Ուկրաինայում արգելվել է Կոմկուսի գործունեությունը

31 Հունվարի 2016

Հունվարի 13-ին Կիևի շրջանային վարչական դատարանը բավարարել է Ուկրաինայի արդարադատության նախարարության հայցն ամբողջությամբ՝ Ուկրաինայի Կոմկուսի գործունեությունն արգելելու մասին։

Ռուսաստանի Կոմկուսն արդեն քննադատել է այս որոշումը։ «Մենք ոչ թե պարզապես դատապարտում ենք, այլև ամբողջ աշխարհին կոչ ենք անում ըմբոստանալ այդ որոշումը կայացնող ոհմակի դեմ», ասել է Գենադի Զյուգանովը։

Ուկրաինայի Կոմկուսի գործունեության արգելքը խոսքի և հավաքների ազատության դեմ իրականացվող աղաղակող խախտում է, այն պետք է անհապաղ փոխվի, հայտարարել է Amnesty International միջազգային կազմակերպությունը։ «Ուկրաինայի Կոմկուսի գործունեության արգելքը վտանգավոր նախադեպ է։ Այդ քայլով Ուկրաինան հետքայլ է այնում բարեփոխումների և մարդու իրավունքները հարգելու կես ճանապարհից», հայտարարել է Amnesty International կազմակերպության տնօրեն Ջոն Դալհուսենը։

Հայցը ներկայացվել էր դեռևս 2014 թ․ հուլիսին, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

2014 թ․ հուլիսի 8-ին Ուկրաինայի արդարադատության նախարարությունը և Ուկրաինայի պետգրանցումը հայցադիմում էր ներկայացրել Կիևի շրջանային վարչական դատարանին՝ պետության տարածքում ՈւԿԿ գործունեությունն արգելելու մասին։

Արդարադատության նախարարությունը ապակուսակցականացման մասին օրենքների փաթեթն ընդունելու կապակցությամբ կոմունիստական երեք կուսակցություններին արգելել էր նաև ընտրություններին մասնակցել։ Այդ որոշման պատճառով ՈւԿԿ-ն հայց էր ներկայացրել ՄԻԵԴ-ին ընդդեմ Ուկրաինայի, ինչպես նաև վիճարկել էր այդ որոշումը ուկրաինական դատարանում, սակայն Կիևի վճռաբեկ վարչական դատարանը մերժել էր արդարադատության նախարարության դեմ կոմունիստների հայցը։ Ավելին, դեկտեմբերի 16-ին Կիևի շրջանային վարչական դատարանը բավարարեց Ուկրաինայի արդարադատության նախարարության հայցն ամբողջությամբ։

2015 թ․ դեկտեմբերին ՈւԿԿ-ն Կիևի վճռաբեկ վարչական դատարանին վճռաբեկ բողոք էր ներկայացրել ընդդեմ Կիևի շրջանային վարչական դատարանի ընդունած որոշման, որով արգելվում էր այդ քաղաքական ուժի գործունեությունը։

Ուկրաինայի արդարադատության նախարարությունն ապացույցներ էր հավաքում, որոնք թույլ կտային դադարեցնել ՈւԿԿ գործունեությունը։ Դրանից օրեր առաջ արդարադատության նախարարություն էր դիմել Գերագույն Ռադայի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը՝ խնդրելով վերանայել «կոմունիստների հակասահմանադրական գործունեությունը»։ Փորձագետներն ասում են, որ Կոմկուսի լուծարումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ապացուցվի այդ քաղաքական ուժի իրականացրած ծայրահեղական գործողությունները։

Կոմունիստների շուրջ աղմուկն սկսվել էր մայիսի 6-ին, երբ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ ուժային կառույցների ղեկավարներին լսելու համար Ուկրաինայի Գերագույն Ռադան փակ ռեժիմով նիստ էր անցկացրել։ Հենց այդ օրը Գերագույն Ռադան քվեարկել էր ՈւԿԿ խմբակցությանը նստաշրջանների դահլիճից հեռացնելու մասին հարցը։

Կոմունիստներն ինչ էին ասել, ոչ ոք հավաստի չգիտի, սակայն պատգամավորները պնդում էին, որ նրանց հեռացրել են անջատողական արտահայտությունների համար։ Այնուամենայնիվ, ուկրաինական նոր իշխանությունների դեմ տարվող ՈւԿԿ-ի քննադատությունը համընկել էր հակաահաբեկչական գործողություններ սկսելու ժամանակաշրջանին։

Սակայն կոմունիստները գտնում են, որ կուսակցության արգելման համար հիմքեր չկան, իսկ նոր իշխանությունները պարզապես ուզում են քաղաքական ասպարեզից հեռացնել իրենց գլխավոր ընդդիմադիր ուժին։

«ՈւԿԿ-ին ներկայացրած մեղադրանքը՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու մասին, անհիմն է, այդպիսի փաստաթղթեր կուսակցությունում գոյություն չունեն։ ԿԿ-ն արգելելու ցանկությունը բացատրվում է այն բանով, որ պետական հեղաշրջումից հետո նոր իշխանությունը անհրաժեշտ է համարում Կոմկուսին երկրի քաղաքական գործընթացներից հեռու պահել։ Իշխանությունը շատ կուզեր ոչնչացնել Կոմկուսը», ասել է կոմունիստ պատգամավոր Գ․ Կրյուչկովը։

«Կուսակցության գործունեությունն արգելելու համար պետք է իրավական հիմքեր լինեն, այլ ոչ թե քաղաքական։ Միայն ոչ համազոր իշխանությունը կարող է արգելել կոմունիստական գաղափարախոսությունը։ Եվ եթե դատարանը արգելման որոշում ընդունի, ապա անօգուտ է որևէ բան ձեռնարկել», ասել է պատգամավոր Լ․Գրաչը։ Նա նաև ընդգծել է, որ շատ կարևոր է, թե երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն ինչ դիրքորոշում կցուցաբերի։

Նշենք, որ Ռադայի պատգամավորները տարբեր կարծիքներ ունեն ԿԿ-ի գործունեությունն արգելելու վերաբերյալ։ Ոմանք գտնում են, որ անհրաժեշտ քայլ է, քանի որ կոմունիստական գաղափարախոսությունը հանցավոր են համարում, իսկ ոմանք գտնում են, որ այդ կուսակցությունն անելիք շատ ունի։

Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն խոստացել է, որ Կոմկուսի դեմ դատավարություն սկսվելու դեպքում հասարակության համար ապահովվելու է առավելագույն հրապարակայնություն։

Ուկրաինայի կոմունիստները հայտարարել են, որ չեն հանձնվելու։

 

Պատրաստեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: