Արխիվ Հունիսի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Պիեսի գործողությունը տեղի է ունենում 17-րդ դարի Իտալիայի Պադովա և Ֆլորենցիա քաղաքներում: Նկարագրվող դեպքերը զարգանում են 28 տարիների ընթացքում:
Պիեսի սկզբում Գալիլեո Գալիլեյը 46 տարեկան է: Նրա տանը իր դուստր Վիրջինիայից բացի ապրում է տիկին Սարտին իր որդու՝ Անդրեայի հետ միասին: Գիտական գործունեությունը փող չի բերում Գալիլեյին: Մաթեմատիկան, ինչպես նշում է Պադովայի համալսարանի կուրատորը, այնքան շահութաբեր չէ, որքան փիլիսոփայությունը և աստվածաբանությունը: Գալիլեյը դրամ է վաստակում՝ դասավանդելով ու տարբեր ինժեներական սարքեր մոգոնելով, սակայն նրա բուն կիրքը աստղագիտությունն է: Նրան թվում է, որ եկել են փոփոխության ժամանակները, և շուտով մարդկությունը կազատվի Արիստոտել-պտղոմեոսյան համակարգից: Ազատ ժամանակ նա նվիրում է Կոպերնիկոսի արգելված ուսմունքին:
Գալիլեյի տանը հայտնվում է հարուստ երիտասարդ Լյուդովիկո Մարսիլին, որը պատրաստ է դասեր վերցնել, սակայն ծնողների հարկադրանքով: Նրանից Գալիլեյն իմանում է հոլանդացիների նոր գյուտի՝ հեռադիտակի մասին: Նա ստեղծում է աստղադիտակ, որով երկնքում դիտում է Կոպերնիկոսի տեսությունը հաստատող իրողություններ: Գալիլեյի ընկերը՝ Սագրեդոն, կարծում է, որ Գալիլեյը այդկերպ միայն փորձանք կբերի իր գլխին: Գալիլեյը մեկնում է Ֆլորենցիա, որտեղ գտնում է նոր հովանավոր՝ Կոզիմո Երկրորդ Մեդիչիին: Այստեղ գիտնականներին է ներկայացնում երկնքում տեսած երևույթները: Սակայն նրանք մատնացույց են անում Արիստոտելին: Որ երկիրն է իրականում պտտվում արեգակի շուրջ, Գալիլեյին չի հաջողվում ապացուցել: Նրա դեմ է ելնում եկեղեցին: Կարդինալ-ինկվիզիտորը իր կողմն է գրավում Գալիլեյի դստերը:
Գիտնականի ուսմունքը լայն ժողովրդականություն է սկսում վայելել: Սակայն պատերազմը, ժանտախտը և ռեֆորմացիան ստիպում են եկեղեցուն սաստկացնել պայքարը այլակարծության դեմ: Գալիլեյին չեն ենթարկում խոշտանգումների: Նրան միայն ցույց են տալիս խոշտանգումների սարքերը, և նա տեղի է տալիս:
Սուրբ Մարկոսի տաճարի մեծ զանգը հայտնում է մեծ գիտնականի ուրացման մասին: Հիասթափված Անդրեան՝ Գալիլեյի սիրելի աշակերտը, ասում է. «Դժբախտ է այն երկիրը, որ չունի հերոսներ»: Գալիլեյը պատասխանում է. «Դժբախտ է այն երկիրը, որ ունի հերոսների կարիք»:
Աշակերտի կողմից լքված Գալիլեյը շարունակում է իր ուսումնասիրությունները՝ վանականների խիստ հսկողության տակ: Արտասահման մեկնող Անդրեային հրաժեշտի պահին նա խնդրում է իր հետ տանել իր տրակտատի ձեռագիրը, որի վրա նա աշխատել է վերջին տարիներին: Աշակերտի աչքերում այդ աշխատությունը արդարացնում է Գալիլեյի ուրացումը, սակայն ինքը գիտնականը չի արդարացնում ինքն իրեն և արդարացումներ չի փնտրում:
Սահմանին Անդրեային հիմնավորապես զննում են և, այդուհանդերձ, կասկածելի ոչինչ չեն գտնում: Փոքրիկ երեխաները, որ խաղում են մոտակայքում և քննարկում են վհուկներին, հարցնում են նրան, կարելի է արդյոք թռչել փայտի վրա նստած: Անդրեան պատասխանու է, որ դա հնարավոր կլինի միայն փայտի վրա հարմար մեքենա սարքելու դեպքում: Բայց մարդիկ դեռ չգիտեն անել դա: Մարդիկ առհասարակ դեռ շատ քիչ բան գիտեն:

Բաժին՝ Մշակույթ
Ուրբաթ, 30 Հունիսի 2017 13:09

Բերտոլդ Բրեխտ /կենսագրություն/

  Բերտոլդ Բրեխտը (գերմ.՝ Bertolt Brecht, լրիվ անունը՝ Օյհեն Բերտհոլդ Ֆրիդրիխ Բրեխտ (Eugen Berthold Friedrich Brecht) ծնվել է 1898 թ.-ի փետրվարի 10-ին, Բավարիայում։ Եղել է գերմանացի գրող, արձակագիր, դրամատուրգ, «Բեռլինյան անսամբլ» թատրոնի հիմնադիրը: Դեռևս դպրոցական տարիների իր ստեղծագործություններում հանդես է եկել ընդդեմ պատերազմի։ Ֆաշիզմի տարիներին զրկվում է Գերմանիայի քաղաքացիությունից, աշխատում տարբեր երկրներում, ֆաշիզմի պարտությունից հետո վերադառնում է Արևելյան Բեռլին։ Բրեխտի նշանավոր գործերից են` «Բարի մարդը Սեզուանից», «Գալիլեյի կյանքը» և այլն: Բերտոլդ Բրեխտը մահացել է 1956 թ.-ի օգոստոսի 14-ին Բեռլինում:
Բրեխտի՝ բանաստեղծի և դրամատուրգի ստեղծագործությունը, ինչպես իր «էպիկական թատրոնի» տեսությունները, այնպես էլ նրա քաղաքական հայացքները միշտ առաջ են բերել բանավեճեր։ Բացի այդ արդեն 50-ական թվականներին Բրեխտի պիեսները մտան եվրոպական թատրոնի խաղացանկի մեջ, նրա մտքերը այս կամ այն տեսքով ընդունվել են իր ժամանակի շատ դրամատուրգների, այդ թվում՝ Ֆրիդրիխ Դյուրենմարտի, Արթյուր Ադամովի, Մաքս Ֆրիշեմի, Խայներ Մյուլլերի կողմից։
«Էպիկական թատրոնի» տեսությունները հետպատերազմյան տարիներին դառնալով ռեժիսոր Բրեխտի գործելակերպը, բացեց սկզբունքայնորեն նոր հնարավորություններ բեմարվեստի համար և էական ազդեցություն ունեցավ XX դարի թատրոնի զարգացման վրա:

Բաժին՝ Մշակույթ

1. Վախենալ պետք է ոչ թե մահից, այլ անիմաստ կյանքից:

2. Հումորը հեռավորության զգացում է:

3. Մեկ հզոր մտքի համար ես պատրաստ եմ զոհել ցանկացած կնոջ, գրեթե ցանկացած: Մտքերը շատ ավելի քիչ են, քան կանայք:

4. Արհամարհում եմ նրանց, ում ուղեղն ունակ չէ լցնել ստամոքսը:

5. Ամենակարևորը մարդկանց ճիշտ մտածել սովորեցնելն է… Պարտվածները պետք է հիշեն, որ նույնիսկ պարտությունից հետո աճում և բազմանում են հակասությունները, որոնք սպառնում են հաղթողին:

6. Արվեստը գիտելիք է պահանջում:

7. Բժիշկ լինելը բավական չէ, դեռ անհրաժեշտ է օգնել կարողանալ:

8. Թեթևամիտ մարդը, ով չգիտի ճշմարտությունը, խոսում է աբստրակտ, մեծ հանդիսավորությամբ և անստույգ:

9. Կարելի է ասել, որ մարդն ուղղակի անձնագիր պահելու հատուկ հարմարանք է: Անձնագիրը դնում են նրա ներքին գրպանում, ինչպես ակցիաների փաթեթը` սեյֆում, որն ինքնին զուրկ է որևէ արժեքից և ծառայում է որպես արժեքավոր իրերի պահարան:

10. Ովքեր բռնության դեմ պայքարելու գործում չեն համխմբվում, հանդիպում են միմյանց բռնապետերի բանտերում:

Բաժին՝ Մշակույթ

«Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը Հայելի ակումբում լրագրողների հետ  հանդիպմանը հայտարարեց,որ համայնքային ամեն խոշորացումից հետո գյուղեր են անհետանում: Պետությունը բոլոր թեր և դեմ քայլերը վերլուծելուց հետո միայն պետք է այդքան պատասխանատու քայլեր ձեռնարկեր:  «Կարծում եմ՝ Կառավարությունը պատշաճ ուսումնասիրություններ այս առումով չի կատարել և ծրագրի իրագործման հարցում մի փոքր շտապել է: Ես լուրջ համոզմունք ունեմ, որ մենք պետք է հնարավորինս ամուր հենվենք գյուղի վրա, զարգացնենք կոոպերացիաները: Բայց դրա համար նախ պետք է տնտեսական հիմքեր ապահովել, և նոր միայն տարածքային խոշորացման ծրագիր նախաձեռնել:Հանրային խորհրդի անդամները մոտ օրերս պետք է մեկնեն Դիլիջան՝ հանդիպելու բնակիչներին և տեսնելու, թե ինչպես են փոքր համայնքներն իրենց զգում Դիլիջանին միանալուց հետո: Իրականում պետք էր հաշվի առնել ժողովրդի մենթալիտետն ու կենցաղը, նրանց սովորույթները, հետո միայն համայնքային խոշորացման քայլ կատարել»,- ամփոփեց «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահը:

 

Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017 12:42

Արցախում սկաուտական ճամբար է լինելու

 Արցախի «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է Շուշիի արվարձանում իրականացնել «Հայորդիներ» սկաուտական VIII ճամբարը, որը կտևի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 10–ը։
Պատանիների և երիտասարդներրի հայրենասիրական դաստիարակությանն ուղղված այս ամենամյա միջոցառումը նախատեսված է անցկացնել չորս փուլով, որոնցից յուրաքանչյուրը կտևի 9 օր: Առաջին երեք փուլերում ընդգրկվելու են պատանիներ և երիտասարդներ Ստեփանակերտից և Արցախի բոլոր շրջաններից: Իսկ օգոստոսի 2-10 կմասնակցեն նաև Հայաստանից և սփյուռքից ժամանած սկաուտներ։
 «Հայորդիներ» սկաուտական բանակումի ընթացքում նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ սեմինարներ, մարզական և իմացական խաղեր, մրցույթներ, խարույկահանդես, մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, արշավներ և այլն:
 Միջոցառման նպատակն է՝ խթանել Արցախում «Հայորդիներ» սկաուտական շարժման զարգացմանն ու տարածմանը, նպաստել աճող սերնդի հայեցի դաստիարակությանը, նրա մեջ զարգացնել երկրի տիրոջ հոգեբանություն, Շուշին դարձնել համահայկական և միջազգային երիտասարդական հավաքատեղի։
 «Հայորդիներ» սկաուտական ճամբարներն Արցախում իրականացվում են 2010 թվականից։ Տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների թվաքանակը և աշխարհագրությունը։ Իրենց հերթին՝ արցախցի սկաուտները մասնակից են լինում Հայաստանում և Իրանում կազմակերպվող սկաուտական ճամբարներին։ «Հայկի Սերունդ» կազմակերպությունը նպատակադրված է համագործակցություն հաստատել նաև այլ երկրների սկաուտական կազմակերպությունների հետ:
 ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու «Հայորդիներ» սկաուտական VIII ճամբարը, որը տեղի կունենա ք. Շուշի, Մ. Լոռիս Մելիքով փ., 43 հասցեում տեղակայված «Հայկի Սերունդ» ՀԿ «Հայորդիներ» բանակավայրում։

Բաժին՝ Մշակույթ

 «Երկիրը գտնվում է պետական պարտքի աճող բեռի տակ, աճի մակարդակը ցածր է, գործազրկության մակարդակը երկնիշ է, իսկ բնակչության մեկ երրորդի կենսամակարդակը աղքատության գծից ցածր է: Երկրի համակարգված գնահատում (ԵՀԳ) հետազոտությունը ցույց է տալիս, որ այն մինչ օրս Հայաստանի կատարողականն իրեն սպառած տնտեսական մոդելի արդյունքն է»,- այսպիսի եզրահանգում են արել  Համաշխարհային բանկի փորձագետները ««Ապագա Հայաստան». երկրի համակարգված գնահատում» տնտեսական վերլուծության արդյունքում:

 Ըստ ՀԲ փորձագետների, որոնց պատրաստած հետազոտությունը ներկայացվեց այսօր, Հայաստանի ներկայիս տնտեսական մոդելն ապահովել է աղքատության կրճատում, սակայն միջին խավի աճի փոխարեն գնալով աճում է խոցելի բնակչության տեսակարար կշիռը: Աղքատության կրճատումը, որը տեղի է ունեցել ավելի շատ մայրաքաղաքում, քան Հայաստանի այլ շրջաններում, գլխավորապես պայմանավորված էր աշխատանքային եւ կենսաթոշակային եկամուտներով, իսկ մայրաքաղաքից դուրս ապրող բնակչության պարագայում՝ նաեւ մասնավոր դրամական փոխանցումներով եւ գյուղատնտեսական եկամուտներով:
Ներկայիս տնտեսական մոդելը նաեւ հանգեցրել է տատանվող ՀՆԱ-ի աճի, քանի որ այն մի մոդել է, որը հիմնվում է արտաքին պայմանների (ուղղակի oտարերկրյա ներդրումների հոսքեր, առեւտրային գործընկերների պայմաններ, մասնավոր դրամական փոխանցումների հոսքեր), առանց ռազմավարական տեսլականի իրականացվող մասնակի կառուցվածքային բարեփոխումների վրա, եւ մեծապես պայմանավորված է ներքին սպառմամբ:
   ՀԲ-ն առաջարկում է նոր տնտեսական մոդելի որդեգրում, որը հասցեագրված կլինի ինչպես աճ-աղքատություն հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, այնպես էլ լուծում կտա ծերացող եւ կրճատվող աշխատուժով եւ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված համակարգային խնդիրներին:
   «Եթե որեւէ փոփոխություն չարվի ներկայիս տնտեսական ռազմավարությունում, ապա Հայաստանն ընդամենը կարող է ապահովել մեկ շնչի հաշվով համեստ աճ, որը բավարար չի լինի աղքատության վրա նշանակալից ազդեցություն ունենալու համար: Ավելին, Հայաստանը կանգնած է երկու հիմնարար համակարգային մարտահրավերների առջեւ, այն է՝ ծերացող եւ կրճատվող բնակչությունը եւ կլիմայի փոփոխությունը, որոնք երկուսն էլ ավելի կնվազեցնեն երկրի աճի ներուժը, եթե տնտեսական քաղաքականությունը չփոփոխվի»,- ասվում է զեկույցում:

    «Սովորական դարձած եղանակով աշխատելու» պարագայում Հայաստանի չափավոր աճը` մեկ շնչի հաշվով բավարար չի լինի մինչեւ 2050թ.-ն աղքատությունն էականորեն կրճատելու համար:
ԵՀԳ-ն առաջարկում է նոր տնտեսական մոդել որդեգրել`
Վերաբալանսավորել աճը՝ ոչ արտահանելի ապրանքներից անցում կատարելով արտահանելի ապրանքների եւ ծառայությունների: Ձեւավորել կայացած բիզնես հատված, որը դինամիկ է, ունի արտադրողականություն եւ մրցունակ է, ստեղծում է աշխատատեղեր:
  Ձեւավորել կենսունակ գործարար ոլորտ, որը դինամիկ է, արդյունավետ եւ մրցունակ, եւ ստեղծում է աշխատատեղեր:
  Բարձրացնել մարդկանց արտադրողականությունը եւ որպես ծերացող աշխատուժով պայմանավորված արտադրողականության անկումը զսպող միջոց՝ վերացնել աշխատանքային մասնակցությանը խոչընդոտող արգելապատնեշները:
  Ապահովել տնտեսական մոդելի ճկունությունը:
 Տնտեսագետները նշում են, որ Հայաստանից արտահանվող ապրանքների մրցունակությունը ցածր է, որովհետեւ տեսականին փոքր է, ապրանքները կատարյալ չեն: Գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման ծավալների աճը նշանակալի է եղել, սակայն այդ աճը պայմանավորել են հիմնականում ծխախոտային արտադրանքը, (ալկոհոլային) ըմպելիքները (արտահանվող գյուղմթերքի 70%):
  Այս խմբերից եւ ոչ մեկը չի հիմնվում Հայաստանի գյուղատնտեսական պաշարների բազայի վրա. գինու խաղողը, որը հանդիսանում է Հայաստանի՝ միջազգային ճանաչում ունեցող գինիների եւ ալկոհոլային խմիչքների հումք, աճեցվում է ընդամենը 10,000 հեկտար տարածքի վրա, որը կազմում է Հայաստանի մշակվող հողատարածքների ընդամենը 3%-ը: Ծխախոտն արտադրվում է ներկրված հումքից:
  Թեեւ գյուղատնտեսության ոլորտում աճը նշանակալի է եղել, սակայն հանգամանալից ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աճի բարձր տեմպը կայուն չէ: Վերջերս գրանցված նշանակալի աճը պայմանավորված է եղել հիմնականում մասամբ ինքնաբավ նպատակներով գործող գյուղացիական տնտեսությունների արտադրողականության աճով, այլ ոչ՝ ավելի կատարյալ տեխնոլոգիաների կիրառման կամ ժամանակակից, կոմերցիոն գյուղատնտեսության անցնելու հանգամանքով: Ըստ էության, արտադրանքի կազմում փոփոխությունները համեստ են եղել:
   Բերքն ավելանում է, եւ պետական ներդրումները պայմանավորել են ոլորտի արտադրողականությունը (պարարտանյութերի օգտագործման ծավալների աճ, ավելի լավ սերմնացու՝ սուբսիդավորման միջոցով, խոշոր եղջերավոր անասունների թվաքանակի ավելացում, կապիտալի եւ ընդլայնման ծառայությունների բարելավված (սուբսիդավորված) հասանելիություն:


Պատրաստեց Սառա Պետրոսյանը, աղբյուրը՝ hetq.am

  Մետրոյի նոր կայարանների կառուցման մասին սկսեցին ակտիվորեն խոսել Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, երբ տրանսպորտի խնդիրը ներկայացվեց որպես օրակարգային թիվ 1 հարց։ «Ելք» դաշինքն էր առաջարկում ավելացնել մետրոյի կայարանները, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էր բացատրում դրա անհրաժեշտությունը։ Ի վերջո, եթե մարդիկ անվերջ ելքեր են փնտրում մայրաքաղաքը խցանումներից բեռնաթափելու, երթեւեկությունը փոքրիշատե տանելի դարձնելու համար, ապա մետրոյից ավելի հարմար ի՞նչ տրանսպորտ կարող են առաջարկել։ Հայաստանի միացյալ առաջադիմական կուսակցության նախագահ, «Ապրանք արտադրողների միության» նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեկ շաբաթ առաջ մետրոյի կայարանների ավելացմանը վերաբերող հարցը քննարկվել է ՀԽ-ի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում։ ««Հայթունելշինտրեստի» իրավահաջորդ «Արթուն» ԲԲԸ-ն դիմում էր հղել ՀԽ-ին, որը վերաբերում էր մետրոպոլիտենի «Աջափնյակ» վարչական շրջանում մետրոյի կառուցմանը։ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը քննարկել է այդ հարցը նախագահության նիստում, որին մասնակցում էին նաեւ ԶԼՄ-ներ։ Այդ ժամանակ էլ ներկայացվեց, որ վերջին 26 տարիներին մետրոյի շինարարության համար չեն հատկացվել գումարներ։ «Բարեկամություն» մետրոյից դեպի Աջափնյակ իրականացվել են 100 միլիոն դոլարից ավելի շինարարական աշխատանքներ, հորատանցվել են 2,4 կմ երկարությամբ ընթացքային եւ տարբեր նշանակության թունելներ, 4 հորանային համալիրներ՝ իրենց ենթակառուցվածքներով»,- թվարկում է Վազգեն Սաֆարյանը։ Սակայն, որպեսզի այդ աշխատանքները չմնան բարձիթողի վիճակում եւ չլինեն վտանգավոր, Վազգեն Սաֆարյանն առաջարկում է ամրացնել այդ ենթակառուցվածքները։ Մինչեւ այժմ, ըստ նրա, «Բարեկամություն» մետրոպոլիտենից մինչեւ Հրազդանի կիրճը ընկած հատվածում կառուցվել են 1054 մետր երկարության երկու թունելներ։ Կառուցվել է նաեւ «Աջափնյակ» կայարանի թեք շարժասանդուղքային թունելը, կա նաեւ 29 մետր երկարությամբ թունելախորշ։ Ինչ վերաբերում է նոր կայարանի շինարարությանը, ապա, մեր զրուցակցի հաշվարկներով, այն կարելի է ավարտել երեք բյուջետային տարվա ընթացքում։ Իսկ շինարարական աշխատանքների մեջ պետք է ներառվեն մետրոյի կամրջի կառուցումը՝ 148 մետր երկարությամբ, երկու ընթացքային թունելների կառուցումը՝ 230-ական մետր երկարությամբ, ինչպես նաեւ դեպի շարժասանդուղքը եկող մետրոյի սրահը՝ Աբելյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում։ Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մեր թերթին տված հարցազրույցում, հիշեցնենք, ասել էր․ «Ի՞նչ արժե Աջափնյակ-Դավթաշեն վարչական շրջաններում մետրոյի երկու նոր կայարանների կառուցումը։ Այն արժե մոտ 200 միլիոն եվրո։ Ունե՞նք այդ գումարը։ Ոչ։ Այս պահին դրա կառուցումն իրատեսական չէ»։ Վազգեն Սաֆարյանը փոխարենը Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցումը լավ էլ իրատեսական է համարում եւ կարծում է, որ 80-150 միլիոն ԱՄՆ դոլարն էլ բավական է։ «Կիրճի բերանից մինչեւ Աջափնյակ կայարանը կարելի է գնալ մեկ գծով եւ վերադառնալ։ Իսկ 200 միլիոն եվրոն միգուցե Աջափնյակի եւ Դավիթաշենի համար են նախատեսել, իսկ մենք խոսում ենք միայն Աջափնյակ կայարանի մասին՝ ելնելով այն իրողությունից, որ «Բարեկամություն« մետրոյի մոտ կան թունելներ, որոնք կարող են օգտագործվել որպես գազապաստարան։ Եվ այս դեպքում մենք պետք է կազմակերպենք շահագրգիռ քննարկում արտակարգ իրավիճակների նախարարության, քաղաքաշինության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ճարտարապետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասաց մեր զրուցակիցը։ Մեկ այլ հանգամանք էլ կա․ մետրոյի նոր կայարանը կառուցելով՝ կավելանա մետրոյի աշխատանքի արդյունավետությունը։Դիտարկմանը, որ մետրոյի նոր կայարանի կառուցմանը դեմ են գծատերերը, որոնց շահերին է հարվածում այն, Վազգեն Սաֆարյանն արձագանքեց․ «Իհարկե, գծատերերը դեմ կլինեն, կուզենան, որ մետրո չլինի, մնան իրենք։ Բայց հո մենք չենք կարող հանրային հնչեղություն ունեցող հարցերը համապատասխանեցնենք այս կամ այն գծատիրոջ պահանջին կամ ցանկությանը։ Ժամանակին էլ Դավիթաշենի կամուրջի համար չէին կարողանում գումարներ հայթայթել, բայց այդ գումարը գտնվեց, եւ կամուրջը կառուցվեց։ Եվ հիմա պատկերացնու՞մ եք Դավիթաշեն թաղամասն՝ առանց այդ կամուրջի, անհնար է պատկերացնել։ Կգա ժամանակ, եւ այդ նույն գծատերերն էլ շատերի նման կհասկանան, թե որքան ճիշտ էր Աջափնյակի մետրոյի կառուցումը։ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ մետրոպոլիտենի կառուցման համար պետությունը պետք է հատկացնի բյուջետային միջոցներ, ինչպես Դավիթաշենի, Թբիլիսիից Վանաձոր ընկած հատվածում գտնվող Զամամլուի կամուրջի կառուցման դեպքում։ «Մի օր եթե այդ կամուրջը ընկներ, ապա երկու տարի կպահանջվեր, որ նորը կառուցվեր, բայց երկու տարի մենք արտաքին աշխարհից կտրված էինք լինելու, ո՞նց էինք բերելու հացը, ցորենը, նավթամթերքը»,- հարցնում է մեր զրուցակիցը։Իսկ Աջափնյակի մետրոյի կառուցման համար գումարներ կարել է գտնել ու հատկացնել թե՛ բյուջեից, թե՛ վարկերից, թե՛ մասնավոր հատվածից։

Թագուհի Հակոբյան, Նյութի աղբյուրը ` hraparak.am

Բաժին՝ Հայաստանում

   Շիկացած է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի իրավիճակը: Հնարավոր է ամենափոքր դեպքից պատերազմ բռնկվի տարածաշրջանում: Այս շիկացումը ավելի ուժեղացավ Թրամփի Սաուդիան Արաբիա այցելությունից ու մեծ քանակությամբ զենքեր վաճառելուց հետո: Սաուդիան Արաբիան վերջերս բանավոր սպառնալիքներից երբեմն անցնում է գործնականի: Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը` Օսլոյում  ամենամյա հանդիպման ժամանակ ուղղակի անդրադարձավ Սաուդիան Արաբիայի սպառնալիքներին և նշեց, որ հավաստի աղբյուրներից իրենք տեղյակ են, որ Սաուդիան Արաբիան Իրանի սահմաններում գրգռիչ գործողություններ է ծավալում և իրանական 9 սահմանապահների նահատակվելը, Պարսից Ծոցում Իրանական ձկնորսության նավերի համար անապահով մթնոլորտի ստեղծումը, այդ հրահրիչ աշխատանքներից կարելի է համարել: Նրանց` արևմտյան դաշնակից ԱՄՆ-ը ավելի է թեժացնում այս կրակը: ԱՄՆ-ը մի կողմից նոր սանկցիաներ է կիրառում Իրանի հանդեպ և մյուս կողմից հակաիրանական խմբավորումների հետ անըդհատ հանդիպումներ է կազմակերպում: Ամերիկացիները կրկին սկսել են մտածել Իրանի ռեժիմի փոփոխման մասին:  

 Իրանը ամեն կերպ պետք է աշխատի, որ ԱՄՆ-ի ու Սաուդիան Արաբիայի խաղերի մեջ չբռնկվի և հունից դուրս չգա: Որոշ մասնագետներ այն կարծիքին են, որ պատերազմի հոտ է գալիս:

   Օբամայի շրջանը պետք է գնահատել տրամաբանական և մեղմ մոտեցում ունեցող իսլամական երկրների հանդեպ, որը իր մեջ ներառում էր կիրթ քաղաքականություն: Տրամպի իշխանության գալուց անմիջապես զգացվում էր, որ նա պետք է սկսի անհանգստացնել Իրանին, որովհետև նրա հիմունքները ամբողջովին հակասություններով լի են: Սկզբից ասում էր, որ ԱՄՆ-ի շահերի համար է միջամտելու ուրիշների հարցերում, սակայն հենց սկզբից պարզ էր, որ Իսրայելի լաբիի, ռազմաարդյունաբերական ու տարբեր ինդուստրիալ գործարանատերերի ազդեցության տակ գտնվելով մեծ փոփոխություն է առաջացնելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում Իրանի նկատմամբ: Նա բացահայտորեն և ուղղակի խոսում է Իրանի ռեժիմի փոխելու մասին և այդ կապակցությամբ ձեռնարկում է որոշ քայլեր և ոչ մի երաշխիք չկա, որ Սաուդիան Արաբիային գրգռի և պատերազմ հրահրի Իրանի դեմ:

   Սաուդիան Արաբիան միայնակ չի համարձակվի Իրանի հետ պատերազմի մեջ մտնել, սակայն երբ ԱՄՆ-ը նրա թիկունքում կանգնի ու հրահրի նրան` հնարավոր է պատերազմն սկսվի: 

   Ամերիկացիները շատ լավ խոստուներ են տալիս արաբներին և իրենք էլ գիտեն, որ այդ խոստումները իրագործելի չեն, սակայն արաբները հավատում են այդ խոստումներին և որոշ գործողությունների են դիմում, որոնք գլխացավանք են առաջացնում և իրենց համար և Իրանի համար: 

   Տարածաշրջանում Ամերիկացիների համար ամենակարևորը Իսրայելի անվտանգության հարցն է: Իսրայելի անվտանգությանն էլ չի ծառայում ԱՄՆ-ի կողմից այդքան զենքի կուտակումը Սաուդիան Արաբիայում, սակայն առայժմ Թրամփի առաջնային հարցը զենքի վաճառքն է: 2017 թվականի հունիսի 21-ին Սաուդիան Արաբիայի թագավոր «Սալման Բեն Աբդոլազիզը» իր տղային՝ «Մոհամադ Բեն Սալման»-ին նշանակեց, որպես իր թագաժառանգ և իրեն փոխարինող, որը համարվում է նաև որպես պաշտպանության նախարար, հեռացնելով նախկին ժառանգորդին՝ «Մոհամադ Բեն Նայեֆ»-ին: Նոր նշանակված ժառանգը և պաշտպանության նախարարը հայտնի է իր ուժեղ հակաիրանական դիրքորոշումներով, նա ժամանակին սպառնում էր Իրանին, ըստ որի` կռիվ է սկսելու  Իրանի ներսում: 

    Թրամփին կարծես պատերազմը ձեռնատու է ու անընդհատ Իրանին գրգռում է, որ հրաժարվի միջուկային պայմանագրից: Երկրի ներսում պետք է մենք իրանցիներս սա լավ հասկանանք ու որոշները չպետք է այնպես արտահայտվեն կամ գործեն, որ միջազգային հանրությունը կարծի թէ Իրանը հավատարիմ չէ այդ պայմանագրի հիմունքներին: Մինչ այժմ Իրանական քաղաքագիտությունը շատ լավ է իրեն դրսևորել այդ կապակցությամբ և հուսով ենք նույնը կշարունակվի ու ԱՄՆ-ի բոլոր դավադրական քայլերը կձախողվեն՝ Իրանին Սաուդիան Արաբիայի հետ պատերազմի մեջ քաշելուն:

     Շատերը այն կարծիքին են, որ Թրամփը մի անգամվա կամ մի շրջանի նախագահ է և այս պայմաններում նրա հետ նահանջելը պարտադիր է: Ներկա պայմաններում մեր երկրին ջրի նման անհրաժեշտ է միասնականությունը և պետք է խուսափել բոլոր այն գործոններից, որոնք պառակտում կարող են առաջացնել երկրի ներսում: 

   Կարող է հարց առաջանալ թէ Թրամփը ինչո՞ւ պիտի շահագրգռված լինի նման մի պատերազմի հրահրմանը Իրանի և Սաուդիան Արաբիայի միջև: Կարծում եմ հետևյալ գործոնների պատճառով նա կարող է այդ ուղղությամբ շահագրգռված լինի՝

1. Իրեն փրկելու համար, նա իր երկրի ներսում ճնշման տակ է գտնվում և հնարավոր է նրա դեմ մեծ ալիք բարձրանա, որը կարող է խորտակի նրան, այսպիսով մի պատերազմ առաջ քաշելով կփրկի իրեն, որովհետև պատերազմի ընթացքում նախագահ փոխելու հնարավորությունը շատ է պակասում:

2. Նրան հովանավորող և համակրող ուժերը, այսինքն ռազմաարտադրության գործարանատերերը այն կարծիքին են, որ իրենց զենքերի վաճառքով Մերձավոր Արևելքում կարող են հսկել և նվազեցնել Ամերիկյան տնտեսական ճգնաժամը:

3. Ըստ իրենց, Ամերիկայի համար մի «թշնամի» երկրի հալածումը և ճնշումը, որտեղ Իրանն են համարում, կարող է հանգեցնի որոշակի զանգվածի համակրությանը Թրամփի նկատմամբ: Նրանք ամեն կերպ փորձում են վերացնել անկախ երկրներին, ինչպիսին է Իրանը և ձերբազատվել նրա իշխանությունից, փոխարինելով իրենց հնու հնազանդ մի իշխանությունով: Վստահորեն  նրանք ուսումնասիրում են իրավիճակը և, եթե նրանց համար հարմար պահ ստեղծվի կաշխատեն ամեն կերպ օգտվել այդ պահից` Իրանին թուլացնելու, ընդհուբ մինչև պատերազմի մեջ քաշելու Սաուդիան Արաբիայի հետ: 

     Մյուս կողմից Իսրայելը ամեն միջոցներից օգտվում է Ամերիկային գրգռելու նպատակով Իրանի դեմ: Նրանք աշխատում են այն տպավորությունը ստեղծել, թէ իբրև Օբամայի իշխանությունը սխալվել է ու միջուկային պայմանագիրը հարմար առիթ է դարձել Իրանի համար միջուկային զենք ստեղծելու գործում: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը վերջերս հանրապետականների մի հավաքում հայտարարեց, որ այդ պայմանագիրը պետք է չեղյալ համարվի և Ամերիկան պետք է Իրանին «նստեցնի իր տեղը, եթե նրանք այդ գործը չանեն, մենք կանենք»:

   Հուսով ենք Իրանի ճիշտ և զուսպ քաղաքականությամբ կկարողանանք խուսափել պատերազմի վտանգից, ու Իրանը կկարողանա հանգիստ մթնոլորտում շարունակել զարգացնել և ուժեղացնել իր տնտեսական ու քաղաքական համակարգը:

 

Դոկտ. Ռուբիկ Սարդարյան

Թեհրան Հունիս 2017   

«Կարծիքը» կարող է իմ կարծիքը լինել, սակայն «Իրականությունը» չի կարող իմը լինել: «Իրականությունը» ոչ մեկին չի պատկանում, այդ իսկ պատճառով՝  միշտ պատերազմ է գնում կարծիքի և ոչ թէ իրականության համար:

Էջ 1, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: