Արխիվ Սեպտեմբերի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

 

 

 

 

 

 

 

Հայաստանում վերջին տասը տարում մանկական մահացության ցուցանիշը կրճատվել է մոտ մեկ երրորդով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 6-ին Երևանում մեկնարկած Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովի բացմանն իր խոսքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ Հայաստանը դասվում է աշխարհի ցածր մանկամահացություն ունեցող երկրների շարքում: «Սա արդեն լուրջ ձեռքբերում է և այդ գործում մեծապես կարևոր է ոչ միայն մանկական վիրաբույժների դերը,  այլև համաժողովների, հանդիպումների շնորհիվ ջանքերի մեկտեղումը»,-ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ Հայաստանում ևս մանկական վիրաբուժությունը զարգացում է ապրում: «Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ծանր, անխուսափելի մահվան ելքերով վիրաբուժական դեպքերն այսօր ունենում են բարենպաստ ավարտ: Բայց, անխոս, կան նաև խնդիրներ այս ոլորտում: Դժբախտ պատահարների և մանկական տրավմատիզմի դեպքերը շարունակում են բարձր թվեր գրանցել»,-հավելեց նախարարը:

Մանկական վիրաբուժական ծառայության համակարգային խնդիրների շարքում , ըստ նախարարի, օրակարգային է մանկական վիրաբույժների սղության խնդիրը հատկապես մարզերում: «Մարզային մակարդակում մանկական վիրաբուժական ծառայությունները համալրման և կանոնակարգման կարիք ունեն: Կարիք կա նյարդավիրաբուժության մեջ ներդնել բուժման արդիական եղանակներ, բարելավել տրամադրվող օգնության որակը»,-մանրամասնեց նախարար Թորոսյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ կարևորելով համաժողովներ դերը հավելեց, որ  ծայրահեղ ծանր դեպքերում այսօր  անհնարին աշխատանքի ու հոգատարության ներքո երեխաները  փրկվում են, սակայն դեռևս մնում են բազմաթիվ հարցեր, որոնք մենք կարող ենք բարձրացնել և ստանալ դրանց պատասխանները

Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային կոնֆերանսը կազմակերպվել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Մանկական վիրաբույժների ռուսական ասոցիացիայի, Մոլդովայի Հանրապետության մանկական վիրաբուժության ազգային միության և մանկական նյարդավիրաբույժների եվրասիական ասոցիացիայի կողմից:

 Կոնֆերանսին մասնակցելու ցանկություն են հայտնել մի շարք մասնագետներ Ռուսաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ուկրաինայից և Վրաստանից: Այս գիտական ֆորումը կնպաստի բժիշկների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև կհանդիսանա լավ հարթակ մասնագետների շփման և համագործակցության համար:

Միացյալ Նահանգների` միջուկային համաձայնությունից միակողմանի դուրս գալուց հետո Իրանը հայտարարեց, որ իր հետագա քայլերի վերաբերյալ հստակ որոշում կկայացնի միայն Եվրոպայի հետ բանակցություններից հետո: Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո Վիեննայում կայացավ «4+1 խմբի» առաջին հանդիպումը՝ արտգործնախարարների մակարդակով:

Թեև Վիեննայի հանդիպման արդյունքներն իրանական կողմին այդքան էլ չէին բավարարել, սակայն ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հուլիսի վերջին Իրանի դեսպանների հետ ունեցած հանդիպման ընթացքում հստակ հայտարարել էր, որ Եվրոպայի հետ բանակցությունները պետք է շարունակել:

Չնայած օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերականգնելու մասին հրամանագրի ստորագրման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումն Իրանը բարձր գնահատեց, սակայն քաղաքական աջակցությունից բացի՝ Իրանը Եվրամիությունից ավելի շատ ակնկալում է իրանական կողմի ձևակերպմամբ՝ «հայտարարություններից անցում իրական քայլերի», այն է՝ նավթի, գազի վաճառքի, բանկային համակարգի, դրամական փոխանցումների հարցում գործուն աջակցություն:

Սակայն ուշագրավ է, որ ինչպես իրանական կողմն է հաստատում, այն կազմակերպությունները, որոնք ամերիկյան պատժամիջոցներից հետո դուրս են եկել Իրանից, դրանք մասնավոր կազմակերպություններ են, որոնք, գնահատելով առկա ռիսկերը, առաջնորդվել են բացառապես իրենց շահով: Հետևաբար Եվրոպան որևէ լուրջ գործիք չունի այդ կազմակերպություններին ստիպելու, որպեսզի մնան և աշխատեն Իրանում:

Նկատենք, որ Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերականգնման գործընթացը երկու փուլով է տեղի ունենում: Առաջին փուլը սկսել է գործել օգոստոսի 7-ից, իսկ երկրորդ փուլում, այսինքն՝ ԱՄՆ կողմից միջուկային համաձայնությունից դուրս գալուց 180 օր անց՝ նոյեմբերի 4-ին վերականգնվելու են ֆինանսական և նավթային ոլորտին վերաբերող պատժամիջոցները, որոնք ավելի մեծ վնաս կարող են տալ Իրանի տնտեսությանը:

Իրանի ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին Իրանի պետական հեռուստաընկերության 4-րդ ալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և Եվրոպայի համագործակցության հեռանկարին՝ նշել է, թե Եվրոպան մինչև նոյեմբերի 4-ը պետք է հստակեցնի իր քայլերը և Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում առաջացած խնդիրների լուծման հարցում իրական քայլեր ձեռնարկի:

Փոխարտգործնախարար Արաղչին, որը նաև մասնակցել է Իրանի և «5+1 խմբի» միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցություններին և մեծ ներդրում ունի միջուկային համաձայնության ստորագրման գործում, հստակ հայտարարել է, որ եթե մինչև նոյեմբերի 4-ը, Եվրոպան այնպիսի քայլեր չձեռնարկի, որոնք համահունչ կլինեն Իրանի շահերին, ապա Արաղչիի խոսքով՝ կարիք չկա, որ Իրանը մնա միջուկային համաձայնության մեջ:

Մինչ իրանական կողմն իր պահանջներն է ներկայացնում Եվրոպային՝ միջուկային համաձայնություն ձեռք բերելու գործում իր նշանակալի ներդրումն ունեցած եվրոպացի պաշտոնյան՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի առաջադրելու իր թեկնածությունը: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի փոփոխությունը ևս կարող է բացասաբար ազդել միջուկային համաձայնության կատարման ընթացքի վրա:

Անդրադառնալով «4+1 խմբի» շրջանակներում Իրանի և Եվրոպայի համագործակցության հեռանկարին՝ կարծում ենք, միջուկային համաձայնությունն առաջին հերթին ձեռնտու է Իրանին և դրա պահպանումը բխում է Իրանի շահերից, ուստի փոխարտգործնախարարի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես ճնշում՝ ուղղված «4+1 խմբին», որպեսզի առաջիկա հանդիպումների ընթացքում Իրանը կարողանա ավելի ամուր դիրքերից բանակցություններ վարել:

Նաև պետք է փաստել, որ ամերիկյան պատժամիջոցներից հետո ստեղծված իրավիճակում, իրատեսական չէ Եվրոպայից ակնկալել քայլեր, որոնք ամբողջությամբ կբավարարեն Իրանի շահերը, հետևաբար քաղաքական այն կամքը, որը ԵՄ-ն ցուցաբերում է միջուկային համաձայնությունը պահպանելու ուղղությամբ, ստեղծված պայմաններում բավական դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա և նպաստում Իրան-Միացյալ Նահանգներ լարվածության թուլացմանը:

Արմեն Իսրայելյան, իրանագետ

 Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

Բաժին՝ Աշխարհում

Սեպտեմբերի 2-ին, Գերմանիայի Քյոլն քաղաքում, ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքով  «Grutyun 3301 [630] »մեկնարկ տրվեց Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով կազմակերպած մեկօրյա խորհրդաժողովին, որը նվիրված է հայության ներկա հիմնահարցերին:

Խորհրդաժողովին մասնակցում էին պատիրակություններ եւ հյուրեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Հունաստանից եւ Հայաստանից:

Համաժողովը քննարկման նյութ դարձրեց տարբեր թեմաներ և ավարտին կյանքի կոչեց աշխատանքային խմբեր։ Համաժողովի կողմից շուտով հրապարակվելու է հայտարարություն։

 

 

Եվրոպայի հայերի համագումար

Գերմանիայի մասնաճյուղ

Դոկտ.. Րաֆֆի Բեդիկյան

 www.aaeurop.com

 

Բաժին՝ Աշխարհում

«Հրապարակ» կայք էջը 2018 թվականի օգոստոսի 22-ին մի հարցազրույց է անց կացրել աշխատանքի և սոցիալկան հարցերի նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանի հետ, որը ներկայումս կուսակցության բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգողն է: Դաշնակցությունը մինչ այժմ դեռ պարզորեն չի հայտարարում ինքը իրեն սոցիալիստական կուսակցություն է համարում թէ՞ ոչ: Նրանք այս հարցի նկատմամբ շատ պահպանողական ձևով են մոտենում և ավելի շուտ հարմարողական քաղաքականություն են տանում ըստ պայմանների:
Այս հարցազրույցի ընթցքում պրն. Ավետիսյանը անդրադարձել է տնտեսական ու քաղաքական մի շարք հարցերի, որոնց կանդրադառնանք ստորև և կփորձենք հասկանալ սոցիալիստական տնտեսական կամ քաղաքական համակարգի կապակցությամբ նրանց գաղափարների ու պատկերացումների հետ:
1-Ըստ պրն. Ավետիսյանի «Դաշնակցության օրակարգում եղել են երեք առժեքներ՝ արդարություն, ազատություն և համերաշխություն»: Այսինքն դաշնակցությունը այս երեք փուլերը անց կացնելով կհասնի հայ ժողովրդի համար ամենաիդեալական հասարակարգին: Աշխարհի սոցիալիստական կուսակցությունների մեծամասնությունը ավելի շուտ խոսում են «Ազատության կամ դեմոկրատիայից, հասարակական արդարությունից և վերջում սոցիալիզմից»: Դաշնակցության այդ երեք արժեքների վերջին իդեալ փուլը համերաշխությունն է կարծես: Որևէ բառ չկա սոցիալիստական համակարգի մասին, թեկուզ աջակողմյան սոցիալիզմի մասին: Որևէ խոսք չկա նաև, թէ այդ համերաշխությունը ինչպես կստեղծվի ու դա ինչպես կդառնա հայ ժողովրդի իդեալ հասարակարգը:
2-«Շուկայական տնտեսությունում կա շուկայի անտեսանելի ձեռքը, սա նեոլիբերալ տնտեսական քաղաքականություն է, որը բերել է ձախողումների, աղքատության և գործազրկության» ասում է պրն. Ավետիսյանը: Սա ճիշտ գնահատական է, որ պրն. Ավետիսյանը տալիս է նեոլիբերալիզմի տնտեսական քաղաքականության մասին: Հիմա իր առաջարկած ելքն այն է, որ պետք է «խթանել գործարարներին այս կամ այն քայլն անելու: Պետությունը պետք է կատարի իր պոզիտիվ պարտականությունները, պետք է կարգավորի շուկան»: Ի՞նչ է նշանակում պետության խթանելը, դաշնակցությունը չի խոսում հրաժարվել աստիճանաբար նեոլիբերալիզմից և չի առաջարկում համակարգի փոփոխություն, այլ ցանկանում է, երբ նեոլիբերալիզմը ձախողում է, պետությունը պետք է օգնության հասնի և երկրի նեոլիբերալիստներին ու կապիտալիստներին օգնի, որ հանկարծ չձախողեն իրենց տնտեսական քաղաքականության մեջ: Սա կատարվում է նեոլիբերալիստական երկրների կողմից ու դրա փայլուն օրինակը 2008 թվականի ճգնաժամի ժամանակահատվածն էր, երբ ԱՄՆ և Եվրոպական շատ երկրներ սկսեցին «Խթանել», և օգնության հասնել նեոլիբերալիստներին՝ օգտվելով ֆինանսական կապիտալի ներդրումից ու փրկեցին այդ փլուզվող շահագործող համակարգը:
3-«Պետությունը փող ծախսի մարդուն զբաղված դարձնելու համար, նրանց զբաղվածության խնդիրը պետք է լուծվի»: Շատ գեղեցիկ ցանկություն է, բայց արդյո՞ք կապիտալիստական համակարգում նման բան հնարավոր է: Պրն. Ավետիսյան, դուք եղել եք աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, բա ինչո՞ւ չեք կարողացել այդ գեղեցիկ ծրագիրը իրականացնել: Անպայման կասեք, որ ՀԿԿ-ն էր թելադրում քաղաքականությունը, դա չէ պատճառը, այլ կապիտալիստական համակարգում դա հնարավոր չէ ու պետության պարտականությունը չէ, հատկապես Հայաստանի նման ոչ զարգացած կապիտալիստական մի երկրում: Բացի դա, դուք ինչո՞ւ ուղղակի չեք խոսում և չեք ասում, որ աշխատանք ունենալը մարդու իրավունք է, որը պետք է ապահովի պետությունը: Սա կլինի սոցիալիստական մի տարր և ոչ թէ ցանկություն հայտնել, որ պետությունը փող ծախսի զբաղվածության համար, հաճախ փող ծախսելով էլ բավարար աշխատատեղ հնարավոր չէ չստեղծել ու անհրաժեշտ է տնտեսական համակարգի փոթոխություն:
4-«Պետությունը պետք է սուբսիդավորի կարոևր ոլորտները, որտեղ մասնավորը ներդրում չի անում: Պետությունը ներդրում անի ու ստեղծի ձեռնարկություն, հունի մեջ գցի, հետո փոխանցի մասնավորին»: Բայց ինչո՞ւ ավելի խելոք գործ չանի ու նման դեպքերում ոչ թէ հանձնի մի կապիտալիստի, այլ դարձնի ամբողջ կոլեկտիվի սեփականությունը: Ձեր նշած օրինակում ոչ մի խոսք չկա թէ այդ ոլորտի շահույթը ինչ է լինելու, պետությունն էլ փայաբաժին է ունենալու թէ նվիրելու է ու հարստացնելու է այդ կապիտալիստին, թէ աստիճանաբար ծախսած գումարը հետ է վերցնելու է գործատերից: Ձեր կարծիքով եթե պետությունները նման ձևով վարվեն որտեղից պետք է հայթայթեն եկամուտներ, որպեսզի հասարակական ծառայություններ մատուցեն ժողովրդին, հատկապես կարիքավոր խավերին: Ինչո՞ւ եք խուսափում խոսել մեծ օբեյկտների պետականացումից: Սոցիալիստները այդպես են վարվում հատկապես երկրի համար ստրատեգիկ և լավ եկամուտ ապահովող օբեյկտների հանդեպ:
5-Դաշնակցությունը երկար տարիներ եղել է Հայաստանի կրթության, բնապահպանության ու սոցիալական քաղաքականության պատասխանատուն, սակայն այս ոլորտների որակը նկատելիորեն չի փոխվել և նման մոտեցումները, որ պրն. Ավետիսյանը նշում է երբեք չի կիրառվել կամ գոնե չի ներկայացվել պետությանը կամ ժողովրդին, որպես նախագիծ և այլը:
6-Առողջապահության մասին խոսելիս դաշնակցությունը երբեք չի նշում, որ Անգլիայի նման հնարավոր է առողջապահությունը դարձնել անվճար և որակով: Սոցիալիստները այդպես են մոտենում այս հարցին և Սկանդինավյան ու Եվրոպական մի շարք երկրների օրինակը մեզ համար լավ ուղղեցույց կարող են լինել: Անհասկանալի է դաշնակցության «սոցիալիստական» մոտեցումը առողջապահության ոլորտի կապակցությամբ:


Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 03/09/2018

Բանվորները դատապարտում են դասակարգային հաշտեցումը արհմիություններում:
2018 Թվականի մայիսի 13-17-ը, Բեռլին քաղաքում, տեղի ունեցավ Գերմանիայի բանվորական արհմիությունների ընդհանուր կոնֆեդերացիայի պաշտոնական 21-րդ համագումարը: Այս արհմիությունը բաղկացած է 8 խոշոր արհմիություններից և 400 հոգի որպես 6 միլիոն անդամների ներկայացուցիչ մասնակցում էին այս համագումարին: Համագումարի օրակարգն էր ապագա չորս տարիների աշխատանքները և դիրքորոշումները հասարակական ու տնտեսական քաղաքականության մասին, որոնք կիրառվում են երկրում: Այդ համագումարում որոշումները կայանալու են ներկայացված 80 դիմումների հիման վրա, որոնցից յուրաքանչյուրի համար կազմվել է առանձին գործ: Բանվորների պահանջները և նման համագումարների անցկացման ազդեցությունը Գերմանիայի ժողովրդի կյանքի մակարդակի վրա անժխտելի է:
Արհմիության որոշ անդամներ այն համոզմունքին են, որ հասարակական պարտականությունների ստանձնումը նախապայմանն է՝ Գերմանիան ու Եվրոխորհուրդը դարձնել հավասարակշռված և դեմոկրատիկ հասարակություն: Եղան քննարկումներ ու քննադատություններ՝ բերված որոշ առաջարկների կամ դիմումների նկատմամբ, հատկապես քննադատվում էր այն հարցը, որ արհմիությունները չպետք է իրար հետ բախվելով իրար թուլացնեն և շեշտվեց, որ դասակարգային հաշտեցում ու շահերի համընկնում չի կարող լինել բանվորական ու կապիտալիստական դասակարգերի միջև: Ընտրվեցին 4 հոգի, որպես պատասխանատու խորհրդի անդամներ: Ռայներ Հոֆմանը՝ սոցիալ դեմոկրատ կուսակցությունից, ձեռք բերելով քվեների 76.3 տոկոս ձայներ, երկրորդ անգամ ընտրվեց որպես առաջին քարտուղար: Նա ներկայացրեց իր ծրագիրը միչև 2022 թվականը:
Նա այն կարծքին է, որ պետք է պաշտպանել ազատ շուկան, սակայն երկխոսել ու սակարկել գործարանատերերի հետ, որոշ միավորներ ստանալու նպատակով բանվորների համար: Մենք կարող ենք ստեղծել դեմոկրատիկ ու արդար հասարակություն: Մյուս ղեկավարներից մեկը՝ Ռագա Բերնարդը հակառակ կարծիքին էր, ըստ նրա «Մենք բանվորներս ականատեսն ենք, թե ինչպես են  գործարանատերերը աշխատանքային օրենքը օգտագործում  մեր դեմ և առաջարկում եմ մի քաղաքական հանձնախումբ կյանքի կոչել՝ վերանայելու այս օրենքը, մենք չենք կարող հանդուրժել աշխատանքի կանոնների ու պայմանների վատացումը»:
Երկաթ գծի ու կրթության արհմիությունների պատասխանատուները հայտնեցին, որ Գերմանիան ու Եվրոխորհուրդը պետք է նվազեցնեն իրենց ռազմական բյուջեն:


Աղբյուրը՝ Գերմանիայի կոմկուսի շաբաթաթերթ

 

Բաժին՝ Աշխարհում
Էջ 3, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: