Ամուլ սարը, նոր կառավարությունը և վաղվա ձախերի օրակարգը

19 Օգոստոսի 2019

Վահան Իշխանյանը գրում է.

Ամեն կառավարություն հայտարարում է, թե երկրի տնտեսական առաջնահերթությունը բարձր տեխնոլոգիաներն են, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին հարկային ինչ որ արտոնություններ են տալիս, հետո տեսնում են, որ Երևանը Բանգալոր կամ Դուբլին չի դառնում, բյուջեն լցնելու համար կրկին հանքարդյունաբերությանն ն են զոռ տալիս։

Հեղափոխական նոր իշխանությունները ճիգ են թափում նախորդներից տարբերվեն ավելի հաճախ կրկնելով, թե իրենց առաջնահերթությունը նոր տեխնոլոգիաներն են, և որ հրաժարվելու են հանքարդյունաբերությունից, սակայն, մեկ է, օրիգինալությամբ աչքի չեն ընկնում։

Նախ, նոր տեխնոլոգիաների մասնագետները կբացատրեն, որ Հայաստանը այս պահին հեռանկար չունի ՏՏ֊ի երկիր դառնալու, մասնագիտական ներուժը հազիվ հերիքում է դրսի ձեռնարկությունների սևագրերը մշակելու համար, որ ՏՏ֊ի երկիր դառնալու համար անհրաժեշտ է մի այնպիսի ռազմավարություն մշակվի, որի արդյունքները կզգացվեն 10-20 տարի անց, որ այդ ռազմավարության հիմնական մասը կրթության ոլորտն է, որտեղ բարեփոխումների ու ներդրումների շնորհիվ կպատրաստվեն բարձրորակ մասնագենտեր ու այնպես, որ երկրից չհեռանալով արդեն տեղում աշխատանք ունենան։

Ինչևէ, Փաշինյանի կառավարությունը այդպիսի ծրագիր չունի, փոխարենը աղաղակային պուպուլիզմ՝ բարձր տեխնոլոգիաների երկիր, կանաչ երկիր և այլն, և այն մակերեսային պատկերացումը, թե հես է, հարկային արտոնությունններ տան, Տոկիոյի ու Դուբլինի մասնգենտրեը ողողելու են երկիրը, փլվում է, և կառավարությունը ստիպված ձեռք է մեկնում հանքարդյունաբերությանը։

Այժմ Ամուլսարն են ուզելու բացել, բայց հասարակական պարսավանքին դիմադրելու համար իրենց բացելը գցում են նախորդ իշխանության վրա՝ մենք մեղք չունենք, նախորդներն են թույլտվություն տվել, և շանտաժ են անում, եթե թույլ չտանք շահագործեն, մի միլիարդ տուգանք կմուծի երկիրը։ Ինչպես պարզվեց, տուգանքի հավանականությունը չնչին է, քանի որ Լիդիանը որպես օվշորում գրանցված կազմակերպություն չի կաորղ դիմել միջազգային դատարան։

Իրականում նոր իշխանությունները անընդունակ եղան տնտեսական նոր ծրագրեր իրականացնելու, ավելին, իրենց ագրեսիվությամբ մի մթնոլորտ ստեղծեցին, որտեղ լուրջ ներդրումները անհնարին են լինելու, և ստիպված կառչած են մնում նախորդ իշխանությունների տնտեսական ծրագրերին։

Հեղափոխությունը կլիներ այն, որ որևէ իշխանություն հանքարդյունաբերությունը դարձներ պետական մենաշնորհ, վերացներ մասնավոր հանքահանությունը, ներգրավեր մասնագետներ, մշակեր հանքարդյունպբերության պետական ծրագիր։ Սակայն սա այլ աշխարհայացք է և ստեղծագործական հսկա ջանքեր, իսկ նոր իշխանությունը ցանկանում է նստել տեղը, ինքն իրեն ինչ որ մասնավորներ հիանան հեղափոխական տղաներով ու աղջիկներով, գան, երկիրը զարգացնեն։ Չէ, տենց չի լինում։

Հայաստանում հանքարդյունաբերության հետ կապված մի հարց, որ մանսագիտական ուսումնասիրության է արժանի և ձախ քաղաքական ուժերի օրակարգը պիտի լինի. հանքերը շահագործում են մասնավոր ընկերությունները, որի արդյունքում բյուջե միայն հարկեր են մտնում, հարստանում են մասնավոր անձինք, իսկ շրջակա միջավայրն աղտոտվում է, բնակչությունն էլ առողջությունը կորցնում է։

Եթե ամբողջ հանքարդյունաբերությունը պետականացվի, ապա այս նույն ծավալների հանքահանության արդյունքում պետության եկամուտները ինչքա՞ն կլինեն, և կոնկրետ, Ամուլսարը, եթե պետությունը շահագործեր, ի՞նչպիսի տարբերություն կլիներ պետության եկամուտների, պետությունը ինչքան եկամուտ կունենար ու նաև կոնկրետ Ջերմուկի համայնքը։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: