Բարեփոխումներ

14 Փետրվարի 2016

Ձախ լիբերալ որոշ լրագրողների հոդվածներում, օրինակ՝ Պաուլ Մասոնի, Թամս Փիքտիի և Քրիս Հեջզի, նկատելի է որոշակի երկերի ազդեցությունը, օրինակ՝ «Հեղափոխությունների շրջան», «Անհավասար բաժանումներ», «Կապիտալիզմից հետո» և այլն: Երբ ուշադիր ընթերցում ենք նրանց հոդվածները, հասկանում ենք, որ նրանց խոսքերը վերաբերում են կապիտալիստական հասարակարգում բարեփոխումներ իրականացնելուն։

Կանադայի CBC ռադիոկայանի «Գաղափարներ» ծրագիրը քարոզում է Պաուլ Մասոնի տեսակետները: Նա ժխտում է դասակարգային պայքարը, որը կարող է հանգեցնել սոցիալիզմին։ Սակայն հավատացած է, որ ավելի արդար հասարակարգ կարելի է ստեղծել: Նա գրում է․ «Դասակարգային պայքարը պատասխան չի տալիս: Ցույցերով ու երթերով հնարավոր չէ ոչնչացնել կապիտալիզմը»: Բայց չի կարողանում փաստել, որ կապիտալիզմը կարող է ավելի արդար հասարակարգ ձևավորել: Նա պետք է կարողանա ցույց տալ, որ առանց դասակարգային պայքարի հնարավոր կլինի փրկել այն հասարակարգը, որը երբեմն ոչնչացման եզրին է կանգնում: Այստեղ դասակարգային պայքար ասելով՝ նկատի չունենք անպայման ցույցեր, երթեր և այլն: Այդուհանդերձ Պ․ Մասոնը համարում է, որ իր համախոհների քանակը գնալով ավելանում է:

Մասոնի նման բուրժուական տեսաբանները առաջ են քաշում բարեփոխումների մասին տեսությունը:

Մեր հասարակարգում բարեփոխումները նոր բան չեն: Բերենք բարեփոխումների դասական ձևակերպումները․ ա) բարեփոխումներ են այն փոփոխությունները, որ մարդը կատարում է իր առօրյա կյանքը բարելավելու համար, օրինակ՝ շատ աշխատելու և լավ ապրելու համար, դրանք ընդունելի են ու կապ չունեն սոցիալիզմի կամ կապիտալիզմի հետ․ բ)կապիտալիստական համակարգում ավելի արդար կյանքի համար բարեփոխումներ իրականացվում են, սակայն այնպիսիք, որ կապիտալիստական համակարգը չվտանգվի: Այսպիսի բարեփոխումներն իրականացվում են կապիտալիզմը փրկելու համար:  

Սակայն իրական բարեփոխումները պահանջում են բանվոր դասակարգի հեղափոխական կազմակերպվածություն, որի շնորհիվ շահագործող կապիտալիստական հարաբերություններին վերջ կտրվի, երկրի հարստությունը կպատկանի ժողովրդին: Հեղափոխությունը, որի արդյունքում պետք է ստեղծվի ազատ հասարակություն, չի կարող կատարվել միայն բանվորական կազմակերպությունների կազմակերպված ակտիվության շնորհիվ։ Դա հասարակական ու դասակարգային մի հսկա շարժում է, որը պետք է կազմակերպվի խորությամբ: Տարբեր արգելքներ այդ ճանապարհից պետք է հեռացվեն:     

Այդ պայքարը բանվոր-ակտիվիստների առօրյա աշխատանքն է, միևնույն ժամանակ միլիարդավոր մարդիկ կապիտալիստական աշխարհում օրվա հացի համար են պայքարում: Մենք այն համոզման ենք, որ բարեփոխումների միջոցով լիիրավ հավասարության և ազատության հասնել հնարավոր չէ: Նույնիսկ ամենախորը և տնտեսական ու քաղաքական արմատական բարեփոխությունները որևէ փոփոխություն չեն առաջացնում մասնավոր սեփականության, դասակարգային բաժանումների և վարձու աշխատանքի համակարգում: Բացի դա, պատմությունը և տարբեր երկրներում բուրժուական հեղափոխությունների փորձը ցույց են տալիս, որ կապիտալիզմն ամենաչնչին պահանջների դեպքում առավել բռնի միջոցների է դիմում:

Որոշ ձեռքբերումներ ու հաջողություններ կարող են լինել ժամանակավոր և խոցելի: Բարեփոխումները պետք է նպաստեն հեղափոխությանը, որը միակ այլընտրանքն է՝ աշխատավորների ազատության համար:

Ճիշտ է, մենք ողջունում ենք ու պայքարում ենք ժողովրդի և հատկապես աշխատավորների մշակութային, քաղաքական ու տնտեսական կյանքի մակարդակի բարձրացման համար, սակայն մեր բուն նպատակը պետք է լինի քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ձեռքբերումը: Մեր պայքարի հիմնակետը պետք է լինեն ժամանակակից մարդու անժխտելի իրավունքները՝ առողջության, կրթության, տնտեսական ապահովության, աշխատանքի, տղամարդու և կնոջ հավասարության, ցույցերի ազատության, հասարակական և քաղաքական հարցերում զանգվածների միջամտության իրավունքը, տարբեր խտրականությունների վերացումը և այլն: Այս ամենը կապիտալիստական համակարգում շահերի ու շահույթ ձեռք բերելու հետ հակասության մեջ են գտնվում, այդ իսկ պատճառով առաջ է գալիս այդ համակարգը փոխելու անհրաժեշտություն:

Մեր պայքարի նպատակը չի կարող լինել «բարեփոխված կապիտալիզմի», «սրտացավ կապիտալիզմի» կամ «մարդկային դիմակով» կապիտալիզմի ստեղծումը: Այս պարզ հարցը մեր ձախ ուժերը և ժողովրդի կողքին կանգնած մարդիկ լավ պետք է հասկանան: Այն ինչ մենք ցանկանում ենք՝ հակասում է կապիտալիստների կամ օլիգարխների շահերին: Այն պահանջներն ու իրավունքները, որոնք բուրժուազիան գտնում է իր գոյատևմանն անհամատեղելի, ճնշելու և ոչնչացնելու է:

 

Սիմոն Պետրոսյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: