Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» հիշեցնում է Ռադիշչևի ճանապարհորդությունը

03 Մայիսի 2018

Չսպասված հեղափոխությունը թակեց ոչ միայն հանրության ակտիվ ու անտարբեր մարդկանց դռները, այլեւ տարբեր մեծ ու փոքր կուսակցությունների, որոնք իրենց առաքելությունը ԱԺ ընտրությունների միջոցով իշխանության գալուն են ապավինել։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը ժողովրդական շարժման բռնկման պատճառ է համարում Հայաստանում տարիներ շարունակ առկա սոցիալական լարվածությունը, գործազրկությունը,  արտագաղթը։ Մյուս պատճառը, ըստ նրա, այն է, որ 10 տարի երկրի նախագահ եղած Սերժ Սարգսյանը առաջադրվեց երկրի վարչապետի պաշտոնում։ Իսկ արդյունքում կուտակված ժողովրդի դժգոհությունն օգտագործեց Նիկոլ Փաշինյանը։

Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ սոցիալական խնդիրներ ունեցող բողոքական զանգվածը հույս է կապում, որ այդ համաժողովրդական շարժման արդյունքում կարող են լուծվել  հանրության առջև ծառացած սոցիալ-տնտեսական  խնդիրները։ «Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժումը, որը 215 կմ Գյումրիից մինչեւ Երեւան արշավ էր, ինձ հիշեցնում է ռուս իրականության մեջ Ալեքսանդր Ռադիշչեւին, որը ճանապարհորդություն էր կատարել Սանկտ-Պետերբուգից Մոսկվա եւ նկարագրել էր այն գյուղերի ու  քաղաքների վիճակը, որում նրանք ապրում էին։ Ռուսական իշխանությունները պատժեցին Ռադիշչեւին՝ դատապարտելով կախաղանի, հետո այն փոխեցին տաժանակիր աշխատանքի։ Երբ ժողովրդին հուզող հարցերը դանդաղ են լուծվում կամ լուծվել են ոչ արդարացի եւ ոչ արդյունավետ, կարող են հանգեցնել նման իրավիճակի»,- մեզ հետ զրույցում նշեց Վազգեն Սաֆարյանը։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը ապրիլի 30-ին հրավիրել է նախագահության նիստ՝ 25 հոգու մասնակցությամբ եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։

Իսկ քննարկման ընթացքում էլ առաջադեմ կոմունիստները որոշել են նոր, կազմվելիք ժամանակավոր կառավարությանը ներկայացնել գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության, ավիացիայի ոլորտներին վերաբերող ծրագրեր։ Վազգեն Սաֆարյանը նշում է․ «Մենք ունենք այդ ոլորտների մասնագետներ, եւ հանձնարարել ենք նրանց ներկայացնելու համապատասխան ծրագրեր, և գտնում ենք, որ դրանք կարող են ներառվել կառավարության ծրագրում: Առանց Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերի՝ արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման,  ներքին կոոպերացիոն կապերի վերականգնման ու նորերի ստեղծման, տնտեսության զարգացման մասին խոսակցությունները կմնան որպես ձայն բարբառո հանապատի։ Չէ՞ որ ընդվզող  ժողովուրդի զանգվածը ինչ արագությամբ ոգեւորվել է, նույն արագությամբ էլ կարող է հիասթափվել, եթե նրա կյանքում չլինեն էական փոփոխություններ»։

 ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները, լրագրողները ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցախեղդ են անում՝ փորձելով իմանալ նրա դիրքորոշումը ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության, հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Բավարարո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի պատասխանները Վազգեն Սաֆարյանին։

  Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ այդ պատասխանների արդյունքները պետք է տեսնել իրականության մեջ։

«Քաղաքական գործիչները պետական գործիչներից տարբերվում են նրանով, որ առաջիններն իրենց խոսքերի համար չեն կրում պատասխանատվություն։ Բայց պետական գործիչների խոսքերը կամ ամեն մի սխալ քայլը կարող է հանգեցնել այնպիսի հետեւանքների, որոնք ծանր են անդրադառնում երկրի ընթացքի վրա»,- ասաց մեր զրուցակիցը։ Եվ հիմա Հայաստանի առաջադիմական միացյալ կուսակցության նախագահն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը  հետեւողական լինի տարբեր երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու մասին իր կողմից արված հայտարարությունները կյանքի կոչելիս։ Վազգեն Սաֆարյանը հատկապես կարեւորում է ՌԴ-ի, Չինաստանի և այլ պետությունների հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու Ն. Փաշինյանի մտադրությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ում անդամակցելը:  Մենք տարիների ընթացքում լավ կապեր ենք հաստատել մեկ ու կես տասնյակ երկրների ապրտանքարտադրողների միությունների հետ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության մեքենաշինարարների միության հետ և պատրաստ ենք մեր կապերը ի սպաս դնել էլ ավելի արդյունավետ համագործակցության համար։ Մեր զրուցակիցը կարծում է, որ կառավարության  դրական տրամադրվածության դեպքում կարող ենք աջակցել ներդրումային քաղաքականության զարգացմանը, մասնավորապես “Նաիրիտ գործարան” ՓԲԸ-ի և մի շարք այլ գործարանների վերակագործարկման հարցում։ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից Վազգեն Սաֆարյանն այն տպավորությունն է ստացել, որ զանգվածային հուզումները  ցնցումների չեն տանիւ եւ զերծ կմնան  ծայրահեղություններից։

Հարցին, թե ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է լինեն նոր վարչապետի ընտրությունից հետո, թե մեկ տարի անց, Վազգեն Սաֆարյանն արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ պետք է ձեռնամուխ լինել նոր «Ընտրական օրենսգրքի» ընդունմանը։ Այդ ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով, խայտառակ ռեյտինգային ընտրական համակարգը, որը քաղաքական դարվինզիմ է, պետք է վերացվի։ Իսկ նոր ընտրությունները, կարծում եմ, պետք է լինեն աշնանը։ Նիկոլ Փաշինյանը, որքան հասկացա, ասում էր, որ պետք է լինի քաղաքացիական համերաշխության ժամանակավոր կառավարություն։ Կարծում եմ, որ այդ ժամանակավոր կառավարության մեջ պետք է ընդգրկվեն գործունյա, կյանքի և աշխատանքի փորձ ունեցող մարդիկ, որպեսզի նրանք կարողանան այս կամ այն ոլորտի խնդիրները վեր հանել եւ նոր տնտեսական քաղաքականության համատեքստում էական զարգացում և առաջընթաց ապահովել»։

Թագուհի Հակոբյան

Աղբյուրը “hraparak”.am

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: