Միայն աջ ուժերով երկիրը զարգացնել հնարավոր չէ

03 Հոկտեմբերի 2018

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը «Փաստի» լրագրողի հետ զրույցում նշեց, որ եթե ԱԺ արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա իրենց կուսակցությունն անպայման կմասնակցի: Հաշվի առնելով ժողովրդի ներկա տրամադրությունները՝ կուսակցության ղեկավարի կարծիքով, իրենք կփոխեն ընտրությունների մասնակցության ձևաչափը, և ձախ ուժերի ավելի մեծ և լայն՝ ընդլայնված դաշինքով հանդես կգան: Բայց, օրինակ, ՀՅԴ–ի հետ կոալիցիա կազմելու մասին չեն մտածում:

 «Ձախ ուժերը միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը չէ: Բացի այդ, մենք Դաշնակցության հետ համագործակցելու ավանդույթ չունենք: Ձախ ուժեր ասելով՝ հասկանում ենք նրանց, ովքեր ունեն նաև աշխարհընկալումային այնպիսի մոտեցումներ, ինչպիսին մենք ունենք: Եվ բոլոր այն կուսակցությունները, որոնք կլինեն այդ դաշտում, կարող են ակնկալել, որ կարող են մաս կազմել ձախ ուժերի դաշինքին»,– ասաց Վ. Սաֆարյանը:

ՀԱԿԿ–ն, ինչպես հայտնի է, սոցիալիստական գաղափարախոսություն կրող քաղաքական ուժ է և կարևորում է տնտեսության քաղաքականության մեջ պետության դերի բարձրացումը: Վ. Սաֆարյանի տեղեկացմամբ, Հայաստանում 20–ից ավելի նման գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժ կա, որոնք կարող են միևնույն գաղափարի և դրոշի շուրջ համախմբվել: Եթե մինչև հիմա այդ ուժերը չեն համախմբվել, կուսակցության առաջնորդի կարծիքով, մեղավորը ներքաղաքական իրավիճակն  է եղել:

«Ստեղծված իրավիճակում, երբ ձայների 81%–ը ստանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները սկսում են մտածել լայն կոնսոլիդացիա ձևավորելու մասին: Իրավիճակն է թելադրում գնալ այդ ճանապարհով»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Կուսակցության առաջնորդի կարծիքով, մինչև տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելը միայն գործող իշխանությանն է ձեռնտու, քանի որ ադմինիստրատիվ և ֆինանսական լծակներն իրենց ձեռքում են: Իսկ իրենց կուսակցության նման քաղաքական ուժերին մոտ վեց ամիս ժամանակ է պետք ընտրություններին պատշաճ պատրաստվելու, ուժերը կոնսոլիդացնելու և ժողովրդին ներկայանալու համար:

«Մեր պառլամենտը պետք է դասական պառլամենտների նման լինի: Այնտեղ պետք է ձախ և աջ ուժեր լինեն, նրանց մեջ պետք է գաղափարական պայքար լինի: Սակայն, ինչպես տեսնում ենք, այսօրվա պառլամենտում գաղափարական պայքարին պատրաստ կուսակցություններ չկան, քանի որ բոլորն էլ միևնույն՝ լիբերալ գաղափարախոսություն ունեցող կուսակցություններն են: Այդ է պատճառը, որ մեր պառլամենտը միատարր ու միագույն է: Մինչդեռ դասական իմաստով, բնակչության աղքատության 30 %–ից ավելի ցուցանիշ ունենալու պարագայում չէր կարող նման արդյունք լինել: Բայց այդ մարդիկ գնում և ընտրում են լիբերալներին: Դասական քաղաքականություն ունեցող երկրներում այդպես չի լինում»,– ասաց  Վ. Սաֆարյանը:

 Քաղաքական գործչի կարծիքով, դա ոչ թե ձախ ուժերի թուլության, այլ երկար տարիների ընտրակեղծիքների հետևանք է: Այն թույլ չի տվել, որ ժողովուրդը կարողանա իր կամքն ազատ արտահայտել: Խոսելով վերջին ընտրությունների ժամանակ գրանցված արդյունքների և ազատ կամարտահայտության հնարավորությունների մասին՝ Վ.Սաֆարյանն ասաց, որ արձանագրված արդյունքները էյֆորիայի հետևանք են, որից պետք է հասարակությունը փորձի մի փոքր սթափվել:

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ժողովուրդը պետք է հասկանա, որ եթե միատարր և միագույն պառլամենտ ունենա, ապա այն չի կարող երկրի զարգացման և առաջընթացի համար արդյունավետ գործել: Մեր սպասելիքն առաջիկա ընտրություններից այն է, որ կարողանանք հակակշիռների ինստիտուտ ձևավորել: Ե՛վ կառավարությունում, և՛ պառլամենտում լիբերալից բացի պետք է նաև այլ գաղափարախոսություն ունեցող ուժեր լինեն, որպեսզի կարողանան ոչ միայն իրենց քաղաքական մոտեցումները ներկայացնել, այլև տնտեսական քաղաքականությունը: Այլապես մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, որը չի կարողանա երկրի համար առաջընթաց ապահովել»,– ասաց Վ.Սաֆարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: