ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան

07 Մարտի 2019

Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պատվիրակության հետ պաշտոնական այցով ժամանեց Իրան: Օդանավակայանում նրան դիմավորեցին պետական պաշտոնյաներ, որից հետո Փաշինյանին ուղեկցեցին դեպի Թեհրանի Սադաբադ պալատ, որտեղ նրան դիմավորեց Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Հենց օդանավակայանից զգացվեց, որ ՅՀԴ-ն Իրանում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Արտաշես Թումանյանի համագործակցությամբ նպատակ ունի իրեն արծածելու և ինչ որ հարցեր լուծելու և դրա վառ օրինակն է ՅՀԴ-ի կենտկոմի պատասխանատու Սուրիկ Աբնուսյանի հայտնվելը դիմավորողների շարքում: Փոխարեն Իրանահայ համայնքի գործադիր մարմնի՝ Թեմական Խորհրդի նախագահ Ռոբերտ Բեգլարյանը ներկա գտնվեր, ներկայացավ պրն. Սուրիկ Աբնուսյանը, որը անծանոթ դեմք է իրանահայերի համար ու «Ալիք» հաստատության ներկայացուցիչի անվան տակ օդանավակայանում ներկայացավ վարչապետին: Իրանի «Ալիք» դաշնակցական օրաթերթն էլ իր առաջին էջի վրա նրա նկարն է տեղադրել վարչապետի ձեռքը սեղմելիս:
ՀՀ վարչապետը պաշտոնապես հրավիրվել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից: Սա Նիլոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո առաջին այցն էր Իրանի Իսլամական Հանրապետություն: Հայտարարվել էր, որ այցի նպատակը տնտեսական համագործակցություններն են:
ՀՀ վարչապետը հանդիպել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթ Օլլա Ալի Խամենեի հետ, քննարկվել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ տարբեր հարցեր: ՀՀ վարչապետը իր հատուկ գոհունակությունը հայտնեց այս հանդիպման կապակցությամբ:
Հասան Ռոհանիի հետ հանդիպելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է զարգացնելու Իրանի հետ առևտրական և տնտեսական հարաբերությունները: Նա շեշտել էր, որ Հայաստանը պաշտպանում է Իրանի միջուկային համաձայնագիրը, նա իր մտահոգությունն է հայտնել այդ համաձայնագրի շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ և ասել է, որ Հայաստանը համագործակցելու է Իրանի հետ այդ ուղղությամբ:
Հասան Ռոհանին իր գոհունակությունն է հայտնել այս կապակցությամբ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ և ասել է, որ իրենց համագործակցությունը շարունակելու են երկու երկրների ազգային շահերի հիման վրա և որևէ ուրիշ երրորդ երկիր իրավունք չունի միջամտելու այդ երկկողմ հարաբերություններին:
Նախագահների հանդիպմանը ներկա էր նաև Իրանի հրաժարական տված, սակայն նրա հրաժականը Ռոհանիի կողմից չնդունված արտգործնախարար պրն. Ջավադ Զարիֆը: Նրա ներկայությունը պատճառ դարձավ, որ միջազգային շատ լրատվամիջոցներ անդրադառնան երկու երկրների նախագահների հանդիպմանը:
Երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին մի համաձայնագիր Իրանի Ստանդարտ Ազգային Կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Ներդրումային ու Տնտեսական Զարգացման Նախարարության միջև:
ՀՀ Վարչապետը հույս հայտնեց, որ Իրանի ու Եվրասիական տնտեսական խորհրդի միջև ազատ առևտրի համաձայնագիրը իր վերջնական հաստատումը կստանա և հնարավորություն կստեղծի երկկողմ ներդրումների և առևտրի համար: Հայաստանը ներկայումս ղեկավարում է այս խորհուրդը, որի մյուս անդամ երկրներից են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազաղստանը և Ղրղզստանը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ բանակցային կարևոր խնդիրներից մեկը Իրանի Պարսից Ծոցի միացումն է Սև ծովին՝ Հայաստանի և Վրաստանի միջոցով: Իրանը իր պատրաստակամությունը հայտնեց դեպի Հայաստան արտահանող գազի ծավաը ավելացնել և ցանկություն հայտնեց Հայաստանի միջոցով գազ արտահանել դեպի Վրաստան:
Նախագահ Ռոհանին իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի դիրքորոշման մասին Իրանի դեմ կիրառված ոչ օրինական և ոչ տրամաբանական սանկցիաների կապակցությամբ:
Պաշտնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Լարիջանին հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկու երկրների քաղաքական ու տնտեսական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Նրանք նշել են երկու երկրների խորհրդարանների կապերի ընդլայնման անհրաժեշտության մասին: Նրանք կարևորել են խորհրդարանական հանձնախմբերի փոխադարձ շփումները և խորհրդարանների բարեկամական խմբերի գործունեության ակտիվացումը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՀՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Իրանահայությունը միշտ դրական է վերաբերվել Հայաստանյան որևէ պաշտոնյայի, հատկապես նախագահների, Իրան կատարած այցին և ջերմորեն է դիմավորել բոլոր պաշտոնյաներին: Այստեղ բացառվում են միայն որոշ դեպքեր, երբ ՀՅԴ-ն՝ դեմ լինելով որևէ պաշտոնյայի կամ նախագահի, աշխատել է խոչնդոտներ առաջացնել այդ հարցում: Օրինակներ շատ կան, սակայն համայնքը, անկախ դաշնակցության դիրքորոշումից, միշտ էլ խանդավառություն է դրսևորել այդ այցելությունների ժամանակ:
Մենք՝ իրանահայերս ականատես ենք եղել, թե ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում սկսվեց պայքարը կաշառակերության, կեղծիքների ու կեղծ հայրենասիրության դեմ և եղան արդար խորհրդարանական ընտրություններ, ստեղծվեց քաղաքական դեմոկրատիա և ջանքեր է գործադրվում իրականացնելու տնտեսական հեղափոխություն, որը շատ մեծ և դժվարին գործ է, սակայն գնահատելի է իշխանության ջանքերը, որ կամենում է տնտեսական արդարություն հաստատել երկրում, վերացնել անգործությունը, բարձրացնել կյանքի մակարդակը և լուծել տնտեսական բազում խնդիրներ: Շատ դժվար գործընթաց է, բայց ողջունելի, և սփյուռքը նույնպես ամեն կերպ՝ թե նյութապես և թե բարոյապես պետք է թիկունք կանգնի նման գործընթացների իրականացմանը: Այսպես է մտածում մեր համայնքի ժողովուրդը, անկախ դրսևորում ունեցող հասարակական, մշակութային, քաղաքական գործիչներն ու անկախ կառույցները:
Շատ մեծ ոգևորությամբ համայնքը ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Նիկոլ-Նիկոլ-Նիկոլ» բացականչությամբ իրանահայությունը ողջունեց վարչապետին «Արարատ» ՄՄ կազմակերպությունում: Համայնքի ժողովրդի մի ստվար մասը հանրակառքերով հայկական թաղամասերից տեղափոխվել էր «Արարատ» կազմակերպություն, մինչդեռ ցանկալի էր ժողովրդի հետ հանդիպումը կազմակերպել հենց հայահոծ թաղամասում՝ Նարմաք և Մաջիդիե թաղամասերում, որտեղ գոյություն ունի «Րաֆֆի» Համալիրը իր բասկետբոլի մեծ սրահի ու ֆուտբոլի դաշտի հնարավորություններով և որը «Արարատ» կազմակերպությունից հետո համարվում է Թեհրանի հայերի ամենամեծ համալիրը և, ի տարբերություն «Արարատ»-ին՝ անկախ է և որևէ կուսակցության ազդեցության տակ չէ և չի շահագործվում որևէ կուսակցության կողմից:
Հանդիպման սկզբում հանդես եկավ Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արտաշես Թումանյանը, որը ներկայացրեց իրանահայ համայնքը և դրական խոսքեր ասաց իրանահայության մասին: Հետո խոսեց ԹՀԹ հոգևոր առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, որը ողջույնի ու բարի գալստյան խոսքերից հետո կատարեց իր պարտքը դաշնակցության հանդեպ: Նա, չարաշահելով առիթը, խոսեց Հայաստանի հիմնի մասին և ասաց, որ ներկայիս հիմնը կուսակցական չէ և չպետք է հարցականի տակ տանել և փոխելու մասին արտահայտվել կամ քննարկման հարց առաջ քաշել: Ինչպես գիտենք Հայաստանում հանրային քննարկման է դրված թե Արամ Խաչատրյանի վեհ երաժշտությունը և թե Հայաստանում ժամանակավորապես հաստատված ներկայիս հիմնը, որը երկար տարիներ դաշնակցականների կողմից երգված «Իտալացի աղջկա երգն» է: Դաշնակցությունը այս քննարկումից վախեցած ու մտահոգված է, որ չլինի հանկարծ փոխվի այն: Մենք չենք վիճում այստեղ, թե որն է հարմար, սակայն դատապարտելի ենք համարում հոգևոր առաջնորդի կողմնորոշված դիրքորոշումը և դաշնակցական մոտեցումների արծարծումը: Որպես հոգևոր առաջնորդ, ավելի լավ կլիներ հանդես գար ամբողջ իրանահայության անունից և չենթարկվեր նեղ կուսակցական խաղերին: Կարծում ենք նա, միշտ իր հոգևորականի բարձրունքի վրա գտնվելով՝ պետք է նման մասնագիտական հարցերը թողներ մասնագետներին ու ժողովրդական լայն քննարկումներին, ինչպես ուզում են անել Հայաստանում:

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՒՅԹԻՑ ՈՐՈՇ ՄԱՍԵՐ
«ՀՀ վարչապետը ուժեղ ծափողջյունների ներքո սկսեց իր ելույթը»:
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ՝ մաքուր հայկական, մաքուր Հայաստանյան ու մաքուր ընտանեկան ու հարազատական մթնոլորտում գտնվելը: Սիրում եմ բոլորիդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ, որ ապրելով հայրենքից դուրս եղբայրական Իրանում, որտեղ որևէ հակասության մեջ չի մտնում հայ և հայաստանցի և հայաստանակենտրոն լինելու հետ: Հայաստանում ապրիլ-մայիսյան հեղափոխության ընթացքում ես շատ հնարավորություն չեմ ունեցել իմանալու, թե ինչ է կատարվում մեր համայնքներում և հատկապես իրանահայ համայնքում, բայց գիտեմ, որ ողջ համայնքը ուշի ուշով հետևել է Հայաստանյան իրադարձություններին: Ես չեմ տատանվի ոչ մի րոպե ասել, որ դուք սիրելի հայրենակիցներ մասնակից և հեղինակն եք այն ժողովրդական հեղափոխությանը, որը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, առանց ձեր աջակցության, անկախ նրանից թե ով է ֆիզիկապես ներկա եղել Հայաստանում և ով է այստեղից հետևել, այդ փոփոխությունները տեղի չէին ունենա: Ես ուզում եմ արձանագրել, որ ձեզանից յուրաքանչյուրը իր սիրով իր ուշադրությամբ և իր մասնակցությամբ Հայաստանում ոչ բռնի ժողովրդական հեղափոխության լիարժեք մասնակից է և Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության հաղթանակը ձեզանից յուրաքանչյուրի անհատական հաղթանակն է և նաև Իրանի հայ համայնքի հաղթանակն է, որովհետև այս հաղթանակը միասնություն է բերել հայ ժողովրդին և ամենակարևորը միասնություն է բերել հայությանը, որը երբեք չի խախտվելու: Ես ուզում եմ մի բան հստակ արձանագրել, Հայաստանի Հանրապետությունում սփյուռքի հետ կապված հարցերում կարող են լինել քննարկումներ, բանավեճեր տարբեր մոտեցումներ ու տարբեր տեսակետներ, բայց ես ուզում եմ մի հստակ խնդիր դնել մեր բոլորի առջև, մեր կառավարության ու անձամբ իմ առջև՝ պիտի բացառել այնպիսի գործողությունները, որոնք որևէ կերպ կասկածի տակ կդնեն այն բացառիկ ազգային միասնությունը, որ այսօր վայելում է հայ ժողովուրդը Հայաստանում, Իրանում և ի սփյուռս աշխարհի: Միասնությունը ամենակարևոր ձեռքբերումն է, և հաղթանակը և այդ միասնությունը սուրբ է ցանկացած հարցից, ցանկացած քաղաքական շահից, ցանկացած կուսակցական շահից, մեր ազգային միասնությունը վեր է ամեն ինչից և մենք բոլորս պահելու ենք այդ ազգային միասնությունը:
Մեր ժողովրդի պատմության մեջ նոր էջ է բացվել ու այս պատմության մեջ մեզանից յուրաքանչյուրը ստեղծելու է իր բաժինը: Եվ մեր հեղափոխության և կառավարության մեծագույն առաքելությունը այն է, որ մեզանից յուրաքանչյուրը և մենք որպես հավաքականություն ոչ միայն հավատանք մեր ժողովրդի և հայրենիքի ապագային, այլ վստահ և համոզված լինենք դրանում, որ մենք հաղթական քայլելու ենք միասին: Ձեր ներկայությունը այստեղ հաստատում է, որ մենք վճռական ենք Հայաստանը քաղաքականապես և տնտեսապես հզորացնելու, Արցախի ժողովրդի արդար պահանջի իրացման և մեր ազգային երազանքների ու նպատակների իրականցման հարցում: Մենք մեր ձեռքերով պիտի կերտենք ապագան: Այլևս մեր բախտը արևելքներում, արևմուտքներում, հյուսիսներում և հարավներում չէ, մեր բախտը մեր սեփական ձեռքերում է: Մենք մեր ճակատագրի ղեկը պիտի վերցնենք մեր ձեռքում և մենք մեզ որպես ժողովուրդ, որպես պետություն պետք է առաջնորդվենք նորանոր հաղթանակների: Մեր երազանքների իրականացումը պահանջում է բոլորիս ջանքերը: Դուք ձեր պարտքը արդեն կատարեցիք, որովհետև ես ձեզ հետ այս հանդիպումից այնքան էներգիա և ուժ ստացա, որ կարող եմ ասել, որ Հայաստան վերադառնալուց հետո իմ ջանքերը եռակի ու քառյակի կավելանան և ուզում եմ ձեզ այսպիսի հանդիպման և այսպիսի մթնոլորտի համար շնորհակալություն հայտնել: Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հայ իրանական բարեկամությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք որպես ազատ, հպարտ և արժանապատիվ ժողովրդի զավակներ»:
Վարչապետի խոսքից հետո եղան մի շարք հարց ու պատասխաներ, որից հետո ավարտվեց հանդիպումը: Հանդիպումից կես ժամ անց տեղի ունեցավ պաշտոնական ընթրիք երեկո, որին հրավիրված էին մի շարք միությունների ներկայացուցիչներ, ՀՅԴ ղեկավար անդամներ և հայտնի բարերարներ: Ընթրիքի ժամանակ գովասանքի խոսքեր ասվեցին վարչապետի հասցեին: Ազգային բարերար և հասարակական գործիչ պրն. Լևոն Ահարոնյանը վարչապետին նվիրեց մի գեղեցիկ իրանական գորգ, որի վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերն էր: Թեմական Խորհուրդը մի գեղեցիկ նկարչություն նվիրեց վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:
Ընթրիք երեկոն վարում էր ԹՀԹ-ի Պատգամավորական Ժողովի դիվանի նախագահ և ՀՅԴ-ի պատասխանատուներից պրն. Ժոզեֆ Մեհրաբյանը: Նա ՀՀ Խորհրդարանի բոլոր պատգամավորների կենացը խմելով շեշտեց նաև, որ պետք է նկատի առնել խորհրդարանից դուրս գտնվող որոշ ուժերի կարծիքները ևս: Նա նկատի ուներ ՀՅԴ-ի անդամներին, որոնք չեն ընտրվել ու դուրս են մնացել խորհրդարանից: Ատրպատականի հոգևոր առաջնորդը և Ադրպատականի Թեմական Խորհրդի պատասխանատուներից նույնպես արտահայտվեցին ու ներկայացրին իրենց թեմը և գովասանքի խոսքեր հնչեցրին վարչապետի հացեին:

Վերլուծելով ՀՀ վարչապետի Իրան կատարած այցը, հնարավոր կլինի հետևյալ եզրակացությունները անել՝
1-Շատ դրական պետք է համարել, որ բազմաբնույթ համաձայնություններ են ձեռք բերվել և առաջարկներ են առաջ քաշվել երկու երկրների միջև:
2-Գազ էլեկրտականության դիմաց փոխանակելու քաղաքականության շարունակումը և երրորդ ՀԷԿ-ի կառուցման շարունակությունը նույնպես ձեռք բերում է երկու երկրների համար:
3-Պետք է սպասել մինչև ամառ, որպեսզի երկու երկրների մասնագիտական հանձնախմբերը արծարծված ծրագրերի շուրջ ներկայացնեն իրենց գործնական առաջարկները, որից հետո հույսով ենք, որ պայմանագրեր կստորագրվեն և աշխատանքներ կսկսվեն երկու կողմերում էլ:
4-Բացասական պետք է համարել այն հանգամանքը, որ Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արտաշես Թումանյանը իրավունք էր տվել դաշնակցությանը, դեսպանատան անունից հանդես գալու և որոշելու հրավիրյալների ցանկը, հավաքի վայրը, օրակարգը և լոզունգները, որոնք փակցված էին սրահում:
5-Խելացի կլիներ ՀՀ վարչապետի այցելության համար Իրանում ՀՀ դեսպանատունը համագործակցեր Թեհրանի Հայոց Թեմի գործադիր մարմնի՝ Թեմական Խորհրդի հետ և ոչ թէ ՅՀԴ-ի: Թեմական Խորհուրդը իր հերթին մի գուցե ընտրեր մի հանձնախումբ, որտեղ ընդգրկված կլինեին համայնքի բոլոր հասարակական ու քաղաքական կողմերը: Սա կհամապատասխաներ նաև ՀՀ վարչապետի այն մտքի հետ, որ սփյուռքի բոլոր կողմերը պետք է ընդգրկված լինեն ազգային հարցերում:
6-«Արցախը Հայաստան է ու վերջ» ՀՅԴ-ի կուսակցական այս լոզունգի փակցնելը Արարատ սրահում, ՀՅԴ-ն «մեսեջ»-ն էր ՀՀ վարչապետին, սակայն 120 տարվա «փորձառու» կուսակցությունը և պրն. դեսպան Արտաշես Թումանյանը հարցի ուրիշ կողմը չէին կարդացել ու վայրերը՝ Հայաստանն ու Իրանը խառնել էին իրար: Այդ պաստառը և լոզունգը արդեն բողոքարկվել է Իրանի Ադրբեջանաբնակ նահանգների ու քաղաքների պատգամավորների ու տարբեր կայք էջերի կողմից: Նրանք այդ պաստառը համարել են Իրանի արտաքին քաղաքականությանը հակառակ և այս երևույթը դարձրել են մի թնջուկ, որը իր բացասական հետևանքները կարող է ունենալ իրանահայության և երկու երկրների հարաբերությունների վրա և ստվեր է գցելու ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի վրա: Նման մի լոզուգի փակցնելը պանթուրքիստների ու ծայրահեղական ու ազգայնամոլ ադրբեջանցիների ցանկությունն էր: Իրանի խորհրդարանի ադրբեջանցի մի խումբ պատգամավորներ մտադիր են բողոքարկել այս հարցը:
7- Այս այցի դիմավորման նախաձեռնողը եղել է Իրանում ՀՀ դեսպանատունը, հատկապես դեսպան պրն. Ա. Թումանյանը: Նա պետք է գիտակցեր ու իր բոլոր լիազորությունները չհանձներ արկածախնդիր մի կուսակցության:

 

ԹՀԹ-ի Պատգամավորական Ժողովի և հասարակական հանձնախմբի անդամ
Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
07/03/2019

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: