Հուսով ենք նոր իշխանությունը կկանգնի աշխատավորների կողքին

11 Հունիսի 2018

Երկրում պետք է լինի աշխատավարձերի կամ եկամուտների տարբերություն, բայց այն պետք է լինի ծրագրավորված ու պետության հսկողության ներքո: Երբ բանվորը միայն ֆիզիկական աշխատանքներով է զբաղվում ու մտային աշխատանք չի կատարում կամ հնարավորություն չի ունենում մտային զարգացում ապրելու, նրա շահերը պաշտպանում են ձախակողմյան կամ սոցիալիստական կուսակցությունները: Այդ կուսակցությունների անդամների մեծ մասը միջին կամ բարձր խավին պատկանող մտավորականներից են լինում, որոնք հաճախ չեն կարողանում ամբողջովին աշխատավորների շահերը պաշտպանել: Վերջերս աջ սոցիալիստները, ազգայնամոլ կուսակցականներն ու ֆաշիստական կուսակցությունները հանդես են գալիս աշխատավորների ու սովորական ժողովրդի անունից ու որպես նրանց ներկայացուցիչներ: Նրանք բացի այն, որ չեն կարողանում սովորական ժողովրդի տնտեսական շահերը պաշտպանել, այլ իրենց դասակարգային պատկանելիությունից ելնելով հաճախ տնտեսական հարցերում հանդես են գալիս որպես նեոլիբերալիստներ, նրանք վարպետորեն կարողանում օգտվել սովորական ժողովրդի ազգային զգացմունքներից:
Մինչ այժմ մեզ թվում էր, թէ բանվորական կուսակցությունները կարող են ամբողջովին ներկայացնել բանվոր դասակարգի շահերը, սակայն Սովետական Միության և արևելյան Գերմանիայի սոցիալիստական հանրապետության փորձը ցույց տվեց, որ այդպես չէ և հաճախ բանվորներին ներկայցնող մտավորականները կամ կոմունիստները ազդվում են իրենց մանր բուրժուական դասակարգից կամ իերնց իշխանությունը պահելու նպատակով շեղվում են բանվորական դեմոկրատիայից և ստեղծում են տոտալիտար համակարգ: Ներկայումս մեծ մասամբ սոցիալիստներն ու կոմունիստները համոզվել են, որ պետք է հավատարիմ մնալ դեմոկրատիային, թեկուզ դեմոկրատիան պահպանելու նպատակով կորցնեն իրենց իշխանությունը: Աշխատավորների սոցիալիզմը պետք է հիմքը դնի դեմոկրատական հիմունքների վրա: Նիկարագուայի պատմությունը լավ օրինակ է այս առումով: Չպետք է սոցիալիստները ամեն գնով ուզենան պահպանել իրենց իշխանությունը, դա հանգեցնում է դիկտատորիայի ու տոտալիտարիզմի:
Դեմոկրատիկ միջավայրում սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունները պետք է ճիշտ քաղաքականություն որդեգրեն որպեսզի իրենց հեղինակությունը և ժողովրդականությունը մեծանա սովորական մարդկանց ու մասսաների մոտ: ԱՄՆ-ի իմպերիալիզմը և Եվրոպական նեոլիբերալիստական երկրները ամեն կերպ կաշխատեն խեղդել նման նորամանուկ ստեղծված սոցիալիստական երկրին, այդ իսկ պատճառով սոցիալիզմը հաճախ դժվար է առաջանում առանձին մի երկրում, սակայն բարեբախտաբար հիմա գոյություն ունեն սոցիալիստական մոտավորապես 20 երկրներ, որոնք աշխատում են ունենալ աշխատավորների տնտեսական շահերին համապատասխան տնտեսական համակարգ:
Աշխատավոր կամ բանվոր դասակարգի պատկերն էլ այսօր փոխվել է ու յուրաքանչյուր կուսակցություն, որ պայքարում է սոցիալական արդարության համար, ստիպված է դա նկատի ունենալ: Աշխատավորներին կարելի է բաժանել երեք խավի՝
1-Բարձր խավ, որը ունի հարմար աշխատանք ու լավ եկամուտ, նա հաճախ քվեարկում է կապիտալիստների օգտին:
2-Միջին խավ, որը հաճախ ունենում է աշխատանք, սակայն զգում է, որ ճնշվում է նյութապես ու պայքարելու պոտենցիալ նրա մոտ գոյություն ունի, միայն պետք է առաջանա իր դասակարգային կամ խավին համապատասխան քաղաքական ու տնտեսական գիտակցություն:
3-Աշխատավորների ցածր խավ, որը ունի շատ ցածր աշխատավարձ ու երբեմն մնում է անգործ, նրանք մեծ պոտենցիալ ունեն պայքարելու, բայց թույլ ձախակողմյա կուսակցությունների ներկայությամբ կամ նրանց բացակայության պայմաններում նրանք կարող են օգտագործվել կապիտալիստական տարբեր կուսակցությունների կողմից:
Ձախ հոսանքների ու մտավորականների պարտականությունն է, որ քաղաքական ու տնտեսական գիտելիքների մակարդակը բարձրացնեն աշխատավորների մոտ:
Հայաստանում նկատվում է ու կան բազմաթիվ փաստեր, որոնք ցույց են տալիս որ մեր ներկայիս իշխանությունը ուզում է պաշտպանել հասարակ ժողովրդի շահերը: Նիկոլ Փաշինյանը այնքան էլ հրապուրված չէ թագավորական պալատներում գտնվելուց, որոնք ստեղծել են նախկին իշխանությունները ժողովրդի հաշվին, իշխանությունը մտահոգված է, որ ժողովուրդը ունենա աշխատանք, որոշ հիմնարկներ օրինակ "Նաիրիտ" գործարանը սկսի աշխատել և այլն: Պետք է ողջունենք նման մոտեցումները: Երիտասարդ մեր պետությունը ամեն կերպ աշխատում է ժողովրդի և պետության տարածությունը նվազեցնել և դրական հարաբերություններ ստեղծել ժողովուրդ - պետություն հարաբերություններում, աշխատում են վստահություն ձեռք բերելու համար աշխատել թափանցիկ:
Մյուս կուսակցությունները, որոնցից շատերը հետապնդում են նեոլիբերալիստական տնտեսական համակարգի կայացմանը երկրում ամեն կերպ կաշխատեն պայքարել նոր շարժման ու նոր պետության դեմ, նրանց մեծ զենքը լինելու է կեղծ ազգասիրությունը, որից պետք է սպասել, որ հաճախ դրսևորվելու են ազգայնամոլության ձևերով: Աշխատենք լավ գիտակցելով այս իրողությունները նպաստել, որ չտարվենք ազգայնամոլությամբ ու զգուշ լինել բոլոր ազգադավ ու մեծահարուստներին նպաստող օրենքների ու քաղաքականությունների հաստատմանը երկրում:

Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 01/06/2018

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: