Արխիվ Հոկտեմբերի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Երեկ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քվեարկության երկրորդ անգամ տապալման դե ֆակտո պատասխանատուի դերը ստանձնեց ՀՅԴ-ն, որի երկու անդամների բացակայությունը, փաստորեն, ճակատագրական եղավ մեկ ձայն չբավականացնելու հետևանքով տապալված քվեարկության համար: Ծրագրե՞լ էր Դաշնակցությունն այդպիսի «մաթեմատիկա», թե՞ դա անսպասելի էր նաև ՀՅԴ համար, իսկապես դժվար է ասել: Հայտնի է, որ ՀՀԿ-ն դեմ էր և բոյկոտելու էր, բայց այդ դեպքում ակնառու էր, որ բացակայության ռիսկը ՀՅԴ համար պետք է լիներ պատկերացնելի:

Ծառուկյանն, օրինակ, հավաքել էր բոլորին, անգամ արտասահման մեկնածներին էր կանչել Հայաստան, որպեսզի ստանա 100 տոկոս ներկա և չհայտնվի օրենսգրքի տապալման «հակահեղափոխական» պատասխանատվության տակ: Դաշնակցությունը, որի անդաները կնստեն անգամ ոզնու վրա, եթե Բյուրոն հրամայի, ինչպե՞ս կարող էր մատների արանքով նայել այդ խնդրին: Դա նշանակում է, որ 128-ամյա կուսակցությունը կա՛մ կորցրել է իրականության հետ կապն ու զգացողությունները՝ դժվարանալով գնահատել իրավիճակը ըստ արժանվույն և չափել վտանգները, կա՛մ ՀՅԴ համար այլևս միևնույն է՝ անցներ օրենսգիրքը, թե ոչ, օգներ դրան ՀՅԴ-ն, թե խանգարեր, կուսակցությունը չունի խորհրդարան անցնելու շանս և ըստ այդմ՝ չունի որևէ աչալրջության մոտիվացիա:

Չի բացառվում, իհարկե, ՀՀԿ-ի հետ պայմանավորվածության տարբերակը, սակայն, եթե նախկինում ՀՀԿ-ն, այսպես ասած, կոալիցիայի համար վճարում էր պորտֆելներով, իշխանական կարկանդակի մի մասով, ապա ինչո՞վ կարող է վճարել այժմ, որպեսզի ՀՅԴ-ն իր քաղաքական ճակատագրի հաշվին գնա ՀՀԿ-ի հետ այդօրինակ պայմանավորվածության:

ՀՅԴ այս քայլն, իհարկե, առավել հատկանշական է Նիկոլ Փաշինյանի օրերս Լիբանան կատարած այցի ֆոնին, որտեղ նա շարունակել էր դեռևս Ազնավուրի հուղարկավորության առիթով Փարիզում գտնվելու ընթացքում սկսված քննարկումները ՀՅԴ սփյուռքյան ներկայացուցիչների հետ: Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ-ն դիտարկում է այլևս այդ կտրվածքով, այդ մասշտաբով և հայաստանյան ղեկավարությանը նայում լոկ այդ օղակի մեջ, ինչն էլ չի բավարարել հայաստանյան առաջնորդներին: Նրանք մի քանի փորձ արեցին Փաշինյանի հետ պայմանավորվելու, սակայն դա չստացվեց և մեկ աջակցելու, մեկ ընդդիմանալու այդ զիգզագը, այսպես ասած, ավարտվեց ՀՅԴ ղեկավարության համար տխուր նոտայի վրա: Այստեղ, իհարկե, հարց է՝ հայաստանյան ղեկավարությա՞ն, թե՞ ՀՅԴ համար ընդհանրապես, որպես Հայաստանի քաղաքական ուժ: Սա կախված է, իհարկե, այն հանգամանքից, թե արդյո՞ք ՀՅԴ ներսում որևէ մեկին կհետաքրքրի այն, ինչ արեց կուսակցությունը կամա, թե ակամա երեկ խորհրդարանում՝ վնասելով, ընդ որում, միայն ու միայն ինքն իրեն:

Պետք չէ, իհարկե, բացառել նաև, որ տեղի ունեցածը ՀՅԴ ներսում արդեն իսկ սկսված խմորումների վկայություն էր, իհարկե՝ նաև հնարավոր արտաքին ճյուղավորումով: Իսկ այդ տիրույթում կարող է լինել ոչ միայն ՀՀԿ-ն, այլ, օրինակ, նաև Ռոբերտ Քոչարյանը: Ի վերջո՝ կուսակցություն ստեղծել պատրաստվող Քոչարյանի համար ներկայումս մրցակից են բոլոր ուժերը անխտիր, և ոչ միայն Նիկոլ Փաշինյանը և նույնիսկ գուցե ոչ այնքան Նիկոլ Փաշինյանը:

Հեղինակ՝ Արամ Ամատունի
 
 
 

 

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Երեւան եւարված 

հայտարարությունները մի շարք հարցեր առաջացրեցին: Այս եւ առաջիկա ՀՀ արտահերթ խորհրդարանական

 ընտրությունների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՌԴ Պետդումայի ԱՊՀգործերով« եվրասիական 

ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ:

«ԲՈԼԹՈՆԻ ԿՈՉԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՈՒՄ ԿԼԻՆԵՐ»

– Պարոն Զատուլին, Բոլթոնն իր երեւանյան այցի ժամանակ հայտարարեց, թե ամերիկյան զենքն ավելի լավն է, քան ռուսականը: Ըստ էության, առաջարկելով Հայաստանին ամերիկյան սպառազինություն: Ի՞նչ կասեք այս մասին:

–Ջ. Բոլթոնի այցն Անդրկովկաս` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, անխոս ուղեկցվում էր գովազդով տարածաշրջանում ամերիկյան կառավարության ադիմինիստրացայի ուժեղացմամբ եւ իրենց հնարավորություններով` որպես գերտերություն: Տարօրինակ կլիներ հուսալ, որ Բոլթոնը գալիս է Հայաստան` պաշտպանելու հայ-ռուսական կապերը, նա եկել էր առաջարկելու իր ապրանքը: Սա Հայաստանի գործն է, օրինակ, ի վիճակի՞ է այսօր գնել ամերիկյան զենք այն պայմաններով, որով նա ձեռք է բերում կամ ստանում է Ռուսաստանից: Դրանք շատ տարբեր են: Անձամբ հետեւելով ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությանը` կարծում եմ` այս հարցում մեծ հեռանկարներ չկան: Ընդ որում` առաջին հերթին ֆինանսական եւ երկրորդ` քաղաքական պատճառաբանությամբ:

– Սա միակ առաջարկը չէր պարոն Բոլթոնի կողմից: Կոպիտասած, նա Հայաստանին առաջարկում էր հայ-իրանական հարաբերությունները փչացնել` խոստանալով բացել սահմանները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այս ամենն ի՞նչ վտանգներով էհղի:

–Կարծում եմ` Հայաստանում ի վիճակի են այդ ամենը գնահատել, որոշ քաղաքական գործիչներ արդեն իսկ խոսել են այն մասին, որ ԱՄՆ-ի կոչը նշանակում է, որ Հայաստանը միանա հակաիրանական ճամբարին, երբ հարցը վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը: Սակայն, ժամանակակից Հայաստանի համար ինքնախարազանում կլիներ արձագանքելը Բոլթոնի կոչերին եւ խնդիրներ առաջացնելը հայ-իրանական սահմանին, այդ թվում` ապրանքների փոխադրման  եւ այլ հարցերում: Ակնհայտ է, որ  այսօր, գտնվելով երկու կողմից` Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակման մեջ, չարաշահել Իրանի հետ հարաբերությունները, ուղղակի, անբնական կլինի յուրաքանչյուր առողջ դատող հայ քաղաքական գործչի կողմից:

«ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՈՉ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

-Բոլթոնը Հայաստանին նաեւ կոչ արեց հրաժարվել «պատմական կաղապարներից»: Ի՞նչ է ակնարկում ամերիկյան պաշտոնյան:

–Սա ուղիղ կապ ունի ԱՄՆ-ի այն ցանկության հետ, որը վերաբերում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին: Այսինքն` թողեք անցյալում խոսակցությունները Ցեղասպանության մասին, դրա ճանաչման գործընթացն աշխարհում եւ եկեք լուծենք այլ հարցեր: Սակայն սա դեռ ամենը չէ, ինչպես գիտեք, պարոն Բոլթոնը ակնարկեց, որ մեծ վարկանիշ ունի այսօր Հայաստանում գործող վարչապետն ու կարող է թույլ տալ իրեն հատուկ որոշումներ կայացնել Արցախի հարցում: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա առթիվ Հանրապետության հրապարակում հնչեցված իր ելույթի վրա, որտեղ նա ասել է, որ երբեք Արցախի հարցում որեւէ որոշում չի լինի` առանց խորհրդակցելու ժողովրդի հետ եւ հաշվի առնելու Արցախի կարծիքը` իրենց ճակատագրի հարցում: Այդուհանդերձ, Բոլթոնն արտահայտում է ամերիկյան կառավարության ադմինիստրացիայի հույսերը, եւ ակնհայտ է, որ նրանք կարծում են, որ Հայաստանում հեղինակություն ունեցող այսօրվա իշխանությունները կարող են ընդունել որոշումներ, որոնք նախորդ իշխանությունները չէին կարող, հատկապես Արցախի հարցում: Բավականին վտանգավոր իրավիճակ է, եւ հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչպես արձագանքի այն ազդանշանին, որով ձեր հեղինակություն վայելող իշխանությանը հրավիրում են ոչ հեղինակավոր գործողությունների: Միայն կարող եմ ասել, որ նախկին շատ քաղաքական գործիչներ, որոնք, հենվելով իրենց հեղինակության վրա, ոչ հեղինակավոր քայլերի են գնացել, հետո մեծ ցավ են ապրել ու մնացել են սեփական մատները կրծելով:

«ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐԶԵԼԸ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ԲԵՐԻ»

– Անդրադառնանք նաեւ առաջիկա հնարավոր ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հետաքրքիր է` ունե՞ք մտավախություն, որ այս անգամ Ազգային ժողովում կարող են հայտնվել այնպիսի հակառուսական ուժեր, որոնք կրկին կբարձրացնեն Հայաստանի` ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը:

–Չունեմ մեծ մտահոգություն, որովհետեւ այնպիսի առողջ դատող ժողովուրդ, ինչպիսին հայերն են, ի վիճակի են իրենք իրենց վնաս չհասցնել` չընտրելով ԱԺ պատգամավորների, որոնք կխարխլեն Հայաստանի անվտանգությունը: Իմ կարծիքով` ՌԴ-ի հետ հարաբերությունները նախեւառաջ կարեւոր են անվտանգության առումով: Ես ուզում եմ հավատալ, որ հայերն ի վիճակի են ընդունել ճիշտ որոշումներ: Իհարկե, կան տարբեր մարդկանց կարծիքներ այս հարցում, բայց այն, որպես կանոն, շուտ անցնում է: Քաղաքական ուժերից, որոնք այս հարցն այսօր փորձում են զարգացնել, օրինակ, «Սասնա ծռերն» են: Ասում են` իրենք հնարավորություն ունեն ԱԺ մտնելու, հույսով եմ, որ դա տեղի չի ունենա, բայց մենք շատ ուշադիր վերլուծում ենք այն, ինչ կատարվում է Հայաստանում: Մենք եզրակացություններ ենք անում հայտարարություններից եւ իրական գործողություններից, որովհետեւ միշտ չէ, որ հրապարակային մտադրությունները եւ հայտարարությունները համընկնում են իրական քաղաքականության հետ: Այս առումով համաձայնեք, որ մենք շատ քիչ ժամանակ ունեինք, որպեսզի վստահ լինենք, որ ներկայիս հայաստանյան իշխանություններն իրենց խոսքով ու գործով չեն տարբերվում իրարից: Եվ սա է այսօր գլխավոր հարցը հայ-ռուսական հարաբերություններում: Որքան էլ ասես` հալվա, հալվա, դրանից բերանդ չի քաղցրանա: Հայ-ռուսական հարաբերությունների լավ լինելը պետք է գործով ապացուցվի` տարբեր ոլորտներում հետաքրքրություն ցուցաբերելով ու զարգացնելով: Եվ վերջում` ուզում եմ ընդամենը մի խորհուրդ տալ Հայաստանին. աշխարհաքաղաքական այս ծանր վիճակում ներքաղաքական հաշիվները երկարաժամկետ պարզելը ոչ մի լավ բանի չի բերի: Այո, ՌԴ-ում էլ կան քաղաքական գործիչներ, ովքեր հայ-ռուսական հարաբերությունների փոխարեն, նախընտրում են զարգացնել ռուս-ադրբեջանական հարաբերուղթյունները եւ բարձրաձայնում են այդ մասին: Ցավոք, վերջին ամիսներին ստեղծված իրավիճակը հաստատում է նրանց ասածը, որ Հայաստանը կարող է դառնալ ոչ վստահելի գործընկեր: Բայց ես, լինելով սկզբունքային պաշտպանը հայ-ռուսական հարաբերությունների, ուզում եմ ունենալ բավարար փաստեր` նրանց հետ բանավիճելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժին՝ Հայաստանում

ԱՄՆ  նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի Երեւան կատարած այցի առիթով հնչած տեսակետների մեկնաբանությունները առատ են: Միջազգային անդրադարձը առաւելաբար Իրանի մեկուսացման քաղաքականության ընդհանուր շրջագծում շարունակում է դիտարկել հարցը եւ կարեւորել Բոլթոնի՝ Իրանի սահմանակից երկրներում ամերիկյան գործոնի ազդեցիկության բարձրացումը։

Իրանի մեկուսացման օրակարգը հիմնական առաջադրանքներից լինելով հանդերձ՝ հայտարարություններում կային անշրջանցելի առանցքներ։

Արցախյան հակամարտության հանգուցալուծման պատկերացումը Բոլթոնը կապում էր ՀՀ-ում ստեղծված նոր հանգամանքների հետ եւ հստակեցնում, որ դա պիտի դառնա բանալի՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացման:

Այս հարցով օրինաչափ էր վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի արձագանքը`  կարեւոր հավելումով։ Նա վերստին բանաձեւեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` լուծման որեւէ տարբերակ բացառելով առանց ՀՀ-ի եւ Արցախի ժողովրդների համաձայնության (նաեւ` Արցախի իշխանությունների): Կարեւոր հավելումը այս դեպքում համայն հայ ժողովուրդն է. վարչապետի պաշտոնակատարը հստակեցրեց, թե որովհետեւ խնդիրը համահայկական տարողություն ունի, անհրաժեշտ է ստանալ նաեւ սփյուռքի համաձայնությունը։

Սփյուռքահայությունը, ի տարբերություն Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում ապրող ժողովրդի, կամարտահայտության դրսեւորման առումով այս դեպքում չունի հանրաքվեի կազմակերպման ոչ նախադեպը, ոչ էլ իրավական իմաստով դա անցկացնելու հնարավորությունը։ Ներկա պահի դրությամբ՝ սփյուռքահայություն հասկացությունում ներառվում են դասական կառույցներն ու համահայկական տվյալ ծրագրի իրականացման համար նկատի առնվող անհատ սփյուռքահայերը, որոնք խորհրդատվական գործառույթներով հրավիրվում են պետության կողմից կազմակերպված խորհրդաժողովների։

Սփյուռքահայության դերակատարության խորհրդատվական բնույթից իրավական անցումի առաջադրանքը արծարծվեց վարչապետի պաշտոնակատարի՝ Լիբանան այցի առիթով տարբեր ձեւաչափերով կայացած հանդիպումների ընթացքում:

Փաստորեն, նախադեպային կառույցները` «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական եւ տարածաշրջանային հանձնաժողովները, սփյուռքի նախարարությանն առընթեր գործած մասնագիտական ոլորտների համաժողովները, ըստ էության, կարեւոր հարթակ լինելով եւ համահայկական օրակարգեր քննարկելով, չունեին իրավական լիազորություն եւ գործառույթ մասնակից լինելու որոշման գործընթացներին: Քննարկման մեկնարկի շրջագծում գտնվող համազգային խորհրդի սահմանումը եւս կենտրոնացել էր սփյուռքահայության գործոնի խորհրդատվական գործառույթների վրա:

Լիբանանյան խորհրդակցությունների ընթացքում արծարծվեց համահայկական օրակարգ ձեւաւորելու եւ դրան առընթեր նախապատրաստվելու ընդգրկուն կառուցակարգի նախագծի կարեւորությունը: Այնպես սակայն, որ դա տեղի չտա նոր խնդիրների, բաժանարարության եւ փոխանակ, թեկուզ սահմանափակ լիազորություններով համախմբվող հարթակները զարգացնելու, չնվազեցնի որոշակի առումով կայացած գործոնի ազդեցիկությունը:

Խոսքը, հեռահար կտրվածքով, իհարկե, վերաբերում է ԱԺ-ի երկպալատ դրությանը: Այդ հնարաւորությունն է, որ սփյուռքահային, իրաւական ասելաձեւով, ՀՀ-ի սահմաններից դուրս ապրող քաղաքացուն է տրվում ոչ միայն առաջադրելու-առաջադրվելու, այլ նաեւ իբրեւ պատգամավոր մաս կազմելու ՀՀ ԱԺ-ի հատուկ պալատում, որը կքննարկի համահայկական տարողություն ունեցող օրակարգեր:

Ուրեմն, նախ ձեւաւորել համահայկական օրակարգը եւ առընթեր պատրաստել նախագիծ` հանգրվանային քայլերով ապահովելու սփյուռքահայության իրավական լիազորությունները` մասնակից դառնալու համահայկական օրակարգերի քննարկմանն ու որոշմանը:

Անկախ դրանից, որ նման նախապատրաստությունը երկար ճանապարհ է ենթադրում, պետք է նկատել նաեւ, թե երկպալատ դրության հաստատումը միայն կարող է իրականանալ սահմանադրական փոփոխությամբ, իսկ սահմանադրական նման հիմնական փոփոխությունն ինքնին` հանրաքվեով:

Անորոշ բաժինը նաեւ այն է, որ սփյուռքահայ հասկացությունը պե՞տք է ընկալել ՀՀ սահմաններից դուրս ապրող ՀՀ քաղաքացիներ, թե՞ ընդհանրապես սփյուռքահայ ժողովուրդը, որի ժողովրդային կամարտահայտության կազմակերպումն արդյունքի իրացումը դժվար է պատկերացվում։ Առաջինի դեպքում ավելի հստակ պատկերացում է գոյանում. ՀՀ սահմաններից դուրս ապրող քաղաքացիները դեսպանությունների միջոցով կմասնակցեն հանրաքվեին:

Համենայնդեպս, կարեւորը այն է, որ պաշտոնապես հայտարարվում է, թե Արցախի հարցի լուծման ներկայացվող որեւէ տարբերակ անհրաժեշտ է, որ ապահովի ՀՀ ժողովրդի, Արցախի  իշխանությունների եւ ժողովրդի, ինչպես նաեւ սփյուռքահայության համաձայնությունը։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժին՝ Հայաստանում
Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2018 22:01

Ովքեր էին Շառլ Ազնավուրի ծնողները

Պապը՝ Միսակ Ազնավուրյանը Թբիլիսիի գլխվոր կառավարչի անձնական խորհրդատուն էր:
Հայրը՝ Մամիկոն Միսակի Ազնավուրյանը ծնվել է Ախլցխայում: Դերասան էր, <<Կովկաս>> ռեստորանի կառավարիչ (Փարիզ):
Մայրը՝ Քնար Կարապետի Բաղդասարյանը արմատներով Էլզրումից էր: Դերասան էր և դերձակ: Նրա ծնողները նահատակվել են 1915 թ.:
1932 թվից Շառլի ծնողները անդամակցել են կոմունիստական կուսակցությանը:
1946 թվին ստացել են սովետական անձնագիր և ցանկացել են հայրենադարձվել:
1924 թվի մայիսի 22-ին Փարիզում ծնվել է ՇԱՌԼԸ՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը:
Նրանց ընտանիքը Փարիզում մշտապես աջակցել է Կարմիր բանակայիններին:
Ֆրանսիայի ազգային հերոս, Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդ, Ֆրանսիայի կոմկուսի անդամ ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԸ Ազնավուրյանների տան մշտական հյուրն է եղել: Երբ Մանուշյանը ձերբակալվել և 1944 թվին մահապատժի է ենթարկվել ֆաշիստների կողմից, Ազնավուրյանները աջակցել են նրա կնոջը՝ Մելինե Մանուշյանին:
Սովետական Հայաստանի հիմնադրման 50 ամյակին Շառլի հայրը՝Մամիկոն Ազնավուրյանը շնորհավորել է .<<Հայ աշխատավոր ժողովրդին, ինչպես նաև անոր աչալուրջ ղեկավարներուն>>:

Բաժին՝ Մշակույթ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ Հայաստանում գործազրկությունը կազմում է 20%։ Որոշ աղբյուրներ նշում են, որ այդ թիվը հասնում է 30%-ի: Ամենայն հավանականությամբ իրական թիվը գերազանցում է 30%-ը։
Գործազրկությունն առավել շատ է հասարակության որոշ խմբերի շրջաններում, օրինակ կանանց, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, մարզերի բնակիչների, բարձրագույն կրթություն չունեցող անձանց: Սա մեծ խնդիր է․ բոլորը գիտեն դրա մասին, բոլորը այս կամ այն չափով զգում են դրա հետևանքները։

Անդադար լսում ենք, որ պետությունը գործազրկության խնդիրը միշտ դասում է առաջնահերթությունների շարքին՝ «ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ հայտարարում ենք, որ այս խնդիրը լուծել է պետք»: Իսկապես և՛ քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերում, և՛ կառավարության ներկայացրած բոլոր տարիների ծրագրերում կարմիր գծի նման նկատվում են «տնտեսության զարգացման և գործազրկության հաղթահարման» խոստումները/նպատակները։

Հաճախ պետությունը ապավինում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը ու ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման, ներդրողների շահերը պաշտպանելու, արտոնություններ տրամադրելու մեջ է տեսնում տնտեսական ակտիվացման բանալին։ Ամեն ինչ ինքնակարգավորվող է, եթե «Շուկան» արդար է ու ամենակարող, իսկ դրա համար անհրաժեշտ են պայմաններ։

Այդ պայմանները ստեղծելու համար ամենաարդյունավետն է համարվում նոր-ազատական (նեո-լիբերալ) գաղափարախոսության ու համապատասխան տնտեսական քաղաքականության իրականացումը (համենայն դեպս ինչ-որ մասնագետներ մեզ ասում են, որ ամբողջ աշխարհում այդպես է)։

Չնայած այն հանգամանքին, որ այս գաղափարախոսությունն 90-ականներից սկսած անընդհատ համոզում է մեզ, որ այն շահագրգռված է ստեղծել աշխատատեղեր հազարավոր մարդկանց համար, նպաստել մեր կենսամակարդակի աճին, բոլորիս կյանքն էլ ավելի լավը դարձնել և այլ նմանատիպ էսթետիկ ու հաճելի բաներ, դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, կամ ավելի ճիշտ կլինի ասել, որ ժամանակի ընթացքում այս պնդումները բացահայտվեցին որպես քողարկված կեղծիքներ։

Փորձենք հասկանալ, թե ինչու։


Աշխատանքային իրավունքներ ու արժանապատիվ աշխատանք

Կապիտալն անընդհատ ընդլայնվում է ու ճյուղավորվում։ Ընդլայնվելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար հարկավոր է կարողանալ նվազագույն ծախսերով ապահովել առավելագույն շահույթ։
Ընդհանրապես, կապիտալիզմի ամենածեծված կարգախոսներից է «շատ աշխատել՝ շատ վաստակել», սակայն այս տրամաբանությունը չի աշխատում, քանի որ իսկապես ընդլայնվելու համար ուշ, թե շուտ կապիտալը սկսում է հիմնվել մարդկային և բնական ռեսուրսների շահագործման վրա՝ կուտակելով ամբողջ շահույթը շահագործողի գրպանում։ Իրականում ստացվում է «քիչ աշխատել՝ շատ վաստակել (ուրիշների հաշվին)»։

Իսկ շահագործել նշանակում է խախտել մարդկանց աշխատանքային իրավունքները, որն էլ կարող է տարբեր ձևերով արտահայտվել, օրինակ՝ կատարած աշխատանքի դիմաց չվճարել կամ վճարել ավելի քիչ, քան աշխատանքի իրական արժեքն է, չկնքել աշխատանքային պայմանագրեր, շարունակական ուշացնել աշխատավարձերը, չվճարել արձակուրդայինները, անտեսել աշխատանքի անվտանգության պայմանները, տարիներ շարունակ չբարձրացնել աշխատավարձերը ու չկատարել օրենքով նախատեսված այլ պահանջներ, որոնք ենթադրում են հավելյալ ծախս (ՀՀ-ում աշխատանքային իրավունքների խախտման հիմնական դրսևորումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար տես այստեղ

Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում եղել են և շարունակում են գործել աշխատավորների, արհմիությունների միջոցով միավորված տարբեր շարժումներ ընդդեմ շահագործման՝ արժանապատիվ աշխատավարձի և աշխատանքային պատշաճ պայմանների պահանջով։

Ցավոք, աշխատավորական հզոր շարժումներ անհնար է ստեղծել, եթե գործազրկության մակարդակը տվյալ երկրում շատ բարձր է։ Խնդիրն այն է, որ գործազուրկ մարդիկ չեն կարող մասնակցել աշխատավորական պայքարներում, քանի որ նրանք ա) ստիպված են աշխատանք փնտրել և բ) չեն հանդիսանում բուն խնդրի կրողները։

Մի կողմից գործազրկությունը խոչընդոտում է համախմբված աշխատավորական շարժումներ ձևավորելուն, և շահագործումների վերացումը դառնում է էլ ավելի բարդ գործընթաց, որի համար հիմնական պատասխանատվությունն ընկնում է անհատի վրա․ անհատն է ստիպված լինում դատարանի կամ այլ պետական մարմինների միջոցով տեր կանգնել իր խախտված իրավունքերին։

Իսկ մյուս կողմից գործազրկության բարձր մակարդակը գործում է ի շահ գործատուների, քանի որ երբ կան մեծ թվով գործազուրկներ, հնարավոր է թելադրել սեփական պայմանները, աշխատավարձի չափը և այլն։ Գործազուրկներն էլ իրենց հերթին ստիպված են լինում ենթարկվել աշխատաշուկայի կանոններին և պատրաստ են անցնել ցածր վարձատրվող աշխատանքի։

Հասկանում ենք, որ գործազրկության հաղթահարումը չի բխում խոշոր կապիտալի շահերից, քանի որ գործազրկության բարձր մակարդակը այն անհրաժեշտ պայմաններից է, որ թույլ է տալիս կառավարել աշխատանքային շուկան։


Արա այսպես, արա այնպես

Կապիտալիզմի պայմաններում աշխատանքի հետ կապված ամենախնդրահարույց կետերից մեկն այն է, որ գործատուն աշխատողների գործողությունները թելադրելու անսահմանափակ «իրավունք» ունի։

Այսինքն, գործատուն առաջարկում է իր պայմանները, և եթե մենք որպես վարձու աշխատող համաձայնվում ենք այդ պայմաններին, ապա (լավագույն դեպքում) կնքվում է պայմանագիր, և մենք ստանում ենք աշխատավարձ՝ այդ պայմանները և գործողությունները կատարելու դիմաց։ Հաճախ այդ պայմաններն ու գործողությունները հստակ չեն։ Անցնելով աշխատանքին և որոշ ժամանակ անցկացնելով այդտեղ՝ հասկանում ենք, որ իրականում պարտականությունների և գործողությունների սահմանները լղոզված են, և մենք կատարում ենք ավելին, քան նախատեսված է պայմանագրով։

Կան դեպքեր, երբ գործատուները որոշ ինքնուրույնություն են թույլ տալիս աշխատողներին, սակայն խնդիրն այն է, որ այդ ինքնուրույնությունը կարող է չեղարկվել ցանկացած պահի՝ ըստ գործատուի պահանջի։ Արդյունքում աշխատանքը հիմնված չի լինում վստահության վրա, այլ նմանվում է հիերարխիկ՝ վերևից ներքև հրամանների կատարմանը։


Ուզում եմ տուն գնալ

Կապիտալիզմի այլ խնդրահարույց կետերից մեկը 8-ժամյա (և ավելի) աշխատանքային օրվա կոնցեպտն է։

Որոշ զարգացած երկրներում այն սկսում է վերանայվել, և անցում է կատարվում դեպի 6-ժամյա աշխատանքային օրվա։ Այս անցման պատճառներից ամենագլխավորն այն է, որ 09.00–18.00-ը աշխատանքային ժամերը բացասական ազդեցություն ունեն, քանի որ ժամանակի վրա հիմնված աշխատանքը (time-based workflow) նախ դանդաղեցնում է մեր ինքնազարգացումը՝ առօրյա հոգսերի հետ միասին «09.00–18.00-ը» ժամանակ չի թողնում զբաղվել զարգացնող գործողություններով, օրինակ՝ գիրք կարդալ, սպորտով զբաղվել և այլ նախասիրությունների ժամանակ հատկացնել։ Սա բռնություն է անձի ազատության նկատմամբ։

Իսկ մեկ այլ պատճառն էլ այն է, որ 09.00–18.00-ի պայմաններում մենք հնարավորություն չենք ունենում իրագործել մեր ներուժն ամբողջությամբ, որը միգուցե ավելի հնարավոր կլիներ իրականացնել առաջադրանքների վրա հիմնված աշխատանքի (task-based workflow) պայմաններում, այսինքն եթե իրականացրել ենք առաջադրանքը, ապա ստիպված չենք «ժամանակ սպանել» աշխատավայրում, ինքներս ենք կառավարում մեր ժամանակն ու ազատությունը, իսկ այն գործողությունների իրականացումը, որը մեզանից կպահանջեր, օրինակ, 1 ժամ, չէր տևի 3 ժամ կամ ավելի։

Իհարկե, միշտ կարելի է հրաժարվել և դուրս գալ այն աշխատանքից, որի պայմանները մեզ ձեռք չեն տալիս կամ կաշկանդող են թվում։ Սակայն աշխատանքից հրաժարվելը նոր-ազատական տնտեսական քաղաքականության պայմաններում շքեղություն է, որը կարող են թույլ տալ կամ խիզախ աշխատավորները կամ արտոնյալ սոցիալական պայմաններում ապրող մարդիկ։

Ավելին, կարծես ցանկացած գործատուի նման, ով կարող է մեզ ասել՝ «չեք ուզում, գնացեք ուրիշ տեղ աշխատեք․ դռները բաց են», ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածը մեզ ասում է, որ «յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»: Այսինքն, պետությունը իր վրա սահմանադրական պատասխանատվություն է վերցրել ոչ թե աշխատանքի իրավունքի ապահովումը, այլ աշխատանքի ազատ ընտրության իրավունքի ապահովումը, որը այսպես թե այնպես իր փոխարեն անում է անկաշկանդ նոր-ազատական աշխատանքային շուկան իր գործատուներով։

Աղբյուրը՝ medium.com


Վերջիվերջո ի՞նչ անել

Այս հարցի պատասխանն ինձ համար միշտ շատ պարզամիտ է հնչում, բայց պետք է հասկանալ, որ այս հարցին հնարավոր չէ տալ համընդհանուր գործող պատասխան․ չկա մեկ բանաձև, որը կվերացնի բոլոր խնդիրները։ Կարող ենք խոսել մեր ընկերների ու գործընկերների հետ, հասկանալ ընդհանուր բողոքները, փորձել գտնել մարդկանց, ովքեր նույն խնդիրների կրողներն են, մեր ձայնը լսելի դարձնել, գտնել պայքարի գաղափարական հիմքեր։

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ աշխատանքային (և ոչ միայն աշխատանքային) շահագործումը կանխելու և վերացնելու համար հարկավոր է լինել սոլիդար միմյանց նկատմամբ, համախմբվել, միավորվել և պայքարել։ Իսկ պայքարի դուրս գալու անձնական պատճառները խիստ կարևոր ու արժեքավոր են։

Նոր-ազատական գաղափարախոսությունը սկսել է ցույց տալ իր իրական էությունը, մարդիկ սա նկատում են և մենք դրա ականատեսն ենք. կարող ենք օգտվել այս հնարավորությունից՝ վերականգնելու համար սոցիալական արդարությունը։

Արդարության մասին պատկերացումներն, իհարկե, տարբեր են, բայց մի հանրությունում, որտեղ սոցիալական արդարությունն ամրագրված է սահմանադրության մեջ և որտեղ 2018թ. կառավարության ծրագրով նպատակ է սահմանվել «քաղաքացիների արժանապատվության ու երջանկության համար նպաստավոր պայմանների ստեղծումը», կարծում էի՝ պրոգրեսիվ հարկման համակարգից անցումը համահարթ համակարգի անգամ չէր էլ կարող օրակարգ մտնել: Ինչո՞ւ:

Փաստ է, որ ավելի քիչ եկամուտ ունեցող մարդիկ ստիպված են լինում իրենց եկամտի հիմնական մասնաբաժինը ծախսել առաջին անհրաժեշտության կամ գոյատևման ծախսերի համար՝ վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, տան վարձակալության վճար տալ, գնել սնունդ և հիգիենայի պարագաներ, եթե տանը կան երեխաներ կամ ոչ աշխատունակ անձինք, ապա հոգալ նաև նրանց սննդի, հագուստի, ուսման հետ կապված ծախսերը… հնարավոր առողջապահական ծախսերի մասին նույնիսկ չխոսենք, քանի որ ցածր եկամուտ ունեցողներից շատերը նաև լուրջ առողջական խնդիրներ են ունենում, որոնց բուժման հնարավորություն հաճախ երբեք էլ չեն ունենում: Եթե ցածր եկամուտ ստացողի համար առաջնային անհրաժեշտության ծախսերը կարող են կազմել ամբողջ եկամտի 70–100%-ը, ապա բարձր եկամուտ ունեցողների համար այս ծախսերը կարող են կազմել, ասենք 5%, 15% կամ 30%: Ակնհայտ է, որ ամսական 100.000 դրամ եկամուտ ունեցողը 20.000 դրամ վճարելու պարագայում ավելի շատ բան է կորցնում, քան ամսական 1 միլիոն դրամ եկամուտ ունեցողը նույնիսկ 500.000 դրամ հարկվելու դեպքում. վերջինը ամեն պարագայում կունենա գոյության համար անհրաժեշտ նվազագույնից բազմակի ավելին:

Պրոգրեսիվ հարկման համակարգ ընդունելով՝ կառավարություններն ու հանրությունները գոնե հաստատում են իրենց մտադրությունն առ այն, որ ձգտում են իրենց առավել խոցելի անդամներին հնարավորություն տալ ոչ միայն հոգալու գոյատևման ծախսերը, այլև, օրինակ, օգտվելու մշակութային, առողջապահական, կրթական, հանգստի և այլ իրավունքներից: Բարձր եկամուտ ունեցողները գուցե չորս մեքենա ունենալու փոխարեն երեքը կարողանան գնել, կամ Կուբայում արձակուրդ անցկացնելու փոխարեն ստիպված լինեն Հունաստան գնալ, բայց սրանք համեմատելի չեն տունը ջեռուցելու, հագուստի կամ սննդի կարիքների հետ: Հայաստանի բնակչության գրեթե 30%-ն ապրում է աղքատության շեմից ներքև, իսկ մնացած բնակչության գերակշխիռ մասն էլ ապրում է այս շեմից ոչ շատ վերև… Հայաստանում եկամուտների անհավասարությունը ցույց տվող Ջինիի գործակիցը շատ բարձր է, այսինքն հարուստների ու աղքատների միջև եկամուտների տարբերությունը շատ մեծ է և անկախության գրեթե 30 տարիների ընթացքում շարունակաբար մեծացել է… ուրեմն պարզ է, թե ում շահերից է բխում համահարթ հարկման համակարգի ներդրումը. այն հարուստների, ովքեր պատրաստվում են ավելի հարստանալ աղքատացող աղքատների հաշվին:

Ոմանք պնդում են նաև, որ մարդիկ հարստանում են իրենց ծանր աշխատանքի և կրթության մեջ կատարած ներդրման հաշվին, ուստի նրանք չպետք է սոլիդար լինեն հանրության մյուս անդամների հետ ու վճարեն նրանց համար: Սակայն սա ճիշտ չէ. մեր ստացած եկամուտների չափը գրեթե բոլոր դեպքերում կապված է ոչ թե մեր արդար քրտինքի կամ աշխատասիրության, այլ մեր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների հետ՝ թե ինչ ընտանիքում ենք ծնվել, երբ ու որտեղ ենք ծնվել, ինչ սեռի ենք ծնվել, ինչ ֆիզիկական ու մտավոր կարողություններով և այլն… դրանից ելնելով՝ ինչ տեխնոլոգիական նվաճումներից ենք կարողացել օգտվել, ինչ կրթություն ենք կարողացել ստանալ, խաղաղ պայմաններում ենք ապրել թե, օրինակ, պատերազմական տարածքից կամ էթնիկ զտումներից փախստական ենք և այլ: Լրիվ նույն աշխատանքի համար, լրիվ նույն որակավորումն ունենալով՝ Հայաստանում կանայք ստանում են շուրջ 40%-ով ավելի պակաս աշխատավարձ. միմիայն սեռով ու դրա հետ կապված կարծրատիպերով պայմանավորված: 1970–80-ականներից առաջ ծնվածներն ավելի դժվարությամբ են տիրապետում համակարգչային հմտություններին, ավելի քիչ գիտեն այսօր պահանջվող լեզուներն ու մասնագիտությունները… ուղղակի որովհետև ուրիշ ժամանակներում են ծնվել: Բանվորը, մատուցողը, դասախոսը, գիտաշխատողը, արվեստագետը, խաղողագործը վճարվում են բազմակի ավելի քիչ, քան, ասենք, ծրագրավորողը կամ բանկային ոլորտի աշխատողը, ուղղակի որովհետև «շուկայում գներն այդպիսին են»:

Ցածր եկամուտ ունեցողներին քիչ հարկելը և անգամ ընդհանրապես չհարկելը բխում է մարդկանց երջանկությանը նպաստելու ձգտումից, սիրո և համերաշխության սկզբունքներից, որոնք հռչակվել են նոր կառավարության կողմից: Պրոգրեսիվ հարկման համակարգը գոնե ցույց կտա, որ կառավարությունը մտադիր է հարգել իր իսկ հռչակած արժեքները:

Աղբյուրը՝ medium.com

Բրազիլիայի Ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ջուլիանո Կորտինհասը  teleSUR- ի հետ հարցազրույցում խոսեց տնտեսական մոդելների մասին`Բրազիլիայի ընտրողների առջև ծառացած: Բրազիլացիները քվեարկելու են կիրակի, հոկտեմբերի 28-ին իրենց հաջորդ նախագահի համար, երկու տարբերակները չեն կարող ավելի հեռու լինել միմյանցից: Սրանք եղել են լատինաամերիկյան ամերիկացիների ամենալավ բրազիլացի նախագահական մրցավազքներից մեկը, մի կողմից `Ջեյմ Բոլսոնարոն, նախկինում գործող նախկին բանակի կապիտան, որը գովերգում է անցյալ դիկտատուրաններին եւ շամպինների նեոլիբերալ տնտեսական մոդելը երկրի համար: Մյուս կողմից, Ֆերնանդո Հադդադը՝ աշխատավորական կուսակցության (ՊՏ), պրոֆեսոր եւ Սան Պաուլոյի նախկին քաղաքապետ եւ կրթության նախկին նախարար՝ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան է, ով ավելի արդար եւ հավասար Բրազիլիա է նախատեսում:

Տնտեսական պայմանների հիման վրա Ժայիր Բոլսոնարոյի առաջարկը արմատավորված է նեոլիբերալ օրակարգում, այն բանից հետո, երբ չընտրված նախագահ՝ Միշել Թեմերի կողմից իրականացվող քայլերը  Բրազիլիային հասցրել են տնտեսական ճգնաժամի, Ջուլիանո Կորտինհասը, Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Բրազիլիա (UNB), բացառիկ հարցազրույցում ասել է teleSUR- ին:

«Օրինակ` կրթության նպաստներում կան առաջարկություններ, որոնք ուղղված են նույնիսկ տարրական կրթությունից բարձրացնելուն, ինչը ինձ համար շատ անհանգստացնող է, կան առաջարկություններ, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի նախարարությանը գյուղատնտեսության նախարարության հետ, գյուղատնտեսության արտոնություն ստանալուն, ստեղծում է Ամազոնում լայն անտառահատումներ, կան առաջարկներ, որոնք վերաբերում են FUNAI (Հնդկաստանի ազգային հիմնադրամ) բյուջեների կրճատմանը, ապա նվազեցնելով բնական պաշարների քանակը »:

Մյուս կողմից, Ֆերնանդո Հադդադի  առաջարկներն են PT-ի առաջարկները, որոնք արդեն ապացուցել են, որ հարստության բաշխման հետ սերտորեն կապված տնտեսական աճի մեծ տեմպերի առաջացման կարողություն, ինչը հանգեցնում է աղքատության արագ անկմանը. PT կառավարությունների 13 տարվա ընթացքում, Բրազիլիան աղքատությունից դուրս բերեց 50 միլիոն մարդու:

Կառավարության 13 տարիների ընթացքում, Դիլմա Ռուզեֆի գլխավորությամբ, «նրանք հասել են բուհերի քվոտային համակարգի, բրազիլական հասարակության մեջ բնակչության տեղացիների  ավելացում, երկրում անհավասարության եւ աղքատության կտրուկ նվազում»:

Բոլսոնարոյի հաղթանակը կնշանակի մայրցամաքում հարստության վերաբաշխման եւ աղքատության կրճատման մեծ առաջընթացի  վերափոխում: Տարածաշրջանը վկայում է այն մասին, որ գործընթացը, որտեղ էլիտաները փորձում են վերադարձնել իրենց տարածքները մեր երկրների հասարակություններում, կարծում եմ, Բրազիլիան եւս մեկ քայլ կանի եւ մեծ նշանակություն կունենա դրա կարեւորության պատճառով », - եզրափակեց պրոֆեսոր Կորտինհասը:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք հետևյալ հղումով՝ https://www.telesurtv.net/english/news/Brazil-Election-Bolsonaros-Neoliberalism-Vs-Haddads-Progressive-Model-20181024-0029.html

 

Աղբյուրը՝ TeleSur լրատվական

Բաժին՝ Աշխարհում

2018 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրում տեղի ունեցավ Թարգմանչաց տոնին նվիրված մշակութային միջոցառում, որը նախաձեռնել էր համալիրի մշակութային բաժինը: Միջոցառմանը ներկա էին՝ Իրանում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան պրն. Արտաշես Թումանյանը և դեսպանատան մշակութային հարցերով կցորդ պրն. Էդվարդ Խաչատրյանը, ավագ քահանա Տեր Կոմիտասը, Թեմական Խորհրդի, միությունների ներկայացուցիչներ և համայնքի ավելի քան 400 անդամ: Հաղորդավարության պարտականությունն հանձն էր առել մշակութային բաժնի նախագահ տիկ. Արմիկ Խուդաբախշյանը:
Սկզբում օր. Լիլիթ Սարդարյանը և Արթին Բաղումյանը հանդես եկան ողջույնի խոսքով և հայ մշակույթի մասին պատմական ակնարկով, որից հետո սկսվեց գեղարվեստական ծրագիրը: Համալիրի երգչախումբը կատարեց չորս գեղեցիկ երգ՝ պրն. Համլեթ Խաչատրյանի ղեկավարությամբ: Չորս հիասքանչ պարով ներկայացավ նաև համալիրի պարախումբը, որի պարուսույցն ու գեղարվեստական ղեկավարն է հայաստանցի մասնագետ պրն. Արտյոմ Նալբանդյանը: Ասմունքեցին՝ Աննա Սարդարյանը, Սինթիա Ռեհանյանը, Մեղեդի Հայրապետյանը և Ադրինե Աղաջանյանը: «Արաքս» երգը իր քաղցրահունչ ձայնով մենակատարեց օր. Նարե Դարուսի: ՈՒրախ երգերով ներկայացավ նաև երիտասարդ մենակատար Քեվին Գասպարյան: Միջոցառմանը իր երանգը հաղորդեց փոքրիկ ջութակահար օր. Նուարա Շահիջանյանը:
Մշակույթի բաժանմունքի նախաձեռնությամբ, Արթին Ղարիբյանի ու Համլեթ Խաչատրյանի գլխավորությամբ միության առօրյա կյանքը ներկայացնող 11 րոպեանոց մի տեսաֆիլմ ցուցադրվեց, որը ոգևորությամբ ընդունվեց ներկաների կողմից: Ֆիլմում ներկայացված էին միության բաժանմունքների վերաբերյալ աշխատանքային պահեր ու միութենականների կողմից օրվա առիթով արված արտահայտություններ:
Այնուհետև բեմ հրավիրվեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արտաշես Թումանյանը: Նա իր խոսքում բարձր գնահատեց համալիրի կազմակերպած միջոցառումը, իր սերն ու համակրանքը հայտնեց «Րաֆֆի»-ականներին, անդրադարձավ նաև հայ մշակույթի որոշ հարցերի: Ավագ քահանա Տեր Կոմիտասը փոխանցեց ԹՀԹ-ի նախագահ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի պատգամը, որը գտնվում էր Լիբանանում: Համալիրի նախագահ պրն. Վիգեն Մանդանին շնորհակալական խոսք հղեց միջոցառման կազմակերպիչներին և ծաղիկներ նվիրեց նրանց: Համալիրի մանկական բաժանմունքի աշակերտները ուրախ երաժշտության ներքո ներկայացան բեմ ու զանազան մանկական գրքեր նվեր ստացան: Բեմի համահունչ ձևավորումը պրն. Ժորժ Հայրապետյանինն էր, Իսկ բեմի գլխավոր պատասխանատուն Արութին Շահինյանի: Համեստ հյուրասիրությամբ ավարտվեց միջոցառումը:

Բաժին՝ Մշակույթ

Այսօր ԱՄՆ-ի դեսպանատունը Իրաքում աշխարհի ամենամեծ դեսպանատունն է: Ըստ Ամերիկյան լրատվամիջոցների մինչև 2012 թվականը Ամերիկայի դեսպանատանը, Բաղդադում աշխատում էին երկու հազար դիվանագետներ ու 14 հազար պայմանագրային աշխատողներ: Ամերիկայի երկրորդ ամենամեծ դեսպանատունը արտերկրում գտնվում է Հայաստանում, որը բացվել է 2005 թվականին, ոչ ոք չեր կասկածում, որ դա ոչ թէ քաղաքական ներկայացուցչություն է այլ մի ռազմական ու լրտեսական կենտրոն: 

Յուրաքանչյուր երկրի դեսպանատուն ուրիշ երկրներում աշխատում է ըստ երկկողմանի կամ բազմակողմանի համաձայնության հիման վրա: Դրա համար հիմք է ծառայում 1961 թվականի Ժնևի միջազգային դիվանագիտական պայմանագիրը: Այդ պայմանագիրը ճշտում է դիվանագետների քանակը: Չնայած այդ քանակը կախված է նաև երկու երկրների հարաբերությունների մակարդակից ու ծավալից: Դեսպանատան տարածքը նաև կախված է դիվանագետների քանակից:
Մի գուցե ենթադրվում էր, որ Ամերիկայի դեսպանատունը Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում և ուրիշ երկրների մայրաքաղներում, որոնք Ամերիկայի արտաքին քաղաքականությունում հատուկ կարևորություն ունեն, պետք է ամենամեծ դեսպանատները լինեին: 20-րդ դարում այդպես էր, սակայն հետագայում այդ կարգավիճակը փոխվում է: Դեսպանատան համալիրը հիշեցնում է մի ամրոց, որը կարող է ինքնուրույն գոյատևել և պաշտպանված է ցանկացած հրաձգումից, ռումբերից ու հրթիռներից: Նրա պատերը երկու անգամ ավելի հաստ են նորմալից ու հատուկ նշանակությամբ են սարքվել: Ըստ Ամերիկյան լրատվամիջոցների, մինչև 2012 թվականը Ամերիկայի դեսպանատանը Բաղդադում աշխատում էին երկու հազար դիվանագետ ու 14 հազար պայմանագրային աշխատողներ, սակայն հետագայում դրանց քանակը քչանում է, բայց դեռ համարվում է աշխարհի ամենամեծ դեսպանատունը:
Ամերիկայի երկրորդ ամենամեծ դեսպանատունը արտասահմանում գտնվում է Հայաստանում: Հայաստանը մոտ 3 միլիոն բնակչություն և 29743 կիլոմետր տարածություն ունի, բնակչության տեսակետից է 136-րդ և տարածության տեսակետից 138-րդ տեղն է գրավում աշխարհում: Ըստ Հայաստանի լրատվամիջոցների, մոտ 2000 հոգի ամերիկացի դիվանագետ են աշխատում Հայաստանում, իսկ ըստ ուրիշ աղբյուրների 2500 հոգի: Այսինքն յուրաքանչյուր 1200 հայաստանցու դիմաց մեկ ամերիկացի դիվանագետ գոյություն ունի Հայաստանում: Համեմատելու համար պետք է նշենք, որ Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների քանակը 455 են ու ռուս դիվանագետների քանակը Հայաստանում 60 հոգի: Ամերիկայի դեսպանատունը Հայաստանում կառուցվել է Երևանյան լճին կից, մոտ 9 հազար հեկտար տարածության վրա: Ամերիկան այդ տարածքը գնել է Հայաստանի պետությունից 5 միլիոն դոլարով:
Ամերիկայի դեսպանատան բացումը Հայստանում կատարվել է 2005 թվականին, 14000 քառակուսի մետրի վրա և ունի 5 շենք: Շենքերի պատերի հաստությունը 50 սմ. է, որը սարքվել է ամուր բետոնից: Այդ շենքերը ունեն իրենց առանձին էներգիայի և ջրի աղբյուրները: Շենքերից մեկը հատկացված է Ամերիկայի ծովային ուժերին: 6 հոգով կատարվեց դեսպանատան բացման արարողությունը, իսկ 2013 թվականին դրա աշխատողների թիվը հասավ 800 հոգու և հետագայում ավելացավ այդ թիվը: Ժամանակին ամերիկյան մի լրագրող այսպես գրեց «Երևանում բացվեց Ամերիկայի ծովային ռազմական մի բազա»: Վաշինգտոնը ի՞նչ կարիք ուներ նման մի դեսպանատան համալիր կառուցել մի հանրապետությունում, որ ոչ ծովային ճանապարհ ունի, ոչ հարուստ հանքեր ունի և ոչ էլ կապիտալ ներդումային մեծ ծրագրեր:
Վերոհիշյալ հարցի ամենալավ պատասխանն է տալիս Ամերիկայի նախկին նախագահ Տրումենի ազգային քաղաքականության կենտրոնի գործակից և մասնագետ Դանիել Գայնորը: Նա այսպես է բացատրում այս հարցը. «Ամերիկա-Հայաստան հարաբերություններ՝ Միջին արևելքում Ամերիկան իր թշնամիների դեմ պայքարելու համար ունի գաղտնի զենքեր»: Կարգավիճակը ամենալավ բացատրությունն է այդ հարցի կապակցությամբ՝ Հայաստանը առանց ծովային ճանապարհ ունենալով, մի հանրապետություն երեք միլիոն բնակչությամբ անպայման աշխարհի ամենակոնֆլիկտավոր շրջաններից մեկում է գտնվում: Հայաստանը համընդհանուր սահման ունի Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի հետ: Հայաստանը որպես նախկին Սովետական Միության հանրապետություններից մեկը, առևտրի և ռազմական պաշտանվածության տեսակետից հենված է Ռուսաստանի վրա: Ամերիկան ունի իր բնորոշ մոտեցումները այդ հինգ երկրների նկատմամբ և հատուկ ուղի է հետևում նրանց հանդեպ և Հայաստանին համարում է որպես մի կարող լծակ՝ Ամերիկայի նպատակները այդ շրջանում առաջ տանելու համար»:
«Գաղտնի զենքեր», որին անդրադառնում է Դանիել Գայնորը, նպատակը նույն հայտնի ծրագիրն է՝ «Ամերիկայի նոր դեսպանատունը Հայաստանում»: Հենց դեսպանատան բացման ժամանակ ոչ ոք չեր կասկածում, որ սա քաղաքական ու դիվանագիտական մի դեսպանատուն չէ, այլ լրտեսական-ռազմական մի կենտրոն:
Հայաստանում տարածված է այն միտքը և կարծիքը, որ տեղական մի շարք ոչ պետական կազմակերպություններ օգնում են Ամերիկայի լրտեսության ցանցի տարածմանը երկրում: Փոքրիկ մի հանրապետությունում Հայաստանի, նման «Ոչ Պետական Կազմակերպությունների» (NGO)-ի քանակը շատ է: Ըստ Հայաստանի վիճակագրական կազմակերպության տվյալների՝ դրանց քանակը 200-ից ավել է: Ամերիկան տարեկան 250 միլիոն դոլար է հատկացնում այդ կազմակերպություններին: Հայաստանի այդ կազմակերպությունների աշխատանքները համադրվում և կազմակերպվում են Միջազգային զարգացման Ամերիկյան գործակալության՝ Աժանս, «Դեմոկրատիայի համար ազգային կենտրոնի» և «Սորոսի» հիմնադրամի միջոցով: Բացի դա, այդ հսկա դեսպանատան միջոցով կատարվում են ռադիոյի լրտեսություն սահմանակից երկրներից՝ Թուրքիա, Իրան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան և այլը:
Մի մասնագետ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մասին այսպիսի մի կարծիք է հայտնում «Իրականում Ամերիկան Հայաստանում ոչ թէ մի ավանդական դեսպանատուն, այլ մի լրտեսական կենտրոն է ստեղծել, որը հետապնդում է իր յուրահատուկ նպատակները: Այդտեղ հավաքագրում են Ամերիկային հետաքրքրող ինֆորմացիաները, դասակարգվում, խմբագրվում և ուղարկվում են ԱՄՆ-ի ինֆորմացիայի բազային և այլուր: Հայաստանում հատուկ գաղտնի նյութեր չկան Ամերիկացիների համար, ուստի այդ լրտեսական կենտրոնը դիվանագիտական ծածկույթով ամբողջ տարածաշրաջանն է թիրախ դարձնում:
Հարկավոր է նշել, որ Իրաքն ու Հայաստանը բացառիկ երևույթներ չեն Ամերիկայի «Նոր սերունդ դեսպանատների» ուղղությամբ: 2012 թվականին Ամերիկան Ուկրայնիայում նոր մի դեսպանատուն է կառուցել և բացումը կատարել: Այդ դեսպանատան տարածքը 4.5 հեկտար է, շենքների օգտավետ տարածքը 15000 քառակուսի մետր, նախատեսել էին 700 հոգի աշխատողի համար: Այսօր դա համարվում է քաղաքական ամենամեծ ներկայացուցչությունը Կիևում: Մյուս օրինակը Ամերիկայի դեսպանատունն է Մագեդոնիայում, որը ավելի փոքր երկիր է քան Հայաստանը, այդտեղ Ամերիկայի դեսպանատունը կառուցվել է 6 հեկտար քառակուսի մետր տարածքում և օգտավետ շենքային տարածքը 18000 քառակուսի մետր է: Մենք կարող ենք միայն կանխագուշակել, թէ Ամերիկացիները ինչ բնույթի աշխատանքներ են տանում այդ դեսպանատներում:

Վալենտին Կատասանոֆ,
Թարգմանեց՝ Ռուբիկ Սարդարյանը
Աղբյուր՝ www.fondsk.ru 



Բաժին՝ Աշխարհում
Չորեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2018 00:19

Մտորումներ աշխատավոր դասակարգի մասին

Արդյո՞ք ճիշտ է, որ շեշտում ենք երբեմն տեսությունների գիտական լինելու վրա, այդ թվում նաև Մարքսիստական տեսությունը որպես հեղափոխական մի տեսություն կապիտալիստական համակարգից սոցիալիստական համարգ անցնելու համար: Բոլոր տեսությունները պետք է ունակ լինեն իրենց համապատասխանացնել ժամանակի իրականությունների հետ, որովհետև այդ իրականությունները անընդհատ փոփոխության մեջ են գտնվում: Ամեն ինչ փոփոխության մեջ է, ուրեմն տեսություններն էլ, որ այդ իրականությունների ռիակցիաններն են, պետք է որ փոփոխվեն: Այստեղ երկու հարց է առաջանում՝ այս փոփոխությունների սահմանները ի՞նչքան է և այդ փոփոխության հիմքերը որոնք են: Փափոխությունների չափերը որոշվում են հենց իրականությունները, եթե դիտենք Մարքսիստական տեսությանը կնկատենք, որ դրանք մի շարք տեսություններ են, որոնք Մարքսը և Էնգելսը սահմանել են կապիտալիստական հասարակարգը բացատրելու համար, այսինքն պարզել են, թէ ինչպես է այդ հասարակարգը աշխատում, որ մեխանիզմներով և ինչպես է կյանքը ավարտվում և ինչը կփոխարինի նրան: Երբ խոսում ենք մի շարք երևույթների ու նրանց փոփոխությունների մասին, դրանք կարող են քանակային փոփոխություններ լինել որոշակի փուլի համար, և հետո ըստ դիալեկտիկական օրենքի հասնում է որակական փոփոխությունների փուլը: Սա վերաբերում է նաև կապիտալիստական հասարակարգին, ենթադրենք թէ 16-րդ դարում բուրժուազիան Եվրոպայում իշխանության հասավ և արդյունաբերական բուրժուազիան Անգլիայում առաջ եկավ ու հետո առաջացավ ֆինանսական բուրժուզաիան և բանվոր դասակարգը: Այս բոլորը համարվում են հասարակական քանակական փոփոխություններ, որոնք պայմանները ստեղծեցին հիմնական փոփոխությունները հասարակության մեջ: Բուրժուազիայի քանակական փոփոխությունները բանվոր դասակարգի զարգացման պատճառ դարձավ: Ոչ միայն բանվոր դասակարգը որպես հակակապիտալիզմի դասակարգ նրա դեմ է կանգնում, այլ այս երկու դասակարգերի հակասությունը անընդհատ զարգանում են կապիտալիզմի զարգացման հետ զուգահեռ: Այդ պայմաններում ավելանում է հարաբերական ու բացարձակ աղքատությունը: Երբ ասում ենք հարաբերական աղքատություն այսինքն փողատերերը կամ հարուստները ավելի են հարստանում և աղքատները ավելի աղքատանում: Այս երևույթը նկատելի է բոլոր կապիտալիստական երկրներում, սակայն տարբեր են նրանք, տարբեր կապիտալիստական երկրներում: Որոշ կապիտալիստական երկրներում, օրինակ Շվեդիայում և մի շարք սկանդինավյան երկրներում աղքատացումը ավելի քիչ է:
Բանվոր դասակարգը ունի ընդհանուր սահմանում, որ աշխատավարձ ստացող է և զուրկ է արտադրամիջոցներից: Սակայն մի փոքր արհեստանոցում կարող ենք նկատել, որ արհեստանոցի տերը աշխատում է բանվորի նման և շատ եկամուտներ էլ չունի, սակայն որոշ տեսանկյուներից կապիտալիստների նման է, որովհետև ինչ որ չափով վիճակը ավելի լավ է քան այդտեղի բանվորները և կյանքի մակարդակը ավելի բարձր է, բայց դեռ կապիտալիստ չէ: Նա երկակի կարգավիճակ ունի: Այսպիսով մի արհեստանոցում, որ 5 բանվոր են աշխատում, այդ արհեստանոցի տերը համարվում է մանր բուրժուա: Բանվորների այդ թվերի վրա չենք կարող շատ հենվել, որովհետև տեխնոլոգիան փոփոխության մեջ է, սակայն այն ինչ առանձնացնում է այդ մանր բուրժուազիային բանվոր դասակարգից այն է, որ եթե այդ հավելյալ արժեքը, որ ձեռք է բերում բանվորների շահագործումից, ծախսի իր կյանքի մակարդակի վրա, նրան չենք կարող անվանել որպես կապիտալիստ, որովհետև այդ օգուտը, որ ձեռք է բերում կապիտալ չէ, այլ փող է: Օրինակ մեկ միլիոն դոլար ունեցիր ու քո ճամբորդության ու առօրյա ծախսերի համար եթե ծախսես, կապիտալիստ չես համարվում: Դա փող է և կապիտալ չէ: Սակայն, երբ այդ փողը կամ գումարը ինչքան էլ որ ուզում է լինի և սկսի ավելանալ, դա կլինի կապիտալ: Կապիտալը ավելանում է բանվորի շահագործման հետևանքով: Վերոհիշյալ արհեստանոցի օրինակում արդեն արհեստանոցի տերը իր օգուտով մի ուրիշ արհեստանոց է բացում և բանվորներին շատացնում և շահը շատացնում, այսինքն բանվորներին շահագործելով ավելացնում է իր գումարը, որը կոչվում է կապիտալ:


Ռուբիկ Սարդարյան

Էջ 1, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: