Դասեր՝ Նիկարագուայի հեղափոխությունից (Մաս 2) «Կոնտրաները»՝ ԱՄՆ-ի նոր դավադրությունները և ներքին պատերազմը

02 Փետրվարի 2018

1981 թվականին Ռոնալդ Ռեյգանը դարձավ ԱՄՆ-ի նախագահ: Նա համարվում էր ամենառեակտիվ կամ հետադիմական նախագահներից մեկը, նրա օրոք փոխվեց Ամերիկայի քաղաքականությունը: Նրա քաղաքական հիմնական նպատակը դարձավ աշխարհում Սովետական Միության և ձախ հոսանքների ետ մղումը: Նրա տակտիկաներից մեկը դարձավ Ամերիկայի հակառակ պետությունների դեմ՝ հետադիմական ու հակակառավարական ուժերի օգտագործումն առաջադիմական և հակաամերիկյան պետությունների տապալման ուղղությամբ: Նման քաղաքականություն սկսվեց Աֆղանստանում՝ աֆղանցի իսլամական խմբերին ու «Մուջահեդներ»-ին զինելով ու ուսուցանելով: Նույն քաղաքականությունը կիրառեցին նաև սանդենիստների դեմ Նիկարագուայում: Ամերիկան Նիկարագուային ենթարկեց տնտեսական սանկցիաների ու դադարեցրեց  հարկերի տրամադրելը, որը կատարվում էր Ջիմի Քարտերի օրոք: Ամերիկան 1981 թվականից սկսեց իբրև թե «Նիկարագույաի դեմոկրատիկ ուժեր»  անվամբ, կազմակերպել հակահեղափոխական ուժերին որոնք հայտնի էին որպես «Կոնտրաներ» ( Նիկարագուայի աջ թևի ահաբեկչական խմբեր, որոնք պայքարում էին ձախ հոսանքի և սանդենիստների դեմ): Նրանք իրենց հակահեղափոխական աշխատանքները կենտրոնացրին Հոնդուրասում, որին կարելի է Ամերիկային երնթարկվող ու գործակալ  երկրներից մեկը համարել: Ամերիկայի գաղտնի կազմակերպությունը (CIA) սկսեց գործակալ զինվոր վարձել Հոնդուրասից, Չիլիից և Արգենտինայից: Նիկարագուայի մի գյուղական խումբ էլ միացավ Կոնտրաներին: Սա մի ահռելի ներքին պատերազմի սկիզբ էր, որը խլում էր սանդենիստների պետության բյուջեի և էներգիայի մեծ մասը: 

Ամերիկան այս պատերազմի բյուջեի համար օգտվեց տարբեր աղբյուրներից: Կարևոր աղբյուրներից էին՝ Նիկարագուայի խոշոր կապիտալիստները, որոնք երկրի հարստությունը իրենց հետ դուրս էին տարել: Ռեյգանի իշխանությունն էլ անընդհատ ԱՄՆ-ի կոնգրեսից միլիոնավոր դոլարների բյուջե էր պահանջում այս պատերազմի համար: Իսրայելն էլ, որ նախկինում մեծ օգնություններ էր ցուցաբերել Սոմոզային և նրան էր տրամադրել զենք, ռազմաօդանավ, ուղղաթիռներ ու ռազմամթերք, սկսեց օգնել կոնտրաներին: Կոնտրաների վայրագությունները պատճառ դարձան, որ ԱՄՆ-ի կոնգրեսականները մի քանի անգամ նրանց համար բյուջե չհատկացնեն: Ռեյգանը Սաուդիան Արաբիայից և սուլթան Բրոնեից ևս օգնություն վերցրեց կոնտրաների համար: ԱՄՆ-ի կոնգրեսականները պարզեցին, որ կոնտրաններին օգնելու համար Կոլոմբիայի թմրանյութերի վաճառականները 10 միլիոն դոլար օգնություն են ցուցաբերել: Հակառակ CIA –ի վերլուծաբանների՝ չնայած այդ պատերազմի ժամանակ Նիկարագուայի տնտեսական վիճակը շատ վատ էր ու երկիրը ահռելի ճգնաժամի մեջ էր գտնվում, սակայն սանդենիստների իշխանությունը չտապալվեց: Ժողովուրդը հերոսաբար սանդենիստների կողքին կռվում էր Կոնտրաների դեմ: 

Նիկարագուային պարտադրված այս պատերազմի հետևանքով մոտ 30000 հոգի զոհվեց: CIA-ը Նիկարագուայի բոլոր նավահանգիստենրը մինապատել էր ու մեծ հարձակումներ էին կտարվում սուրճի և արդյունաբերության կենտրոնների վրա, որպեսզի ծնկի բերեն տնտեսությանը: Նիկարագուան բողոքեց միջազգային դատարան և դատարանը Նիկարագուայի օգտին որոշում կայացրեց. Ամերիկայից պահանջեց դադարեցնել մինապատումները և կոնտրանների պաշտպանությունը: Սակայն Ամերիկան միջազգային դատարանի որոշումը անտեսեց ու շարունակեց իր քայքայիչ աշխատանքները: Նիկարագուայի բյուջեի մեծ մասը հատկացվում էր զինամթերքի գնման համար: Կուբան և Սովետական Միությունը իրենց որոշակի օգնություններն էին ցուցաբերում Նիկարագուային, որը մի քիչ թեթևացնում էր նրանց վրա եղած ճնշումը: 1980 թվականին Սովետական Միությունը տարեկան 400 միլիոն դոլարով օգնում էր Նիկարագուային: Նրանք նավթ ու ցորեն էին ուղարկում այդ երկիր: Ամերիկան աշխատում էր Սովետական Միության բեռնատար նավերի դեմն առնել ու չթողնել, որ մուտք գործեն Նիկարագուա: Դա այն ժամանակաշրջանում էր, որ Սովետական Միությունը ինքը դժվարության մեջ էր և Գարբաչովը Ռեյգանի հետ բանակցությունների մեջ էր գտնվում:   

Ջորջ Բուշի նախագահ դառնալուց հետո, Ամերիկան եկավ այն եզրակացության, որ ռազմական միջոցներով հնարավոր չէ տապալել սանդենիստների պետությունը և նրանք սկսեցին կիրառել նոր քաղաքկանություն` հենվեցին ընտրությունների վրա: Սանդենիստները գիտեին, որ իրենք բազմաթիվ դժվարությունների հետևանքով հնարավոր է, որ պարտվեն, սակայն ընդունեցին ընտրություններ անց կացնել՝ ՄԱԿ-ի և Ջիմի Քարտերի հսկողության ներքո: Նախկինում՝ 1984 թվականին, ընտրություններ էր տեղի ունեցել և սանդենիստները 60 տոկոսով հաղթել էին ու Դանիել Օրտեգան դարձել էր նախագահ: 1989 թվականին Ամերիկայի ջանքերով հակասանդենիստների մի դաշինք ստեղծվեց, որը բաղկացած էր 14 հոսանքներից՝ աջ ծայրահեղականներից մինչև միջին աջեր ու միջին ձախից և ձախ ծայրահեղականներից: Հակասանդենիստները ձեռք բերեցին ձայների 55 տոկոսը, սանդենիստները 44 տոկոս: Իսկ Վիոլտա Չամորոն, որի ամուսնուն Սամոզան սպանել էր և ինքն էլ հեղափոխությունից հետո սանդենիստների պետության գործադիր մարմնի անդամ էր, սակայն հետագայում մի կողմ քաշվեց, Դանիել Օրտեգայի դեմ ընտրվեց որպես Նիկարագուայի նախագահ: 1990 թվականին Դանիել Օրտեգան պետությունը հանգիստ ձևով հանձնեց նոր նախագահին: Այս երևույթը աշխարհի հեղափոխություններում անտեսանելի փորձառություն է և պետք է օգտվել: Չամորան նաև Դանիել Օրտեգայի եղբորը նշանակեց զինված ուժերի հրամանատար՝ պաշտպանության նախարար: Օրտեգան ևս, որպես խորհրդարանի անդամ, շարունակեց իր պայքարը ներքևից: Ամերիկայի ճնշման տակ Օրտեգայի եղբորը զինյալ ուժերի հրամանատարությունից հեռացրին, սակայն մի ուրիշ սանդենիստ նրան փոխարինեց:

Չամորան սիրված էր ժողովրդի կողմից, սակայն նրա կողմից նեոլիբերալական քաղաքականությանը հետևելը և տնտեսական հիմնարկների մասնավորեցնելը, պատճառ դարձան, որ առաջանան դժգոհություններ և ցույցեր: 1997 թվականին մի ուրիշ պահպանողական նախագահ ընտրվեց և վիճակը ավելի վատանալու հետևանքով Դանիել Օրտեգայի նախագահ դառնալու շանսն ավելացավ: Սակայն ԱՄՆ-ում «դաբլիու» Բուշի նախագահ դառնալու և սեպտեմբեր 11-ի դեպքի հետևանքով ժողովուրդը պատերազմից ու Ամերիկայի հետ բախումներից կրկին վախեցավ: Այդ իսկ պատճառով 2001 թվականի ընտրություններում մի կոնտրա ընտրվեց: 2006 թվականի ընտրություններում կրկին սանդենիստները առաջ ընկան և ձայների ավելի քան 60 տոկոսը ձեռք բերեցին ու Օրտեգան դարձավ նախագահ: 2011 թվականին կրկին սանդենիստներն ու Օրտեգան ձեռք բերեցին ձայների 62 տոկոսը, իսկ 2016 թվականին՝ 72 տոկոսը և մնացին իշխանության:

Վերոհիշյալ Նիկարագուայի փորձը մեծ դասեր է տալիս մեզ: Սադենիստները բազմաթիվ անգամ հաշտվեցին աջ հոսանքների և կաթոլիկ եկեղեցու հետ՝ հատկապես միջազգային արժույթի հիմնադրամից ու աշխարհի կապիտալիստական մյուս հիմնադրամներից վարկեր վերցնելու ժամանակ: Երբեմն ընդունեցին որոշ նեոլիբերալական քաղաքականություն կամ ընդունեցին կաթոլիկ եկեղեցու կանանց «աբորտի» արգելակման օրենքը, սակայն մյուս կողմից արդարություն հաստատելու և անվճար կրթության և առողջապահության քաղաքականությանը հավատարիմ մնացին: Նրանք պահպանեցին ու պահպանում են մի դեմոկրատիկ համակարգ և քաղաքական ազատություններ, որը ստեղծում է ավելի լավ իրավիճակ  կենտրոնական ու հարավային Ամերիկյան երկրների համեմատ: Այն հանգամանքը, որ Օրտեգան երեք անգամ իրար ետևից նախագահ է ընտրվում, չպիտի դրական և լավ նշան համարել, որովհետև դա առաջացել է սանդենիստների կողմից օրենքի արգելքների վերացման հետևանքով:

Արտաքին քաղաքականության տեսակետից Նիկարագուային պետք է դասել զարգացած երկրների շարքը և այդ առումով մոտ է Կուբային, Վենեսուելային ու Բոլիվիային: Մինչև այն ժամանակ, որ Վենեսուելան ԱՄՆ-ի դավադրանքների հետևանքով ճգնաժամի մեջ չէր գտնվում, Չավերզը մեծ օգնություններ էր ցուցաբերում Նիկարագուային: Սանդենիստների շնորհիվ է, որ Նիկարագուան ավելի քան 400 տարի հետո՝ այսօր ամբողջովին ազատ  երկիր է համարվում: Չնայած պարզ է, որ ԱՄՆ-ի դավադրությունների հետևանքով Նիկարագուայի հեղափոխությունը չկարողացավ իր բոլոր հիմնական նպատակներին հասնել:  
Կարելի է այսպես եզրակացնել, որ Նիկարագուայի հերոս ժողովրդի պայքարը սանդենիստների ղեկավարությամբ պատճառ դարձավ, որ Ամերիկան չկարողանա Նիկարագուային Լատին Ամերիկայի մյուս երկրների նման դարձնել իր հպատակության ներքո գտնվող «բանան ծախող» մի երկիր: Եթե Ամերիկայի միջամտությունները չլինեին, Նիկարագուան այսօր կարող էր ավելի հաջող և զարգացած երկիր լինել:

Նիկարագուայի հեղափոխությունը 20-րդ դարի մյուս հեղափոխությունների նման տեղի ունեցավ  արտաքին ճնշումների և բռնության դիմաց և արտաքին գործոնը մեծ դերակատարություն ունեցավ նրա ձևավորման գործում: 

Նիկարագուայի հեղափոխությունը ուներ իր յուրահատկությունները, օրինակ, երբ երեք հոսանք գոյություն ունեին, գյուղական, գյուղացիական և պրոլետարական հակում ունեցող հոսանքները եկան այն եզրակացության, որ երրորդ հոսանքի հետ պետք է միանալ և շեշտը դրեցին ամբողջ հոսանքների և ուժերի միավորման վրա՝ ռեժիմի դեմ: Այդ երկու հոսանքները կրկին միացան երրորդ հակումի հետ և  հակառեժիմի ուժերի ճակատ ստեղծեցին: Նրանք գործնականում դեմոկրատիա ցուցաբերեցին: Մյուս հատկությունը այն էր, որ երբ նրանք որևէ մրցակից չունեին ու իշխանության հասան և ազատագրական բանակը իրենց էր պատկանում, ոչ մի ուժի չանտեսեցին և թեկուզ իրենց հակառակորդներին ընդգրկեցին իշխանության մեջ: Ճակատի ղեկավարությունը չնայած իրենց միջև որոշ հակասությունների, երբեք չպառակտվեց և ոչ մի խումբ մյուս խմբին դավաճան չանվանեց և ոչ ոք չձեռբակալվեց ու չգնդակահարվեց: Նման երևույթներ շատ քիչ ենք հանդիպում մյուս երկրներում, որտեղ իշխանափոխություններ են լինում կամ էլ մի քաղաքական ուժ իշխանությունը իր ձեռքում է վերցնում: Չնայած որ որոշում կայացնելուց Նիկարագուայի ճակատում փոքրամասնություն և մեծամասնություն գոյություն ուներ:   

Սանդենիստները 19 տարի եղան ընդիմադիր, սակայն դրանից հետո հաղթեցին և կրկին իշխանության հասան և դա ի շնորհիվ դեմոկրատիային հավատարիմ մնալուն, որն էլ պատճառ դարձավ, որ աջ ուժերը առանց արյունահեղության ու հեղաշրջումների իշխանությունը հանձնեն սանդենիստներին: Նրանք հավատում էին և որևէ կասկած չունեին իրենց տնտեսական զարգացման ուղղու նկատմամբ: Սոցիալիստ և Մարքսիստ-Լենինիստ ղեկավարները գիտակցում էին, որ սոցիալիզմի անմիջապես հաստատումը Նիկարագուայում հնարավոր չէ և անհրաժեշտ է երկարատև անցման շրջան: Այդ իսկ պատճառով մյուս սոցիալիստական հեղափոխությունների նման անմիջապես բոլոր սեփականությունները չազգայնացրին ու չհասարակայնացրին և որոշ տեղեր ստիպված եղան հետ նահանջել ու փոխել իրենց քաղաքականությունը: Պետական ապարատը ամբողջովին չջարդեցին ու հնարավորություն տվեցին ու խրախուսեցին պետական տարբեր միավորներին շարունակել իրենց համագործակցությունը և այսպիսով պետական ծառայությունը առանց դադարի շարունակվեց:     

Աշխարհագրական տեսակետից, Նիկարագուան գտնվում էր Ամերիկայի հսկա իմպերիալիստական երկրի հարևանությամբ և ականջի տակ, նաև Ամերիկային ենթակա որոշ երկրների սանկցիաների ներքո: Այս վիճակը չէր կարող իր ազդեցությունը չունենալ Նիկարագույաի ռադիկալիզմի մակարդակի և հեղափոխության վրա: Սոցիալիստական երկրները, հատկապես Սովետական Միությունը և Կուբան մինչև այն ժամանակ, որ այդպիսին կային, օգնում էին, որ Նիկարագուայի վրա ճնշումները նվազեն, սակայն 1990 թվականին  Սովետական Միության փլուզումը համընկավ սանդենիստների 1990 թվականին պարտման հետ: Սակայն այդ փլուզումը շատ չազդեց սանդենիստների վրա և նրանք 2006 թվականին վերադարձան իշխանության: Այդտեղ պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ այդ տարածաշրջանում չորս ձախ պետություն աշխատում էր նեոլիբերալական գաղափարախոսությունից ու քաղաքականությունից դուրս, այսինքն՝ Վենեսուելան, Կուբան, Բոլիվիան, Էկվադորը և ինչ որ չափով Էլսալվադորը: Հոգու Չավերզն էլ մինչև այն ժամանակ, որ Վենեսուելայի տնտեսությունը լավ վիճակում էր, կարողացավ լավ օգնություններ ցուցաբերել սանդենիստներին: 

Այսօրվա պայմաններում Նիկարագուային գնահատական տալուց, անկախ նրանից , որ չի լինի անտեսել որոշ սխալներ, պետք է նկատի ունենանլ նրանց անցած բարդ ճանապարհը: Նիկարագուայի հեղափոխությունից հետո սանդենիստների իշխանության վրա գտնվելու 11 տարիներից, մոտավորապես տասը տարին՝ 1981-1989թթ., Ամերիկայի հետ պարտադրված պատերազմի մեջ էին գտնվում: Ընտրություններում պարտվելուց հետո 16 տարի ընդիմադիր էին՝ 1990-2006, և գտնվում էին այնպիսի պայմաններում, որ աջ հոսանքների նեոլիբերալական տնտեսական քաղաքականությունները, հեղափոխության ձեռք բերումները մեծ մասամբ ոչնչացրին կամ թուլացրին: 2006 թվականին իշխանության վերադառնալուց հետո շատ նահանջներ են ունեցել: Նկատի առնելով ներքին և արտաքին օբեյկտիվ և սուբյեկտիվ պայմանները, ապագայում պետք է տեսնել, թե ինչքանով կարող են իրենց հայտարարած ստրատեգիական նպատակի ուղղությամբ քայլեր ձեռնարկել, այսինքն՝ քայլեր ձեռնարկել փուլային ձևով՝ «անցում դեպի Սոցիալիզմ» նպատակի համար:  

 

Պատրաստեց՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյան

Թեհրան, Հունվար 2018 թ. 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: