Կուսակցությունը պասիվ չէ, բայց կազմակերպած միջոցառումների լուսաբանումն այն չէ

22 Դեկտեմբերի 2017

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿԿ) նախագահ Վազգեն Սաֆարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո իրենք ամենևին էլ չեն պասիվացել: Ընդհակառակը, բավականին միջոցառումներ են կազմակերպել այս ընթացքում, իսկ ներկայում պատրաստվում են հաջորդ տարվա ծրագրերը քննարկել:

Նոյեմբերի 7–ին կուսակցությունը «Հոկտեմբերյան հեղափոխության 100 ամյակը և դրա ազդեցությունը մեր ժողովրդի ճակատագրի վրա» թեմայով կոնֆերանս է կազմակերպել, որտեղ խոսվել է այն մասին, թե ինչ է տվել այդ հեղափոխությունը Հայաստանին ու ողջ աշխարհին: Բացի այդ, համագումար են անցկացրել և 130 հոգուց բաղկացած նոր կազմ են ընտրել, որից 27–ը նախագահության կազմում է: Նոյեմբերի 29–ին էլ Վետերանների միության դահլիճում Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրն են նշել:

Մի խոսքով, ներկուսակցական կյանքը բավականին ակտիվ է, իսկ ինչ վերաբերում է երկրի ներքաղաքական դաշտին, ապա այստեղ թեև կուսակցությունը ձեռքերը ծալած չի նստում, սակայն չի կարծում, որ բոլոր քաղաքական հայտարարություններին պետք է արձագանքեն:

Խոսելով ՀՀ նախագահի՝ ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման և Ս. Սարգսյանի հայտարարությունների մասին, Վ. Սաֆարյանը նշեց, որ այն ավելի շատ ներկուսակցական հանդիպում էր: Ինչ վերաբերում է երկրում վարվող տնտեսական քաղաքականությանը, ապա իրենք շարունակում են նույն կարծիքին մնալ և գտնում են, որ այն պետք է փոխել:

«Ազատ շուկայական հարաբերությունների արդյունքում Հայաստանի բնակչության  30%-ից ավելին աղքատության մեջ են: Դա և այլ փաստեր ցույց են տալիս, որ մեր ներկայացրած նախընտրական ծրագիրը երիցս ճիշտ էր: Ծրագրերը նրա համար են գրվում, որ դրանք չմնան թղթի վրա, և կյանքը ցույց է տալիս, որ կուսակցությունները, մասնավորապես իշխող կուսակցությունը, երբեմն–երբեմն նայում են մյուս կուսակցությունների ներկայացրած ծրագրերը: Եվ պետք է ասեմ, որ վերջերս կառավարության նիստերից մեկում փոխվարչապետի կողմից խնդիր դրվեց պետություն-մասնավոր հատված համագործակցության մասին հայեցակարգ մշակել, որին մենք մեր նախընտրական ծրագրում անդրադարձել ենք»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Քաղաքական գործիչը նշեց նաև, որ հատկապես լինելով ընդդիմադիր կուսակցություն տնտեսական քաղաքականության մասով նաև պատասխանատվություն են կրում անցած խորհրդային տարիների ձեռքբերումների համար և դրանցից լավագույնները փորձում են տեղափոխել այսօրվա իրողություն:

Իսկ այլ կուսակցությունների հետ համագործակցություն ստացվում է՞, ավելի շատ լիբերալ ուղղվածություն ունեցողների հետ:

«Ձախ դաշտում դեմոկրատներն են, ում հետ մենք մշտական կապի մեջ ենք: Նոյեմբերի 7-ին «Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և կուսակցության 6-րդ (38) համագումարին մասնակցում էին Հայաստանի դեմոկրատական և “Կանայք Հայոց աշխարհի” կուսակցությունները, Հայաստանի պատերազմի և աշխատանքի վետերանների միությունը,  “Ավիատորների ազգային ասոցացիա” ՀԿ ներկայացուցիչները, Հայրենական ապրանք արտադրողների միության մեջ մտնող ընկերությունների ղեկավարները: Դեկտեմբերի 28-ին ՀԱՄԿԿ հրավիրվելիք խորհրդակցության ժամանակ կքննարկենք 2018թ.-ին կուսակցության անցկացվելիք միջոցառումների ցանկը և գործունեության մարտավարությունը: Ինչ վերաբերում է խորհրդարանական կուսակցությունների հետ համագործակցությանը, ապա մենք համագործակցում ենք այն ուժերի հետ, ովքեր կառուցողական դիրքորոշում են ցուցաբերում: Օրինակ՝ ԱԺ–ում դեկոմունիզացիայի կոչերին հակադարձող ուժերը մեր համակրանքին են արժանանում, իսկ ովքեր նման կոչեր են անում, պարզ է, որ մենք նրանց հետ չենք կարող համագործակցել»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Նա նաև նշեց, որ իրենց կուսակցությունում որևէ  անհատից չի կարող կախված լինել հաջողությունը, քանի որ ցանկացած նախաձեռնության հաջողություն կոլեկտիվ աշխատանքի արդյունք է:

Խոսելով քաղաքացիական հասարակության կայացման հարցում կուսակցության անելիքների մասին, Վ.Սաֆարյանը նշեց, որ այստեղ նույնպես ակտիվ են: Կուսակցությունը համագործակցում է Ռուսաստանի, Չինաստանի, Չեխիայի, Բելառուսի և աշխարհի այլ երկրների կոմունիստական և ձախակողմյան կուսակցությունների հետ: Վ. Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, որ իրենց միջոցառումները հեռուստաընկերությունները չեն լուսաբանում:

«Ցավով պետք է ասեմ, որ մի քանի հեռուստաընկերություններ՝ Հ1–ը, «Շանթ», «Արմենիա» և «Ար» չլուսաբանեցին Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 97-ամյակին նվիրված մեր կոնֆերանսը: Ես անձամբ եմ զանգահարել այդ հեռուստաընկերությունների լրատվական բաժիններին և հրավիրել, որ նոյեմբերի 29–ին՝ Խորհրդային Հայաստանի հիմնադրման օրվա առիթով կազմակերպված միջոցառումը լուսաբանեն, բայց նրանցից և ոչ մեկը չներկայացան: Այսպիսին էր թվարկածս հեռուստաընկերությունների վերաբերմունքը մեր միջոցառմանը, որին մենք “ըմբռնումով” ենք մոտենում>,– ասաց Վ. Սաֆարյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

Հարցազրույցը  ներկայացվում է խմբագրական որոշակի ուղղումներով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: