Մեզ ազգային միասնություն է պետք, և սա պետք է գիտակցեն կառավարության անդամները, շարքային քաղաքացիները. Վազգեն Սաֆարյան

07 Օգոստոսի 2018

 Հայ Առաքելական եկեղեցին, սահմանադրորեն իրեն վերապահված իրավունքը պետք է կարողանա լիարժեք իրականացնել: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում, անդրադառնալով ազգապահպանության, աղանդների, օտար արժեքների խնդրին՝ ասաց բանախոս ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ: 

 «Մեր իրականության մեջ, եկեղեցին ունի բացառիկ իրավունքներ, և դրանք ընդունվում են պետության կողմից: Ճիշտ է, մարդիկ ունեն կրոնական ազատության, դավանանքի ազատության իրավունք, բայց Սահմանադրությունը գերակայությունը տալիս է Հայ Առաքելական եկեղեցուն, և հենց  այս նորմը պետք է եկեղեցին կարողանա իրականություն դարձնել: Իմ կարծիքով՝ այսօր եկեղեցին ակտիվորեն չի զբաղվում հանրության մեջ ազգային ավանդույթների դաստիրակության գործով»,- ասաց պարոն Սաֆարյանը:

Պատասխանելով մեր դիտարկմանը, թե հայտնվել ենք մի իրավիճակում, երբ թիրախավորել են մեր եկեղեցին, հոգևոր դասին, իսկ իշխանությունը կրավորական կեցվածք է ընդունել,  ի՞նչ կարող է անել այս իրավիճակում եկեղեցին, երբ կրթության նախարարը հայտարարում է՝ դպրոցներում կրոնի պատմության առարկայի դասավանդումը դադարեցնելու մասին, պարոն Սաֆարյանն ասաց.

 «Ոմանց թվում է, թե  հեղափոխությունը բերում է ամենաթողության, և տարբեր տեսակի օտար գաղափարներ այստեղ կարող են ազատություն ստանալ: Հեղափոխությունները գալիս են և գնում, բայց ազգային արժեքները մնայուն են: Դրանք ավելի կարևոր են,  քան օրենքները, որովհետև օրենքները գործում են ինչ-որ ժամանակահատվածի համար, բայց ազգային արժեքները, որ ձևավորվել են դարերի ընթացքում՝ պահպանում են իրենց կենսունակությունը»:

  Պարոն Սաֆարյանը նկատում է՝ երկար ժամանակ եկեղեցին մեզանում ազգապահպան  դերակատարություն է ունեցել. «Մենք 600 տարի պետություն չենք ունեցել, եկեղեցին ազգահավաք գործունեությամբ է զբաղվել, նաև այս հանգամանքը պետք է նկատի ունենալ:  Իհարկե, եկեղեցին չպետք է խառնվի պետության գործերին,  կրթության գործերին, բայց մյուս կողմից էլ, չէ՞ որ մեր բոլոր դպիրները եկեղեցականներ են եղել: Սկսած Մեսրոպ Մաշտոցից, հիշենք մեր պատմիչներին, բոլորը մեր եկեղեցուց են դուրս եկել: Եկեղեցին մեզանում ունեցել է առանձնահատուկ դերակատարություն, եղել է կրթություն և լուսավորություն տարածող կառույց»:

Բանախոսը ընդգծում է՝ ի տարբերություն Կաթոլիկ եկեղեցու, որը ճնշել է գիտության զարգացումը, Հայ  Առաքելական եկեղեցին հակառակը՝ եղել է կրթող,  լուսավորություն տարածող: «Հիշենք՝ 1600 թ.-ին Արևմուտքում Ջորդանո Բրունոյին այրեցին, Գալիլեո Գալիլեյին ստիպեցին, որ նա հրաժարվի երկրագնդի պտույտի մասին գիտական գաղափարի պատկերացումից, բայց մեր եկեղեցին նպաստեց լուսավորականության զարգացմանը»:

Դառնալով մեզանում սնկի պես աճած աղանդավորական կառույցներին, Սաֆարյանն ասաց, թե նրանք զբաղված են մեր ազգային միասնությունը խարխլող հոգևորսությամբ, և դա ինչ-որ տեղից գուցեև թելադրվում է, բայց մենք պետք է այնքան իմաստություն ունենանք, որ կարողանանք թացը չորից տարբերակել և պահպանել ազգային միասնությունը. «Այս հարափոփոխ աշխարհում, և մեր վտանգավոր տարածաշրջանում, երբ ամեն րոպե կարող են ծագել հակամարտություններ, կարող է լինել, անգամ, պատերազմ, մեզ ավելի քան, ազգային միասնություն է պետք: Սա պետք է գիտակցեն և՛ կառավարության անդամները, և՛ շարքային քաղաքացիները», -ասում է քաղաքական գործիչը:

Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: