Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը

13 Մարտի 2018

2018թ. փետրվարի 10-ին լրացավ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրված Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը:

Այն բախտորոշ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ:
Ստորև ներկայացվում է 1826-1828թթ. ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքով կնքված Թուրքմենչայի պատմական պայմանագրի 190-րդ տարեդարձի կապակցությամբ պատմ. Գ.դ.պ. Վլադիմիր Պետրոսյանի անդրադարձը մինչ այդ տեղի ունեցած իրադարձություններին:

  1. ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԱՆԳLՈ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
    Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Երկրորդի մղած պատերազմների արդյունքով Ռուսաստանն ընդհուպ մոտեցել է Անդրկովկասին: 
    Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելու հայերի հույսերն ավելի էին ամրապնդվել, երբ 1801թ. ռուսական զորքերը մտել էին Վրաստան և սեպտեմբերի 12-ին ցարի մանիֆեստով Վրաստանը միացվել է Ռուսաստանին: Այս մանիֆեստով էլ Ռուսաստանին էին միացվել նաև Լոռին, Փամբակը, Շամշադինը և Հայաստանի հյուսիս-արևելյան մի քանի այլ շրջաններ:
    Բայց այս միացման հետևանքով սրվել էին մի կողմից Թուրքիայի ու Պարսկաստանի, մյուս կողմից Ֆրանսիայի ու Անգլիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները:
    Պարսկաստանն ու Թուրքիան հասկանում էին Ռուսաստանից եկող վտանգը և ձգտում էին նրան դուրս մղել Անդրկովկասից: Դրանով շահագրգռված էին Անգլիան ու Ֆրանսիան:
    1802 թ. հունիսի 26-ին Նապոլեոն Բոնապարտի նախաձեռնությամբ կնքվել է թուրք-ֆրանսիական պայմանագիր, որն ուղղված էր Ռուսաստանի դեմ: Միաժամանակ ֆրանսիական գործակալները Բոնապարտի հանձնարարությամբ Պարսկաստանի շահին հավաստիացնում էին Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելու գործում Ֆրանսիայի աջակցության մասին:
    Իսկ Ռուսաստանն էլ առիթ էր որոնում Երևանի ու Նախիջևանի խանությունները գրավելու համար: Շուտով ստեղծվել է այդ առիթը: 1801 թ. Թիֆլիսում մահացած Հովսեփ Արղության կաթողիկոսի գահին տիրանալու համար Էջմիածնում սկսվել էր սուր պայքար:
    Երևանի խանի հովանավորությամբ 1802 թ. մայիսի 25-ին կաթողիկոս էր ընտրվել Դավիթը: Նույն օրերին կաթողիկոս էր ընտրվել նաև Դանիելը, որին պաշտպանող ռուսական զորքերի հրամանատար, իշխան Ցիցիանովը խանից պահանջել էր նրան ճանաչել կաթողիկոս:
    Երբ խանը մերժել է այդ պահանջը, Ցիցիանովը, օգտագործելով այդ առիթը, 1804 թ. գարնանը սկսել է արշավանք Երևանի ուղղությամբ: Սկսվել է ռուս-պարսկական պատերազմը, որն ավարտվել է 1813 թ. Գյուլիստանի պայմանագրով:
    Այդ պատերազմի ժամանակ մեծապես սրվել էին Ֆրանսիայի ու Ռուսաստանի հարաբերությունները: Նապալեոն Բոնապարտը ձգտում էր Ռուսաստանին գամել պարսկական պատերազմին: Այդ նպատակով էլ 1806 թ. Նապոլեոնը Պարսկաստանի շահի հետ նախնական համաձայնության է եկել ռազմական դաշինք կնքելու մասին:
    Նապոլեոնի հակառուսական քաղաքականությունը համընկնում էր Թուրքիայի և Պարսկաստանի շահերին: Դրանից էլ ելնելով, Նապոլեոնը ոգևորում էր Թուրքիանին պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, որն արդեն կռվում էր Պարսկաստանի դեմ:
    Նապոլեոնը նույնիսկ քայլեր է ձեռնարկել Պարսկաստանին ու Թուրքիային հաշտեցնել և Անդրկովկասում միասնական ճակատ ստեղծել Ռուսաստանի դեմ:
    Թուրքիան այնքան էր ոգևորվել, որ միակողմանի խախտելով 1791 թ. կնված պայմանագիրը, արգելել է ռուսական ռազմանավերի մուտքը Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներ և ուժեր է կենտրոնացրել Դանուբ և Ախուրյան գետերի ափերին:
    Վստահ իր ուժերի վրա, ունենալով Ֆրանսիայի աջակցությունը, Թուրքիան 1806 թ. դեկտեմբերի 18-ին պաշտոնապես պատերազմ էր հայտարարել Ռուսաստանին: Սկսվել է 19-րդ դարում ռուս-թուրքական առաջին պատերազմը, որն ավարտվել է 1812 թվականին:
    Ռուսաստանը երկու ճակատով պատերազմելու հնարավորություն չուներ և գեներալ Գուդովիչը սկսել է պարսիկների հետ բանակցել ռազմական գործողություններն ավարտելու շուրջ: Իսկ դա չէր մտնում Նապոլեոն Բոնապարտի ծրագրերի մեջ:
    Եվ այդ հաշտության բանակցությունները ձախողելու նպատակով 1807 թ. մայիսի 4-ին Ֆրանսիայի ու Պարսկաստանի միջև Ֆինկեյնշտենում կնքվել է ֆրանս-պարսկական դաշինք, որով Նապոլեոնը խոստացել է օգնել Վրաստանից ու Անդրկովկասից հեռացնել ռուսներին:
    Հեղինակը հարկ չի համարում անդրադառնալ ծավալված ռազմական գործողություններին, միայն կամենում է նշել, որ պարսկական ուժերի դեմ ռուսական զորքերի տարած հաղթանակները ձախողել են պարսկա-թուրքական դաշինք ստեղծելուն ուղղված Նապոլեոնի դիվանագիտական փորձերը:
    Անգլիան, որն ուշադրությամբ հետևում էր Անդրկովկասում տեղի ունեցող գործողություններին, նույնպես ձգտում էր ամրապնդել իր դիրքերը: Եվ երբ Տիլզիտում հաշտություն էր կնքվել Նապոլեոնի և Ռուսաստանի ցար Ալեքսանդր Առաջինի միջև, Անգլիան շտապել է դրանից օգտվել և միջոցների է դիմել Թուրքիայում ու Պարսկաստանում իր ազդեցությունն ուժեղացնել համար:
    Հենց այդ նպատակով էլ 1809 թ. կնքվել էր անգլո-թուրքական հաշտության և բարեկամության պայմանագիր: Նույն թվականին կնքվել էր անգլո-պարսկական դաշնակցային նախնական պայմանագիր, որով Անգլիան խոստացել էր ընդդեմ Ռուսաստանի՝ ցույց տալ ֆինանսական ու ռազմական օգնություն:
    Այդ պայմանագրերի հետևանքով Թուրքիան խախտել էր 1807 թ. օգոստոսին կնքված զինադադարը և 1809 թ. վերսկսել է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունները: Պարսիկները ևս 1809 թ. ամռանն ակտիվացրել են իրենց գործողությունները, Անգլիայից ստանալով 12 հազար հրացան, 22 թնդանոթ և այլն:
    Մի շարք պարտություններից հետո Թուրքիան հարկադրված էր խնդրել հաշտություն: 1812 թ. մայիսի 16-ին Բուխարեստում ստորագրվել էր ռուս-թուրքական հաշտության պայմանագիր, որով Կովկասում երկու տերությունների միջև որպես սահման ընդունվել է Ախուրյան գետը: Ախալքալակը զիջվել է Թուրքիային: Պայմանագրով Թուրքիան չէր կարող միանալ Ֆրանսիային:
    1913 թ. հոկտեմբերի 12-ին Գյուլիստանում կնքված հաշտության պայմանագրով ավարտվել էր ռուս-պարսկական պատերազմը: Պարսկաստանը ճանաչել է Վրաստանի, Դաղստանի, Գյանջայի, Շաքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի, Թալիշի խանությունների, Լոռու, Փամբակի, Շամշադինի, Զանգեզուրի և Շորագյալի գավառների միացումը Ռուսաստանին: Սրանով դրվել է Ռուսաստանին հայկական հողերը միացնելու սկիզբը:
    Իհարկե, Թուրքիան ու Պարսկաստանը հարկադրված էին ստորագրել պայմանագրերը և առիթ էին փնտրում վերականգնել կորցրած տարածքները: Իսկ դա հնարավոր էր միայն Ռուսաստանի հետ նոր պատերազմով:
    Այստեղ, անշուշտ, պետք է նկատել, որ Եվրոպական տերությունները, առանձնապես Անգլիան ու Ֆրանսիան գիտեին Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայ ժողովրդի տառապանքի մասին:
    Նրանք գիտեին պարսկա-թուրքական բռնություններից փրկվելու համար եվրոպական տերություններից և Հռոմի պապից օգնություն ստանալու հույսն արտահայտող հայ ժողովրդի ազատագրական շարժման գործիչների բազմաթիվ խնդրագրերի մասին:
    Նրանք գիտեին նաև, թե Հայաստանին մոտեցող ռուսական զորքերին հայերն ինչպիսի ջերմությամբ էին ընդունում, նրանց համարելով իրենց ազատարարներ:
    Գիտեին, բայց տարօրինակն այն էր, որ այդ ամենը գիտենալով հանդերձ, մոռացել էին հայերին ազատագրելու մասին տված խոստումները և, հիմա, երբ այդ ազատագրումը կատարվում էր ռուսական բանակի միջոցով, հանդես էին գալիս Պարսկաստանի և Թուրքիայի պաշտպանությամբ:
    Արևմտյան տերություններն այդպիսի քաղաքականություն են վարել նաև 1826-1828 և 1828-1829 թթ. տեղի ունեցած ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ժամանակ;
    Ասվածի կապակցությամբ հեղինակը հարկ է համարում ընթերցողի ուշադրությանը ներկայացնել շատ փաստերից միայն մեկը:
    Ինչպես արդեն նշվել է, Պարսկաստանը չէր հաշտվում Գյուլիստանի պայմանագրի հետ և միջոցներ էր որոնում կորցրած տարածքները ետ վերադարձնելու համար: Այս գործում պարսից շահի եռանդուն խորհրդատուները և ռազմական օգնություն ցույց տվողները Ֆրանսիան էր ու հատկապես Անգլիան: Թեև նրանց մեջ քիչ չէին հակասությունները, բայց միավորվել էին Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու համար, օգտագործելով Պարսկաստանի ուժը:
    1825 թ. դեկտեմբերի 14-ին Պետերբուրգում նոր ցար դարձած Նիկոլայ Առաջինի դեմ սկսվել էր դեկաբրիստների ապստամբությունը: Մայրաքաղաքում տիրում էր խառնաշփոթություն: Առաջին նշաններից երևում էր, որ դեկաբրիստների շարժումը կարող էր ծանր հետևանքներ ունենալ Ռուսաստանի ապագայի համար:
    Ապստամբության օրը Պետերբուրգում էր գտնվում Պարսկաստան վերադարձող անգլիացի գնդապետ Շիլը, որը մտերիմ կապեր ուներ պարսից թագաժառանգ, Ռուսաստանի ոխերիմ թշնամի Աբբաս-Միրզայի հետ:
    Անգլիացի գնդապետը մտադրություն ուներ մի քանի օր մնալ Պետերբուրգում: Բայց նա այնքան էր համոզված ապստամբության հաջողության մեջ, որ հենց նույն օրը, դեկտեմբերի 14-ին, չսպասելով իմանալու, թե ինչով է ավարտվելու խռովությունը, շտապ մեկնել է Պարսկաստան, օր առաջ Աբբաս-Միրզային հայտնելու այդ ուրախալի լուրը, որից անհապաղ պետք էր օգտվել ու վերականգնել կորցրածը:
    Գնդապետ Շիլը Թավրիզ էր հասել երեք ամիս անց և Աբբաս-Միրզային հայտնել ուրախալի լուրը, նրան հորդորելով այլևս չսպասել և անմիջապես հարձակվել Անդրկովկասում գտնվող ռուսական զորքերի վրա։
  2. ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ԴԻՄՈՒՄԸ

Գնդապետ Շիլի բերած լուրից ոգևորված Աբբաս-Միրզան 1826 թ. հուլիսի 16-ին Ռուսաստանի դեմ սկսել է ռազմական գործողություններ, որոնց մասին Հեղինակը հարկ չի համարում խոսել:
Պարսկական զորքերի հարձակումից հետո, Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Արքեպիսկոպոս Աշտարակեցին սթափ գնահատելով իրավիճակը հասկացել էր, թե այդ պատերազմը ինչ ճակատագրական նշանակություն կունենար հայերի համար և իր ամբողջ ուժերը տրամադրել է Ռուսաստանի հաղթանակը ապահովելու համար:
1826 թ. հուլիսի 29-ին, պատերազմը սկսելուց երկու շաբաթ անց, նախապատրաստական աշխատանք տանելուց հետո, Ներսես Աշտարակեցին կոչով դիմել է Կովկասի հայությանը:
Հայերեն և ռուսերեն գրված այդ կոչում ասվում էր. ՙԱստուծուց ինձ վրայ դրուած սրբազան պարտաւորութեամբ յայտարարում եմ ահա, որ ինչպէս դուք էլ տեղեակ էք մեր ազգային պատմութիւնից, գիտենք, թէ ինչ պատճառներով վերացան մեր ազգի գերազանցութիւնը, թագաւորութիւնը, իշխանութիւնը, մեծութիւնը, յարգանքները, հպարտութիւնը և կամ թէ, վերջապէս, ինչից առաջացավ մեր սիրելի հայրենիքի վերջնական անկումը և ովքեր էին ընդհանուրիս այդ դժբախտութիւնների պատճառները՚:
Այնուհետև, Ներսես Աշտարակեցին նշելել է Հայաստանի թշվառ վիճակի, պանդխտության, գերության սարսափելի հետևանքների մասին և կոչ է արել. ՙՄի վախէք պարսից ձայնից և աղաղակներից: Նրանց բոլոր ուժերը ճիչի ու սպառնալիքների մէջ է և ոչ թէ ճշմարիտ զօրութեան և խելացիութեան: Եւ որովհետև նրանց ճիչն ու աղաղակը րոպէապէս թնդացնելով օդը, շուտով կորչում են, այնպէս էլ ունայն են նրանց բոլոր գոռում-գոչումը և սպառնալիքները՚:
Ներսես Աշտարակեցին հիշեցրել է ՙմեր նախնեաց սխրագործութիւնները՚ և հույս է հայտնել, որ ՙմիաբանութամբ պիտի քաջալերէք միմիանց, ասելով՝ ՙմեռնենք քաջութեամբ և առանց հայրենիքին դավաճանելու և այսպիսով ժառանգենք մեր նախնիների պանծալի անունն ու փառքը՚:
Ներսես Աշտարակեցին շարունակել է. ՙԹող չվախեցնեն ձեզ պարսից րոպէական արշավանքները, աւազակութիւնները և այն սուտ լուրերը, որ տարածում են նրանք կամ նրանցից խաբուած թեթեւամիտները: Մի՛ տարակուսէք, մի՛ վհատուէք և մի՛ դողացէք, որովհետեւ քաջ յայտնի են մեզ պարսիկների յատկութիւնները եւ նրանց խորամանկութեամբ հնարած լուրերի ստորութիւնը՚:
Հայությանն ուղղված իր կոչը Ներսես Աշտարակեցին ավարտել է հետևյալ խոսքերով. ՙԳոցեցէ՛ք ձեր ականջները և ձեր դէմքը այդպիսի կեղծ համբաւների դէմ, բոցավառուեցէք արիութեան ոգով, դիմադրեցէք մեր թշնամիների բոլոր խորամանկութիւններին և աւազակութիւններին…
Դիմադրեցէք թշնամուն և նրա արբանյակներին կամ ռուսաց զօրքի հետ միասին և կամ թէ մի ուրիշ կերպով, որ աւելի յարմար կը լինի ներկայ աւազակային յարձակումների միջոցին, իսկ եթէ հարկ լինի՝ մի խնայէք ձեր արյան վերջին կաթիլը՚ (Վլադիմիր Պետրոսեան, Արարատը պէտք է մնայ Երեւանի կողմը, Պէյրութ, 2001, 64-65):
Ներսես Աշտարակեցու կոչը մեծ արձագանք է գտել: Ամենուրեք հայերը ոտքի են կանգնել պարսկական դարավոր լուծը խորտակելու համար:
Թիֆլիսում կազմակերպվել է հայ կամավորների գունդը՝ իր կանոնադրությամբ ու հայոց պետականության խորհրդանիշ Ծիրանագույն դրոշով: Գունդը Ներսես Աշտարակեցու առաջնորդությամբ մեկնել է պատերազմի դաշտ:
Ղազախի և Շամշադինի շրջաններում էլ կազմակերպվել էր մեկ այլ գունդ՝ եպիսկոպոս Գրիգոր Մանուչարյանի հրամանատարությամբ:
Եսայի կաթողիկոսի և Դավիթ Բեկի ժամանակներից անցել էր մեկ դար: Այդ տևական ընդմիջումից հետո, հենց որ ռուսական զորքերը մոտեցել են Հայաստանի սահմաններին, հայ մարդը նորից համարձակություն է ունեցել զենք վերցնել, միանալ ռուսական զորքերին և կռվել իր հայրենիքի ազատագրության համար:
Բայց դա բոլորը չէր: Տեղի էր ունեցել մեկ այլ զարմանալի երևույթ: Ժողովուրդը միշտ հայ հոգևորականներին ճանաչել է որպես հնազանդության քարոզիչներ, բայց այս անգամ, ի դեմս Ներսես Աշտարակեցու և Գրիգոր Մանուչարյանի, ժողովուրդը տեսել է սուրը ձեռքին հայրենիքի ազատության համար մարտնչող մարտիկների…

  1. ԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴԻ ԳՐԱՎՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Վ. Պետրոսյանը անդրադարձել է 1826-1828 թթ. տեղի ունեցած ռազմական գործողություններին և ընթերցողի ուշադրությունը հրավիրում է այդ պատերազմի ընթացքում, 1827 թ. հոկտեմբերի 1-ին, ռուսական զորքերի և հայ կամավորների կողմից Երևանի բերդի գրավմանը և կարևորում դրա նշանակությունը հայերի համար:
Այդ իրադարձությունների ժամանակակից հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը գրել է հետևյալը. ՙԴժոխքի քանդվիլը մեղավորների համար էս գինը չէր ունենալ, ինչպէս Երևանու բերդի առնիլը հայերի համար…: Քանի Հայաստան իր փառքը կորցրել էր, քանի հայք իրանց գլուխն էին թրի տեղ թշնամու ձեռք քցել. էս օրը, էս ուրախությունը չէին տեսել, չէին վայելել՚:
Երևանի գրավումը Հարություն Ալամդարյանը գնահատել է որպես ՙՀայաստան աշխարհի փրկությունն անգութ պարսիկների երկաթե հնոցից՚:
Իսկ հեռավոր Հնդկաստանից Մեսրոպ Թաղիադյանը գրել է. ՙԱչքներդ լոյս, որ մեր քաղցր աշխարհքն պարսից դառը չարչարանքներից ազատվեց՚:
Երևանի գրավմանը մասնակցած դեկաբրիստ Ե. Լաչինովը թողել է հետևյալ վկայությունը. ՙՀուզիչ է ազատագրված հայերի հրճվանքը: Սրտից է բխում նրանց արտահայտած ուրախությունը: Նրանք իրենց երկիրը հարսանքատան են նմանեցնում, որտեղ հիմա ամեն ինչ ցնծում է՚:
Այսպիսին է եղել ժամանակակիցների վկայությունը: Եվ մենք պարտավոր ենք այդ իրադարձություններին նայել հենց նրանց, ժամանակակիցների աչքերով:
Հեղինակը կարևոր է համարում ներկայացնել նաև Հովհաննես Թումանյանի գնահատականը. ՙՀայ ժողովուրդն ազատվում էր մի դժոխքից, որ նրա համար ստեղծել էր պարսկական կոպիտ ու խավար բռնակալությունը, որի վայրագությունը ոչ մի սահման ու չափ չէր ճանաչում, ոչ օրենք, ոչ իրավունք, ոչ խնդիր, ոչ աղաչանք, ոչ կրոն, ոչ սրբություն, ոչ կայք, ոչ կյանք, ոչ կին, ոչ պատիվ, ոչ ամոթ, ոչ խղճմտանք…Եվ այդ դժոխքի միջնաբերդը Երևանն էր՚:
ՙԵրևանի առումով,- շարունակել է մեծ հայրենասեր բանաստեղծը,- Ռուսաստանին միացավ Մասիսի էս կողմը գտնվող հայությունը ու էդ օրվանից հայ ժողովրդի կյանքի ու պատմության մեջ բացվեց մի նոր շրջան: Կատարվեց Կովկասի հայության դարավոր տենչանքը՚:


  1. ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
    1827 թ. հոկտեմբերի 6-ին գեներալ Պասկևիչի հրամանով կազմվել է Երևանի ժամանակավոր վարչություն Ներսես Աշտարակեցու, գեներալներ Բորոդինի և Կրասովսկու մասնակցությամբ:
    Ժամանակավոր վարչության առջև դրված խնդիրներից էին.
    Կարգ ու կանոնի հաստատում:
    2. Երկրի սահմանների, ինչպես նաև Երևանի, Սարադարապատի և Աբբասապատի բերդերի պաշտպանություն:
    3. Ճանապարհների անվտանգության ապահովում:
    Մեկ հազարից ավելի հայ կամավոր զինվորներ ռուսական զորամասերի հետ ձեռնամուխ են եղել երկրի սահմանների պաշտպանությանը: 
    Սա նոր երևույթ էր մեր ժողովրդի պատմության մեջ: Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը շարումակվում էր նաև պատերազմից հետո:

  2. ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸլ
    Ռուս-պարսկական պատերազմում Ռուսաստանի տարած հաղթանակն ավարտվել է 1828 թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայում կնքված հաշտության պայմանագրով, որը ստորագրել են Ռուսաստանի կողմից Կովկասի առանձին կորպուսի հրամանատար գեներալ Իվան Պասկևիչը և Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս-Միրզան:
    Պետք է նշել, որ միջազգային դիվանագիտության պատմության մեջ այս պայմանագիրը հայտնի է նրանով, որ երբեք չի խախտվել:
    Պայմանագրի 1-ին հոդվածում նշվում էր, որ ՙռուսաց կայսրի և պարսից շահի, նրանց թագաժառանգների և հաջորդների, նրանց տերությունների և երկու կողմերի հպատակների միջև հետ այսու առհավետ թագավորելու է խաղաղություն, բարեկամություն և կատարյալ համաձայնություն՚:
    2-րդ հոդվածով կողմերը համաձայնվել են Գյուլիստանի պայմանագիրը փոխարինել նոր պայմանագրի պայմաններով ու որոշումներով:
    3-րդ հոդվածով ՙՊարսկական շահն իր անունից և իր թագաժառանգների և ժառանգորդների անունից ռուսական կայսրությանն է զիջում որպես նրա կատարյալ սեփականությունը Երևանի խանությունը՝ Արաքսի այս և այն կողմերում և Նախիջևանի խանությունը՚:
    4-րդ հոդվածով որոշվել է երկու տերությունների միջև սահմանգիծը:
    5-րդ հոդվածով ՙՊարսկական շահն իր անունից և իր թագաժառանգների և հաջորդների անունից հանդիսավոր կերպով ընդունում է, որ վերը նշված սահմանագծի և Կովկասյան լեռների ու Կասպից ծովի միջև ընկած բոլոր հողերն ու բոլոր կղզիները, ինչպես և այդ երկրներում ապրող բոլոր քոչվոր և մյուս ժողովուրդներն առհավետ պատկանում են ռուսական կայսրությանը՚:
    6-րդ հոդվածով Պարսկաստանը պարտավորվել է ՙպատերազմի պատճառով ռուսական կայսրությանը պատճառած զգալի վնասները, ինչպես նաև ռուսահպատակների կրած կորուստներն ու վնասները փոխհատուցել դրամական վարձատրությամբ… քսան միլիոն ռուբլի արծաթով՚:
    7-րդ հոդվածով պարսից շահի ցանկությանն ընդառաջելով, Ռուսաստանը Աբբաս-Միրզային ճանաչել է որպես պարսկական գահի հաջորդ, ՙիսկ նրա՝ գահ բարձրանալուց հետո, նրան ճանաչել որպես պարսից տերության օրինական թագավոր՚:
    8-րդ հոդվածով ռուսական առևտրական նավերն ազատ նավարկելու իրավունք ունեն Կասպից ծովում, իսկ Պարսկաստանն էլ պարտավորվել է նրանց ցույց տալ ամեն օգնություն: Նույնպիսի պարտավորություն ստանձնել է Ռուսաստանը պարսկական առևտրական նավերի համար:
    Իսկ ռազմանավերի վերաբերյալ նշվել է հետևյալը. ՙՔանի որ շատ հնուց միայն ռուսական ռազմական դրոշ կրող նավերը կարող էին նավարկել Կասպից ծովում, ապա այս պատճառով նրանց այսօր ևս տրվում է և հաստատվում նախկին բացառիկ իրավունքն այն առումով, որ բացի Ռուսաստանից ոչ մի այլ տերություն չի կարող ռազմական նավեր ունենալ Կասպից ծովում՚:
    9 և 10-րդ հոդվածները վերաբերել են դեսպանությունների գործունեությանը, առևտրական հարաբերությունների ծավալմանը և այլն:
    11-րդ հոդվածով վերականգնվել են երկու կողմերի հպատակների բոլոր պահանջները և բավարարվելու էին կառավարության գանձարանում եղած պարտքերը:
    12-րդ հոդվածով պայմանավորվող կողմերը համաձայնվել են Արաքս գետի երկու կողմերում անշարժ գույք ունեցող հպատակներին տալ ՙեռամյա պայմանաժամ, որի ընթացում նրանք կարող են ազատ վաճառել կամ փոխանակել իրենց անշարժ գույքը՚:
    Միաժամանակ ռուսական կողմի պահանջով նշվել է, որ սույն հոդվածը չի տարածվում Երևանի նախկին խանի, նրա եղբոր և Նախիջևանի նախկին կառավարիչի վրա:
    13-րդ հոդվածով պատերազմի ժամանակ գերի ընկած հպատակները չորս ամսվա ընթացքում ազատվելու էին և վերադարձվելու էին: Ազատված գերիներն ուղարկվելու էին Աբբաս-Արազ, որտեղ հանձնվելու էին երկու կողմերի կոմիսարներին: 
    Վերջիներս կարգավորելու էին ազատվածներին իրենց բնակության վայր ուղարկելու գործը: Նույնը վերաբերում էր նաև ռազմագերիներին:
    14-րդ հոդվածով պայմանավորվող կողմերից ոչ մեկը ՙչի պահանջի հանձնել այն փախստականներին և դասալիքներին, որոնք մյուս կողմի հպատակությունն ընդունել են մինչև վերջին պատերազմի սկսվելը կամ այդ պատերազմի ժամանակ՚:
    Հոդվածում հատուկ կերպով ընդգծվել է, որ պայմանավորվող կողմերը որոշել են. ՙԵրկու կողմերի հպատակները, որոնք մեկ պետությունից անցել են կամ առաջիկայում կանցնեն մյուս պետությունը, կարող են բնակություն հաստատել և ապրել այն բոլոր վայրերում, ուր թույլ կտա այն կառավարությունը, որի իշխանության ներքո նրանք կգտնվեն՚:
    15-րդ հոդվածում նշվում էր, որ Պարսկաստանի շահի կողմից ՙԱդրբեջան կոչվող մարզի բոլոր բնակիչներին և աստիճանավորներին շնորհվում է բացարձակ և կատարյալ ներում: Նրանցից ոչ ոք, ինչ աստիճանակարգի էլ պատկանի, չի կարող պատերազմի կամ ռուսական զորքերի կողմից հիշյալ մարզերի ժամանակավոր գրավման ընթացքում իր արտահայտած կարծիների, արարմունքների կամ վարքի համար ենթարկվել հետապնդման, ինչպես նաև վիրավորանքի:
    Բացի դրանից, այդ աստիճանավորներին և բնակիչներին կտրվի, այսօրվանից հաշված, միամյա ժամանակամիջոց, որպեսզի նրանք իրենց ընտանիքներով հանդերձ կարողանան պարսկական մարզից ազատ անցնել ռուսական մարզերը, որպեսզի կարողանան դուրս կրել և վաճառել իրենց շարժական գույքը, առանց հանդիպելու կառավարության կամ տեղական իշխանությունների կողմից հարուցված արևէ արգելքի:
    Այդ անձանց կողմից վաճառվող կամ դուրս տարվող գույքն ու իրերը չպետք է ենթարկվեն որևէ մաքսի կամ հարկի: Իսկ անշարժ գույքի նկատմամբ սահմանվում է հնգամյա ժամանակամիջոց՝ այն վաճառելու կամ նրա վերաբերյալ կամայական կարգադրություն անելու համար: 
    Այս ներումը, սակայն, չի տարածվում այն անձանց վրա, որոնք մինչև միամյա ժամանակամիջոցը լրանալը կգործեն դատական պարտքի ենթակա որևէ հանցանք կամ ոճիր՚(Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում(1828-1923),պրոֆեսոր Ջոն Կիրակոսյանի խմբագրությամբ, Երևան, 1972, էջ 65-72):
    Թուրքմենչայի պայմանագիրը հայ ժողովրդի Արևելյան հատվածին հնարավորություն է տվել ազատագրվել պարսկական տիրապետության ծանր լծից և իր հետագա ճակատագիրը կապել Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հետ:
    Այդ պայմանագրի 15-րդ հոդվածի հիման վրա Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող հայերին իրավունք է տվել գաղթել արդեն Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստան: Այդ իրավունքն առաջին հերթին տարածվել է Ատրպատականի այն տարածքների վրա, որտեղից հեռանալու էին ռուսական զորքերը:
    Սկսվել է մեծ գաղթ: Արևելյան Հայաստան գաղթողները դրա մեջ տեսնում էին իրենց փրկությունը:
    Գաղթի կազմակերպմամբ զբաղվել է Երևանի ժամանակավոր վարչության կից 1828 թ. փետրվարին ստեղծված ներգաղթի կոմիտեն:
    1828-1829 թթ. Ատրպատականից Արևելյան Հայաստան է գաղթել 8245 ընտանիք՝ 45 հազար մարդով: Նրանք բնակություն են հաստատել Երևանում, Նախիջևանում, Օրդուբադում, Զանգիբասարում, Կարբիբասարում, Ապարանում և այլ վայրերում:
    Վերոհիշյալ Երևանի ժամանակավոր վարչությունը գոյություն է ունեցել վեց ամիս: Անհրաժեշտ էր ստեղծել իշխանության նոր մարմին, որին Նիկոլայ Առաջինի հրամանով ձեռնամուխ է եղել այդ նպատակի համար ստեղծված հատուկ կոմիտեն:
    Ի՞նչ մարմին պետք է ստեղծվեր: Ի՞նչ վարչական կառուցվածք պետք է լիներ:
    Պարսկա-թուրքական իշխանությունները գործածությունից հանել էին ՙՀայաստան՚ անվանումը: ՙՀայաստան՚ անվանումը մոռացության էր տրվել: Հատուկ կոմիտեի անդամներից ոմանք գտնում էին պահպանել վարչական նախկին անվանումները:
    Թուրքմենչայի բանակցությունների ժամանակ Հովսեփ Արղությանի թոռ Կոստանտին Արղությանը պապի թղթերի մեջ հայտնաբերել էր Սուվորովի մասնակցությամբ կազմված հայ-ռուսական դաշնագրի նախագիծը, որտեղ հիշատակված էր ՙՀայաստան՚ անվանումը:
    Երբ Ա. Գրիբոեդովը ցարի հաստատման համար Պետերբուրգ էր տարել Թուրքմենչայի պայմանագիրը, Ներսես Աշտարակեցին նրան էր հանձնել Հ. Արղությանի կազմած վերոհիշյալ նախագիծը:
    Վերոհիշյալ կոմիտեն հակված է եղել ընդունել ՙԵրևանի պրովինցիա՚ անվանումը: Պետերբուրգ հասած Գրիբոեդովը կոմիտեի անդամներին ներկայացրել է Արղությանի կազմած նախագծի պատմությունը:
    Նրա փաստարկներն ընդունվել են և 1828 թ. մարտի 21-ին, Թուրքմենչայի պայմանագրի վավերացման հաջորդ օրը, Նիկոլայ Առաջինը ստորագրել է հրամանագիր, որտեղ նշվել էր. ՙՊարսկաստանի հետ կնքված դաշնագրի համաձայն հրամայում եմ. Պարսկաստանից Ռուսաստանին միացված Երևանի և Նախիջևանի խանություններն այսուհետև բոլոր գործերում անվանել Հայկական մարզ և մտցնել մեր տիտղոսի մեջ՚:
    Այս հրամանի համաձայն Երևանի ժամանակավոր վարչությունը վերացվել է և ձևավորվել է Հայկական մարզի վարչություն, որը հայերեն թարգմանվել էր ՙՀայոց աշխարհ՚:
    Մեծ է Ռուսաստանին Արևելյան Հայաստանի միացման պատմական նշանակությունը:
    ՙԵվ մի շարք ռուս-պարսկական պատերազմներից հետո,- գրել է Հովհ. Թումանյանը 1913 թ. հունվարին,- վերջնականապես 1828 թվին Ռուսաստանը տիրեց Հին Սյունիքը, Գուգարքն ու Արարատյան երկիրը և միանգամ ընդմիշտ վերջ տվեց կոտորածներով, գաղթականություններով ու առևանգումներով հայտնի հայկական հարցին հայոց աշխարհի էս մասում կամ ուրիշ խոսքով՝ պարսկահայկական հարցին: Մնաց տաճկահայկական հարցը՚(Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր յոթերորդ, Երևան, 1995, էջ 12):
    Հաճախ, առանձին հեղինակներ վիճում են, պնդելով, թե Հայաստանը ոչ թե միացել է Ռուսաստանին, այլ Ռուսաստանը նվաճել է Հայաստանը:
    Եթե մենք այդ պատմական իրադարձությանը նայենք պարսիկների աչքերով, այո, ճիշտ է, Ռուսաստանը նրանից նվաճել է Արևելյան Հայաստանը:
    Բայց մենք պարտավոր ենք այդ պատմական իրադարձությանը նայել մեր աչքերով, դրան վերաբերել այն ժամանակվա հայերի ցանկությունը գնահատելով: Այդպիսի դեպքում, իհարկե, պատմականորեն ճիշտ է, որ Հայաստանը միացել է Ռուսաստանին: Այլապես այդ իրադարձությունը չէր ունենա այն բախտորոշ նշանակությունը, որի շնորհիվ.
    Առաջին. Միանալով Ռուսաստանին Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգային համախմբման օջախ:
    Երկրորդ. 1827 թ. Արևելյան Հայաստանում բնակվել է ընդամենը 25.151 հայ: Երեք տարի հետո այդ թիվը հասել է ավելի, քան 82 հազարի: Արևելյան Հայաստանի հայ բնակչությունը փրկվել է ֆիզիկական ոչնչացման վտանգից:
    Գտնվելով Ռուսաստանի և հետո Սովետական Միության կազմում 1990 թ. Հայաստանում հայ բնակչության թիվը հասել է մոտ չորս միլիոնի: Մեր հազարամյակների պատմության մեջ՝ հիրավի եզակի երևույթ:
    Երրորդ. Արևելյան Հայաստանն ընդգրկվել է զարգացման ավելի բարձր աստիճանի վրա կանգնած Ռուսաստանի սոցիալ-տնտեսական, մշակութային պայմանների մեջ:
    Չորրորդ. Ռուսաստանի և հետո էլ Սովետական Միության կազմում գտնվելու շնորհիվ, Հայաստանի հողի վրա պատերազմ չի եղել, ոչ մի օտար զավթիչ չի համարձակվել խանգարել հայ ժողովրդի խաղաղ կյանքը: Այդ ընթացքում հայ մարդը հնարավորություն է ունեցել կառուցել ու շենացնել իր երկիրը, ստեղծել բարձր զարգացած արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մշակույթ ու գիտություն:
    Եվ այս ամբողջը հասկանալու և գնահատելու համար հարկավոր է հիշել Թուրքիայի տիրապետության տակ մնացած Արևմտյան Հայաստանի ճակատագիրը:
    Հարկավոր է չմոռանալ, որ օսմանյան Թուրքիան դարեր շարունակ կեղեքել ու հալածել է արևմտահայությանը և իր գործադրած բռություններն ավարտել է 1915 թ. սկսած հայոց ցեղասպանությամբ, որին զոհ է գնացել մեկ ու կես միլիոն հայ և ամբողջովին հայթափվել է Արևմտյան Հայաստանը:
    Ահա, վերջին հաշվով, հայ ժողովրդի ճակատագրում Թուրքիայի և Ռուսաստանի ունեցած դերի պատմական զուգահեռների գլխավոր տարբերությունը:
    Ոմանց կողմից չնկատել կամ չհասկանալ այս պատմական իրողությունը, նշանակում է հեռանալ պատմականության սկզբունքներից և, մեղմ ասած, մեր ազգային անվտանգության շահերին չհամապատասխանող դիրքում հայտնվել…
  3. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
    1828 թ. ապրիլի կեսերին սկսսվել է ռուս-թուրքական երկրորդ պատերազմը Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներով, որտեղ ռուսական զորքերը ձեռք են բերել նշանակալի հաջողություններ, գրավելով բազմաթիվ քաղաքներ, ամրոցներ ու այլ բնակավայրեր:
    Հեղինակը հարկ չի համարում ներկայացնել ռազմական գործողությունները, միայն կամենում է նշել, որ ռուսական զորքերի կազմի մեջ ավելի շատ հայեր էին մտել և ավելի կազմակերպված էին մասնակցում ռազմական գործողություններին, քան Պարսկաստանի դեմ մղված պատերազմի ժամանակ:
    Արևմտահայերը Թուրքիայի դեմ Ռուսաստանի պատերազմը դիտում էին որպես թուրքական բռնակալությունից ազատագրվելու միջոց և ռազմական գործողություններին նրանց մասնակցությունը կրում էր համատարած բնույթ: Այդ մասին է վկայում կազմակերպված բազմաթիվ աշխարհազորային ջոկատների գոյությունը:
    Հիշատակության արժանի են Բայազետում Մելիք-Մարտիրոսի հրամանատարությամբ գործող 500 հեծյալներից կազմված զինավառ խումբը, Էրզրումի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունու նախաձեռնությամբ ստեղծված ջոկատը և շատ ուրիշներ:
    Հայկական ջոկատները ռուսական զորամասերի հետ միասին եռանդով մասնակցել են Կարսի, Արդահանի, Էրզրումի, Բայազետի, Ալաշկերտի և Արևմտյան Հայաստանի մյուս բնակավայրերի ազատագրմանը:
    Մեծ ու անչափելի էր նրանց ուրախությունը, որ վերջապես ազատվել են թուրքական դժոխքից: Եվ այս առումով էլ նրանք իրավացիորեն ռուսական զորքերին ընդունում էին որպես ազատարարների:
    Սակայն, ռուսական զորքերի տարած հաղթանակները չէին համապատասխանում Անգլիայի նպատակներին: Հարկավոր էր կասեցնել ռուսական զորքերի հաղթարշավը: Հենց այդ նպատակով էլ Անգլիան փորձել է Պարսկաստանին ներքաշել Ռուսաստանի դեմ նոր պատերազմի մեջ:
    Անգլիական գործակալների հրահրմամբ մոլեռանդ ամբոխը 1829 թ. փետրվարի 11-ին հարձակվել է Թեհրանում գտնվող ռուսական դեսպանատան վրա և սպանել է Պարսկաստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Գրիբոեդովին:
    Անգլիացիները համոզված էին, որ Գրիբոեդովի սպանությամբ Ռուսաստանը պատերազմ կսկսի Պարսկաստանի դեմ:
    Սակայն, պարսից շահը շտապել է Նիկոլայ Առաջինին նվեր ուղարկել հայտնի ՙՇահ ալմաստ՚ անունով թանկարժեք նվերը, պաշտոնապես ներողություն խնդրելով կատարված ողբերգության համար և պարտավորվել է անհապաղ կատարել Թուրքմենչայի պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները: Նիկոլայ Առաջինը բավարարվել է դրանով և ձախողվել է Անգլիայի մտադրությունը:
    Երբ հաղթանակներ տանելով, ռուսական բանակը մոտեցել է Կոստանդնուպոլսին և Սևծովյան նեղուցներին, Անգլիան, Ֆրանսիան և Ավստրիան այլևս չեն թաքցրել իրենց նպատակը՝՝ պաշտպանել Թուրքիային: Նույնիսկ անգլիական ռազմական նավատորմը հրաման էր ստացել՝ հենց որ ռուսական զորքերը շարժվեն Կոստանդնուպոլսի վրա, անհապաղ մտնել նեղուցներ և ռազմական գործողություններ սկսել ռուսական զորքերի դեմ:
    Ուժի այս ցուցադրության հետ միասին եվրոպական տերությունները սկսել են Ռուսաստանի վրա դիվանագիտական ճնշում գործադրել և հարկադրել նրան արագացնել հաշտության կնքումը, ինչի մասին պարտված թուրքական սուլթանը խնդրել էր Ռուսաստանին:
    1829 թ. սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է 16 հոդվածից բաղկացած հաշտության պայմանագիր:
    Պայմանագրի մի շարք հոդվածներ վերաբերել են Բալկանյան երկրներին:
    Առանձին հոդվածով Թուրքիան ճանաչել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերով Անդրկովկասի միացումը Ռուսաստանին:
    Չնայած պատերազմի ընթացքում ռուսական զորքերը գրավել էին Արևմտյան Հայաստանից Էրզրումը, Արդահանը, Բայազետը, Ալաշկերտը; Կարսը և այլ բնակավայրեր, սակայն արևմտյան տերությունների և առաջին հերթին Անգլիայի ճնշման ազդեցությամբ Ռուսաստանը հարկադրված է եղել պայմանագրով այդ տարածքները վերադարձնել Թուրքիային:
    13-րդ հոդվածում ասվում էր, որ պայմանավորվող կողմերը ՙընդհանուր թողություն և լիակատար ներում են պարգևում իրենց բոլոր, ամեն դիրքի հպատակներին, որոնք պատերազմի ընթացքում…մասնակցել են պատերազմական գործողություններին կամ իրենց վարքով և կարծիքներով դրսևորել են նվիրվածություն երկու պայմանավորվող տերություններից որևէ մեկի նկատմամբ: Ուստի այդ անձանցից ոչ ոք իր նախկին արարքների համար չի ենթարկվի անհանգստության կամ հետապնդումների ոչ իր անձի, ոչ իր գույքի վերաբերմամբ, ավելին նրանցից յուրաքանչյուրին իրավունք է տրվում նորից տեր կանգնելով իր նախկին ունեցվածքին, հանգիստ, օրենքների հովանավորության ներքո, վայելել իր ունեցվածքը, կամ, երկյուղ չկրելով ոչ մի տեսակ նկրտումներից և հալածանքներից, ծախել այն 18 ամսվա ընթացքում, եթե կցանկանա իր ընտանիքով և շարժական գույքով հանդերձ սեփական ընտրությամբ վերաբնակվել մյուս տերության հողում:
    Բացի դրանից, երկու կողմերի հպատակներին, որոնք բնակվում են Բարձր Դռանը վերադարձվող կամ Ռուսական կայսրության արքունիքին զիջվող մարզերում, տրվում է ՝ նաև 18-ամսյա ժամանակամիջոց, հաշված սույն հաշտության պայմանագրի վավերացումների փոխանակման օրից, որպեսզի նրանք, եթե հարկավոր համարեն, կարողանան իրենց, պատերազմից առաջ կամ հետո ձեռք բերած, սեփականության վերաբերմամբ անել կարգադրություն, և իրենց դրամագլուխներով ու շարժական գույքով անցնել պայմանավորվող տերություններից մեկի կամ մյուսի երկիրը՚(Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում…, էջ 81):
    Այս հոդվածի հիման վրա Արևմտյան Հայաստանի այն քաղաքներից ու բնակավայրերից, որոնք պայմանագրով վերադարձվել էին Թուրքիային, հայերը սկսել են զանգվածաբար գաղթել Արևելյան Հայաստան:
    Արևմտյան Հայաստանից ընդամենը գաղթել է 14047 ընտանիք՝ 100 հազար մարդ (Ա. Երիցեան, Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը և Կովկասի հայք 19-րդ դարում, հ. 1, Թիֆլիս, 1894, էջ 441-442):
    1822 թ. ՙՍրբազան դաշինքի՚ Վերոնայի կոնգրեսում քննարկվել է հույն ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, ինչպես նաև Բալկանյան երկրներում տիրող իրավիճակի հարցը, որն ուղղակիորեն կապված էր Թուրքիայի հետ:
    Այդ քննարկման ժամանակ էլ առաջին անգամ միջազգային դիվանագիտության մեջ օգտագործվել է ՙԱրևելյան հարց՚ արտահայտությունը:
    Հետագայում եվրոպական տերությունների, Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված էր Թուրքիայի տիրապետության տակ գտնվող քրիստոնյա ժողովուրդներին պաշտպանելու միջոցով իրենց շահերի լուծմանը: Եվ Թուրքիայում իրենց շահերի ամրապնդման համար այդ տերությունների մղած դիվանագիտական պայքարը պատմության մեջ հայտնի է դարձել ՙԱրևելյան հարց՚ անունով:
    1829 թ. սեպտեմբերին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված հաշտության պայմանագրով Արևմտյան Հայաստանի հարցը նույնպես մտել է դիվանագիտության ոլորտ: Ճիշտ է, այդ պայմանագիրը ստորագրվել է երկու տերությունների միջև, բայց դրա կնքման մեջ թելադրող դեր են խաղացել եվրոպական տերությունները և առաջին հերթին, Անգլիան, որոնց ուղղակի ճնշմամբ Ռուսաստանը հարկադրված է եղել Թուրքիային զիջել իր կողմից գրաված Արևմտյան Հայաստանի տարածքը:
    Ադրիանապոլսի պայմանագրով Ռուսաստանը չի հասել իր նպատակին՝ իր տիրապետության տակ պահել պատերազմի արդյունքով Թուրքիայից գրաված Արևմտյան Հայաստանը: Դրա հետ միասին եվրոպական տերությունների պնդմամբ Արևմտյան Հայաստանի հայ բնակչության մեծ մասը մնացել է թուրքական տիրապետության տակ:
    Այսպիսով, Ադրիանապոլսի պայմանագրով Արևմտյան Հայաստանն ու նրա հայ բնակչությունը մնացել են թուրքական տիրապետության տակ, որի արդյունքով էլ միջազգային դիվանագիտության մեջ առաջացել է Հայկական հարցը, որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:
    ՙՀայկական հարցը,- գրել է Հովհ. Թումանյանը 1913 թ. հունվարին,- վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է, հալածանքների ու գաղթականությունների հարց է, նա գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր է: Եվ նրա հաջողությունը միշտ կապված է եղել Ռուսաստանի հաջողության հետ: Ով վեր է կացել Ռուսաստանի հաջողության դեմ, վեր է կացել հայկական հարցի հաջողության դեմ, և ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու հայկական սարսափներին(ընդգծումն իմն է-Վ.Պ.):
    Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ: Եվ տեղ չկա խուսափելու՚(Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր յոթերորդ, Երևան, 1995, էջ 15-16):
    Նշելով Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը, մենք պարտավոր ենք 21-րդ դարի բարձունքից հետադարձ հայացք նետել դրա հետ կապված իրադարձությունների վրա և պատշաճորեն գնահատել հայ ժողովրդի պատմական ճակատագրի համար ունեցած անգնահատելի նշանակությունը:

 

ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

07.03.2018Ա

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: