Ով խորտակեց ՀՅԴ նավը. Խփեցին ներսի՞ց, թե՞ դրսից

30 Հոկտեմբերի 2018
Երեկ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քվեարկության երկրորդ անգամ տապալման դե ֆակտո պատասխանատուի դերը ստանձնեց ՀՅԴ-ն, որի երկու անդամների բացակայությունը, փաստորեն, ճակատագրական եղավ մեկ ձայն չբավականացնելու հետևանքով տապալված քվեարկության համար: Ծրագրե՞լ էր Դաշնակցությունն այդպիսի «մաթեմատիկա», թե՞ դա անսպասելի էր նաև ՀՅԴ համար, իսկապես դժվար է ասել: Հայտնի է, որ ՀՀԿ-ն դեմ էր և բոյկոտելու էր, բայց այդ դեպքում ակնառու էր, որ բացակայության ռիսկը ՀՅԴ համար պետք է լիներ պատկերացնելի:

Ծառուկյանն, օրինակ, հավաքել էր բոլորին, անգամ արտասահման մեկնածներին էր կանչել Հայաստան, որպեսզի ստանա 100 տոկոս ներկա և չհայտնվի օրենսգրքի տապալման «հակահեղափոխական» պատասխանատվության տակ: Դաշնակցությունը, որի անդաները կնստեն անգամ ոզնու վրա, եթե Բյուրոն հրամայի, ինչպե՞ս կարող էր մատների արանքով նայել այդ խնդրին: Դա նշանակում է, որ 128-ամյա կուսակցությունը կա՛մ կորցրել է իրականության հետ կապն ու զգացողությունները՝ դժվարանալով գնահատել իրավիճակը ըստ արժանվույն և չափել վտանգները, կա՛մ ՀՅԴ համար այլևս միևնույն է՝ անցներ օրենսգիրքը, թե ոչ, օգներ դրան ՀՅԴ-ն, թե խանգարեր, կուսակցությունը չունի խորհրդարան անցնելու շանս և ըստ այդմ՝ չունի որևէ աչալրջության մոտիվացիա:

Չի բացառվում, իհարկե, ՀՀԿ-ի հետ պայմանավորվածության տարբերակը, սակայն, եթե նախկինում ՀՀԿ-ն, այսպես ասած, կոալիցիայի համար վճարում էր պորտֆելներով, իշխանական կարկանդակի մի մասով, ապա ինչո՞վ կարող է վճարել այժմ, որպեսզի ՀՅԴ-ն իր քաղաքական ճակատագրի հաշվին գնա ՀՀԿ-ի հետ այդօրինակ պայմանավորվածության:

ՀՅԴ այս քայլն, իհարկե, առավել հատկանշական է Նիկոլ Փաշինյանի օրերս Լիբանան կատարած այցի ֆոնին, որտեղ նա շարունակել էր դեռևս Ազնավուրի հուղարկավորության առիթով Փարիզում գտնվելու ընթացքում սկսված քննարկումները ՀՅԴ սփյուռքյան ներկայացուցիչների հետ: Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ-ն դիտարկում է այլևս այդ կտրվածքով, այդ մասշտաբով և հայաստանյան ղեկավարությանը նայում լոկ այդ օղակի մեջ, ինչն էլ չի բավարարել հայաստանյան առաջնորդներին: Նրանք մի քանի փորձ արեցին Փաշինյանի հետ պայմանավորվելու, սակայն դա չստացվեց և մեկ աջակցելու, մեկ ընդդիմանալու այդ զիգզագը, այսպես ասած, ավարտվեց ՀՅԴ ղեկավարության համար տխուր նոտայի վրա: Այստեղ, իհարկե, հարց է՝ հայաստանյան ղեկավարությա՞ն, թե՞ ՀՅԴ համար ընդհանրապես, որպես Հայաստանի քաղաքական ուժ: Սա կախված է, իհարկե, այն հանգամանքից, թե արդյո՞ք ՀՅԴ ներսում որևէ մեկին կհետաքրքրի այն, ինչ արեց կուսակցությունը կամա, թե ակամա երեկ խորհրդարանում՝ վնասելով, ընդ որում, միայն ու միայն ինքն իրեն:

Պետք չէ, իհարկե, բացառել նաև, որ տեղի ունեցածը ՀՅԴ ներսում արդեն իսկ սկսված խմորումների վկայություն էր, իհարկե՝ նաև հնարավոր արտաքին ճյուղավորումով: Իսկ այդ տիրույթում կարող է լինել ոչ միայն ՀՀԿ-ն, այլ, օրինակ, նաև Ռոբերտ Քոչարյանը: Ի վերջո՝ կուսակցություն ստեղծել պատրաստվող Քոչարյանի համար ներկայումս մրցակից են բոլոր ուժերը անխտիր, և ոչ միայն Նիկոլ Փաշինյանը և նույնիսկ գուցե ոչ այնքան Նիկոլ Փաշինյանը:

Հեղինակ՝ Արամ Ամատունի
 
 
 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: