Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ Ամերիկան կամ Եվրոպան մտնեն մեր կենցաղ

15 Հոկտեմբերի 2015

ՀՀ Կոմկուսը գտնում է, որ այսօր հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Մեր կարծիքով՝ երկրում արտագաղթը, տնտեսական վիճակը կապված չեն գործող Սահմանադրության հետ: Մենք 2005 թվականի Սահմանադրությունը բոյկոտել ենք, հիմա ուզում ենք պլենումի նիստ գումարել, ու այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի: Առաջարկվող Սահմանադրության մեջ կան բաներ, որոնց հետ Կոմունիստական կուսակցությունը չի կարող համաձայն լինել: Համեմատենք կոմունիստների ստեղծած խորհրդային Սահմանադրության հետ։ Այնտեղ շատ պարզ գրված էր, որ մարդը պետք է աշխատի: Ով չէր աշխատում, նրան համարում էին պորտաբույծ և պատասխանատվության էին կանչում, իսկ հիմա այս նախագծում ընդամենը գրված է, որ մարդն իրավունք ունի աշխատելու, կամ՝ տնտեսության հիմքը շուկայական հարաբերություններն են, իսկ դա վտանգավոր է և անընդունելի: Այս Սահմանադրությամբ ոչ մի սոցիալական հարց չի լուծվում, բացի դա, ընտրիչների մարմնին ենք դեմ, եթե դա կազմավորվելու է ԱԺ պատգամավորներից ու ՏԻՄ ղեկավարներից։ Բոլորս լավ գիտենք, թե հանրապետությունում ինչ խայտառակ ընտրություններ են անցկացվում:

Փորձ է արվում ամեն ինչ անել, որ եկող խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն մեծամասնություն լինի, իսկ այդ դեպքում իրենք ավելի ազատ կգործեն: Մենք համաձայն չենք Սահմանադրության ներկայացված կետերին, հիմա Հայաստանը գտնվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում և կարծում եմ, ճիշտ չէ այս պայմաններում նախագահին սարքել անգլիական թագուհի:

Այն, որ շատերը պնդում են, թե ներկայացված նախագիծը նման է խորհրդային Սահմանադրությանը, ճիշտ չեմ համարում։ Սարերի ու ձորերի տարբերություն կա այս նախագծի ու խորհրդային Սահմանադրության միջև, ոչ մի նմանություն չկա: Սահմանադրությունը ժողովրդի թուղթն է, եթե այդ թուղթը չի նախատեսում պարտադիր աշխատանք, էլ ինչի մասին է խոսքը...

Իշխանությունների նպատակն է, որ ունենան շատ ձայներ ու երկիրը ղեկավարեն: Միայն ասել, որ երկիրը պառլամենտական է և ուրիշ ոչինչ, դա բավական չէ, իսկ խորհրդային երկրում Կոմունիստական կուսակցությունը գաղափարներ էր կենսագործում:

Մեզ, արդյոք, պատի՞վ է բերում, որ մեր Սահմանադրության մեջ գրվի միասեռական ամուսնությունների մասին, ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ Ամերիկան կամ Եվրոպան մտնեն մեր կենցաղ, դա խայտառակություն է, մենք դեմ ենք լինելու: Եվրոպան պետք է գա, հայկական ընտանիքից օրինակ վերցնի, ոչ թե... Չենք էլ ուզում այդ մասին լսել:

Մենք սպասում էինք, որ նախագահականը մեզ կհրավիրի սահմանադրական քննարկումներին, որպեսզի ներկայացնեինք մեր դիտողությունները, սակայն անտեսվեցինք՝ որպես արտախորհրդարանական կուսակցություն։ Մենք գտնում ենք, որ շատ բացթողումներ կան Սահմանադրության նախագծում: Իշխանություններն անգամ չեն ուզում Խորհրդային Միության մասին մի օրենք ընդունել՝ նոյեմբերի 29-ը՝ Հայաստանի խորհրդայնացման օրը, տոնական դարձնելու մասին: Երեք նախագահներն էլ մերժել են, կարծես թե մենք ԽՍՀՄ-ում չենք էլ եղել:

Տաճատ Սարգսյան

ՀԿԿ առաջին քարտուղար

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: