«Այն, ինչ տեղի ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անվան շուրջ, ահռելի վնաս հասցրեց մեր հարաբերություններին»

17 Սեպտեմբերի 2018

Աշխատանքային այցով Երեւանում էր ՌԴ ԿԿ Կենտկոմի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ ԼԵՈՆԻԴ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԸ: Նրա հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Հայաստանում եւ հայ-ռուսակական հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին:

«ԳԱՂՏՆԱԼՍՎԱԾ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԵՎ ՉԻ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ»

– Պարոն Կալաշնիկով, օրերս համացանցում հայտնվեց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին, թե նախկին ու ներկա պաշտոնյաներից ում դեմ ինչպիսի մեղադրանք առաջադրեն եւ ում կալանավորեն: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Իհարկե, ես չեմ եկել այստեղ, որ քննարկեմ Հայաստանի ներքին քաղաքականությունը, այս հարցը ձեր խնդիրն է, եւ դուք` որպես ինքնիշխան պետություն, ինքներդ պետք է պարզաբանեք: Ռուսաստանն այդ ամենը վաղուց անցել է, երբ գաղտնալսված ձայնագրություններ էին հրապարակվում իրական եւ ոչ իրական, որոնք ունենում էին արդյունավետ կամ ոչ արդյունավետ հետեւանքներ: Այս ամենն ինձ ծանոթ է, բայց կոռեկտ չի լինի իմ կողմից, որպես Պետդումայի պատգամավորի, մեկնաբանել այդ ձայնագրության բովանդակությունը, որը տեղի է ունեցել ՀՀ երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: Բայց պետք է ասեմ, որ այդ գաղտնալսված ձայնագրությունը Ռուսաստանում միանգամից ալիք բարձրացրեց, ինչն ինձ անհանգստացնում է եւ ընդհանրապես չի ուրախացնում, որովհետեւ հայկական սփյուռքը մեզ մոտ շատ ազդեցիկ է, եւ մարդիկ անհանգստանում են իրենց հայրենիքի համար: Այդ ձայնագրությունը հայերեն էր, եւ ինձ միանգամից զանգահարեցին եւ սկսեցին պատմել բովանդակությունը, որովհետեւ Ռուսաստանում շատ հայ ընկերներ ունեմ: Զրույցի հիմնական միտքն ինձ արդեն հասկանալի է եւ, ինչ խոսք, այն չի ավելացնում ոչ մի լավ բան Հայաստանի համար, ավելին չեմ ցանկանա մեկնաբանել:

– Ամեն դեպքում, սա համարո՞ւմ եք վտանգավոր Հայաստանի ազգային անվտանգության եւ արդարադատության համար:

– Նման երեւույթները միշտ էլ վտանգավոր են: Գիտեք, երբ Վլադիմիր Պուտինը եկավ իշխանության, հրավիրեց օլիգարխներին, որոնց նաեւ ձայնագրել էին, եւ ասաց` վե՛րջ, ամեն ինչ ավարտվել է, գնացեք, զբաղվեք բիզնեսով, իսկ քաղաքականությամբ կզբաղվի պետությունը: Կարծում եմ` ձեզ մոտ էլ նմանատիպ իրավիճակ է ստեղծվում, որովհետեւ պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Եվ այս ամենում ոչ մի լավ բան չկա, պետությունը պետք է զբաղվի քաղաքականությամբ: Իսկ թե խոսակցության բովանդակությունը ճիշտ էր, թե` սխալ, կրկնում եմ` չեմ ցանկանում մեկնաբանել, հատկապես, որ ժարգոնը, որով նրանք խոսում էին, ինձ ասացին, որ այնքան էլ հաճելի եւ քաղաքակիրթ չէր: Իհարկե, երեւույթն ընդհանուր առմամբ` սխալ էր:

«ՀԱՊԿ-Ի ՓԱՍՏԱՑԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾ, ԱՌՆՎԱԶՆ ԿՈՌԵԿՏ ՉԷՐ»

– Վերջին շրջանում ոչ միայն այս, այլ բոլոր հարցերում է Ռուսաստանը զուսպ արտահայտվում, երբ խնդիրը վերաբերում է Հայաստանին: Կարծում եք` անհանգստանալու առի՞թ չեն տեսնում, թե՞ անտարբեր են:

– Անկեղծ եւ ուղիղ կասեմ` եթե ձեզ թվում է, որ Ռուսաստանին չեն անհանգստացնում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում եւ վերաբերում են ուղղակիորեն մարդկանց, որոնք կապ ունեն Ռուսաստանի հետ, ուրեմն` դուք սխալվում եք: Իհարկե, պաշտոնական դեմքերը ձեզ կասեն` սա ձեր գործն է, ինչպես ես եմ հիմա ասում ձայնագրության մասին, բայց իրականում այն առնչվում է նաեւ մեզ: Պարզ ասեմ, որ ահռելի վնաս հասցվեց մեր հարաբերություններին այն, ինչ տեղի ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ: Նույնիսկ հակակոռուպցիոն գործերը, որոնք ձեզ մոտ քննվում են, անկեղծ ասած, մեծ թվով մարդիկ անգամ տեղյակ էլ չեն, իսկ այն, ինչ տեղի ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ, երբ առանց տեղյակ պահելու ՀԱՊԿ-ին, նրա ղեկավարությանը, անդամ երկրներին, գործ հարուցեցին եւ կալանավորեցին նրան, հատկապես քաղաքական էլիտային շատ խիստ մտահոգում է: Ի վերջո, ֆորմալ առումով ՀԱՊԿ-ի փաստացի ղեկավարին դարձնել հանցագործ, որն ամբողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է, առնվազն կոռեկտ չէր: Ես սա ասում եմ, որպես անհատ քաղաքական գործիչ, եւ սա բոլորին է վրդովեցրել: Բոլորն էլ այն ընկալեցին որպես ոչ այնքան դաշնակցային ժեստ Ռուսաստանի եւ նաեւ Բելառուսի ու ՀԱՊԿ անդամ մյուս երկրների նկատմամբ: Պաշտոնապես այս մասին ոչ ոք չի խոսում, մինչդեռ կուլիսներում այդ խոսակցությունները կան:

– ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ սկանդալը համարում եք, որ այլեւս անցյալո՞ւմ է, թե՞ այն դեռ հետեւանքներ կունենա:

– Այն անցյալում չէ, բայց չի էլ վերացնի հայ-ռուսական հարաբերությունները` հատկապես անվտանգության առումով: Սակայն կվնասի ավելի շատ կազմակերպչական մասով, հիշեք, որ ՀԱՊԿ ղեկավարները, որոնք հանկարծ որոշում ընդունեցին ռոտացիոն կարգով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել, բավական բարդ կայացրին նման որոշում: Բավական երկար ժամանակ այդ պաշտոնում էր շատ հարգված մարդ Ռուսաստանից, իսկ հետո` ընդունվեց ռոտացիոն այդ որոշումը: Այնպես որ, կարծում եմ` երկրի ղեկավարների մակարդակով որոշում կընդունվի, թե ինչպես վարվեն ապագայում, ինչպես ռոտացիա իրականացնեն, եւ ով իրականացնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտավորությունները: Վերադառնալով Ձեր հարցին` նշեմ, որ այս պատմությունն իհարկե չի վերացնի Ռուսաստանի եւ Հայաստանի խորը հարաբերությունները` աշխարհաքաղաքական եւ անվտանգության առումով, բայցեւ վստահությունը չի ավելացնում:

«ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ԹԵ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ ՄԵԿԸ ՎԱԶԵԼՈՎ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ»

– Պարոն Կալաշնիկով, ապրիլի վերջին, որից գրեթե մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, Դուք հանդիպել էիք նրա հետ Ազգային ժողովում: Հիմա արդեն 4 ամիս է անցել, ինչ նա վարչապետ է: Ինչպե՞ս կգնահատեք նոր իշխանության աշխատանքը:

– Բավական երկար ժամանակ է 4 ամիսը, եւ փողոցում ու աշխատասենյակում ղեկավարելու մեջ մեծ տարբերություն կա, ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում: Այս մասին ուղիղ մեր բոլոր պատգամավորների առաջ ասել եմ նաեւ մայիսի 8-ին, երբ դուք վարչապետի պաշտոնում հաստատում էինք Փաշինյանին, մենք Պետդումայում` վարչապետ Մեդվեդեւին: Մեդվեդեւը 2012 թվականից վարչապետ է, եւ ես հարց տվեցի ու քննադատեցի նրան, որ ասում եք ՀՆԱ-ն 0,5 տոկոս է, մենք ուզում ենք 3 տոկոս լինի, իսկ Հայաստանում ՀՆԱ-ն 10 տոկոս աճ էլ ունենար, Հայաստանին չէր փրկի նրանից, որ ժողովուրդը դուրս եկավ փողոց, որովհետեւ իրենք չէին զգում դա իրենց գրպաններում, իրենց բակում, իրենց տանը: Հիմա հարց` 4 ամիս անց իրենք զգո՞ւմ են, իհարկե` ոչ: Ես հո գիտեմ, որ չեն զգում: Իսկ այն գործողությունները, որը նախաձեռնում է այսօրվա ղեկավարությունը, ինչ-որ բան անո՞ւմ է, որ այդ իրավիճակը փոխվի, եւ մարդկանց գրպաններում ինչ-որ հնարավորություններ լինեն: Չէ որ գումարը պետք է ինչ-որ տեղից վերցնել, իսկ որտեղի՞ց էին վերցնում առաջ, վերցնում էին Ռուսաստանից, որովհետեւ դարավոր բարեկամություն կա եւ դաշնակցային հարաբերություններ: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ այս 4 ամսվա մեջ, հիմա էլ Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվեցին մարդիկ, որոնք զենք էին վերցրել եւ գրավել ՊՊԾ գունդը, հիմա էլ ասում են, թե արտաքին քաղաքականությունն են փոխելու: Ես հիմա իրենց անունն էլ չեմ ուզում տալ եւ գովազդել, դուք ինձնից լավ գիտեք նրանց: Իհարկե, այս չորս ամսվա ընթացքում աշխարհաքաղաքական առումով ձեր նոր ղեկավարությունը սկսեց հասկանալ, որ Հայաստանի անվտանգությունը ուղղակորեն կապված է Ռուսաստանի հետ: Ավելին` տնտեսությունը նույնպես կապված է Ռուսաստանի, ուրիշ ո՞վ է օգնելու, մի տեսակ չեմ տեսնում, որ Արեւմուտքից մեկը վազելով գալիս է Հայաստանին օգնելու:

– Այս ամենը հաշվի առնելով` ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակը եւ երկու երկրների ղեկավարների հանդիպումները:

– Կարծում եմ` ճիշտ է անում Փաշինյանը, որ գնում է Ռուսաստան, եւ ճիշտ է վարվում  Պուտինը, որ չի հրաժարվում հանդիպել: Արդեն երեք հանդիպում է տեղի ունեցել նրանց միջեւ, բայց հանդիպումը հանդիպում, սակայն պետք է նաեւ պատրաստել պայմանագրեր, համաձայնագրեր: Վերջին հանդիպումը եղել է աշխատանքային եւ ոչ պաշտոնական, այս մասին ճիշտ նշեց նաեւ Փաշինյանը իր վերջին հարցազրույցներից մեկում, բայց կրկնում եմ` պետք է պատրաստել պայմանագրեր, իսկ դրա համար աշխատանք պետք է տարվի գերատեսչությունների, նախարարների միջեւ, որոնց նա նշանակել է: Նրանք հիմա պետք է Ռուսաստանից, մեր նախարարություններից դուրս չգային եւ պատրաստեին ինչ-որ համաձայնագրեր` Գազպրոմի, երկաթգծի մասով եւ այլն, բայց որքանով տեսնում եմ, այդ աշխատանքը չի տարվում: Դու չես կարող գալ ՌԴ նախագահի մոտ ու ասել` արի իրար հետ պայմանագիր ստորագրենք, եւ դու ինձ մի 2 միլիարդ դոլար տուր, այդպես չի լինում: Պետք է պատրաստել համաձայնագրեր ու դրանք մշակել այնպես, որ ձեռնտու լինի եթե ոչ երկու երկրներին էլ, ապա մի դեպքում` մեկին, մյուս դեպքում` մյուսին: Ռուսաստանն այս առումով պատրաստ է ընդառաջ գնալ, բայց, միեւնույնն է, պետք է աշխատել, որը դեռ չեմ զգում: Հուսով եմ` այն կլինի, որովհետեւ անհրաժեշտ է, որ նախարարները աշխատեն: Շուտով մենք Պետդումայում հաջորդ տարվա բյուջեն ենք քննարկելու եւ հաստատելու: Ես` որպես ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ, միշտ  կարեւորել եմ բյուջետային առումով ինչ հարաբերություններ կան ԱՊՀ անդամ երկրների հետ եւ ուսումնասիրում եմ այդ ամենը, հարկ եղած դեպքում` պաշտպանում: Բայց չկան ծրագրեր, տա Աստված, հետագայում լինի, ես էլ կպաշտպանեմ, իսկ դրա համար պետք են աշխատանքային ավելի շատ հարաբերություններ:

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր դեմ հարուցված քրեական գործից, ապա կալանավորումից հետո հայտարարեց, որ վերադարձել է քաղաքականություն: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին:

– Ընդհանրապես իրեն չեմ ճանաչում, երբեք չեմ հանդիպել, եւ սա եւս ձեր ժողովրդի գործն է: Եթե նա կունենա քաղաքական ուժ, կունենա հեղինակություն ժողովրդի մոտ, ուրեմն` բարով գա, ես չեմ գնահատողը: Որքանով տեղյակ եմ, նա իր պաշտոնավարման ժամանակ հանդես է եկել որպես ՌԴ բարեկամ, մնացածը ձեր որոշելիքն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: