Իրանի և Հայաստանի հարաբերություններում կնճիռներ չկան. Նիկոլ Փաշինյան

02 Դեկտեմբերի 2018

Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները մշտապես գտնվել են բարձր մակարդակի վրա, և պետք է ամեն-ինչ պետք է անել, որ դրանք շարունակեն այդպես մնալ: Այս մասին Կապանում քարոզարշավի ժամանակ ասաց  «Իմ քայլ»-ը դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ` անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին:

«Իրանի և Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան, բայց նաև հասկանալի է, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները: Եվ ուզում եմ հույս և համոզմունք հայտնել, որ և Հայաստանի, և Իրանի կառավարությունը կձեռնարկեն բոլոր միջոցները ու կապահովեն Հայաստանի-Իրան հարաբերությունների բնականոն զարգացումը: Եվ դա մեր կառավարության համար իսկապես առաջնահերթություն է, և մենք ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար: Մենք գիտենք, որ Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը բավականին լարված է և  համոզված ենք, որ ցանկացած միջազգային խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման ու առանց հարկադրանքի: Հույս ունենք, որ իրադարձությունները կընթանան հենց այդ ճանապարհով»,- ընդգծեց Փաշինյանը:

 ՀՀ վարչապետի  պաշտոնակատարը նշեց, որ  մինչ այդ միջոցներ են ձեռնարկվում, այդ թվում նաև միջազգային գործընկերների աջակցությամբ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները բնականոն զարգացնելու համար:

«Առաջիկայում Եվրամիության ֆինանսավորմամբ վերակառուցվելու է Իրանի հետ սահմանային մաքսակետը, և մենք ունենալու ենք ժամանակակից մաքսատուն և հսկիչ սահմանային  կետ»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև անդրադարձավ իրանցի և հայ վարորդների որոշակի դժգոհություններին՝ կապված իրենց գործունեության պայմանների հետ:

«Գիտեմ նաև, որ իրանցի վարորդները որոշակի դժգոհություններ ունեն՝ կապված Հայաստանում իրենց գործունեության պայմանների հետ, իսկ հայաստանցի վարորդները որոշակի դժգոհություններ ունեն Իրանում իրանց աշխատանքի պայմանների հետ: Բայց համոզված եմ, որ մեր երկրների կառավարությունները բարեկամության և եղբայրության մթնոլորտում այս բոլոր հարցերը կքննարկեն և կետ առ կետ այդ հարցերը կստանան լուծումներ»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը հայտնեց, որ մինչ այդ բարեհաջող շարունակվում են Իրանի և Հայաստանի միջև միջկառավարական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես` էներգետիկ ոլորտում: Նա հույս հայտնեց, որ  ինչպես էներգետիկ, այնպես էլ մյուս ոլորտներում երկու երկրների առևտրաշրջանառությունը կավելանա, ինչպես նաև տնտեսական նոր կապեր կհաստատվեն, ներդրումներ կլինեն:

« Հայաստանի Հանրապետությունը բաց է նաև իրանյան ներդրումների համար, և մենք հույս ունենք, որ նորանոր ներդրումներ կլինեն Հայաստանում՝ այդ թվում Իրանի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների կողմից»,- եզրափակեց Փաշինյանը:

 

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: