Երևանի տարբեր փողոցներում երթեր են, երթևեկությունը փակ է

23 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ,  Երևանի տարբեր հատվածներում ապրիլի 23-ին շարունակվում են Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ից  նախաձեռնած ակցիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքի մասնակիցները փակել են երթևեկությունը Ռուբինյանց, Նալբանդյան-Սայաթ-Նովա, Սարյան փողոցներով, Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածը, Հաղթանակի կամուրջը: Երթերում ներգրավված են նաև ուսանողներ:

«Վաղ առավոտյան Երևանի պետական համալսարանի բակում են հավաքվել մի խումբ ուսանողներ Հայաստանի պետական տնտեսագիտական, Մ. Հերացու անվան բժշկական և Երևանի պետական համալսարաններից: Նրանք հանդես են եկել տարբեր վանկարկումներով և շարժվել անհայտ ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը: Նրա խոսքով` նախորդ շաբաթ ԵՊՀ-ում իրականացվող դասապրոցեսին մասնակցել է ուսանողների 20/30 տոկոսը:

Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ որոշ ուսանողներ դասադուլ են հայտարարել և չեն մասնակցում դասապրոցեսին: Բժշկական համալսարանի ուսանողները բժշկական սպիտակ համազգեստով քայլերթ են անցկացրել:

Ոստիկանական ծառայողները փակել են Բաղրամյան պողոտայի՝ Պռոշյան-Դեմիրճյան հատվածը:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ից Երևանում ակցիաներ է կազմակերպում՝ դրանք անվանելով քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաներ:

 Յուրաքանչյուր օր մարդիկ դուրս են գալիս փողոց, փորձում դադարեցնել երթևեկությունը, շարժվում երթերով: Ապրիլի 22-ին Փաշինյանը ձերբակալվել է ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ:

 

Աղբյուրը՝  ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: