Հայաստանի կոմունիստները «ճանապարհ չունեն անցնելու» փողոցային պայքար մղող ընդդիմադիրների հետ

09 Ապրիլի 2018

"Հայոց Աշխարհ" օրաթերթի թղթակից Գոհար Ավետիսյանը հարցազրույց է վերցրել ՀԱՄԿԿ նախագահ` Վազգեն Սաֆարյանից: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը, որը հրապարակվել է  http://www.haymedia.am կայքում-7.04.2018թ.:

Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության համար կարևոր է ոչ թե ապագա վարչապետի անձը, այլ այն, թե ինչ տնտեսական քաղաքականություն կվարի նա։ Այս մասին ՀայՄեդիա.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՄԿԿ անդամ, «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ նշելով, որ իրենց պայքարը երբևէ չի եղել անձերի դեմ։ 

«Վարչապետի ընտրության հարցն այսօր մեր տիրույթում չէ, որովհետև մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա։ Խնդիրը գտնվում է Ազգային ժողովի տիրույթում, քանի որ, ըստ Սահմանադրության, երկիրն արդեն խորհրդարանական է, իսկ խորհրդարանի մեծամասնութունն է Հանրապետական կուսակցությունը, հետևաբար ՀՀԿ-ն էլ իր դաշնակցի հետ ում առաջադրի, նրան էլ կընտրի։ Բայց մեզ համար կարևորն այն չէ, թե ով է վարչապետ կամ նախագահ, մեզ համար կարևոր է, թե նա ինչպիսի տնտեսական քաղաքականություն է իրականացնելու, թե քաղաքական կառավարման համակարգին զուգահեռ փոխվելո՞ւ է արդյոք տնտեսական քաղաքականությունը, այն ավելի արդյունավետ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Մեզ այդ հարցերն են հետաքրքրում»,- ասաց Սաֆարյանը։

Մեր այն հարցին, թե Կոմկուսը ինչպե՞ս է վերաբերում այն քաղաքական ուժերի գործելաոճին, ովքեր փորձում են փողոցային պայքարի և հանրահավաքների միջոցով ազդել վարչապետի ընտրության վրա, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. «Այդ քաղաքական ուժերը անձի դեմ են պայքարում, այլ ոչ տնտեսական քաղաքականության համար։ Մենք այդ ընդդիմադիրների հետ ընդհանուր ճանապարհ չունենք անցնելու, որովհետև մենք ոչ գաղափարապես ենք նրանց հետ ընդհանարություններ տեսնում, ոչ էլ պայքարի մոտեցումների մեջ»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հավանական թեկնածությանը վարչապետի պաշտոնում և որպես վարչապետ նրա հետ համագործակցության ստեղծմանը, մեր զրուցակիցը նշեց, որ Սարգսյանի՝ նախագահության տասը տարիների ընթացքում առիթներ է ունեցել հանդիպել նրա հետ՝ Հանրային խորհրդի և «Հայրենական ապրանք արտադրողների միության» շրջանակներում և բարձրացնել տնտեսական ու սոցիալական հարցեր։

«Վերջին հանդիպմանն էլ ես նախագահին հարց ուղղեցի, թե ինչո՞ւ չի ստեղծվում Արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն, եթե ԵԱՏՄ անդամ ենք, և միության անդամ մյուս երկրներում կան այդպիսի նախարարույթուններ։ Ես համոզմունք հայտնեցի, որ ունենալով այդ նախարարությունը և մեծացնելով մոդերացիոն կապերը, կարող ենք արդյունաբերությունը պահել ոչ թե ՀՆԱ-ի 17-18 տոկոսի սահմանեներում, այլ ավելացնել ու հասցնել մինչև 50 տոկոսի։ Մենք այդ մոտեցումների ջատագովն ենք, և դա ասել ենք նախագահին։ Մեր ասածերն ինչ-որ չափով ընկալվել և ընդունվել են։ Դեռևս 2011-ի կառավարությունը ընդունեց «Արդյունաբերության զարգացման հայեցակարգ», իսկ պետական բյուջեից միջոցներ հատկացրին արդյունաբերության արտահանման ուղղված հատվածին տրվելիք պետական վարկերի սուբսիդավորման համար։ Սա մենք դրական քայլ ենք համարում և կարծում, որ այդ միտումը պետք է պահպանվի։ Մենք խնդիր ենք դնում նաև սոցիալական խնդիրները բարձրացնել, և ով կկարողանա ռեալ քայլեր անել սոցիալական խոցերը բուժելու և վերացնելու ուղղությամբ, մենք այդպիսի քաղաքականություն իրականացնողներին պաշտպանելու ենք և կանգնելու նրա կողքին»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Գոհար Ավետիսյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: