«ԵԹԵ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԿՐԱԿ ՈՒՂՂՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԱՊԱ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ ՀԱՊԿ-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ»

16 Մարտի 2018

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ զինում եւ մարտունակ վիճակում է պահում Նախիջեւանում գտնվող բանակը: Այս ամենից զատ, Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական բանակը Թուրքիայի զորքերի օգնությամբ ժամանակ առ ժամանակ անցկացնում է զորավարժություններ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենատ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, անդրադառնալով Նախիջեւանից Հայաստանին եկող հնարավոր վտանգներին ու հայկական կողմի անելիքներին, ընդգծեց, որ Նախիջեւանի հարցը Թուրքիայի եւ վերջինիս գաղափարախոսության իրականացման տարածքն է.

-Թուրքիայի կողմից այդ գաղափարը միշտ եղել է եւ կոչվում է պանթուրքիզմ, իսկ այսօր կոչվում է նեոօսմանիզմ, որի մասին իր գրքում խոսել է Թուրքիայի արտգործնախարար Ահմադ Դավութօղլուն, որը եղել է այդ կուսակցության գաղափարախոսը: Նրա գրքի իմաստը հետեւյալն է, որ եվրոպական քաղաքակրթությունն իրեն սպառել է, եւ այժմ դրան պետք է փոխարինի իսլամը, որը պետք է լինի թուրքական: Եվ պարզ է, որ դրա իրականացման ճանապարհն այն 12 կմ տարածքով միջանցքն է Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ, որը թուրքական կողմը ձեռք է բերել Պարսկաստանից: Մյուս փուլը Մեղրին է կամ Սյունիքը, որով Թուրքիան Մեղրիի միջոցով ցամաքային ճանապարհ կունենա դեպի Ադրբեջան: Ահա սա է այս գաղափարի իրականացման առաջին փուլը: Որից հետո գաղափարն ուղղվելու է դեպի հյուսիս` Ռուսաստան, մենք շատ լավ գիտենք, որ այնտեղ ապրում են թուրքալեզու ժողովուրդներ, եւ դեպի արեւելք` դեպի Չինաստան, ահա սա է նրանց նպատակը: 1991 թվականին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, եւ Թուրքիան հնարավորություն ստացավ իրագործելու այդ գաղափարախոսությունը, միանգամից տարածվեցին Թուրքմենիա, Ուզբեկստան, Ղրղզստան եւ այլ պետություններ եւ սկսեցին իրականացնել իրենց ծրագրերը: Նրանք կրոնական այդ ծրագրերի հիման վրա սկսեցին ձեւավորել պրոթուրքական կառույցներ եւ կապեր հաստատել ռազմաքաղաքական հարաբերություններում: 1993 թվականին Թուրքիան հայկական սահմանին մոտեցրեց թուրքական երրորդ դաշտային բանակը եւ հայտարարեց` եթե Արցախում տարածքները չազատենք, ապա նրանք կներխուժեն Հայաստան: ԱՊՀ երկրների գլխավոր հրամանատարը հայտարարեց, եթե Թուրքիան միջամտի, ապա կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմ: Այդ ժամանակ նամակ ենք հղել Ռուսաստանին, որպեսզի Սյունիքում եւ Արարատում տեղակայվի երկու ռուսական գումարտակ: Այդ դեպքում հնարավոր կլիներ կանխել Նախիջեւանի կողմից ներխուժումը դեպի Ադրբեջան, այնտեղից էլ` Երեւան:

– Ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական առումնով ի՞նչ է իրենից ներկայացնում Նախիջեւանը:

– Նախիջեւանից միջին հեռավորության զենքը կարող է հասնել Երեւան, օրինակ «Սմերչ»: Նախիջեւանն իրենից ներկայացնում է այն պլացդարմը, որտեղից հետագայում կարելի է ներխուժել Մեղրի եւ Սյունիք` կապ հաստատելով Ադրբեջանի հետ: Նախիջեւանում վերջին տարիներին գնում է լրջագույն պայքար: Այնտեղ հիմնականում ապրում են շիաներ, որոնք ավելի մոտ են Իրանի հետ: Սակայն Թուրքիան Ադրբեջանում իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որպեսզի ադրբեջանցիներն իրենց զգան որպես սյունիներ, այժմ նույնը իրականացվում է Նախիջեւանում: Այնտեղ տեղակայված է ադրբեջանական մեծ բանակ, եւ գործում են հանգստյան գոտիներ` նախատեսված թուրքական բանակի համար, որոնք համապատասխան իրավիճակում կվերածվեն ռազմական բազաների:

– Պարոն Հարությունյան, այսօր Նախիջեւանում Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած քաղաքականությունն ինչպե՞ս կբնորոշեք:

– Նախիջեւանը Ադրբեջանի կազմում է որպես ինքնավարություն, եւ Ադրբեջանն իրավունք չունի այն փոխանցելու այլ պետությունների: Այս պարագայում ինչ անում է Թուրքիան, անում է պայմանագրի շրջանակներում, եւ Նախիջեւանը շարունակում է մնալ Ադրբեջանի կազմում: Երբ մենք նայում ենք Նախիջեւանին եւ ընդհանրապես Ադրբեջանին, մեծ սխալ է տեղի ունենում, երբ մենք Թուրքիային եւ Ադրբեջանին տարանջատում ենք: Ադրբեջանի ամբողջ ռազմաքաղաքական գործունեությունը, այդ թվում ապրիլյան ռազմական գործողությունները պլանավորվել եւ ղեկավարվել են Թուրքիայի կողմից: Ադրբեջանի ամբողջ սպայական կազմը պատրաստվում է Թուրքիայում, եւ այնտեղ նրանց ավելի շատ դաստիարակում են հակահայկական գաղափարներով, քան ռազմական գիտելիքներով, դրա ականատեսը եղել եմ: Մինչ ապրիլյան ռազմական գործողությունները Դավութօղլուն եւ Էրդողանը Բաքվում հայտարարեցին, որ ժամանակն է վերադարձնել Արցախը: Այնպես որ, Ադրբեջանը երբեք որեւէ քայլ չի կատարի, առանց Թուրքիայի համաձայնությունը ստանալու: Սա բնական է, քանի որ Ադրբեջանի բանակի բոլոր կադրերը պատրաստվում են Թուրքիայում եւ բոլոր միջազգային ատյաններում Թուրքիան Ադրբեջանի պաշտպանի դեր է ստանձնել, օրինակ` առաջ է տանում Խոջալուի դեպքերը: Իսկ ահա Ադրբեջանը առաջ է տանում նեոօսմանիզմի մյուս ուղղությունը, այն, որ վերջինս հայտարարում է, թե Երեւանը, Արցախը ադրբեջանական տարածքներ են, դրանով սպասարկում է թուրքական գաղափարախոսությանը: Եթե սրա մասին խոսի Թուրքիան, ապա ամբողջ միջազգային հանրությունը կասի, որ վերջինս իրականացրել է հայերի ցեղասպանությունը եւ շարունակում են այդ քաղաքականությունը, այդ պատճառով էլ Թուրքիան այդ մասին չի խոսում: Այդ երկու երկրները իրենց դերերն արդեն բաժանել են:

– Իսկ այս տարիների ընթացքում ի՞նչ է արել հայկական կողմը:

– Մենք շատ բաներ ենք արել, երբ 1992 թվականին Հայաստանը դարձավ ՀԱՊԿ անդամ, 1995 թվականին ստորագրեց բազայի պայմանագիրը, երբ այդ թվականին մենք ստորագրում էինք բազայի մասին պայմանագիրը, այնտեղ չէինք կարող մտցնել, որ բազան ապահովում է Հայաստանի անվտանգությունը, այնտեղ խոսքը վերաբերում էր միայն նախկին Խորհրդային Միության սահմանին: Եթե մենք գնահատում ենք Թուրքիայի եւ մեր ռեսուրսները, ապա մենք տեսնում ենք, որ նրանց բանակի բյուջեն կազմում է 20 մլրդ դոլար, Թուրքիան ունի 600 մարտական ինքնաթիռ եւ այլն: Հասկանալի է, որ մենք ի վիճակի չենք մեր ռեսուրսներով դիմակայել Թուրքիային: Սրա միակ պատասխանը հետեւյալն է` Հայաստանը մտել է ՀԱՊԿ, եւ ունենք ռազմական բազա: Այժմ համեմատում ենք հայ-ռուսական եւ թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքը, ակնհայտ է, որ մեր դաշինքի ուժերն ավելի մեծ են, քան նրանց: Ռուսաստանը ՄԱԿ-ի անդամ պետություն է, միջուկային գերտերություն, եւ այս պարագայում Թուրքիան երբեք չի հարձակվի մեզ վրա: Եթե Նախիջեւանի կողմից որեւէ կրակոց ուղղվի Հայաստանի վրա, ապա ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ-ի եւ ռուսական բազայի պայմանագրերը: Հստակ կարող եմ ասել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, երբեք Հայաստանի սահմանները ագրեսիայի չեն ենթարկի, սա ցույց է տվել վերջին 25 տարիների կյանքը: Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ մեր անվտանգության երաշխիքը հայոց բանակի մարտունակությունն է:

– Վերջերս Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ արտահերթ նախագահական ընտրություներից հետո բանակցային գործընթացը կակտիվանա, որին հետեւեց Ալիեւի` Երեւանը գրավելու ռազմատենչ հայտարարությունը: Իրատեսակա՞ն եք համարում բանակցային գործընթացի ակտիվացումը:

– Մամեդյարովի հայտարարությունն ունի մի քանի ուղղություն` ներքին եւ արտաքին սպառման: Երբ Ադրբեջանում փոխում էին նախագահական ընտրության ժամկետները, հայտարարեցին, որ այն կարագացնի Արցախյան հարցի լուծումը, այժմ Մամեդյարովը ցանկանում է սա հաստատել: Ադրբեջանն այսօր դրսի աշխարհի հետ ունի խնդիրներ եւ այդ հայտարարությամբ ցանկանում է ասել, որ վարում է կառուցողական քաղաքականություն եւ շարունակում է բանակցությունները: Սակայն իրականությունն այն է, որ այսօր Արցախի համար բանակցություններ չեն գնում, այլ բանակցում են, թե ինչպես սկսեն բանակցությունները, սա օբյեկտիվ է: Քանի որ չկա որեւէ նախապայման, որով այսօր կլուծվի Արցախյան հարցը: Այսօր Ադրբեջանը պատրաստ չէ գնալ բանակցությունների ճանապարհով, մեր երեք նախագահները միշտ ասել են` կարգավիճակ տարածքների դիմաց: Բայց Ադրբեջանը պատասխանում է, որ Արցախն իրենն է: Բանակցային գործընթաց չկա եւ մոտակա ժամանակներում չի էլ լինելու:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Աղբյուրը՝ "iravunk.com" լրատվական

 

   Ի լրումն վերը շարադրվածի

 Կարդալով Գեներալ-լեյտենանտ՝ Վաղարշակ Հարությունյանի  հարցազրույցը  տպված 14.03.2018թ."Իրավունք" թերթում, Առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ՝ Վ. Սաֆարյանը վերհիշեց 1998թ. նոյեմբերին՝որպես պատգամավոր իր ունեցած հանդիպումը   Ռուսաստանի Պետ Դումայի պատգամավոր՝  Անդրեյ Իվանի Նիկոլաևի հետ։ Հանդիպման ընթացքում Վ. Սաֆարյանը շնորհակալություն էր հայտնել վերջինիս, որ նա   որպես ՌԴ Սահմանապահ զորքերի գլխավոր տնօրեն և Գ. Բուրբուլիսը՝ որպես ՌԴ Անվտանգության Խորհրդի քարտուղար, 1993թ. ժամանել էին Հայաստան և հենց Երևանի օդանավակայանում հայտարարել, որ Թուրքիայի ցանկացած ռազմական քայլ Հայաստանի դեմ՝  կդիտվի որպես ոտնձգություն Ռուսաստանի նկատմամբ, հաշվի առնելով, որ Թուրքիան հայկական սահմանին մոտեցրել էր թուրքական երրորդ դաշտային բանակը՝ սպառնալով ներխուժել Հայաստան։  Այս կոշտ և ժամանակին արված  արտահայտությունը կասեցրեց Թուրքիայի հնարավոր ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: