Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Կոմկուսի դիտողություններն ու առաջարկությունները

15 Հոկտեմբերի 2015

Այսօր մեր ժողովրդին առաջարկվող Սահմանադրության մեջ կան բաներ, որոնց հետ Կոմունիստական կուսակցությունը չի կարող համաձայն լինել: Երկրում արտագաղթը, տնտեսական վիճակը կապված չեն գործող Սահմանադրության հետ: ՀՀ Կոմկուսը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն հանրապետությունում չկա:

Այնուամենայնիվ, ՀԿԿ-ն քննարկել է առաջարկվող փոփոխություններն ու ստորև իր դիտողություններն է ներկայացնում երկրում ծավալված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։

   - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ նշել է Խորհրդային Հայաստանի բարերար դերը Երկրորդ հանրապետության կայացման գործում: Երեք սերունդ ապրել և արարել է սովետական այդ հանրապետությունում, ձեռք է բերել հսկայական հաջողություններ տնտեսության, կրթության ու գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում, ընդունել է երեք Սահմանադրություն (1922 թ., 1937 թ., 1978 թ.) և շարունակ կատարելագործել է քաղաքացիական հասարակությանը բնորոշ հանրային կյանքը: Եվ զարմանալին այն է, որ ոչ մի խոսք այս մասին. Երկրորդ հանրապետության ստեղծման օրն անգամ չկա մեր երկրի տոնական օրացույցում։ 1-ին և 2-րդ գումարումների Ազգային Ժողովում ՀԿԿ խմբակցության մի քանի անգամ ներկայացրած նախագիծը` Երկրորդ հանրապետության ծննդյան օրը տոնական օրերի օրացույցում ներգրավելու մասին, մերժվել է:

   - Նոր Սահմանադրության մեջ տեղ չեն գտել ամենաժողովրդավարական սկզբունքներն անգամ` անվճար կրթություն և բուժօգնություն, ռազմավարական նշանակություն ունեցող պետական սեփականության գերակայություն, անհատույց բնակարան ՀՀ քաղաքացիներին, գրեթե ձրի առողջարաններ, հանգստյան տներ և պիոներական (դպրոցականների և ուսանողների-խմբ․) ճամբարներ: Եթե Սահմանադրությունը չի երաշխավորում, որ բոլոր չափահաս մարդիկ ունենան աշխատանքի իրավունք, և պետությունը ի զորու չի լինելու աշխատանքով ապահովելու, իսկ փոխարենը հռչակում է «աշխատանքի ազատություն»՝ մարդուն խաբելով աշխատանքի ազատության պատրանքներով,   նրան մղում են որոնելու հանապազօրյա հացը ամենատարբեր երկրներում:

-   Միայն առաջնային մանդատ ունեցողները պետք է մասնակցեն նախագահի ընտրությանը - անհրաժեշտ է հրաժարվել ընտրիչներից` ՏԻՄ ներկայացուցիչներից, նախագահի ընտրության համար բարձր շեմ սահմանել նվազագույնը ¾-ը, որպեսզի ոչ միայն մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը որոշում կայացնի, այլև մյուս քաղաքական ուժերը ևս:

- Եթե շահագրգիռ ենք բարձրացնելու խորհրդարանի դերը, ապա անհրաժեշտ է ձևավորել հատուկ մեխանիզմներ, որպեսզի Ազգային Ժողովում լինեն քաղաքական գործիչներ:

- Մերժում ենք երկրորդ փուլի գաղափարը, եթե ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն մեծամասնություն չի ստանում, քաղաքական ուժերը կարող են միավորվել, կոալիցիաներ կազմել:

-   Ճիշտ կլինի, որ վարչապետն ընտրվի ձայների ոչ թե մեծամասնությամբ, այլ 2/3-ով:

- Բարձրաստիճան պաշտոններին պաշտոնյաների նշանակման պարագայում ճիշտ կլինի սահմանել այնպիսի շեմ, որ շատ խմբակցություններ մասնակցեն հավակնող թեկնածուների հաստատմանը:

-   Հատուկ ձևակերպումներով ապահովել ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը:

- Ձևավորել իշխանության տարբեր թևերի (նախագահ, վարչապետ, Ազգային Ժողով) հակակշիռների համակարգ: Ամրագրել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի ունենանք անկախ դատական համակարգ:

- Սահմանադրության նախագծի 10-րդ կետում ասվում է. «ՀՀ տնտեսական կարգի հիմքը շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության վրա»: Պարզվում է, Սահմանադրության նախագծի հեղինակները ճանաչում են սեփականության միայն մեկ ձևի` մասնավոր սեփականության գոյությունը, ինչը մեզ համար անընդունելի է:

- Ավանդապաշտ հայ ժողովրդի համար խայտառակություն կլինի, եթե Սահմանադրությամբ ամրագրվեն և թույլատրվեն միասեռ ամուսնությունները:

-   Անընդունելի է նաև այն առաջարկը, որով նախատեսվում է անչափահաս երեխային իրավունք տալ` ծնողի հետ առաջացած հարցերը դատական կարգով լուծելու համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: