Գարեգին Նժդեհի գաղափարախոսությամբ կուսակցությունը կաշառակեր ու կոռուպացված դուրս եկավ

19 Հունիսի 2018

Արդյո՞ք Գարեգին Նժդեհի մտքերն ու մոտեցումները կարելի է համարել որպես գաղափարախոսություն, հատկապես իշխող մի կուսակցության համար ընդհանրապես ու մասնավորաբար Հայաստանի Հանրապետական Կուսակցության համար: Կարծում եմ, որևէ գաղափարախոսություն նախ պետք է ունենա որևէ աշխարհահայացք, որտեղ կբացատրի, թէ ինչպես է աշխարհը գոյացել, ինչպես է մարդկությունը առաջացել ու զարգացել, մարդկային հասարակական հարցերը որոնք են, ըստ իրենց, որն է մարդկային հասարակության կառավարման ամենաճիշտ քաղաքական ու տնտեսական համակարգը և որոնք են իրենց միջազգային գաղափարակիցները և այլ հարցեր:
Հայաստանի Հանրապետականներին ավելի շուտ հետաքրքրում էր ներկայանալ մի գաղափարով, որը ավելի լավ կընդունվի ժողովրդի կողմից ու կբարձրացնի իրենց հեղինակությունը: Այդ իսկ պատճառով ընտրեցին Գարեգին Նժդեհին, մեծացրին ու նրա արձանը կառուցեցին ու հանդես եկան որպես նժդեհականներ:
Կարծում եմ աշխարհում գոյություն չունի որևէ նման քաղաքական ու տնտեսական գաղափարախոսություն, որևէ ուրիշ մի կուսակցություն չի կիսում այդ գաղափարախոսությունը: Փաստորեն դա մի լծակ էր, որ օգտագործվեց հանրապետականների կողմից ու իրենց գործողությամբ ու երկիր կառավարելու մեթոդներով ու կոռուպացված ու կաշառակեր իշխանություն առաջացնելով՝ վարկաբեկեցին նաև Գարեգին Նժդեհին, չնայած որ, մի գուցե առանց հանրապետականների նաև Նժդեհն իր բացասական կողմերով, որ պատմաբանները պետք է զբաղվեն այդ գործով, արդեն վարկաբեկված էր ու հանրապետականներին միայն հետաքրքրում էր որպես միջոց օգտագործելու նրա գաղափարները և անունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մի աջակողմյա ու պահպանողական կուսակցություն է, որը առաջացել է 1990 թվականին Աշոտ Նավասարդյանի միջոցով: Հենց հիմնադրման օրվանից նրանք հրապուրված էին Գարեգին Նժդեհի մտքերով ու նպատակներով, սակայն դժբախտաբար նրանք չվերաճեցին որպես ժամանակակից կուսակցության ու մնացին նեղ նացիոնալիստական մի շրջանակում, որպես կուսակցություն, որի գաղափարախոսությունը մի փոքր տարածաշրջանում՝ Հայաստանում ու նեղմիտ մարդկանց է հետաքրքրում: Նրանք կարող էին ունենալ միջազգային մասշտաբով ճանաչված ու զարգացած որևէ քաղաքական ու տնտեսական գաղափարախոսություն: Հանրապետականների թվի շատացումը և հեղինակության բարձրացումը սկզբնական շրջանում ոչ թէ նրանց գաղափարախոսության շնորհիվ էր, այլ նրանց իշխանության անցնելու շնորհիվ, որը ձեռք էին բերել կեղծիքի, փողի ուժի և բռնության միջոցով: Սոված ու գործազուրկ ժողովուրդը և մտավորականները մի կտոր հաց ունենալու պատճառով էին անդամագրվում այդ կուսակցությանը և ոչ թէ ի շնորհիվ նրա գաղափարախոսության: Շատ անգամներ հարց ենք տվել հանրապետական «տեսաբաններ»-ին, թէ որոնք են Գարեգին Նժդեհի կողմից երկրի համար առաջ քաշած տնտեսական ու քաղաքական համակարգը, որևէ պատասխան չենք ստացել, որովհետև նման բան գոյություն չի ունեցել:
Աստիճանաբար մեր քաղաքագետներն ու պատմաբաններն են, որ գիտականորեն պետք է վերլուծության ենթարկեն կոռուպացված Հանրապետական Կուսակցության անցյալը և հայտնաբերեն, որ արդյ՞ոք որևէ կապ եղել է նրանց գաղափարախոսության՝ Գարեգին Նժդեհի մոտեցումների և կոռուպցիայի ճահիճի մեջ ներխրվելու միջև: Հանրապետականները օգտվելով իրենց ուժից և իշխանությունից են այդքան մեծարել Գարեգին Նժդեհին և աստիճանաբար պետք է ռեալ ու ոչ ուժային դիրքերից մոտենալ ու ճիշտ գնահատել նրա մոտեցումները և արարքները մեր անցյալի տարբեր հարցերի շուրջ:


Ռուբիկ Սարդարյան
Թեհրան Հունիս 2018

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: