Կոմունիստները, ձախ ուժերը և սոցիալիզմին համակրողները պետք է համախմբվեն

29 Հունիսի 2018

Տնտեսական համակարգի կողմնակիցներին կարելի է բաժանել երկու խմբի՝ ձախ և աջ: Սրանցից յուրաքանչյուրին նաև կարելի է բաժանել տարբեր մակարդակի ու շերտերի: Հայաստանի կոմունիստներին, ձախերին ու սոցիալիզմի համակրողներին կարելի է համարել Հայաստանի ձախ ուժեր, որոնք հիմնականում կողմնակից են պետության միջամտությանը, հասարակությանը ծառայություններ ցուցաբերելու և սահմանափակելու որոշ կապիտալիստների տնտեսական չարաշահումները: Նրանք կողմ են անվճար կրթության ու առողջապահության համակարգերին ու մտածում են, որ յուրաքանչյուր պետության պարտականությունը պետք է լինի իր բնակչությանը աշխատանքով ու բնակարանով ապահովելը: Նրանց մշակած ու ներկայացրած տնտեսական քաղաքականությունը՝ ի տարբերություն աջ ուժերի, ավելի շուտ ուղղված են աշխատավորների, սովորական ժողովրդի ու միջին խավերի շահերի պաշտպանության ուղղությամբ: Նրանք մշակում են տարբեր օրենքներ՝ պաշտպանելու սովորական ժողովրդի ու աշխատավորների իրավունքները, գործարանատերերի ու արտադրամիջոցների սեփականատերերի դիմաց: Հայաստանում նման օրենքների բացը շատ է զգացվում: Ձախ ուժերը կողմ են աշխատավորական ուժեղ արհմիությունների, քաղաքացիական հասարակության և ոչ պետական կառույցների ստեղծմանն ու նրանց դերակատարության բարձրացմանը: Սա պետք է օրենքով ամրագրված լինի ժողովրդական պետության կողմից: Ձախ ուժերը պետք է նպաստեն ու օժանդակեն ժողովրդական պետությանը նման ծրագրերի ու օրենքների մշակմանն ու հաստատմանը:
Հայաստանի ձախ ուժերը հնարավոր է որոշ տարաձայնություներ ունենան վերոհիշյալ հարցերի ու անցյալի, ներկայի ու ապագայի տարբեր հարցերի շուրջ, դա բնական երևույթ է ու չպետք է բացասական համարել: Դժբախտաբար կապիտալիստական ուժերի հակասոցիալիստական պրոպագանդան ու անցյալում սոցիալիզմի որոշ սխալներ պատճառ են դարձել, որ մեր ժողովուրդը լավ չճանաչի սոցիալիզմի տնտեսության համակարգի առավելությունը կապիտալիզմի նկատմամբ: Եթե ձախ ուժերին հաջողվի գտնել ու ճանաչել իրար ու սկսեն միմյանց հետ համագործակցել տարբեր ընդհանուր հարցերում, հատկապես ապագայի խորհրդարանական ընտրություններում, հնարավոր է որոշ հաջողությունների հասնեն ու հասարակական լծակներ ունենալով կկարողանան ազդել հասարակության կարծիքի վրա՝ ի օգուտ ձախ ուժերի ու աշխատավորների: Ձախ ուժերին այս գործը վաղ թէ ուշ կհաջողվի, որովհետև նրանք ավելի արդար են ու կողմնակից են երկրի հարստությունը ավելի արդար ձևով բաժանել ժողովրդի միջև:
Հայաստանի երկու կոմունիստական կուսակցությունները, անկախ ձախ ուժերը և սոցիալիզմին համակրողները պետք է զգացած լինեն համախմբվելու անհրաժեշտությունը, հատկապես խորհրդարանական ընտրություններում միասնական ճակատով հանդես գալու նպատակով: Նրանք կարող են արդար տնտեսական համակարգի սկզբունքները քարոզել և միևնույն ժամանակ դեմոկրատիկ քաղաքականության կողմնակիցը լինել: Ձախ ուժերը մեծ մասամբ քննադատաբար են մոտենում սոցիալիզմի անցյալի որոշ սխալների նկատմամբ, բայց միշտ պետք է հիշեցնել նաև այդ համակարգի դրական կողմերը, որոնք կարողացել էին հետամնաց ու ֆեոդալական Հայաստանը դարձնել զարգացող մի երկիր՝ բարձր մակարդակի արդյունաբերությամբ: Միշտ պետք է բազմակողմանիորեն նայել անցյալին:
Հույսով ենք ձախ ուժերի ներկայացուցիչները կկարողանան միասնական քայլեր վերցնելով հասնել որոշ հաջողությունների: Լավ կլինի նրանք չհիմնականացնելով իրենց մեջ գոյություն ունեցող որոշ հակասություններ, սկսեն երկխոսել ու առաջին փուլում իրենց շահերից ելնելով՝ միասնական հանդես գան առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Նրանցից յուրաքանչյուրի պարտականությունն է նախաձեռնել ստեղծելու այդ երկխոսության հնարավորությունը: Հետագայում ցուցաբերելով բարձր հանդուրժողականություն և գիտակցություն՝ կարող են անդրադառնալ յուրաքանչյուր տարաձայնության ու լուծումներ գտնեն համախմբվելու և մշտական ճակատ կազմելու ուղղությամբ:


Ռուբիկ Սարդարյան

Թեհրան 30/06/2018

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: