոսյանին, կան փաստական իրողություններ, որոնք ունեն ապացույցներ։ Ու չի կարելի այդպես բացարձակ հիմարություններով ու ստախոսություններով զբաղվել, կարելի է քննադատել, կարելի է գովել, բայց ճիշտն ասենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ պահել է այդ գիծը ու այդ հարցում եղել է իր բարձունքի վրա։ Պետք է լինել արդար, իրատես ու հիմարությունների հետևից չընկնել՝ անկախ նրանից, թե ինչքան փող են տվել։

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: