Քաղաքական գաղափարախոսության ճշտումը և նրա դերը երկրի զարգացման վրա

05 Հուլիսի 2018

Քաղաքական գաղափարախոսությունը մեծ դերակատարություն ունի երկրի հասարակական ու քաղաքական զարգացման գործում: Դրա բացակայությունը և անուշադրությունը կուսակցությունների ու հասարակական ու քաղաքական ուժերի կողմից նվազեցնում է որևէ ժողովրդավարական երկրում, իշխանությունների, իշխող կուսակցության ու քաղաքական ուժերի պատասխանատվությունը և պարտականությունը ժողովրդի հանդեպ:
Քաղաքական գաղափարախոսությունը ունի երկու կողմ՝ 1-Նպատակ, որտեղ ճշտվում է թէ ինչպես պետք է հասարակությունը կազմակերպվի և 2-Մեթոդներ, որտեղ ճշտվում են ամենահարմար եղանակները այդ նպատակներին հասնելու համար:
Ի՞նչ բան է քաղաքական գաղափարախոսությունը և ի՞նչ նշանակություն ունի հասարակական ու քաղաքական զարգացման գործում: Քաղաքական գաղափարախոսությունը որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման կամ հավաքի համոզմունքների հավաքածու է քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային հարցերի շուրջ: Դրանով է ճշտվում այդ ուժերի գործնական քայլերը և դիրքորոշումները:
Քաղաքական գաղափարախոսությունը մի ճկուն երևույթ է, որը ազդվում է և փոխազդեցության մեջ է մտնում հիմնական հոսանքների, միջավայրի և հասարակական պայմանների հետ: Այսինքն քաղաքական գաղափարախոսության հավաքածուն մի կողմից ազդում է հասարակական ու քաղաքական շարժումների ձևավորմանը և մյուս կողմից ազդվում է նրանցից և մարդու ապրելու պայմաններից: Ուրիշ խոսքով քաղաքական գաղափարախոսությունը դինամիկ կամ զարգացող կենդանի մի մարմին է: Դա ձևավորվում է ստանդարտ քաղաքական կառույցների և կուսակցությունների մտային տնակներում, որոնք ձևավորվում և զարգանում են գործնական փորձառության և տեսական գիտության հիման վրա:
Քաղաքական գործնական բնագավառը ինքնուրույն չի կարող իր ընթացքը վերածել որևէ տեսության, մյուս կողմից ակադեմիկ կամ տեսական բնագավառը նաև առանց գործողությունների և կատարված աշխատանքների վերլուծության չի կարող որևէ նոր տեսություն ստեղծել: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր գաղափարախոսություն, երբ վերածվում է գործի, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է վերլուծի իր տեսությունը և գործունեությունը և երկու բնագավառներն էլ զարգացնի ու դարձնի ժամանակակից: Սոցիալիստական կամ կոմունիստական գաղափարախոսությունը և սոցիալիստական երկրներում կիրառված քաղաքականությունը և գործունեությունը, եթե ժամանակին վերլուծվեին մի գուցե հնարավոր լիներ խուսափել անցյալի թույլ տված որոշ սխալներից: Սովետական Միությունում ու Չինաստանում այս երևույթը արժանի էր ուսումնասիրության և վստահ շատ տեսակետներ են արտացոլվել այդ կապակցությամբ, որոնք կարող էին օգտավետ լինել ապագա սոցիալսիտական հասարակություն ստեղծելու գործում Հայաստանում և ցանկացած որևէ կապիտալիստական երկրներում: Սա մի գործընթաց է, որ շարունակվելու է զարգացման պրոցեսում:
Յուրաքանչյուր երկրում ժողովուրդը նայում է կուսակցությունների քաղաքական գաղափարախոսություններին ու նրանց գործողություններին և դատում է այդ կուսակցությունների մասին: Այս պրոցեսը ժողովրդավարական երկրներում հանգիստ է կատարվում, սակայն ոչ դեմոկրատիկ երկրներում դժվար է ընթանում: Ժողովրդի դատողությունը մարմնավորվում է իր քվեով որևէ ընտրության ժամանակ:
Բնական է, որ քաղաքական գաղափարախոսության ունենալու նախապայմանը իսկական, անկախ և քաղաքական հասարակության մեջ, գործունեություն ունեցող կուսկցությունների ունենալն է, որոնք բացի գործունեությունից միշտ զբաղվում են իրենց տեսությունը և գաղափարախոսությունը զարգացնելու մասին և այդ նպատակով կապի մեջ են լինում փիլիսոփաների, համալսարանականների ու այլ գիտնականների հետ: Կուսակցությունները միայն այս եղանակով են կարող պատրաստել իրենց կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը և ուղղորդվեն ըստ դրա: Այդ ծրագրերը և գաղափարախոսությունն հատկապես ընտրությունների ժամանակ են ներկայացնելու ժողովրդի դատին ու քվեարկությանը:
Վերոհիշյալ իսկական կուսակցությունների բացակայության դեպքում երկրում կառաջանա հասարակական շփոթվածություն և անարխիա, որոնք հենված են լինում ոչ կայուն լոզունգների, պոպուլիստականության ու եղանակային ոգևորվածության վրա: Նման երկրներում կողմնորոշում և դատողությունը հենված է անհատների և անձնավորությունների վրա և ոչ թէ գաղափարախոսության և ծրագրերի հիման վրա: Այս երկրներում կուսակցությունների կողմից տրված խոստումները որևէ արժեք ու պատասխանատվություն իրենցից չեն ներկայացնում: Դժբախտաբար Հայաստանը դասվում է այս շարքի երկրների ցանկում, որտեղ կուսակցությունների մեծ մասը հենված են անձերի վրա և չունեն քաղաքական գաղափարախոսություն և իրենց տրված խոստումները որևէ արժեք իրենցից չի ներկայացնում և իրենց պատասխանատու չեն զգում ժողովրդի հանդեպ: Սա վերաբերում է ոչ միայն իշխանամետ այլ նաև ընդիմադիր կուսակցություններին:

Եթե որևէ կուսակցություն կամ քաղաքական հոսանք ունենա քաղաքական գաղափարախոսություն, նրանք կարող են քաղաքականություն ստեղծել և ոչ թէ լոզունգներ տալ, օրինակ եթե որևէ սոցիալիստական կուսակցություն իր գաղափարախոսության շրջանակներում քաղաքականություն է մշակում երկրի համար, բոլորը կարող են գիտակցել և նախագուշակել, որ այս կուսակցությունը կգործի իր գաղափարախոսության սահմաններում, այսինքն անվճար կրթություն, անվճար առողջաբժշկական ծառայություն, աշխատանքի և բնակարանի ապահովում բոլորի համար և այլն: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ մյուս կուսակցությունները, որոնք չունեն որևէ քաղաքական գաղափարախոսություն չեն էլ կարող ունենալ հստակ քաղաքական ծրագրեր ու որքան էլ, որ նրանք լավ ու կիրթ մարդիկ լինեն ու որքան էլ, որ լավ խոստումներ տան, չեն կարող իրականացնել որևէ քաղաքական ծրագեր ու չեն կարող պատասխանատու լինել ժողովրդին:
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որ մասնակցում է ընտրություններին պետք է հասկանա, որ յուրաքանչյուր կուսակցություն իչպես է մտածում և որոնք են այդ կուսակցության քաղաքականությունը տարբեր բնագավառներում, օրինակ տնտեսական, քաղաքական, հասարակական, ռազմական, ներքին ու արտաքին քաղաքականության, աշխատանք և բնակարան ունենալու իրավունքի, առողջաբժշկական, կրթական և այլ բնագավառներում:
Ներկայումս հիմնականում խոսվում է 5 ընդհանուր քաղաքական գաղափարախոսության մասին՝ 1-Անարխիզմ, 2- Բացարձակություն կամ բացարձակ իշխանություն (Absolutism), 3-Լիբերալիզմ, 4-Պահպանողականություն (Conservatism) և 5-Սոցիալիզմ: Սրանցից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ենթատեսակները:
Հայաստանի կուսակցությունների մեծ մասը կարծես ազգային ու անհատական (Individualism) լիբերալական գաղափարին են համակրում, սակայն բացարձակ ու թափանցիկ ձևով չեն խոսում իրենց քաղաքական գաղափարախոսության մասին, կարծում եմ դրա հիմնական պատճառը այն է, որ իրենք էլ դեռ չեն ձևավորել հստակ քաղաքական գաղափարախոսություն: Լավ ու զարգացած երկիր ունենալու համար պետք է ունենանք կուսակցություններ իրենց պարզ և հասկանալի քաղաքական գաղափարախոսությամբ:


Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան Հուլիս 2017

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: