Մովսիսյան Վլադիմիր Միհրանի

12 Նոյեմբերի 2015

Այսօր լրանում է հայ քաղաքական գործիչ, պետական այր Վլադիմիր Մովսիսյանի 82 տարին։ Նրա աշխատանքային և կուսակցական ընկերները սիրով են հիշում վաստակաշատ և հայրենասեր գործչին, ցավում են, որ նա այլևս իրենց կողքին չէ։

Մեր կայքը նույնպես ցավով է արձանագրում, որ հայ նվիրյալ ամենափորձառու այրերից մեկի ծննդյան օրն ստիպված է շնորհավորել հետմահու, առանց նրա։

Վլադիմիր Մովսիսյանին երախտագիտությամբ և յուրահատուկ շնորհավորանքով է հիշում հայ կոմունիստ, բազմաբեղուն աշխատանքով հերոսացած, այսօր էլ մեր քաղաքական կյանքում իր ավանդն ունեցող Գեղամ Գալստյանը՝ նրան նվիրելով բանաստեղծություն

 

 

Վլադիմիր Մովսիսյանի 82-ամյակին նվիրված ակրոստիքոս

 

Վաղորդյան հովին դու աշխարհ եկար, որ դառնաս զինվորը մեծ հոկտեմբերի,

Լենինյան հանճարի արևի ներքո դու հասակ առար մեր նոր աշխարհում,

Ազգի հոգսերը՝ ծանր բեռ դարձած, վերափոխելու գործին նետվեցիր,

Դարձար կերտողը նոր գաղափարի և քաջ հետնորդը մեծ Շահումյանի։

Իմաստավորված նոր ուղի անցար՝ գալիքի համար մղվող պայքարում,

Մշակվող հողի հրաշքին հավատացիր, նրա քրտնաթոր զավակին ճանաչեցիր,

Իր բախտից դժգոհ հայ շինականի կենցաղը հիմնովին շրջադարձ արիր՝

Րոպեի նման անդարձ հեռացավ մեր հին աշխարհը՝ իր թշվառ կարգով։

Մարդը տեր դարձավ իր հայրենիքին, իր աշխատանքի ազնիվ վաստակին,

Ողջ աշխարհի օտար ափերում դեգերող հայի տունդարձի ճամփին դու դարձար փարոս,

Վերածննդի մի հատված ապրեց օտարությունից տուն դարձած հայը,

Ստեղծագործող տեսակին վայել Համբարձումյաններ, Խաչատրյաններ ու սեգ Սարյաններ աշխարհին տվեց։

Իր հայրերի ու հին պապերի թշվառությունը մնաց անցյալում,

Սիսակյաններ, Ալիխանյաններ ու Միկոյաններ մեծ գիտությանը նվիրաբերեց․

Յարաբ, ինչու ես դու այդպես լռում, մեր սրտերում դու դարձել ես կարապ,

Այսօր քո կյանքի առաջին կեսի ութ տասնամյակում դու մեր Սևանի հավերժացման հարցերը պիտ լուծեիր,

Նա մեր գոհարն է, սեգ լեռների մեջ հարատևության կենդանի վկան։

Իմաստավորված մեսրոպյան գրով, հնագույն լեզվով պիտ պատմեիր աշխարհին

Նայիրյան հողում մեր հարատևման և ոսկե դարը, որ քո սերնդի հետ՝ դու ես ստեղծել։

 Գեղամ Գալստյան

 

Վլադիմիր Մովսիսյանը ծնվել է 1933 թ. նոյեմբերի 12-ին, Լոռու մարզի Շենավան գյուղում:

1958 թ. ավարտել է ԵԱԱԻ, իսկ 1969 թ.՝ Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը:

1978-1984 թթ. աշխատել է՝ որպես ՀԽՍՀ նախարարների խորհրդի փոխնախագահ,1984-1990 թթ.՝ նախագահի առաջին տեղակալ, 1986-1988 թթ.՝ միաժամանակ ՀԽՍՀ պետագրոարդի նախագահ, 1988-1990 թթ.՝ Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ, 1990 թ. հունվարից՝ արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետ, 1990 թ. ապրիլից՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, 1991թ. դեկտեմբեր- 1996 թ.՝ ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ, 1996 թ.՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:

1985-1990 թթ․ և 1996-1999 թթ․` ՀՀ գյուղնախարարն էր:

1997 թ. ճանաչվել է ՀԳԳԱ ակադեմիկոս, 2000 թ.՝ պրոֆեսոր, 2000 թ.՝գյուղատնտեսության գիտությունների դոկտոր:

1999-2004 թթ․ աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական, իսկ 2004թ.-ից՝ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:

1999 թ. Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ էր:

1966 թ. արժանացել է ԽՍՀՄ պատվո նշանի, 1999 թ.՝ ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, 2002 թ.՝Հայ Եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորչի, 2002 թ.՝ ԼՂՀ  Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշաններին:

1994 թ. ճանաչվել է Շուշիի, 2001 թ.՝ Երևանի, 2003 թ.՝ Սպիտակի պատվավոր քաղաքացի:

2002 թ.-ից Շենավան գյուղի դպրոցը կոչվել է Վլադիմիր  Մովսիսյանի անունով:

Մահացել է 2014 թ.: 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: