«Դժվար է լինելու պահպանել Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում». Սուրեն Սարգսյան

24 Օգոստոսի 2018

Ամփոփելով իր պաշտոնավարման 100-ը Հանրապետության հրապարակում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, թե արտաքին հարաբերություններում ինչպես Արեւմուտքի« այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերների հետ ամեն ինչ լավ է, պարզապես, դեռ նոր իրավիճակը ամբողջությամբ չեն գնահատել: Մասնավորապես` խոսելով հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին` Ն. Փաշինյանն ընդգծեց, թե երկու անգամ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ երեք անգամ` հեռախոսազրույց, ինչի վրա էլ հիմնվելով` փաստեց. «Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն« այլեւ, ի հեճուկս ՀՀԿ-ականների, լավ են ու գնալով ավելի ու ավելի լավանալու են»: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով առիթ է ունեցել այս ընթացքում  շփվելու թե՛ ամերիկյան, թե՛ ռուսաստանյան տարբեր փորձագետների եւ պետական գործիչների հետ եւ պարզելու եղած իրական տրամադրությունները:

«ՌԴ-Ն ԲԱԶՄԻՑՍ ԱԿՆԱՐԿԵԼ Է, ՈՐ ՈՐՈՇ ԿԱԴՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՀՀ-ՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԵՆ»

Ըստ միջազգայնագետի` վերջին ժամանակաշրջանում որոշակի լարվածություն ու անհասկացվածութուն է նկատվում հայ-ռուսական հարաբերություններում.

– Ռուսական կողմն իր մտահոգությունների մասին բազմիցս հայտնել է` թե՛ փորձագիտական« թե՛ մամուլի, թե՛ պաշտոնական հայտարարությունների մակարդակով: Նման լարվածություն վերջին 20 տարվա մեջ չեմ տեսել, լարվածությունը պետք է թուլացնել, թեպետ ռուս փորձագետներն այս հարցում չեն օգնում: Մինչդեռ կարծում եմ` ՌԴ-ն` որպես մեզ համար առաջնային պետություն« պետք է լինի առաջնային դիրքերում: ՌԴ-ն ռազմավարական դաշնակից է, որից չենք կարող հրաժարվել ու չենք հրաժարվելու: Այս առումով պետք է հարաբերությունները պահենք բարձր մակարդակի վրա: Ուստի` կարեւոր է հասկանալ, թե ինչն է անհանգստացնում ռուս գործընկերներին, որից հետո փոխզիջումային մակարդակով պետք է գալ խնդիրների կարգավորման: ՌԴ-ն բազմիցս ակնարկել է, որ որոշ կադրային նշանակումներ ՀՀ-ում իրենց համար ընկալելի ու ընդունելի չեն, ու կա անվստահություն: Իսկ Հայաստանում դրան, կարծում եմ, ուշադրություն չեն դարձրել` մտածելով, որ երկրի կադրային քաղաքականությունը մեր սուվերեն իրավունքն է: Սակայն, դրան ի պատասխան, ռուս մեր գործընկերներն ասում են, որ իրենց սուվերեն իրավունքն էլ զենքի գնի սահմանելն է: Իրենք խնդիր են տեսնում` որոշ պաշտոնյաների հետ կապված, եւ չեն ցանկանում այդ պաշտոնյաների հետ աշխատել: Ասում են` նշանակել եք, լավ եք արել, բայց ես իր հետ չեմ աշխատելու: Դրա համար մեր ռուս գործընկերների կարծիքը պետք է հաշվի առնել: Սա ամենակարեւոր կետերից մեկն է, որի ուղղությամբ պետք է ՀՀ իշխանություններն աշխատեն:

ՌԴ ԱԳՆ-ՈՒՄ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԾՐԱԳՐԻՑ

– Պարոն Սարգսյան, առհասարակ երկու հանդիպումն ու երեք հեռախոսազանգը բավարա՞ր է ասելու համար, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ են ու գնալով ավելի լավանում են, երբ անգամ պետական մակարդակով առանցքային նշանակության այցեր չեն եղել այս 100 օրվա ընթացքում Հայաստան:

– Նախ նշեմ, որ ՌԴ մշակույթի նախարարն է այցելել Հայաստան, ՌԴ ՊՆ փոխնախարարը, տարբեր մակարդակներում այցելություններ եղել են, բայց այցելությունների քանակով կամ մակարդակով չեմ պայմանավորի հայ-ռուսական հարաբերությունները: Եվ երկրորդ` հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ հումանիտար մեծ ծրագիր է Հայաստանը ցանկանում իրագործել ՌԴ հետ, եւ դրա մասին շուտով հայտնի կդառնա: Սակայն ռուսական «Ռեգնում» գործակալությունն իր աղբյուրների վրա հղում տալով` ասում է, որ ՌԴ արտգործնախարարությունը դրա մասին տեղյակ չէ: Ինչեւէ, ես խորհուրդ կտայի  մեր գործընկերներին հարցում ուղարկել նաեւ ՌԴ պաշտպանության նախարարություն, որովհետեւ կարծում եմ` հարցի պատասխանն այնտեղ ավելի հեշտ կգտնեն: Վերադառնալով ձեր հարցին` ասեմ, որ հայ-ռուսական հարաբերությունների որակը չի սահմանափակվում Պուտինի եւ Փաշինյանի միջեւ եղած հեռախոսազրույցով ու երկու հանդիպումով, որոնք ի դեպ, երկուսն էլ եղել են միջազգային համաժողովների շրջանակում: Մասնավորապես` առաջինը ԵԱՏՄ-ի շրջանակում է եղել, երկրորդը` ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ: Առաջինը ճանաչողական բնույթ ուներ, երկրորդի ժամանակ ավելի մանրակրկիտ քննարկվել են երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր, այդ թվում` ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում:

«ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԵՐԸ ՀԱՊԿ-ՈՒՄ»

– Ի դեպ, ՀԱՊԿ-ի մասին. ըստ Ձեզ, այսօր Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի համար ընկալելի՞ դարձավ այն, որ Հայաստանն առանց տեղեկացնելու, կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, մեղադրանք առաջադրեց, ապա գրավի դիմաց նրա կալանքը փոխեցին...

– Կարծում եմ` ընկալելի չէր եւ հիմա էլ ընկալելի չէ: Նրանք սպասում էին այլ մոտեցման, նույնիսկ եթե խնդիրը ներքաղաքական էր կամ բացառապես իրավական: ՀԱՊԿ մեր գործընկերներն ասում էին` սկզբում պետք էր հետ կանչել, հետո նոր գործընթացը սկսել, այլ ոչ թե գործընթացը սկսել գործող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ: Սա է Ռուսաստանի եւ մնացած ՀԱՊԿ անդամ պետությունների հիմնական խնդիրը, որ տեսնում են այս հարցում: Նորից նրանք ասում են` ձեր սուվերեն իրավունքն է, ձեր իրավական գործընթացն է, ինչ ուզում եք արեք, բայց պետք է հաշվի առնեք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային մասշտաբի գործիչ է, եւ այդ պաշտոնում նրան չի նշանակել Հայաստանը, այլ նշանակել են ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները: Եվ երբ առանց Հայաստանի ներկայացուցչի, Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահներն իրար հետ խոսում են, ասում, որ ՀԱՊԿ-ի ղեկավարի հետ կապված խնդիր ունենք, նշանակում է` արդեն որոշ հարցեր կան, որոնք որոշված են: Իսկ թե ինչպիսին կլինի այդ որոշումը, կարծում եմ` մոտ ապագայում կիմանանք: Բայց, ըստ իս, դժվար է լինելու պահպանել Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում այնպես, ինչպես այս պահին կա: Այսինքն` հաջորդ ՀԱՊԿ ղեկավարը վստահ չեմ, որ կարողանալու ենք մենք ստիպել անդամ պետություններին, որ նորից թողնեն Հայաստանի ներկայացուցչին:

– Կարծում եք, մեղմ ասած, այս անփությունը չի՞ ներվի Հայաստանին:

– Եթե դրա գինն այն է, որ ընդամենը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Հայաստանը չի ներկայացնի, այլ կներկայացնի, ենթադրենք, Բելառուսը, այստեղ ներելու կամ ներվելու խնդիր չի լինի, հարցը կլուծվի ՀԱՊԿ-ի կանոնադրության շրջանակներում: Իսկ թե որքանով է ՀԱՊԿ-ի կանոնադրությունը թույլ տալիս, որպեսզի հաջորդ գլխավոր քարտուղարը ներկայացնի նույն պետությունը, կարծում եմ` պետք է մեր  դիվանագիտական խողովակներով աշխատենք, որպեսզի հասկանանք` ինչ կարելի է այստեղ անել, որ Հայաստանը պահպանի իր քվոտան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ  

Աղբյուրը՝ iravunk.com լրատվական

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: