Ժողովուրդը պետք է ուժը վերցնի հարուստների ձեռքից

15 Մայիսի 2018

Հայաստանում նրանք ովքեր շատ փող ունեն, կարողացել են դրանով ձեռք բերել պաշտոն և իշխանություն: Կուսակցությունների ղեկավարների մեծ մասը հարուստներն են կազմում, որովհետև կարողանում են իրենց գումարներով պահել կուսակցությունը, և եթե իշխանության մաս են կազմում, կարողանում են օգտվելով իրենց դիրքերից, նյութական աղբյուրներ հայթայթել իրենց մասնավոր ու իրենց կուսակցության համար և տարածել իրենց իշխանությունը երկրի մասշտաբով:

Սոված ու աղքատ երկրում մարդիկ ձգտում են ձևականորեն դառնալ նման կուսակցությունների անդամ, որպեսզի շանս ունենան  աշխատանք կամ եկամուտի աղբյուր ունենալու: Սրա վառ օրինակը “Հայաստանի Հանրապետական” ու “Ծառուկյան Դաշինք” կուսակցություններն են, որտեղ մարդիկ ձգտում են անդամ դառնալով այդ կուսակցություններին` հասնել մի պաշտոնի կամ դիրքի: Նման կուսակցությունները հենված են եղել անձերի վրա և ղեկավարվել են վերևից, սովորական ու ցածր շերտի կուսակցականները երբեք կուսակցական խաղերի մեջ չեն եղել ու որևէ դերակատարություն չեն ունեցել կուսակցության դիրքորոշումների վրա: Այս կուսակցությունների գաղափարախոսություններն էլ շինծու ու կեղծ գաղափարախոսություններ են եղել, որտեղ ազգայնամոլության ու կապիտալիստական գաղափարախոսության հիմունքների վրա աշխատում են իբրև թէ ազգայնորեն ամենալավ գաղափարախոսությունը ընտրել ու ցույց տալ որ իրենք ամենալավ ազգասերներն են ու լիբերալ են՝ ազատ շուկայական հարաբերությունների կողմնակից, որտեղ բոլոր հնարավորությունները հարուստների ու կապիտալիստների ձեռքում են:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության ամենալավ կետը կարող է լինել այն, որ վերջ տա կոռուպցիային ու կաշառակերությանը և դատարանը լինի անկախ: Նման կարգավիճակը կնպաստի երկրի զարգացմանն ու դեմոկրատացմանը, սակայն տնտեսական ոլորտը կամ համակարգը կմնա նույնը՝ կապիտալիստական մի համակարգ, որտեղ ըստ կապիտալիստական գաղփարախոսության պետք է լինեն կապիտալիստներ, արտադրամիջոցների սեփականատերեր և մեծ թվով աշխատավորներ, որոնք լավագույն դեպքում կապիտալիստների մոտ կունենան իրենց աշխատանքները:

Խորհրդային Միության և Խորհրդային Հայաստանի որոշ քաղաքական ու տնտեսական սխալների հետևանքով հակասոցիալիստները ստեղծել են հակասոցիալիստական մթնոլորտ, որտեղ ամեն առիթով օգտագործվել ու վարկաբեկվել է սոցիալիստական համակարգը: Նեոլիբերալական ու լիբերալական գաղափարախոսները մեծ վախ ունեն, որ հանկարծ ժողովուրդը չծանոթանա սոցիալիստական տնտեսական համակարգի առավելությունների հետ, որտեղ պետությունը մեծ դերակատարություն ունի և բոլոր քաղաքականությունները մշակվելու են՝ հաշվի առնելով բանվորների, մտավորականների ու աշխատավորների տնտեսական շահերը: Կապիտալիստները և նրանց գաղափարախոսները ունեն լայն հնարավորություններ՝ իբրև ցույց տալու, որ լիբերալական ու ազատ շուկայական տնտեսական հարաբերությունները մեծ առավելություններ ունեն սոցիալիզմի նկատմամբ և ամեն կերպ աշխատում են, որ չթողնեն սոցիալիստական տնտեսական համակարգի հետ ծանոթանան աշխատավորները և միջին դասակարգի խավերը:

Պետք է հույս ունենալ, որ Նիկոլ Փաշինյանի երիտասարդ իշխանությունը բարեհաջող կերպով կկարողանա վերջ տալ երկրում կոռուպցիային ու անարդարությանը, կկարգավորի բոլոր քաղաքական հարցերը և դրա կողքին նաև հոգս կտանի ժողովրդի տնտեսական ու աշխատանքի վիճակի մասին: Հույսով ունենանք, որ նրանք կկարողանան բարձր գնահատել պետության դերակատարությանը երկրի ու ժողովրդի տնտեսական ու աշխատատեղերի ստեղծման գործում և կկանգնեն ավելի շուտ հասարակ ժողովրդի կողքին ու չեն զոհաբերի դա մեծահարուստների ու արտադրամիջոցների սեփականատերերի շահերի համար: 

Ռուբիկ Սարդարյան

Թեհրան 15 Մայիս 2018 թ.

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: