Ֆրանսիայի կոմկուսը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը

02 Նոյեմբերի 2019

ՓԱՐԻԶ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ: Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է կուսակցության պաշտոնական կայքը:

«Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը վճռականորեն կոչ է անում հանրապետության նախագահին հաշվի առնել այն ժողովրդավարական գործընթացը, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակել է հանրապետությունը: ՖԿԿ-ն նաև հորդորում է Ֆրանսիայի կառավարությանը՝ գործել որքան հնարավոր է արագ, որպեսզի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ճանաչման հարցը բարձրացնի միջազգային հանրության առջև՝ հասնելու բազմակողմ ճանաչման: Նա պետք է կարողանա միջազգային պաշտպանություն ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, որին ցեղասպանության վտանգ է սպառնում»,-նշում են քաղաքական ուժի կայքում:

Կոմկուսն իր հաղորդագրությունը վերնագրել է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության ապահովումը Հարավային Կովկասում խաղաղության կառուցման հիմքն է» և դրանում խոսել նաև ադրբեջանական ագրեսիայի, 2016թ. ապրիլյան պատերազմի ու հարձակման մասին՝ նշելով, որ Ադրբեջանը միշտ էլ հավակնություն է ունեցել մի տարածքի նկատմամբ, որում ապրում ու իրենց ապագան կերտում են հայերը: «Հայ ժողովուրդը հսկայական զոհողությունների գնով ցույց է տվել ազատության և ժողովրդավարության հանդեպ իր նվիրվածությունը: Ֆրանսիացիներն ու հայերը ունեն բարեկամության և համերաշխության երկար ավանդույթ»,-նշում են Կոմկուսում:

Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը երկրի Ազգային ժողովում և Սենատում 12-ական տեղ ունի: 

 

Աղբյուր՝ Արմենպրես լրատվական

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: